Logo

Մելբուրնի ֆենոմենը. 5 դեպք Australian Open-ից, որոնց դժվար է հավատալ

Հեղինակ
Արամ Սահակյան
18:26 / 16.01.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
Australian Open

Երկուշաբթի Մելբուրնում կմեկնարկի թենիսի Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը: Ավստրալիայի բաց առաջնության շուրջ շշուկներն այս տարի գերազանցապես կապված էին Նովակ Ջոկովիչի հետ: Աշխարհի առաջին ռակետը չի պատվաստվել ու մի շարք խոչընդոտների հանդիպեց երկիր մուտք գործելուց հետո: Սակայն հիմա դրա մասին չէ, որ խոսելու ենք:

Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսիստների ամենասիրելի մրցաշարերից է: Հենց Մելբուրնի կապույտ կորտերում է ազդարարվում  մրցաշրջանի մեկնարկը, թեպետ մինչև 2008 թվականն այդ կորտերը կանաչ էին: Մասնակիցները մշտապես առանձնահատուկ կերպով են արտահայտվում մրցաշարի կազմակերպչական թիմի հասցեին՝ նշելով, որ այս AO-ն լավագույն մրցաշարերից է աշխարհում: Շատերը սա պայմանավորում են նրանով, որ Ավստրալիան հազվադեպ է մարզական միջոցառումներ ընդունում, այդ պատճառով էլ ամեն տարի այստեղ թենիսի նկատմամբ յուրօրինակ ուշադրություն է լինում: 

Ամեն տարվա պես 2022-ի առաջնությանը ևս երկրպագուները մեծ հետաքրքրությամբ են սպասում: Սակայն մինչև մոլորակի ուժեղագույն թենիսիտները կմտնեն պայքարի մեջ տարվա առաջին Մեծ սաղավարտի մրցաշարում, ժամանակն է վերհիշել անցած տարիներին Մելբուրնում տեղի ունեցած եզակի դեպքերը, որոնցից մի քանիսը նույնիսկ անհավատալի կթվան ձեզ համար:  

ՄԱՏՍ ՎԻԼԱՆԴԵՐԻ՝ ԵՐԲԵՔ ՉԿՐԿՆՎՈՂ ՑՈՒՑԱՆԻՇԸ

Ավստրալիայի բաց առաջնությունը 1988 թվականից անցկացվում է հարդի վրա: Նախկինում մրցաշարն անցկացվում էր խոտածածկ կորտերի վրա: Առհասարակ 20-րդ դարում թենիս հիմնականում հենց խոտի վրա էին խաղում: Սակայն ներկա պահին խոտածածկ կորտի Մեծ սաղավարտի միակ մրցաշարը Ուիմբլդոնն է: Մյուսները փոխել են իրենց մակերեսը՝ Մեծ Բրիտանիայում անցկացվող մրցաշարին տալով առանձնահատուկ նշանակություն: 

ՄԱՏՍ ՎԻԼԱՆԴԵՐԱշխարհի նախկին առաջին ռակետ Մատս Վիլանդերը 1983-ին ու 1984-ին նվաճել էր չեմպիոնի տիտղոսն Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղում խոտածածկ կորտերի վրա: 1988-ին՝ մակերեսի փոփոխությունից հետո, հենց առաջին մրցաշարում Վիլանդերը նորից նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Մատս Վիլանդերը հարդի վրա հաղթանակից հետո դարձավ միակ թենիսիստը, որը երկու տարբեր մակերեսների վրա չեմպիոն է հռչակվել Ավստրալիայի բաց առաջնությունում: 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ

Ավստրալիայի բաց առաջնության 2012 թվականի մրցաշարն ամենահիշարժաններից ու պատմականներից էր: Գլխավոր պատճառը ֆանտաստիկ եզրափակիչն էր, որտեղ միմյանց դեմ մրցեցին աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ու երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը: Երկուսն էլ հիանալի մարզավիճակում էին: Երկրպագուները նույնպիսի եզրափակիչ էին ակնկալում նրանցից: Ամեն ինչ սպասվածից ավելի տպավորիչ ու պատմական ստացվեց: 

Ջոկովիչի ու Նադալի մասնակցությամբ այս խաղը դարձավ Մեծ սաղավարտի մրցաշարերի ամենաերկար եզրափակիչը: Խաղը տևեց 5 ժամ 53 րոպե: Այս հանդիպումը նաև դարձավ Ավստրալիայի բաց առաջնության պատմության մեջ ամենաերկարը: Շատերի պնդմամբ՝ որակական տեսանկյունից սա բոլոր ժամանակների լավագույն խաղն է եղել: Ջոկովիչի ու Նադալի խելահեղ մենապայքարն ավարտվեց սերբ թենիսիստի հաղթանակով: Ջոկովիչն ու Նադալը խաղից հետո այնքան էին հոգնել, որ մրցանակների հանձնման արարողության ժամանակ նրանց համար աթոռներ բերեցին կորտ, որպեսզի նրանք նստեն: Մինչև այդ՝ խաղի ավարտից անմիջապես հետո, Ջոկովիչը հենց կորտի կենտրոնում պատռեց շապիկը՝ չկարողանալով զսպել արտասովոր հույզերը ֆենոմենալ եզրափակիչից հետո: 

DjokovichՀատկանշական է, որ 7 տարի անց Նադալի ու Ջոկովիչի մասնակցությամբ Ավստրալիայում տեղի ունեցավ տասնամյակի ամենակարճ եզրափակիչը: 2019-ի մրցաշարում Ջոկովիչին ընդամենը 2 ժամ 6 րոպե պահանջվեց՝ իսպանացու նկատմամբ առավելության հասնելու համար: Այնպես որ, «Ռոդ Լեյվեր» արենայում երկրպագուները Նադալի ու Ջոկովիչի մասնակցությամբ ամբողջությամբ երկու տարբեր եզրափակիչների են ականատես եղել:  

ՖԵԴԵՐԵՐԻ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ 7 ՄԱԹՉ-ՓՈՅՆԹ ԽԱՂԱՐԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ

2020 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունը ևս հիշարժան ստացվեց: Սա նախակորոնավիրուսային վերջին մրցաշարն էր: Այն անցկացվում էր Ավստրալիայի համար բարդ ժամանակներում, երբ մայրցամաքի անտառներում սարսափելի հրդեհներ էին բռնկվել: Դրանց դեմ պայքարում էր ամբողջ աշխարհը: Մելբուրնն այդ բարդ օրերին դարձավ երջանկության կղզյակ այս երկրի բնակիչների համար, քանի որ «Մելբուրն պարկում» նորից հավաքվել էին մոլորակի ուժեղագույն թենիսիստները: 

Տղամարդկանց մենախաղում Ռոջեր Ֆեդերերը քառորդ եզրափակիչում հանդիպեց Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Թենիս Սանդգրենին: Եթե խաղից առաջ Ֆեդերերը Ջոն Մաքենրոյի հետ հենց կորտում կատակում էր ամերիկացու յուրօրինակ անվան մասին, ապա խաղի ընթացքում շվեյցարացուն իսկական տառապանք էր սպասվում: 

«Ես իմ կյանքում թենիս շատ եմ խաղացել, բայց երբեք չեմ խաղացել Թենիսի դեմ»,- բառախաղով կատակում էր շվեյցարացի մաեստրոն: 

Ռոջերը քառորդ եզրափակիչում բացահայտ ֆավորիտ էր, սակայն առաջին սեթում 6-3 հաշվով հաղթելուց հետո ամեն ինչ փոխվեց: Շվեյցարացին ցավեր զգաց աճուկի հատվածում ու հեռացավ կորտից՝ բժշկական օգնություն ստանալու նպատակով: Վերադարձից հետո կորտում ասես այլ Ֆեդերեր լիներ: Շվեյցարացին տանուլ տվեց հաջորդ երկու սեթերը 2-6, 2-6 հաշվով: Նա կորտում չէր կարողանում տեղաշարժվել ինչպես հարկն է: Սանդգրենին 4-րդ սեթում ոչ ավելի, ոչ պակաս 7 անգամ ընդամենը մեկ գնդակ էր բաժանում լեգենդար շվեյցարացուն հաղթելուց: 

Սակայն, չգիտես որտեղից, հրաշագործ Ռոջերը, չնայած վնասվածքին, ամեն ինչ գլխիվայր շրջեց: Նա փրկեց 7 մաթչ-փոյնթերը, վերցրեց սեթը, իսկ հինգերորդում վստահ առավելության հասավ ու անհավատալի հաղթանակ գրանցեց այս գերէմոցիոնալ խաղում: 

Ռոջեր Ֆեդերեր

Հիշո՞ւմ ես, Ջի՛մ, ես ասել եմ քեզ, որ երբեմն պետք է պարզապես հաջողակ լինես ինչ-որ բանի հասնելու համար... 

Ֆեդերերի համար սա այս մրցաշարի երկրորդ ֆենոմենալ հաղթանակն էր: Նա գերկամային հատկանիշներ էր դրսևորել նաև Ջոն Միլմանի դեմ խաղում: Ռոջերը տեղացի մարզիկին հաղթել էր վճռորոշ սեթի սուպեր թայ-բրեյքում՝ 4-8 հաշվից վերադառնալով ու հաղթելով 10-8 հաշվով: Դա էր պատճառը, որ Թենիս Սանդգրենին հաղթելուց հետո Ֆեդերերն ասաց հետևյալը.

Ես իսկապես հաջողակ եմ այս տարի: Ես արդեն պետք է Շվեյցարիայի սարերում դահուկ քշելիս լինեի, բայց ես դեռ այստեղ եմ՝ Մելբուրնում...

Կիսաեզրափակիչում Ֆեդերերը պարտվեց Ջոկովիչին: Վնասվածքը զգալ տվեց, ու Ռոջերն ինչպես հարկն է չկարողացավ պայքարել սերբ մրցակցի դեմ: 

1977-Ն ՈՒ 1986-Ը

Ավստրալիայի բաց առաջնությունում փոփոխությունները պայմանավորված էին ոչ միայն կորտի մակերեսով, այլ նաև անցկացման ժամկետների հետ: 1977 թվականից առաջ Ավստրալիայի բաց առաջնությունն անցկացվում էր դեկտեմբեր և հունվար ամիսներին, ասել է թե՝ մրցաշարն սկսվում ու ավարտվում էր օրացուցային տարբեր տարիների: 1977 թվականից կազմակերպիչները որոշեցին մրցաշարն անցկացնել միայն դեկտեմբերին: Ստացվեց այնպես, որ 1977-ին կայացավ Ավստրալիայի բաց առաջնության երկու ամբողջական մրցաշար, քանի որ 1977-ի դեկտեմբերին սկսված առաջնությունը ավարտվեց նույն ամսում, իսկ հունվարին էլ ավարտվել էր 1976-ի դեկտեմբերին մեկնարկած մրցաշարը: 

Australian openԵթե 1977-ի օրացուցային տարում Ավստրալիայի բաց առաջնության երկու տարբեր մրցաշար եղավ, ապա 1986 թվականին առհասարակ առաջնությունը չկայացավ: Ու սա պայմանավորված էր ոչ թե համավարակով կամ էլ պատերազմով: Պատճառը կազմակերպիչների նոր որոշումն էր, որի արդյունքում մրցաշարի անցկացման ժամկետները նորից փոխվեցին: 1980-ականներին մրցաշարը դեկտեմբերից տեղափոխվել էր նոյեմբեր: 1986-ին որոշում կայացվեց մրցաշարը նոյեմբերից տեղափոխել հունվար: Այդ պատճառով էլ 1986 թվականին Ավստրալիայի բաց առաջնություն այդպես էլ չկայացավ: 1987-ից սկսած՝ մրցաշարն անցկացվում է հունվարի երկրորդ կեսին: 

ՄԻԱԿ ՍԱՂԱՎԱՐՏԸ

Նախկինում Ավստրալիայի առաջնությունում խաղացել են միայն ավստրալացիները: Այդ պատճառով մրցաշարը նախկինում կոչվել է Ավստրալացիների առաջնություն: Այս մրցաշարն անցկացվում էր Ավստրալիայի հինգ ու Նոր Զելանդիայի երկու քաղաքներում: Սրա շնորհիվ Ավստրալիայի բաց առաջնությունը միակ մրցաշարն է, որը ժամանակին անցկացվել է երկու երկրում: 1972 թվականին Մելբուրնն ընտրվեց որպես մրցաշարի անցկացման հիմնական վայր: Այդ օրվանից սկսած՝ Ավստրալիայի բաց առաջնությունն անցկացվում է միայն այնտեղ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա