Logo

Խելահեղ 4:4-ից մինչև ծեծկռտուք ու պատմական քամբեքներ. ԱԱ-ի անցումային ամենահիշարժան 5 խաղերը

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
18:09 / 26.03.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Ընդունված է համարել, որ ֆուտբոլային ամենասպասված իրադարձության՝ աշխարհի առաջնության թեժ մեկնարկը տալիս են անցումային խաղերը։ Այդ հանդիպումներն անցնում են ոչ պակաս հետաքրքիր ու էմոցիոնալ պայքարում և իհարկե լի են բազմաթիվ վիճելի դրվագներով։

Մարտի 24-ին կայացան եվրոպական գոտու փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ խաղերը: Մեգասենսացիայի արդյունքում Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականը սեփական դաշտում զիջեց Հյուսիսային Մակեդոնիային ու երկրորդ անգամ անընդմեջ բաց կթողնի Մունդիալը: Հյուսիսմակեդոնացիները փլեյ-օֆֆի եզրափակիչում կմրցեն Պորտուգալիայի հավաքականի հետ, որը կիսաեզրափակիչում 3-1 հաշվով հաղթեց թուրքերին: Շվեդիայի հավաքականն էլ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթեց չեխերին ու ուղեգրի համար կմրցի Լեհաստանի ընտրանու դեմ, որի՝ Ռուսաստանի հավաքականի դեմ խաղը չեղարկվել է ռուսների՝ ընտրական մրցաշարից հեռացվելով պայմանավորված: Իսկ Գարեթ Բեյլի Ուելսի հավաքականն Ավստրիայի ընտրանուն 2-1 հաշվով հաղթելուց հետո սպասում է Շոտլանդիա - Ուկրաինա զույգի հաղթողին(այս խաղի ժամանակացույցը դեռ սահմանված չէ):

Աֆրիկյան երկրները նույնպես որոշում են ԱԱ-ի վերջին մասնակիցներին։ Այստեղ կրկնվում է Աֆրիկայի գավաթի վերջին խաղարկության եզրափակիչ՝ Եգիպտոս - Սենեգալ խաղը։ Այսինքն՝ ԱԱ-ն անցնելու է կա՛մ առանց Սադիո Մանեի, կա՛մ առանց Մոհամեդ Սալահի։ Այս գոտու ընտրական մրցաշարի վերջին էտապի 1-ին խաղերն արդեն կայացել են(Եգիպտոս - Սենեգալ՝ 1-0, Կամերուն - Ալժիր՝ 0-1, Գանա - Նիգերիա՝ 0-0, Կոնգո - Մարոկկո՝ 1-1, Մալի - Թունիս՝ 0-1), և հավաքականներն սպասում են պատասխան՝ վճռորոշ խաղերին:

Փլեյ-օֆֆի եզրափակիչ առաջիկա հանդիպումներին ընդառաջ առաջարկում ենք ձեզ թարմացնել հիշողությունն ու վերհիշել աշխարհի առաջնության անցումային լավագույն հանդիպումներից մի քանիսը։

Շվեդիան ընդդեմ Պորտուգալիայի. ԱԱ 2014


Աշխարհի 2014 թվականի առաջնության անցումային խաղերի վիճակահանությունից հետո երկրպագուներն օրերն էին հաշվում մինչև Շվեդիայի ու Պորտուգալիայի հանդիպումը։ Խաղ, որտեղ միմյանց դեմ հանդիման էին դուրս գալու աշխարհի լավագույն հարձակվողներն ու ֆուտբոլային մեծ էգոները՝ Կրիշտիանու Ռոնալդուն ու Զլատան Իբրահիմովիչը։ Երկրպագուների աչքին սա ոչ թե երկու ուժեղ հավաքականների դիմակայությունն էր, այլ մենամարտ ԿրիՌոյի ու Իբրայի միջև։

Եվ սպասումներն արդարացվեցին բոլոր տեսանկյուններից։ Լիսաբոնում կայացած առաջին խաղը կատաղի ստացվեց։ Պորտուգալացիները հատուկ վերահսկողություն էին սահմանել Իբրահիմովիչի նկատմամբ, մինչդեռ նրա թիմակիցներին ազատություն էր տրվել ստեղծելու գոլային պահեր, որոնք չնյութականացվեցին։ Մինչդեռ հանդիպման վերջանամասում՝ 82-րդ րոպեին, բոլորից բարձր թռավ Ռոնալդուն՝ իրացնելով Պորտուգալիայի քիչ շանսերից մեկը։

Պատասխան խաղն ստացվեց էլ ավելի պայթյունավտանգ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո Ռոնալդուն կրկնապատկեց իր թիմի առավելությունը, հենց այդ ժամանակ էլ ասպարեզ մտավ Իբրահիմովիչը՝ 4 րոպեում խփելով 2 գնդակ(Զլատանի երկրորդ գնդակը ֆանտաստիկայի ժանրից էր): Սակայն վերջինը ժպտացին Ռոնալդուն ու նրա թիմը։ Նա փոշիացրեց շվեդների հույսերն ու դարձավ դիմակայության հերոսը՝ մեկը մյուսից տպավորիչ գոլեր ուղարկելով Անդրեաս Իսակսոնի դարպասը։ Պորտուգալիան ընդհանուր 4:2 հաշվով առաջ անցավ։

Ավստրալիան ընդդեմ Ուրուգվայի. ԱԱ 2006


Այս դիմակայությունն իր արժանի տեղն ունի ավստրալական ֆուտբոլի պատմության մեջ։ Ավստրալացիներն առաջին անգամ վերջին 3 տասնամյակում կարողացան ձեռք բերել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։

 4 տարի առաջ երկու թիմերի ճանապարհները խաչվել էին աշխարհի 2002թ. առաջնության փլեյ-օֆֆերի ժամանակ։ Այդ ժամանակ առաջին խաղում նվազագույն հաշվով պարտությունից հետո ուրուգվայցիները պատասխան խաղում վստահ հաղթանակ տարան 3:0 հաշվով։ Այլ կերպ ասած՝ Ավստրալիան կարգով զիջեց մրցակցին։

Չնայած ավստրալացիների գալակտիկայում էին Պրեմիեր լիգայի աստղերը՝ Հարի Կյուելը, Մարկ Վիդուկան ու Թիմ Քեհիլը, բացառված չէր, որ կարող էր կրկնվել նույն սցենարը։ Չնայած որակավորման փուլում բարձր թռիչքին՝ Ավստրալիան հեռացրեց գլխավոր մարզիչ Ֆրանկ Ֆարինային ու անցումային խաղերից 3 ամիս առաջ նշանակեց վետերան Գուս Հիդինգին։

Ուրուգվայը հաղթեց առաջին խաղում 1:0 հաշվով, պատասխան խաղին նրանք մոտեցել էին թելադրողի դիրքից, բայց ավստրալացիների մարտական ոգին անանցանելի էր։
Մարկ Բրեշիանոն հավասարեցրեց դիմակայության հաշիվը։ Խաղի ելքը չվճռվեց ո՛չ հիմնական, ո՛չ լրացուցիչ ժամանակում։ Հարցի պատասխանը պետք է տար 11-մետրանոց հարվածաշարը։ Ավստրալացիներից դիպուկ էին Հարի Կյուելը, Լուկաս Նեյլն ու Տոնի Վիդմարը։ Ուրուգվայցիներից տեղի տվեցին Դարի Ռոդրիգեսի ու Մարսելո Զալայետայի նյարդերը։ Ջոն Ալոիզիի ուսերին դրված էր ծանր պատասխանատվություն, ու նա հաջողությամբ գնդակն ուղարկեց դարպասը, իսկ ավստրալացիներին՝ 32 տարի անց առաջին անգամ դեպի Մունդիալ։

Իռլանդիան ընդդեմ Ֆրանսիայի. ԱԱ 2010


Ֆրանսիայի ու Իռլանդիայի դիմակայությունն աշխարհի 2010թ. առաջնության անցումային խաղում դժոխք է հիշեցնում։ Այս թիմերի միջև հանդիպման ժամանակ գրանցվել է ԱԱ փլեյ-օֆֆերի պատմության ամենասկանդալային միջադեպը, որի արդյունքում Ֆրանսիան հաղթանակի հասավ 2:1 հաշվով ու ճանապարհ բռնեց դեպի Հարավային Աֆրիկա։ 

Դրվագը տեղի ունեցավ պատասխան խաղում, երբ 1:1 հաշվի ժամանակ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 

Ֆրանսիան հաղթել էր Իռլանդիային «Կրոկե Պարկում» 1:0 հաշվով, սակայն առաջին կեսում Ռոբի Քինի խփած գնդակն «Ստադ դը Ֆրանսում» նորից խաղ վերադարձրեց իռլանդացիներին։ 

Լրացուցիչ ժամանակի առաջին կեսի ավարտից րոպեներ առաջ Ֆլորան Մալուդան տուգանայինից հարված կատարեց, որից հետո Թիերի Անրին երկու անգամ ձեռքով դիպավ գնդակին նախքան Ուիլյամ Գալասին փոխանցում կատարելը, որը գնդակն ուղարկեց դարպասը։ Եվ զարմանալիորեն մրցավարն արձանագրեց գոլը։ Իռլանդացիներն այդպես էլ ուշքի չեկան այդ անարդարությունից ու չկարողացան հավասարեցնել հաշիվը։ Հանդիպումից հետո Թիերի Անրին ընդունեց, որ ձեռքով է խաղացել։

Չնայած Իռալանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ հանդիպումը վերախաղարկելու վերաբերյալ ՖԻՖԱ-ին ուղղված բողոքին ու պահանջին և իրենց որպես 33-րդ թիմ ԱԱ-ին մասնակցելու թույլտվություն տալու տարօրինակ առաջարկին՝ Զեպ Բլատերը կտրականապես մերժեց ու վերք թողեց իռլանդացիների սրտում։ Մինչդեռ Ֆրանսիան մեկնել էր աշխարհի առաջնության։

Թուրքիան ընդդեմ Շվեյցարիայի. ԱԱ 2006

Այս անցումային դիմակայությունը ոչ միայն անհավանական կերպով անցավ կատաղի պայքարում հենց խաղադաշտում, այլև խելագարության աստիճանի հասավ նաև խաղադաշտի սահմաններից դուրս։ Ֆուտբոլիստներից մեկը նույնիսկ տեղափոխվեց հիվանդանոց։ Շտապենք նշել, որ Շվեյցարիան այն հավաքականն էր, որն ի վերջո մասնակցեց ԱԱ-ին՝ հաղթելով արտագնա գոլի շնորհիվ 4:4 հաշվի ժամանակ։

Բեռնում կայացած առաջին խաղն ընթացավ պլանավորվածի պես շվեյցարացիների համար, որոնք 2 անպատասխան գնդակ ուղարկեցին թուրքերի դարպասը, սակայն այս դիմակայության կուլմինացիան վիճակված էր զարգանալ Ստամբուլի տխրահռչակ «Շյուքրյու Սարաջօղլու» ստադիոնում։ Թվում էր, թե շվեյցարացիները հեշտությամբ կհաղթեն նաև երկրորդ խաղում, երբ Ալեքսանդր Ֆրեյը դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը։

Սակայն թուրքերը հեշտ չհանձնվեցին սեփական երկրպագուների առաջ. Տունջայ Շանլիի դուբլն ու երկրորդ խաղակեսի սկզբնամասում Նեկատի Ատեսի դիպուկ 11-մետրանոցն ստիպեցին երկրպագուներին լցվել հավատով։ Երբ շվեյցարացիների հարձակվող Մարկո Ստելարը գոլի հեղինակ դարձավ հանդիպման 84-րդ րոպեին, կար տպավորություն, թե վերջ, սակայն Տունջայն այլ կարծիքի էր. նա ձևակերպեց հեթ-տրիկ 89-րդ րոպեին։ Լարվածությունը հասել էր գագաթնակետին, երկրպագուները համակ ուշադրությամբ հետևում էին խաղի վերջնամասին։

Ի վերջո, Շվեյցարիան պահեց իր համար հաղթական հաշիվը, սակայն կրքերը պայթեցին թունելում, երբ շվեյցարացի կիսապաշտպան Բենի Հյուգելն ու թուրք պաշտպան Ալպայը դիմեցին բռունցքներին։ 

Թուրքերը, բնականաբար, իրենց հյուրերին ճանապարհեցին պապերից եկած «լավագույն ավանդույթների համաձայն»։ Ծեծկռտուքի արդյունքում շվեյցարացիներից Ստեֆան Գրիխտինգը տեղափոխվեց հիվանդանոց, իսկ ՖԻՖԱ-ն սկսեց հետաքննություն։

Ֆրանսիան ընդդեմ Ուկրաինայի. ԱԱ 2014


Հզոր Ֆրանսիայի հավաքականին, որտեղ փայլում էին Ֆրանկ Ռիբերին ու Պոլ Պոգբան, աշխարհի առաջնության անցումային խաղերում տեսնելն այնքան էլ շոկային չէր, որքան կարող էր թվալ։ Բանն այն է, որ ֆրանսիացիները միևնույն խմբում էին ընդգրկված աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի ընտրանու հետ։ Այնուամենայնիվ, շոկը տեղի ունեցավ իր խմբում երկրորդ տեղն զբաղեցրած Ուկրաինայի հետ առաջին խաղում։

10 խաղից բաղկացած անպարտելիության շարք անցկացնող Ուկրաինան 2:0 հաշվով հաղթանակ տարավ Ռոման Զոզուլյայի ու Անդրեյ Յարմոլենկոյի դիպուկ կրակոցների շնորհիվ։

Ֆրանսիայի հավաքականը լուռ էր, իսկ առաջատարներ Ռիբերին ու Սամիր Նասրին կարծես չէին ժամանել խաղին։ Խաղն ավարտվեց վիճահարույց դրվագներով, երբ Լորեն Կոսիելնին ու Ալեքսանդր Կուչերը հեռացվեցին, սակայն այնպիսի տպավորություն կար, թե պատասխան խաղից առաջ ամեն ինչ ուկրաինացիների օգտին է։

Սակայն Ֆրանսիան ցույց տվեց իր բարձր կարգը ու դարձավ առաջին եվրոպական թիմը, որը հաջողության է հասնում 0:2 հաշվով անցումային խաղում պարտվելուց հետո։ Նրանք գերակայում էին խաղադաշտի բոլոր հատվածներում ու վերահսկում էին խաղը։ Հանդիպման սկզբում Մամադու Սակոյի գոլին ավելացրեց Կարիմ Բենզեման։ Ամեն ինչ էլ ավելի բարդացավ հյուրերի համար, երբ Եվգենի Խաչերդին հեռացվեց, իսկ Սակոն էլ դարձավ ևս մեկ գնդակի հեղինակ ու Ֆրանսիային ուղարկեց Բրազիլիա։

Ֆրանսիան ապացուցեց, որ Մունդիալի թաքնված ֆավորիտներից է, իսկ ուկրաինացիների համար տեղի ունեցածը դասվեց դառը հիշողությունների շարքում։ Դա նրանց 4-րդ պարտությունն էր աշխարհի առաջնությունների անցումային խաղերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա