Logo

5 ֆիլմ + 5 գիրք․ Անի Սամսոնյան

Հեղինակ
Դինա Սամվելյան
19:00 / 16.05.2022Հեղինակներ
Անի Սամսոնյան

Համարձակ և տարբերվող. «5 ֆիլմ+5 գիրք» շարքի այսօրվա հյուրն է քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը: Նա VNews-Culture-ին է ներկայացրել իր սիրելի ֆիլմերի և գրքերի հնգյակը: 

Անի Սամսոնյանի սիրելի ֆիլմերից են՝ 

«Լրտեսների կամուրջը» (Bridge of Spies), 2015

«Լրտեսների կամուրջը» ամերիկյան պատմական ֆիլմ է, որը նկարահանել է Սթիվեն Սփիլբերգը՝ Մեթ Չերմանի և Քոեն եղբայրների սցենարով։ Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա։ Գլխավոր դերերում են Թոմ Հենքսը և Մարկ Ռայլենսը։ Ֆիլմը հաղթել է «Օսկար»-ի 6, այդ թվում` «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում։

 Ֆիլմում տեղի ունեցող գործողությունները հիմնված են իրական պատմական իրադարձությունների վրա և պատմում են բրուքլինցի փաստաբան Ջեյմս Դոնովանի մասին, որը հայտնվում է սառը պատերազմի կիզակետում, երբ Կենտրոնական քննչական վարչությունը նրան ուղարկում է գործնականում անհնար հանձնարարություն կատարելու. նա պետք է պայմանավորվածություն ձեռք բերի ԽՍՀՄ-ում գերեվարված ամերիկացի հետախույզ-օդաչուի ազատ արձակման հարցի շուրջ…

 «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» (The Curious Case of Benjamin Button), 2008

«Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» ֆիլմը նկարահանել է անգլիացի կինոռեժիսոր Դեյվիդ Ֆինչերը, որի միջազգային պրեմիերան տեղի է ունեցել 2008 թվականի դեկտեմբերի 25-ին։

Սցենարի հեղինակներն են Էրիկ Ռոթն ու Ռոբին Սուինքորդը, ֆիլմը հիմնված է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի համանուն ստեղծագործության վրա։

2009-ին ֆիլմն արժանացել է «Օսկար»-ի։

Սա պատմություն է մի տղամարդու մասին, որը ծնվել է 80 տարեկան մարդու արտաքինով և առողջությամբ և ապա սկսել երիտասարդանալ: Նրա ճանապարհը, որ սկիզբ է առնում 1918 թվականին Առաջին համաշխարհայինի վերջին Նոր Օռլեանում, այնքան առեղծվածային է, որ դժվար թե կրկնվի մեկ այլ մարդու կյանքում: Ֆիլմը պատմում է բացառիկ տղամարդու մասին, իրեն հանդիպած մարդկանց և իրադարձությունների մասին, սիրո մասին, որ նա կգտնի և կկորցնի, կյանքի ուրախությունների և կորստի ցավի մասին․․․

 «Բյուրո» (Le Bureau des Légendes), 2015-2020

Սիրիայում 6 տարվա գաղտնի աշխատանքից հետո ֆրանսիական հետախուզության սպա Գիյոմ Դեբային՝ Մալոտրու ծածկանունով, վերադառնում է տուն, որտեղ փորձում է մոռանալ իր գաղտնի ինքնությունը, մարզում է երիտասարդ նորակոչիկի և հետաքննում Ալժիրում գործընկերոջ անհետացումը:

 «Մի անգամ Ամերիկայում» (Once Upon a Time in America), 1983

 Սերջիո Լեոնեի գանգստերական ֆիլմը նկարահանվել է 1984 թվականին։ Մասամբ հիմնված է Հերի Գրեյի ինքնակենսագրական ստեղծագործության վրա։

1920-ականներ, երբ Ամերիկան զվարճանում էր ջազի հնչյունների ներքո, և յուրաքանչյուր անօթևան երազում էր միլիոնատեր դառնալու մասին, մի քանի տղա հանդիպում են Նյու Յորքի թաղամասերում՝ երդվելով, որ իրենց կյանքը կտան միմյանց համար՝ կարևորելով բարեկամությունն ու արդարությունը։ Տարիներ անց ճակատագիրը դաժանորեն է վարվում լեգենդար գանգստերների հետ՝ ստիպելով նրանց կատարել իրենց երդումը։ 

Չորս ժամ տևողությամբ ֆիլմը ներկայացնում է Ստորին Իսթ Սայդի հրեական թաղամասի ընկերների ճակատագիրը։ Ֆիլմը 3 ժամանակաշրջանի (1920-ականներ, 1930-ականներ և 1960-ականներ) և 2 իմաստային սյուժետային գծի միահյուսում է:

«Պլատֆորմ» (The Platform), 2019

Ռեժիսոր Հալդեր Գաստելու-Ուրուտիայի իսպանական գիտաֆանտաստիկ ֆիլմը մի խումբ մարդկանց սարսափելի պատմությունն է, որոնք հայտնվում են առեղծվածային իրավիճակում։ Գործողությունները տեղի են ունենում բազմահարկ աշտարակում։ Յուրաքանչյուր հարկում երկու «բանտարկյալ» է։ Աշտարակի կենտրոնով օրական մեկ անգամ սնունդ են բաժանում։ Սնունդը, որն ի սկզբանե մտնում է վերին մակարդակ, կարող է բավարար լինել բոլոր բանտարկյալների համար, սակայն ստորին հարկերի բնակիչները սովամահ են լինում, ինքնասպանություն են գործում կամ դառնում մարդակեր, իսկ նրանք, ովքեր վերևում են, ուտում են շատ ավելի շատ սնունդ, քան անհրաժեշտ է գոյատևելու համար։


Անի Սամսոնյանի սիրելի գրքերն  են՝ 

«Վարպետը և Մարգարիտան», Միխայիլ Բուլգակով

Միխայիլ Բուլգակով -Վարպետը և Մարգարիտան

Միխայիլ Բուլգակովի հայտնի վեպն է, որի վրա նա աշխատել է 1928 թվականի դեկտեմբերից մինչև իր մահը՝ 1940 թվական։ Այն փիլիսոփայական աշխատանք է, որում բարձրացված են չարի և բարու, կեղծ ու ճշմարիտ բարոյականության հարցերը։ 

Վեպը դասվում է անավարտ ստեղծագործությունների շարքին. դրա խմբագրումն ու սևագրերի համախմբումը կատարել է գրողի այրին՝ Ելենա Սերգեևնան ամուսնու մահվանից հետո։ Վերջնական անվանումը՝ «Վարպետն ու Մարգարիտան», ձևակերպվել է 1937 թվականին։

«Ոճիր և պատիժ», Ֆյոդոր Դոստոևսկի

 Ֆյոդոր Դոստոևսկի- Ոճիր եւ պատիժ

Ֆյոդոր Դոստոևսկու վեպն է, որն առաջին անգամ լույս է տեսել «Ռուսական պարբերականում» 1866 թվականին։ Վեպի կենտրոնական թեման 19-րդ դարի 60-ական թվականների ռուս երիտասարդության հոգևոր պատկերն է։ Վեպի գլխավոր խնդիրներից է 1860-ական թվականներին արմատական երիտասարդության շրջանում լայն տարածում գտած նիհիլիզմի կրոնափիլիսոփայական միտքը, որի միջոցով Դոստոևսկին ցանկանում էր ցույց տալ, թե ինչի կարող է հանգեցնել Աստծո նկատմամբ հավատը կորցնելն ու բարոյականությունից հրաժարվելը։

«Դաշնակահարուհին», Էլֆրիդե Ելինեկ 

Դաշնակահարուհին-Էլֆրիդե Ելինեկ 

«Դաշնակահարուհին» Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլֆրիդե Ելինեկի վեպն է, որով հեղինակը հայտնի է դարձել աշխարհին:

Վեպում ներկայացվում է բարդ հոգեբանությամբ մի կերպար, որի ներաշխարհում կաթոլիկ կյանքի և սեռական ներքին ձգտումների բարդ հակադրությունն է: Հայտնի ռեժիսոր Միխայել Հանեկեի «Դաշնակահարուհին» ֆիլմի էկրանավորումը 2001 թվականին Կաննի կինոփառատոնում արժանացել է Գրան պրիի և «նոր հարյուրամյակի կինոարվեստի առաջին նշանակալից ստեղծագործություն» ոչ պաշտոնական կարգավիճակին։

Էլիֆ Շաֆաք, «Ստամբուլի բիճը»

Ստամբուլի բիճը- Էլիֆ Շաֆաք

Ստամբուլի բիճը թուրք գրող Էլիֆ Շաֆաքի 6-րդ վեպն է, անգլերենով՝ երկրորդը։ Այն լույս է տեսել 2006 թվականին։
Վեպի հրատարակումից հետո Էլիֆ Շաֆակին մեղադրանք է առաջադրվել 301 հոդվածով՝ ազգային ինքնությունը վիրավորելու համար։ Ազգայնականների հետապնդումներից խուսափելու համար գրողը հեռացել է Թուրքիայից։

Սա պատմություն է 2 ընտանիքի՝ թուրք և ամերիկահայ և նրանց՝ իրար հետ կապող գաղտնիքների մասին:
Ընտանիքը, որտեղ բոլորը տարբեր խառնվածքի և բնավորության տեր մարդիկ են, մեկը մուսուլման է, մյուսը` ժամանակակից հայացքների տեր, հեղինակը համեմատում է Թուրքիայի հետ՝ շեշտելով, որ անկախ նրանից, թե որքան տարբեր ենք մենք, պետք է կարողանանք միասին ապրել և սիրել իրար։

Գրքի հիմնական կերպարներից Մուստաֆան աններելի հանցանք է գործել իր քրոջ հանդեպ։ Հեղինակը Մուստաֆայի հանցանքը սիմվոլացնում և համեմատում է Թուրքիայի՝ հայ ժողովրդի հանդեպ կատարած հանցանքի հետ։ 

Ստեֆան Ցվայգ «Ժոզեֆ Ֆուշե»

Ստեֆան Ցվայգ -Ժոզեֆ Ֆուշե

Ավստրիացի հայտնի գրող Ստեֆան Ցվայգի (1881-1942) գրքում ներառված են Ժոզեֆ Ֆուշեի՝ 19-րդ դարի Ֆրանսիայի արդարադատության նախարար, քաղաքական հետախուզության և լրտեսության համակարգի ստեղծողի վիպական կենսագրությունը, ինչպես նաև պատմվածքներ և պատմական մանրանկարներ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա