Logo

Մհեր Մկրտչյան․ «Մոր կողքին՝ միշտ երեխա»

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:32 / 07.04.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Մհեր Մկրտչյան

Հայրս մշեցի էր, մայրս՝ վանեցի. հրաշքով փրկված եղեռնից, ծվարած Լենինականի որբանոցներից մեկում: Հայրս գեղեցկադեմ, առնական տղամարդ էր, մայրս՝ հակառակը: Նա ծնվել էր պարզապես մայր դառնալու համար: Մայրս եղել է և մնում է իմ պաշտամունքը: Նա հիմա՝ որպես առաքինի մի հրեշտակ, Աստծո կողքին է նստած:

Շատ բան եմ սովորել իմ մորից: Խեղճ, անգրագետ կին էր Սանամը, հազիվ էր ստորագրում, բայց ինձ ապշեցնում էր նրա խոհուն պահվածքը, հասուն տրամաբանությունը:

Լիովին պաշտպանված քեզ զգում ես միայն, երբ մորդ կողքին ես: Հիշում եմ, ամեն անգամ՝ քնելուց առաջ, ասում էի. «Մամ, առավոտյան անպայման ժամը 8-ին կարթնացնես, որովհետև 9-ին պետք է լինեմ ստուդիայում»: Նա կամացուկ ծիծաղում էր: Լույսը բացվում էր: Ժամը 8-ն է, ոչ ոք ինձ չի արթնացնում: Մոտակայքում լսվում է Սանամի երգի ձայնը: Ես ինձ այնքան լավ էի զգում՝ տաքուկ, հանգիստ: Կախարդական երազներ էի տեսնում: Բայց երազներն այնքանով են վտանգավոր, որ դրանց հաջորդում է դաժան իրականությունը: Ժամացույցի սլաքները ցույց էին տալիս 11-ը: «Սանամ, ինչու՞ չարթնացրիր»: «Ֆրունզ ջան, չէի՞ր լսում, ախր ժամը 7-ից քեզ եմ արթնացնում»: Սանամն ինձ երգով էր արթնացնում: 

Բայց արդեն քանի՜ տարի է՝ ես արթնանում եմ զարթուցիչի ահավոր ճչոցից ու ամեն անգամ մտածում՝ ինչու կտրվեց Սանամիս երգը: Բայց ինչո՞ւ եմ սա ասում: Չէ՞ որ մեզնից յուրաքանչյուրի տանը կան ու պիտի լինեն «սանամները»: Թող որ նրանք կոչվեն Անահիտ կամ Շուշանիկ, թող որ նրանք անգիր իմանան Թումանյան, գիտենան Հովնաթանյանի ներկապնակի բոլոր գույները, թող մեկը լինի վաստակավոր, մյուսը՝ մեդալների ու պարգևների արժանացած, երրորդը` չունենա ոչինչ, միևնույնն է, նրանց բոլորին տրված է երկրի բարձրագույն կոչումը՝ մայր: Ու քանի դեռ նա կա, դու միշտ երեխա ես:

Հովհաննես Պապիկյան, Շուշանիկ Սահակյան
(«Ու՞մ համար ես վառվում, լույս» գրքից)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա