Logo

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի. «Փոքրիկ իշխանի» վերջին թռիչքը

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:00 / 29.06.2022Հեղինակներ
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

Անտուան ​​դը Սենտ-Էքզյուպերին Ֆրանսիայի ազգային հերոս, գրող, նկարազարդող և Երկրորդ համաշխարհային պատերազմի օդաչու էր։ Նրա «Փոքրիկ Իշխան» գրական գլուխգործոցը երբևէ հրատարակված ամենավաճառվող գրքերից է: 

Այսօր Էքզյուպերին կդառնար 122 տարեկան: Այդ առթիվ VNews Culture-ը վերհիշում է գրողի անցած ճանապարհն ու խորհրդավոր վախճանը:

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի. Պատերազմի տարիները

1944 թվականի հուլիսի 31-ին խորհրդային զորքերը մոտեցան Վարշավային։ Դաշնակիցները գերմանացիներին դուրս էին մղում Հյուսիսային Ֆրանսիայից։ Իսկ Կորսիկայում, երբ ակնհայտորեն մոտ էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, «Փոքրիկ Իշխան»-ի ստեղծող Էքզյուպերին նստեց Lockheed P-38 Lightning-ը և օդ բարձրացավ:

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի 1

Նրա նպատակակետը Ռոնի հովիտն էր, առաքելությունը՝ նացիստների օկուպացրած Ֆրանսիայում գերմանական դիրքերի վերաբերյալ հետախուզական տվյալներ հավաքելը:

Ինչ եղավ հետո, ոչ ոք չգիտի...

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի 2

Պատերազմի սկզբում Անտուան դը Սենտ-Էքզյուպերին միացավ օդուժին՝ հետախուզական առաքելություններ կատարելով թշնամու գծերի երկայնքով։ «Pilote de guerre»-ում նա նկարագրում է ֆրանսիական ինքնաթիռների և անձնակազմի զոհողությունները՝ կարծես ջրով լի բաժակներ՝ նետված անտառային հրդեհների մարման համար:

Ֆրանսիայի անկումից հետո Շառլ դը Գոլի հետ քաղաքական երկարամյա տարաձայնությունները դարձան բացահայտ։ Գեներալը կարծում էր, որ Սենտ-Էքզյուպերին աջակցում է զավթիչին։ Մինչդեռ հեղինակը դը Գոլին համարում էր ֆրանսիացիներին միմյանց դեմ տրամադրող։

1940 թվականին, նույն տարում, երբ դը Գոլը փախավ Լոնդոն, Սենտ-Էքզյուպերին Պորտուգալիայով գնաց Ամերիկա։ Սենտ-Էքզյուպերիի նպատակն էր փորձել համոզել ամերիկացիներին պատերազմել նացիստների դեմ: Նյու Յորքում գտնվելու ժամանակ նա արժանացավ Ազգային գրքի մրցանակին՝ ավելի վաղ գրված «Terre des hommes» ինքնակենսագրական ստեղծագործության համար:

Որպես La France Libre-ի՝ վտարանդի ազատ Ֆրանսիայի կառավարության ղեկավար, գեներալի իշխանությունը կտրուկ աճեց: Պարզվեց՝ նա անողոք ու վրիժառու է։ 1943 թվականին գեներալը հրապարակայնորեն հասկացրեց, որ Սենտ Էքզյուպերին համակրում է գերմանացիներին։

Բնականաբար, հեղինակի՝  ծառայության անցնելու խնդրանքները մերժվեցին, և նրան արգելեցին թռչել ֆրանսիական օդուժի կազմում: Ի վերջո, դը Գոլը նրան հսկողության տակ վերցրեց: Սենտ-Էքզյուպերիի նամակներն առգրավվում էին, իսկ Վիշի ռեժիմի օրոք (Վիշի ռեժիմ՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Անրի Ֆիլիպ Պատենի գլխավորած ֆաշիստական պրոհիտլերյան վարչակարգի ընդհանուր անվանումը) արգելվեց նրա գրքերի վաճառքը:

Անտուան ​​դը Սենտ-Էքզյուպերի. գրական հաջողությունը

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի 3

Սենտ-Էքզյուպերին ավարտել է «Փոքրիկ իշխան»-ը և դրա նկարազարդումներն Ամերիկայում գտնվելու ընթացքում: Առաջին հրատարակությունը լույս է տեսել 1943 թվականին անգլերեն լեզվով, իսկ ֆրանսիացի ընթերցողներն իրենց տարբերակին պետք է սպասեին մինչև 1946 թվականը:

Այդ ժամանակից ի վեր վեպը թարգմանվել է օտար լեզուներով ավելի շատ, քան որևէ այլ գիրք, բացի Աստվածաշնչից:

Սիմվոլներ «Փոքրիկ Իշխան»-ում

Ինչպես «Ալիսան հրաշքների աշխարհում», այնպես էլ «Փոքրիկ իշխանը» ներկայացվում է որպես պարզ հեքիաթ՝ առաջին հայացքից՝ երեխաների համար:

Այնուամենայնիվ, փիլիսոփայական և ինքնաճանաչման ​​թեմաներն այն դարձրել են ընթերցանություն մեծահասակների համար: Ամբողջ գրքում Սենտ-Էքզյուպերին երեխաներին ներկայացնում է որպես անմեղ և ճշմարտախոս, իսկ մեծահասակներին՝ վատը և ձանձրալի:

Երբ Փոքրիկ իշխանը ճանապարհորդում է մի մոլորակից մյուսը, հայտնաբերում է, որ մեծահասակների մոտ բացակայում է ստեղծագործությունն ու երևակայությունը: Նրանք կարող են աշխարհը չափել միայն ամենաձանձրալի բառերով: Մյուս կողմից, Փոքրիկ իշխանը կարծում է, որ կյանքում ամենակարևոր հատկություններն անտեսանելի և խորհրդավոր են:

Ստեղծագործությունն ավարտվում է աստղի նկարով՝ անապատի բնապատկերի ֆոնին: Ինքնաթիռով վթարի ենթարկվելուց հետո հենց այստեղ է հեղինակը հանդիպել Փոքրիկ իշխանին։ Նրանք երկար զրույցներ և արկածներ են ունենում՝ նախքան գրողին վերջապես կհաջողվի վերանորոգել իր ինքնաթիռը:

Խորհրդավոր մահը

1943 թվականին Սենտ-Էքզյուպերին վերադարձավ Ֆրանսիա և միացավ իր ջոկատին՝ պնդելով թռչել՝ չնայած իր տարիքին և թուլությանը։ 1944 թվականի հուլիսի 31-ին նա հեռացավ Կորսիկայից՝ հետախուզական առաքելություն իրականացնելու օկուպացված Ֆրանսիայի օդում։ Նա այդպես էլ չվերադարձավ, և քանի որ ո՛չ ինքը, ո՛չ ինքնաթիռը չգտնվեց, ենթադրվում է, որ մահացած է եղել:

Սենտ-Էքզյուպերիի առեղծվածային անհետացումը հայտնվեց միջազգային մամուլում և առաջացրեց մի շարք ենթադրություններ մինչև 2000 թվականը, երբ Մարսելի մոտ Միջերկրական ծովն ուսումնասիրող սուզորդը ինքնաթիռի բեկորներ հայտնաբերեց, որը հետագայում նույնականացվեց որպես Սենտ-Էքզյուպերիինը: Թեև ապացույցները ցույց են տալիս, որ նրա ինքնաթիռը, ամենայն հավանականությամբ, խոցվել է, մահվան իրական պատճառը դեռևս անհայտ է:

Մեջբերումներ «Փոքրիկ իշխանից»

► Մարդիկ մոռացել են այն ճշմարտությունը: Բայց դու մի մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես: Դու պատասխանատու ես քո վարդի համար:

► Այնտեղ է լավ, որտեղ մենք չկանք:

► - Իսկ որտե՞ղ են մարդիկ,- վերջապես խոսեց Փոքրիկ իշխանը:- Անապատում, այնուամենայնիվ, մարդ մենակ է զգում իրեն: - Մարդկանց մեջ նույնպես մարդ մենակ է զգում իրեն,- նկատեց օձը:

► Միայն երեխաները գիտեն, թե ինչ են փնտրում:

► Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է կարգի բերես նաև քո մոլորակը:

► Չէ՞ որ բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում:

► Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տա- րեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհաններին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնի այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա