Քարդաշյանը փոխել է գեղեցկության չափանիշները, լավ թե վատ` դա այլ հարց է: Նա ազդում է այս դարի գեղեցկության չափանիշների վրա:
Քիմ Քարդաշյանը ծնվել է ձեռներեց լինելու համար. անկասկած, այն ամենին, ինչին դիպչում է Քիմը, հաջողություն է ունենում:
Քարդաշյան ընտանիքի առաջին դրվագներն ուշադրության կենտրոնում էին, երբ ընտանիքի հայր Ռոբերտ Քարդաշյան ավագը հանրության ուշադրության կենտրոնում էր որպես Օ.Ջ. Սիմփսոնի փաստաբանը.
Դեբյուտը
Քիմ Քարդաշյանի դեբյուտը զվարճանքի աշխարհում տեղի է ունեցել 2004 թվականին երգչուհի և դերասանուհի Բրենդի Նորվուդի ոճաբանի պաշտոնում: Ոճաբանի հմտությունները Քիմին հնարավորություն են տվել մասնակցել հեռուստատեսային «The Simple Life»-ին, որտեղ նկարահանվել են Փերիս Հիլթոնը և Նիկոլ Ռիչին 2003-ից 2006 թվականներին։
Քիմը, սակայն, հարցազրույցներից մեկում ասել է, որ իր՝ որպես գործարար կնոջ կարիերան իրականում սկսվում է հեռուստատեսությունում հայտնվելուց առաջ՝ ավագ դպրոցում, երբ նա աշխատում էր մանկական բուտիկում և իր հայրիկի գրասենյակում: 2006 թվականին Քիմն իր քույրերի՝ Քորթնի և Քլոե Քարդաշյանների հետ հիմնել է հագուստի «Dash» բուտիկը։ Այդ ժամանակից ի վեր Քիմի և ընտանիքի մյուս անդամների առջև բացվել են անսահման հնարավորություններ՝ կառուցելու այն կայսրությունը, որի մասին այսօր միայն ծույլը չգիտի:
Քիմի համաշխարհային կայսրությունն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, իսկ եկամուտը բավականին տպավորիչ է. Քիմը 21-րդ դարի ամենահաջողակ և ազդեցիկ դեմքերից մեկն է՝ վերջին շրջանում առաջին անգամ պաշտոնապես միանալով աշխարհի միլիարդատերերի ցուցակին:
2006 թվական - Dash Boutique
Քիմը, Քորթնին և Քլոեն իրենց առաջին համատեղ ձեռնարկությունը՝ The Dash Boutique-ը, բացել են Կալիֆորնիայի Կալաբասաս քաղաքում։ Բիզնեսը, որը գործել է 12 տարի, հագեցած էր բարձրակարգ հագուստի և աքսեսուարների լայն ընտրանիով: Մեծ հաջողությունից հետո քույրերը մասնաճյուղ են բացել նաև Մայամիում և Նյու Յորքում:
“Keeping Up With the Kardashians"
Ընտանեկան հաղորդումը Քարդաշյանների ընտանիքը դարձրել է հանրահայտ։ Այն գերազանցել է մալուխային ցանցի դիտումների ռեկորդները: Այստեղ բացահայտվում են անձնական կյանքի, ընտանիքի և հարաբերությունների մասին գաղտնիքներ:
2009 թվական՝ Քիմի առաջին օծանելիքը
Dash Boutique-ի հաջողությունից հետո Քիմը սկսում է իր առաջին սոլո նախագիծը՝ օծանելիքի արտադրությունը՝ Dashing անվամբ: Սակայն քույրերը գոհ չէին անվան ընտրությունից, և Քիմը ստիպված էր վերանվանել իր բույրը՝ Kim Kardashian Eau De Parfum: Քիմի առաջին օծանելիքի ստեղծման գործընթացը մանրամասն նկարագրված է «Քարդաշյանների ընտանիքը» գրքում։ Օծանելիքում շշալցված են հասմիկի, տուբերոզի, գարդենիայի, տոնկա լոբու, ճանդանի (սանդալ) թարմ նոտաներ:
2009 թվական – ShoeDazzle
Քիմը համագործակցել է Բրայան Լիի, Ռոբերտ Շապիրոյի և M.J.Eng-ի հետ՝ նորաձևության բաժանորդագրության առցանց ծառայություն գործարկելու համար: ShoeDazzle-ի միջոցով Քիմն առաջարկել է կոշիկների, պայուսակների և զարդերի տեսականի: 4 տարի շարունակ ապրանքանիշը միլիոնավոր դոլարներ է վաստակել, իսկ ավելի ուշ առաջարկ է ստացել նորաձևության բաժանորդագրության առցանց ծառայությունից՝ JustFab-ից: 2013 թվականին Քիմն ու գործընկերները վաճառել են բիզնեսը:
2010 թվական - Kardashian Kard
Kardashian Kard–ը կարող է անհայտ լինել շատերի համար և նույնիսկ զարմանալի, հիմնականում այն պատճառով, որ այն Քիմի անհաջող նախաձեռնություններից մեկն է։ Քարդաշյանը թողարկել է կանխավճարային MasterCard, որն այդպես էլ հաջողություն չի ունեցել:
2011 թվական- Belle Noel Jewelry
Քիմը թողարկել է իր առաջին ոսկերչական գիծը՝ համագործակցելով դիզայներ Պասկալ Մուավադի հետ: Այն կոչվել է Belle Noel: Քարդաշյանն իր գիծը վաճառել է բացառապես Bloomingdales-ում. սակայն, այս մեկը նույնպես հաջողություն չի ունեցել:
2012 թվական - Kardashian Beauty
Համագործակցելով իր քույրերի հետ՝ Քիմը թողարկել է Khroma Beauty՝ անհաջող կոսմետիկայի շարք, որը հետագայում ներառում էր մազերի խնամք: Հեղինակային իրավունքի խախտման բազմաթիվ հայցերից հետո ապրանքանիշը պետք է վերանվանվեր Kardashian Beauty։ Լոս Անջելեսում գործող կոսմետիկայի Chroma Beauty և Ֆլորիդայի Kroma Beauty ընկերությունները սպառնացել են դատի տալ քույրերին: Սպառողների կարծիքով՝ ապրանքանիշն ուներ ոչ ստանդարտ բաղադրիչներ, իսկ փաթեթավորումը էժան տեսք ուներ:
2014 թվական - Kim Kardashian Hollywood
Ոււսումնասիրելով այլ ոլորտներ նույնպես՝ Քիմը թողարկում է իր առաջին խաղն iOS-ի և Android-ի համար: Kim Kardashian Hollywood խաղում հոլիվուդյան խաղացողները կարող էին մասնակցել վիրտուալ համերգների և միջոցառումների, ինչպիսին Քիմն ուներ իրական կյանքում: Խաղը գրավել է 23 միլիոն խաղացողի՝ ապահովելով 43 միլիոն դոլար եկամուտ:
2015 թվական- Selfish Book
Սելֆիի ամենաբուռն շրջանում Քիմը թողարկել է ֆոտոգիրք՝ Selfish անվամբ: Գրքում տեղ էր գտել Քարդաշյանի չհրապարակված սելֆիների հավաքածուն:
2015 թվական - Kimoji
Քարդաշյանը թողարկել է Kimoji հավելվածը՝ 250 էմոջիներով և GIF ֆայլերով, ներառյալ հայտնի լացող դեմքը: Հավելվածը հաջողել է, իսկ Քիմը վաստակել է միլիոնավոր դոլարներ:
2017 թվական - KKW Fragrance (բուրմունք)
Քիմը, համարելով իրեն պարֆյումեր, ստեղծել է KKW բուրմունքը: Հիմնվելով իր նախկին փորձի վրա՝ շարունակել է մեծացնել իր հավաքածուն և թողարկել է 3 նոր բույր՝ Crystal Gardenia, Crystal Gardenia Citrus և Crystal Gardenia Oud: Այսօր KKW Fragrance-ն առաջարկում է մի շարք այլ բույրեր, ներառյալ հայտնի KKW Body-ն, օծանելիք, որը վաճառվում է Քիմի կոր կազմվածքով ձևավորված սրվակով:
2017 թվական- KKW Beauty
KKW Fragrance-ից հետո Քիմը թողարկել է KKW Beauty ապրանքանիշը, որի շնորհիվ էլ միացել է Forbes-ի միլիարդատերերի ցուցակին: Իր նախորդ ապրանքանիշի համեմատ՝ KKW Beauty-ն առաջարկում է բարձր արդյունավետության բանաձևեր: Քիմն ընկերության 20%-ը վաճառել է Coty-ին` 200 մլն դոլարով:
2019 թվական - Skims
Քիմը թողարկել է հագուստի ապրանքանիշ՝ Kimono անվամբ: Բառի յուրացման պատճառով մեծ վրդովմունք ու զայրույթ առաջացնելուց հետո Քարդաշյանն իր բիզնեսը վերանվանել է Skims: Այսօր այն բազմամիլիոնանոց ապրանքանիշ է: