Logo

Եվ նրանք ծանոթացան միմյանց հետ, որպեսզի յուրաքանչյուրը գտնի իրեն մյուսի միջոցով. Օդրի Հեփբերն և Յուբեր դե Ժիվանշի

Հեղինակ
Դինա Սամվելյան
18:00 / 10.06.2022Կինո
Օդրի Հեփբերն- Յուբեր դե Ժիվանշի

Օդրի Հեփբերնը և Յուբեր դե Ժիվանշին 40 տարի անբաժան էին միմյանցից։ Նրանք կարող էին լինել օվկիանոսի հակառակ կողմերում, բայց զգալ միմյանց շատ մոտ: Ի՞նչը միավորեց տաղանդավոր դերասանուհուն և փայլուն մոդելավորողին մի քանի տասնամյակ, և ինչո՞ւ Օդրի Հեփբերնի մահից հետո Յուբեր դե Ժիվանշին չկարողացավ շարունակել ստեղծագործել:

Ճակատագրական հանդիպում

Օդրի Հեփբերնը Յուբեր դե Ժիվանշիի մոդելային տուն իր առաջին իսկ այցելության ժամանակ արդեն հայտնի էր Ամերիկայում։ Երիտասարդ դերասանուհին արդեն խաղացել էր իր առաջին գլխավոր դերը «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմում, սակայն ծագող աստղը Ֆրանսիայում դեռ անհայտ էր, բացի այդ, ֆիլմն էլ ֆրանսիական կինովարձույթում հայտնվում է մի փոքր ուշ: 

 Кадр из фильма «Римские каникулы». / Фото: www.fanpop.com

Օդրին Փարիզում էր «Սաբրինա» ֆիլմի իր կերպարի համար որոշ զգեստներ ձեռք բերելու նպատակով: Դերասանուհին երկար ժամանակ փնտրտուքների մեջ էր՝ փորձարկելով ֆրանսիացի տարբեր կուտյուրիեների մոդելներ՝ հույս ունենալով գտնել այնպիսի հագուստներ, որոնց կսիրահարվեր առաջին հայացքից։

Երիտասարդ մոդելավորողը, որն Օդրիի Փարիզ ժամանելուց ընդամենը մեկ տարի առաջ էր բացել իր նորաձևության տունը, աղջկա ուշադրությունը գրավեց իր հանդերձանքների թարմությամբ ու ինքնատիպությամբ։ Օդրին կարծում էր, որ այս կուտյուրիեի մոդելներն իսկապես կսազեն իրեն։ Ժամանակը ցույց տվեց, որ նա չսխալվեց:

Այնուամենայնիվ, առաջին հանդիպման ժամանակ ապագա թրենդսեթերը շատ հիասթափված էր։ Նա ակնկալում էր տեսնել բոլորովին այլ դերասանուհի, որը նկարահանվել է «Ադամի կողոսկրը» ֆիլմում, ում անունը Քեթրին էր, ազգանունը՝ նույնը, ինչ Օդրիինը:

Անծանոթի համար նոր հանդերձանք կարելու մասին խոսք չկար, Ժիվանշին նրան առաջարկեց զգեստներ ընտրել արդեն պատրաստի մոդելներից։ Դերասանուհուն դուր էին եկել առաջարկված զգեստները, ու նա ընտրեց մի քանիսը:

 Զգեստներն իդեալականորեն համապատասխանեցին ոչ միայն Օդրիի կերտած հերոսուհու կերպարին, այլև հիանալի կերպով ընդգծեցին հենց դերասանուհու անհատականությունը։

«Սաբրինա» ֆիլմն արժանացավ «Օսկար» մրցանակի հագուստների շնորհիվ, իսկ հեղինակավոր մրցանակը ստացավ ֆիլմի հագուստի պաշտոնական դիզայներ Էդիթ Հեդը: Օդրի Հեփբերնը, սակայն, իր հարցազրույցներում բազմիցս նշել է, որ իր զգեստները փարիզցի մոդելավորող Յուբեր դե Ժիվանշիի նոր հավաքածուից են։ Դրա շնորհիվ երիտասարդ մոդելավորողը բազմաթիվ նոր հաճախորդներ ձեռք բերեց՝ շատ արագ հայտնի դառնալով նորաձևության աշխարհում:

Եվ հենց այդ ժամանակ, երբ Օդրին մեկնեց Փարիզ՝ Ժիվանշիից ներողություն խնդրելու, վերջինս շնորհակալություն հայտնեց աղջկան սեփական փառքի համար։

Եվ հենց այդ օրն էլ սկիզբ դրվեց նրանց՝ մի ամբողջ կյանք տևած բարեկամությանը։

Ընկերություն, որն ավելի ուժեղ է սիրուց

Նկարահանումների պայմանագրերի ստորագրման ժամանակ Օդրի Հեփբերնն առանձին կետ է սահմանել, ըստ որի իր համար բոլոր զգեստները պետք է ստեղծի միայն Ժիվանշին։ Կյանքում նույնպես կրում էր իր սիրելի դիզայների հագուստները և հետևում նրա խորհուրդներին։

Օդրին միշտ ոճային և էլեգանտ տեսք ուներ, նրա զարդերը հիանալի կերպով սազում էին կրած կոստյումներին և զգեստներին: Եվ նույնիսկ համաձայնել է փոխել սանրվածքը՝ միայն Ժիվանշիի հետ խորհրդակցելուց հետո։

«Breakfast at Tiffany's»-ում և «Funny Face»-ում, «How to Steal a Million» և «Charade» ֆիլմերում Օդրին փայլել է Յուբերի զգեստներով, իսկ միլիոնավոր կանայք փորձել են կրկնօրինակել նրա կերպարն ու ոճը:

Ժիվանշին բազմաթիվ հարուստ հաճախորդներ ուներ, որոնց թվում էր Ժակլին Քենեդին, բայց նրա մուսան, ոգեշնչումն ու ընկերն Օդրին էր:

Նորաձևության դիզայների և դերասանուհու ծանոթությունից մեկ տարի անց Օդրիի մանեկենը հայտնվեց Ժիվանշիի ատելյեում։ Մանեկենը երբեք չի վերափոխվել, քանի որ դերասանուհին պահպանել է իր կազմվածքն ամբողջ կյանքի ընթացքում:

Ժիվանշին դերասանուհու կողքին էր ուրախության և տխրության պահերին. առաջին ամուսնուց բաժանվելիս, Անդրեա Դոտտիի հետ ամուսնանալիս՝ կարելով հարսանեկան զգեստը: Օդրին իր նորածին երեխայի մահը սգաց հենց Յուբերի գրկում, իսկ վերջինս դարձավ Օդրիի որդու՝ Շոնի կնքահայրը:

Երբ դերասանուհին Յուբերին պատմեց իր սեփական յուրահատուկ բուրմունքն ունենալու երազանքի մասին, նա հրավիրեց Ֆրանսիս Ֆարբոնին՝ լավագույն պարֆյումերներից մեկին, որը բացառիկ օծանելիք ստեղծեց Օդրիի համար։ 1 տարի անց L'Interdit-ը վաճառքի հանվեց՝ դառնալով իսկական բեսթսելլեր: 

 

Դարաշրջանի ավարտ

Ժիվանշին միշտ մտերիմ է եղել Օդրիի հետ։ Նա նույնիսկ հիվանդության ժամանակ չի լքել նրան։ Տեսնելով Օդրիին ցավերի մեջ՝ Յուբերը չէր կարողանում զսպել արցունքները։ Ակնհայտ էր, որ Օդրին հեռանում է, և նա չէր կարողանում նրան պահել այս աշխարհում։ Բայց նա դեռ պատրաստ էր կատարել նրա յուրաքանչյուր քմահաճույք։

Երբ Օդրին ցանկացել է իր մահից առաջ այցելել Շվեյցարիա, Յուբերն անձամբ անձնական ինքնաթիռ է ուղարկել նրա համար՝ հոգալով դերասանուհու հարմարավետության մասին։

Օդրի Հեփբերնը մահացել է 1993 թվականի հունվարին։ Իր մուսայի հեռանալուց հետո Յուբեր դե Ժիվանշին ընդհանրապես չէր կարողանում ստեղծագործել։ Կարծես Օդրին իր հետ տարել էր մոդելավորողի ամբողջ ոգեշնչումը: 1995 թվականին Յուբերը նորաձևության տան կառավարումը հանձնեց իր իրավահաջորդին և առանձնացավ գյուղական տանը։ Միայն 2015 թվականին նա խախտեց իր բազմամյա լռությունը՝ հրատարակելով զգեստների էսքիզների գիրքը, որը կուտյուրիեն ստեղծել էր իր մուսայի համար:

Ժիվանշին մահացել է 2018 թվականի մարտին՝ 25 տարի ապրելով առանց իր մուսայի:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա