Logo

End of a Lewa. 5 «մարդասպան», որ կարող է փոխարինել Լևանդովսկիին «Բավարիայում»

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
19:07 / 22.06.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

«Իմ ժամանակաշրջանը «Բավարիայում» ավարտվել է: Հուսով եմ՝ ակումբը կհարգի որոշումս և ճիշտ կվարվի», - օրեր առաջ հայտարարեց Ռոբերտ Լևանդովսկին, որը հոգնել է Բունդեսլիգայից, հոգնել է «Բավարիայից» և ցանկանում է նոր մարտահրավեր: Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Լևանդովսկին նպատակադրվել է տեղափոխվել «Բարսելոնա», կատալոնական ակումբն էլ փորձում է միջոցներ հայթայթել՝ լեհ հարձակվողի հետ պայմանագիր կնքելու համար: Դժվար է պատկերացնել, որ Լևայի այս հայտարարությունից հետո «Բավարիան» կպահի ֆուտբոլիստին, թեպետ մյունխենյան ակումբից այսօր կրկին շեշտը դրեցին այն փաստի վրա, որ ֆուտբոլիստը 1 տարվա գործող պայմանագիր ունի: Ամեն դեպքում Լևանդովսկիի ժամանակը Մյունխենում իսկապես ավարտվում է:

Բայց ո՞վ կփոխարինի նրան, ո՞վ «Բավարիայի» համար կապահովի 40-50 գոլ մրցաշրջանում: Գերմանիայի չեմպիոնը մտածելու համար մոտ 2 ամիս ժամանակ ունի, իսկ VNews-ը կփորձի «օգնել» նրանց՝ հասկանալու լավագույն տարբերակները: 

1. Տիմո Վերներ

Ամենաիրատեսական տարբերակներից մեկը «Չելսիի» հարձակվող Տիմո Վերների ձեռքբերումը կլինի: Այո՛, նախորդ երկու մրցաշրջաններում Վերների ու Լևանդովսկիի խաղամակարդակները նույնիսկ համեմատել չի կարելի, Վերների՝ նպաստավոր դիրքերից վրիպումների մասին Youtube-ում տասնյակ հոլովակներ կան, նա «Չելսիում» նույնիսկ մեկնարկային կազմում չէ, իսկ տրանսֆերային արժեքը 80 մլն եվրոյից հասել է 35 մլն եվրոյի: 

Բայց եթե մի պահ հաշվի առնենք Տիմոյի խաղային որակները, հիշենք նրա անցյալը Բունդեսլիգայում, հաշվի առնենք Գերմանիայի հավաքականում խաղալու գործոնն ու նրան պատկերացնենք «Բավարիայում», կհասկանանք, որ 26-ամյա ֆուտբոլիստն այնքան էլ վատ տարբերակ չէ: Նախ և առաջ՝ ինչու՞ է տրանսֆերն իրատեսական: Քանի որ, ինչպես արդեն նշվեց, Վերները «Չելսիում» այդպես էլ չդարձավ մեկնարկային կազմի առանցքային ֆուտբոլիստ՝ չնայած նրան, որ գերմանացու համար վճարվել էր 60 մլն եվրո: Դրանից բացի, ըստ հավաստի աղբյուրների՝ «Չելսին» շատ մոտ է Ռահիմ Ստեռլինգի տրանսֆերը ձևակերպելուն, նրա համար ևս վճարելու է շուրջ 60 մլն եվրո, ու հաստատ չի վճարելու, որ թողնի պահեստային նստարանին: Իսկ Ստեռլինգը խաղում է նույն դիրքում (ձախ վինգեր), ինչպես Վերները «Չելսիի» սխեմայում:

Իսկ հիմա՝ Վերների տրանսֆերի նպատակահարմարության մասին: Առաջին գործոնը Վերների խաղային որակներն են. որքան էլ նա «Չելսիում» ունի պահերի իրացման ու ինքնավստահության խնդիր, չի կարելի մոռանալ, որ նա «Լայպցիգի» կազմում փայլում էր ռմբարկուական հատկանիշներով: 2016/17-ին ու 2017/18-ին նա խփեց 21-ական գոլ, 2018/19-ին՝ 19 գոլ, իսկ 2019/20-ին Վերները ՉԼ կիսաեզրափակիչ հասած «Լայպցիգի» առաջատարներից էր, ու այդ մրցաշրջանում նա խփեց 34 գոլ: Իսկ ո՞վ էր այդ «Լայպցիգի» գլխավոր մարզիչը՝ Յուլիան Նագելսմանը, որն այժմ գլխավորում է «Բավարիան» և արդեն կարողացել է քաղել առավելագույնը Վերներից: Գերմանացու արագությունն ու անցումներ կատարելու ունակությունը թույլ կտան նաև Նագելսմանին մանևրել խաղային մարտավարության առումով ու երբեմն հրաժարվել դասական 4-2-3-1-ից: 

Julian Nagelsmann - It's not possible to replace Timo Werner

Վերները Գերմանիայի հավաքականում ավելի մեծ դերակատարում ունի, քան «Չելսիում», և ավելի հաջող է գործում ազգային հավաքականում, քան Լոնդոնում: Իսկ «Մանշաֆթի» կորիզը «Բավարիան» է, ու մյունխենյան թիմի մարտավարությանը հարմարվելու հարցում էլ Վերները խնդիրներ չի ունենա: 

Պրեմիեր լիգայում խաղալը չափազանց դժվար է, բայց գերմանական ֆուտբոլում Վերները կարող է կրկին դառնալ այն հարձակվողը, որին ցանկանում էին գնել Եվրոպայի ամենահզոր ակումբները:

2. Սեբաստյեն Ալե

Մեկ այլ բավական իրատեսական տարբերակ է «Այաքսի» հարձակվող Սեբաստյեն Ալեն: Հաշվի առնելով, որ «Այաքսը» «վաճառող» ակումբ է, սիրում է գնել ֆուտբոլիստին ցածր գնով ու վաճառել ավելի թանկ՝ Ալեի տրանսֆերային իրավունքի վաճառքն իդեալական կլիներ այս պահին: 

Խաղաոճի առումով Ալեն հրաշալի կհամապատասխաներ «Բավարիայի» սխեմային, բայց դասական «Բավարիային», այն թիմին, որ գլխավորում էին Լուի վան Գալը, Յուպ Հայնկեսը, Պեպ Գվարդիոլան կամ Հանսի Ֆլիկը: 4-2-3-1 խաղային սխեմայում բավարական մեխանիզմն աշխատում է հրաշալի, բոլորը շատ լավ գիտեն իրենց անելիքը, ունեն գնդակի տոտալ հսկողություն, գրոհում են եզրերով, ու տուգանային հրապարակում պետք է պարզապես այն ֆուտբոլիստը, որ բարձրից կամ ցածրից եկած փոխանցումները կկարողանա եզրափակել: Ալեի «նախատիպերն» արդեն եղել են «Բավարիայում»՝ Մարիո Գոմես, Մարիո Մանջուկիչ, ինչ-որ չափով նաև Ռոբերտ Լևանդովսկի: Այսինքն՝ բարձրահասակ, ոչ շատ արագ (մյունխենյան թիմին այնքան էլ անհրաժեշտ չէ, երբ թիմը խաղում է 4-2-3-1-ով), բայց պահերի իրացման շատ բարձր ցուցանիշով: 

Ալեն հարձակվողի հենց այդ տեսակն է, որի արդյունավետությունը շեշտակի աճեց «Այաքսում»՝ ավարտված մրցաշրջանում: Իվուարցին անցկացրած 43 խաղում խփեց 34 գոլ, Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուների ցանկում էր: Դրանից բացի, Ալեն հաջողությամբ խաղացել է նաև Բունդեսլիգայում՝ 2017-ից 2019-ին «Այնտրախտում» (77 խաղ 33 գոլ), որտեղ հարձակման արդյունավետ զույգ էր կազմել Լուկա Յովիչի հետ: 

Should Premier League clubs take a look at Sebastien Haller? | Goal.com  Cameroon

Ալեի տրանսֆերի հարցում «Բավարիայի» մրցակիցը Դորտմունդի «Բորուսիան» է: Եթե տրանսֆերային մրցավազքում էլ ստացվի այնպես, ինչպես խաղադաշտում, ապա Ալեին հաջորդ մրցաշրջանում կտեսնենք «Բավարիայի» մարզաշապիկով, թեպետ այսօր տեղեկություն տարածվեց, որ ֆուտբոլիստը շատ մոտ է «մեղուների» կազմը համալրելուն:

3. Անդրե Սիլվա

«Բավարիան» կարող է «որսալ» հենց Բունդեսլիգայում՝ առանց հեռուն նայելու, քանի որ լավագույն տարբերակներից մեկը «տանն» է՝ «Լայպցիգում»: Խոսքը, իհարկե, Անդրե Սիլվայի մասին է:

Պորտուգալացին վայրիվերումներով կարիերա ունեցավ. շատ խոստումնալից սկիզբ «Պորտուում», հիասթափեցնող ճանապարհորդություն «Միլանում» և «Սևիլիայում» ու վերածնունդ «Այնտրախտում»: Անդրե Սիլվան ունի ռմբարկուական հրաշալի հատկանիշներ, պարզապես նա պետք է գտնի այն օգտագործելու լավագույն վայրը: Եվ դա որտե՞ղ է, եթե ոչ Գերմանիայում: Սիլվան արդեն 3-րդ հաջող մրցաշրջանն է անցկացնում Բունդեսլիգայում: «Այնտրախտում» վարձավճարով խաղալիս նա խփեց 16 գոլ, երկրորդ մրցաշրջանում՝ արդեն որպես «Այնտրախտի» լիարժեք ֆուտբոլիստ, Սիլվան 34 խաղում խփեց 29 գոլ (արդյունավետության շատ բարձր տոկոս խաղերի/գոլերի քանակ հարաբերակցությամբ), իսկ «Լայպցիգում» նա փայլեց արդեն Դոմենիկո Տեդեսկոյի ժամանումից հետո: Մինչև 36-ամյա մասնագետի գալը Սիլվան խփել էր ընդամենը 3 գոլ, իսկ նրա գալուց հետո՝ 14:

VÍDEO: André Silva marca «golaço» e Leipzig sobe a lugares de Champions |  MAISFUTEBOL

Սիլվան կենտրոնական հարձակվողի համար ունի բավարար արագություն ու տեխնիկա, արդեն նաև հարուստ փորձ (խաղացել է 5 ակումբում ու 4 ազգային առաջնությունում) ու դեռ երիտասարդ է՝ ընդամենը 26 տարեկան: Իսկ ինչու՞ նրա կարիերայի հաջորդ քայլը չպետք է լինի «Բավարիան»:

4. Կրիշտիանու Ռոնալդու

Անցնենք անուններին ու ավելի քիչ հավանական տարբերակներին, որոնցից մեկը Կրիշտիանու Ռոնալդուն է:

Իհարկե կան գործոններ, որոնք կարող են նպաստել այս տրանսֆերին. առաջինը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» անորոշ իրավիճակն է, ու գլխավորը՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելը: Ռոնալդուն իր «գիտակցական կարիերայում» չի խաղացել ՈՒԵՖԱ-ի գավաթում/Եվրոպա լիգայում, նրա հավակնությունները և ակումբների մակարդակը միշտ եղել են ամենավերևում: Ֆուտբոլի պատմության լավագույններից մեկի համար շատ անսովոր կլինի լսել Եվրոպա լիգայի օրհներգը, խաղալ Եվրոպա լիգայի գնդակով ու հինգշաբթի երեկոյան: Բայց 37-ամյա ֆուտբոլիստի տարբերակներն այլևս շատ չեն. «Ռեալ» ու «Յուվենտուս» վերադարձը և Անգլիայում մնալը բացառված է, իսկ ՊՍԺ-ն պահեց Մբապեին ու կարծես նոր հարձակվող չի փնտրում: Թոփերից մնում է միայն «Բավարիան», որը հարձակվողի կարիք ունենալու է Լևանդովսկիի հեռանալուց հետո:

Man Utd News: Cristiano Ronaldo is looking for a way out of Manchester  United, per reports | Marca

Խաղային առումով Ռոնալդուն ինչ-որ չափով «Բավարիային» համապատասխանում է, ինչ-որ չափով՝ ոչ: Համապատասխանում է այնքանով, որ մյունխենյան թիմին կապահովի գոլեր. Կրիշը նույնիսկ այս անատամ ու անձեռագիր «Յունայթեդում» «ընդունելի» ցուցանիշ գրանցեց (38 խաղ, 24 գոլ):

Բայց Ռոնալդուի ներկայությունը թիմերում ունենում է նաև բացասական ազդեցություն՝ խաղային բալանսի խախտում՝ թե՛ սխեմայի առումով (երբեմն թիմն է ստիպված լինում հարմարվել Ռոնալդուին, այլ ոչ հակառակը), թե՛ հանդերձարանի մթնոլորտի առումով (Ռոնալդուն բացարձակ առաջատար է): Երկու երևույթներն էլ բնորոշ չեն «Բավարիային», որտեղ թե՛ գրասենյակներում, թե՛ ֆուտբոլային խաղադաշտում ամեն ինչ գործում է անշեղ մեխանիզմի սկզբունքով:

5. Հարի Քեյն

Մեր 5-րդ տարբերակը լավագույնն է, բայց ամենաանիրատեսականը: Հարի Քեյնը կատարյալ ֆուտբոլիստ է «Բավարիայի» համար, «Բավարիան» էլ՝ կատարյալ ակումբ Քեյնի համար: 

Քեյնն իր խաղաոճով, խաղային որակներով, առավելություններով ու թերություններով, նույնիսկ կազմվածքով շատ նման է Լևանդովսկիին և կլիներ լեհ հարձակվողի արժանի հետնորդը Մյունխենում: Ֆուտբոլիստ, որ ծնված է գոլ խփելու համար (յուրաքանչյուր մրցաշրջանում միջինում խփում է շուրջ 30 գոլ), որ գիշատիչի նման զգում է մրցակցի դարպասը, որ խփում է բազմազան գոլեր՝ ամենատարբեր թիմերին: Քեյնը, անկասկած, աշխարհի լավագույն «9 համարներից» է, բայց կարիերայում երբեք տիտղոս չի նվաճել՝ չնայած նրան, որ երիտասարդ չէ ու արդեն 28 տարեկան է: Մնալով «Տոտենհեմում»՝ տիտղոս նվաճելու հավանականությունը քչանում է, մինչդեռ «Բավարիայում» Բունդեսլիգայի տիտղոսները հորդում են անձրևի կաթիլների պես, իսկ Չեմպիոնների լիգան հաղթելու հնարավորությունը կա յուրաքանչյուր տարի:

Bayern make shock 'contact' over Kane transfer as Tottenham eye Inter man  as replacement

Բայց տրանսֆերը քիչ հավանական է՝ հաշվի առնելով, որ «Տոտենհեմն» իր հարձակվողի համար պահանջում է ավելի քան 150 մլն եվրո, իսկ «Բավարիան» տրանսֆերային «խենթություններ» իրեն թույլ չի տալիս: Դրանից բացի, «Տոտենհեմն» այժմ գլխավորում է Անտոնիո Կոնտեն, որը հաջող աշխատանք է կատարում Լոնդոնում ու լուծեց թիմի՝ իր գլխավորելու ժամանակ անլուծելի թվացող խնդիրը, որովհետև նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Սակայն տրանսֆերային շուկան երկար է ու անկանխատեսելի, այնպես որ ոչինչ բացառված չէ....

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա