Logo

«Կինոն դեռ նոր է սկսվում». 10 ֆուտբոլիստ, որոնց ապագան անորոշ է

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
19:56 / 25.06.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

2022-ի տրանսֆերային ամառը չի հիասթափեցնում: Դեռ հունիսն էլ չի ավարտվել, բայց արդեն կայացել են (որոշները պաշտոնապես, որոշները՝ դեռ ոչ) բազմաթիվ հնչեղ ու թանկարժեք գործարքներ: 

Ավարտվեց Էրլինգ Հալանդի տրանսֆերային սագան, և նորվեգացի հարձակվողը 60 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»: Օրելյան Չուամենիի համար մղվող պայքարում «Ռեալը» գերազանցեց իր գլխավոր մրցակիցներին՝ ՊՍԺ-ին ու «Լիվերպուլին», և 80 մլն եվրոյով գնեց տաղանդավոր ֆրանսիացուն: Դարվին Նունյեսն ընտրեց «Լիվերպուլը», Հենրիխ Մխիթարյանը կարիերան կշարունակի «Ինտերում», Պոլ Պոգբան՝ «Յուվենտուսում»: 

Այդուհանդերձ, սրանք դեռ միայն ծաղիկներն են: Կան մի շարք աստղեր, որոնց ապագայի հարցը դեռ անորոշ է: Նրանցից ոմանք հուլիսի 1-ից ստանալու են ազատ գործակալի կարգավիճակ, ոմանք էլ որոշում են կայացրել հեռանալ, բայց դեռ չգիտեն՝ ուր կամ ինչպես:

VNews-ը ներկայացնում է այդ աստղերի իրավիճակները:


VNews-ի ընտրանին՝


Կրիշտիանու Ռոնալդու

Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի մասին քննարկումները չէին դադարում նույնիսկ մրցաշրջանի ընթացքում. նույնիսկ թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկն էր հայտարարում, որ Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Յունայթեդում» մնալը երաշխավորված չէ: «Նա դեռ մեկ տարվա պայմանագիր ունի, բայց կարևոր է հասկանալ՝ ինչ է ուզում նա և արդյոք դիտարկում է այստեղ մնալու տարբերակը: Կրիշտիանուն և Տեն Հագը պետք է լուրջ զրույց անցկացնեն», - հայտարարեց Ռանգնիկը:  

Իսկ երբ մրցաշրջանն ավարտվեց, այդ քննարկումներն ավելի թեժացան: Գլխավոր պատճառը «Մանչեսթեր Յունայթեդի»՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելն էր: Կրիշն այս պահին Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն է՝ խփած 140 գոլով, և այդ մրցաշարում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստը (183): Բնական է, որ նա կցանկանա բարելավել այս ցուցանիշները՝ հաշվի առնելով նաև այն, որ կա Լիոնել Մեսիի հետ մրցակցությունը:

Cristiano Ronaldo could return to Juventus: Reports

Դրանից բացի, դժվար կլինի հստակ ասել՝ կկարողանա՞ Ռոնալդուն հարմարվել Տեն Հագի տոտալ ֆուտբոլին, թե՞ ոչ: Կրիշը միշտ էլ ավելի լավ է զգացել այն թիմերում, որոնք խաղում են եզրային բարձրից փոխանցումներով ու առանց երկար-բարակ խաղարկումների, ինչը ճիշտ հակառակն է Տեն Հագի պարագայում:

Ռոնալդուի՝ կարիերայի շարունակության տարբերակները շատ չեն: Դրանցից լավագույնը Մյունխենի «Բավարիան» է. նոր ու անծանոթ առաջնություն Կրիշտիանուի համար և Չեմպիոնների լիգան նվաճելու հնարավորություն:

Լուիս Սուարես

«Էլ Պիստոլերոն» «Ատլետիկոյում» ընդամենը 2 մրցաշրջան անցկացրեց, բայց մնաց մադրիդցի երկրպագուների սրտերում: Անցկացրած 83 խաղում խփեց 34 գոլ, որոնցից շատերն օգնեցին թիմին նվաճել Իսպանիայի չեմպիոնի կոչումը: «Ատլետիկոյի» հետ Լա լիգան հաղթելն անբացատրելի մի բան է», - վստահեցրեց ուրուգվայցին, որն արցունքներն աչքերին հրաժեշտ տվեց «Վանդա Մետրոպոլիտանոյին»: 

35-ամյա հարձակվողի՝ «Ատլետիկոյի» հետ պայմանագրի ժամկետն ավարտվում է, հուլիսի 1-ից Սուարեսը դառնալու է ազատ գործակալ: Մի շարք ակումբներ արդեն «սիրահետում» են նրան, թեև դեռ պարզ չէ՝ որտեղ կշարունակի կարիերան Սուարեսը: Տարբեր երկրներից տարբեր ակումբներ արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի հետ՝ «Ռիվեր Փլեյթը», «Ֆեներբահչեն», «Ատալանտան», «Սևիլիան», ՄԼՍ-ը ներկայացնող ակումբները... Սակայն Սուարեսին գրավում է 2 տարբերակ:

River Plate hold transfer talks with Luis Suarez in Paris | Daily Mail  Online

Առաջինն «Ասթոն Վիլան» է: Բիրմինգհեմյան ակումբում կարծես «Լիվերպուլի» նախկին անձնակազմն է հավաքվում: Թիմը գլխավորում է Սթիվեն Ջերարդը, հունվարին «Վիլա» տեղափոխվեց Ֆիլիպե Կոուտինյոն: Նրանք Սուարեսի նախկին խաղընկերներն են, որոնց հետ ուրուգվայցին հրաշալի հարաբերություններ ուներ/ունի թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս: 

Սուարեսն անցյալի հետ բախվելու ևս մեկ հնարավորություն ունի: Նրա ծառայություններով հետաքրքրված է նաև «Այաքսը»՝ ակումբ, որը ցատկահարթակ էր Սուարեսի կարիերայում: Ամստերդամում «Էլ Պիստոլերոն» ֆանտաստիկ արդյունավետություն էր ցույց տվել՝ 159 խաղում խփելով 111 գոլ: «Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալեն կարծես տեղափոխվելու է «Բորուսիա»: Սուարեսը կարող է դառնալ իվուարցու փոխարինողը:

Անխել դի Մարիա

«Էլ Ֆիդեոն» նույնպես դառնում է ազատ գործակալ: Դի Մարիան հեռանում է ՊՍԺ-ից Փարիզում անցկացրած հրաշալի տարիներից հետո: 2015-ին արգենտինացին տեղափոխվեց ՊՍԺ և օգնեց թիմին հաղթահարել բարդ անցումային տարիները, դառնալ եվրոպական գրանդ: Դի Մարիան փարիզյան ակումբի պատմության լավագույն ասիստենտն է (119 գոլային փոխանցում): Անցկացրած 295 խաղում նա խփել է 93 գոլ: Բայց Մեսիի, Նեյմարի ու Մբապեի առկայությունը նվազեցրեց Դի Մարիայի կարևորությունը հարձակման գծում, նույնիսկ պարզ չէր՝ կլինե՞ր նա մեկնարկային կազմում, թե՞ ոչ:

Այժմ 34-ամյա ֆուտբոլիստի կարիերայում նոր փուլի ժամանակն է: «Ռոզարիո Սենտրալում», «Բենֆիկայում», «Ռեալում», «Մանչեսթեր Յունայթեդում» ու ՊՍԺ-ում խաղալուց հետո Դի Մարիան կարիերայի մայրամուտում նոր մարտահրավեր է փնտրում, քանի որ զգում է՝ դեռ չի սպառել իր ներուժն ու կարող է խաղալ բարձր մակարդակում: 

Angel Di Maria: 'Little by little, each piece will fit together' | Paris  Saint-Germain

Շաբաթներ առաջ թվում էր, թե արգենտինացին վերջնական համաձայնության է հասել «Յուվենտուսի» հետ, որն իսկապես լավ տարբերակ է Դի Մարիայի տարիքի խաղացողների համար. իտալական ֆուտբոլը չի պահանջում նույն ֆիզիկական պատրաստվածությունն ու արագությունը, ինչպես, օրինակ, Անգլիայի Պրեմիեր լիգան կամ իսպանական Լա լիգան, բայց այնտեղ հաջողելու համար պետք է լինել փորձառու, տակտիկապես ճկուն ու բարձրակարգ ֆուտբոլիստ: Մխիթարյանը կհաստատի սա:

Սակայն «Բարսելոնայի» հետաքրքրությունն ստիպեց Դի Մարիային մի փոքր էլ սպասել: Արգենտինացին ոչ մի խնդիր չի տեսնում կատալոնական ակումբում խաղալու. նա արդեն հայտարարել է, որ իր պատմությունը «Մադրիդում» ավարտված է: 

Ուսման Դեմբելե

Ուսման Դեմբելեի ապագայի հարցն ընդհանրապես «կայանված» վիճակում է: 

Չավին շարունակում է ֆուտբոլիստին համոզելու իր փորձերը, բայց դա անում է առանց ակումբի աջակցության, այսինքն՝ առաջարկը նույնն է, պայմանները նույնն են (ավելի ցածր աշխատավարձ, քան ստանում էր ֆուտբոլիստը մինչև հիմա): Դեմբելեն դեմ չէ «Բարսելոնայում» մնալուն, բայց ցանկանում է շատ ավելի բարձր աշխատավարձ, քան առաջարկվում է: 

Ֆրանսիացին մրցաշրջանի հրաշալի երկրորդ հատված անցկացրեց: 2022-ի ընթացքում նա խփել է 2 գոլ ու կատարել 11 գոլային փոխանցում՝ դառնալով Իսպանիայի առաջնության լավագույն ասիստենտը: Հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ Դեմբելեի ծառայություններով հետաքրքրված էր «Չելսին», ու հիմա էլ լոնդոնյան ակումբը դեռ պահպանում է կապը ֆուտբոլիստի գործակալների հետ: 

Դեմբելեն կարող է հայտնվել նաև ՊՍԺ-ում: Փարիզում Դեմբելեն կստանա իր ցանկացած աշխատավարձը, Կիլիան Մբապեի հետ նրա ընկերությունն էլ կնպաստի ՊՍԺ տեղափոխությանն ու թիմին արագ հարմարվելուն: Դեմբելեի պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին, ու ֆուտբոլիստը չի շտապում նոր ակումբի հարցում:

Chelsea face difficult battle to land winger Ousmane Dembele from Barcelona  on free transfer - Paper Round - Eurosport

Գարեթ Բեյլ 

«Ռեալի» երեք ֆուտբոլիստները՝ Իսկոն, Բեյլն ու Մարսելոն, որոնք դառնում են ազատ գործակալ, հայտնվել են նույն իրավիճակում և չգիտեն՝ որտեղ են լինելու հաջորդ մրցաշրջանում:

Սակայն ամենաանոմալ իրավիճակը Գարեթ Բեյլինն է: Այս ընթացքում ինչ խոսակցություններ ասես, որ չեղան ֆուտբոլիստի շուրջ: Սկզբում գրում էին, որ Բեյլն ավարտելու է կարիերան մրցաշրջանի ավարտից հետո, բայց Ուելսը նվաճեց ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլի ուղեգիր, հետո Գարեթին ուղարկեցին հայրենի Քարդիֆ, իսկ վերջերս «Խետաֆեի» նախագահը հայտարարեց, որ Բեյլն ինքն է առաջարկել իր ծառայությունները, բայց ժամեր անց ֆուտբոլիստը հերքեց այդ տեղեկությունը: 

Ոչինչ դեռ պարզ չէ Բեյլի վերաբերյալ: Ոչ ոք չգիտի՝ կվերադառնա Պրեմիեր լիգա՞, կխաղա մրցունակ թիմու՞մ, թե՞ պարզապես կգնա մի ակումբ, որտեղ կվայելի տեղի բնությունն ու կյանքը (վերջինը, ըստ ամենայնի, ամենահավանականն է. այսօր տեղեկություն տարածվեց, որ Գարեթը համաձայնության է եկել ամերիկյան «Լոս Անջելեսի» հետ): Միակ բանը, որ այժմ Բեյլի գլխում է, Ուելսի հետ մասնակցությունն է աշխարհի առաջնությանը:

Ֆրանկ Կեսիե

Կեսիեի պատմությունը նման է Անդրեաս Քրիստենսենի իրավիճակին: Երկուսի պայմանագրի ժամկետն ավարտվում է, ըստ տեղեկությունների՝ նրանք արդեն պայմանավորվել են «Բարսելոնայի» հետ, բայց հայտարարությունը պայմանագիր կնքելու մասին ուշանում է: Մի բան հստակ է՝ Կեսիեն հեռանալու է «Միլանից»:

Իվուարցին հրաշալի ժամանակաշրջան անցկացրեց Միլանում: 25-ամյա կիսապաշտպանը չափազանց մեծ ծավալի աշխատանք կատարեց նախորդ մրցաշրջանում դաշտի միջին գծում, 31 խաղում դարձավ խփեց 6 գոլ ու օգնեց «Միլանին» նվաճել Սկուդետոն 10 տարվա դադարից հետո: Կան այլ թիմեր, որոնք ցանկանում են պայմանագիր ստորագրել Կեսիեի հետ, բայց հիմա էլ ամենահավանական տարբերակը «Բարսելոնան» է:

Պաուլո Դիբալա

Պաուլո Դիբալան էլ սպասում է իրադարձությունների զարգացմանը: «Ինտերի» հետ ամեն ինչ պատրաստ էր, բայց միլանյան թիմը դեռևս այլ գործերով է զբաղված: «Ինտերում» հիմա ավարտին են հասցնում Անդրե Օնանայի, Հենրիխ Մխիթարյանի ու Ռոմելու Լուկակուի գործարքները, և հարց է առաջանում՝ արդյոք այդքանից հետո նպատակահարմա՞ր է Դիբալայի ձեռքբերումը թե՛ ֆինանսական, թե՛ մարզական տեսանկյունից: 

Juventus Turin: Paulo Dybala announces farewell - 24 Hours World

Դիբալայի անունը շատ ակումբների հետ կապեցին այս ընթացքում՝ Պրեմիեր լիգա, «Բարսելոնա», «Ատլետիկո»... 28-ամյա ֆուտբոլիստը շարունակում է ցանկալի խաղացող լինել Եվրոպայում, ու նա պահանջարկի խնդիր հաստատ չի ունենա, պարզապես սպասում է «Ինտերի» վերջնական որոշմանը, քանի որ միլանյան ակումբում խաղալը և Իտալիայում մնալն ամենացանկալի տարբերակն են նրա համար:

Ռոբերտ Լևանդովսկի

Լևանդովսկիի պատմությունն այս տրանսֆերային ամռան գլխավոր սագան է դառնում: Լեհ հարձակվողը մրցաշրջանի ավարտից հետո անսպասելիորեն հայտարարեց, որ իր ժամանակը «Բավարիայում» ավարտված է, նրա գործակալ Պինի Զահավին էլ արդեն սկսել է բանակցությունները «Բարսելոնայի» հետ, բայց «այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու», քանի որ կողմերն առաջ են տանում իրենց շահերը, ու կա տպավորություն, թե ոչ ոք կանգ չի առնելու:

«Բավարիայում» պնդում են, որ Լևանդովսկին պարտավոր է հարգել իր պայմանագիրը, Հասան Սալիհամիջիչն էլ հայտարարեց, որ մարզչական շտաբն սպասելու է Լևային հուլիսի 12-ին մարզաբազայում՝ մինչմրցաշրջանի առաջին օրը: 

Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Լևանդովսկիին ցանկանում են ձեռք բերել «Չելսին» ու ՊՍԺ-ն, բայց ֆուտբոլիստի ցանկությունը մեկն է՝ խաղալ «Բարսելոնայում»: «Ռոբերտը տարբերակներից մեկն է: Նա արդեն հրապարակավ ասել է, որ ցանկանում է հեռանալ: Հեշտ չի լինելու «Բավարիայի» հետ, բայց մենք փորձելու ենք», - հայտարարեց Չավին:

Ռահիմ Ստեռլինգ

Ստեռլինգը վերջին 2 տարիների ընթացքում ամբողջովին կորցրել է կարևորությունը «Մանչեսթեր Սիթիում»: Կարելի է ասել, որ նա ամբողջությամբ դարձել է պահեստային ֆուտբոլիստ և մտադիր է հեռանալ այս ամռանը:

Ստեռլինգը «Սիթի» տեղափոխվեց 2015-ին «Լիվերպուլից» 63 մլն եվրոյի դիմաց: Լավ առաջարկ ստանալու դեպքում Անգլիայի նորընծա չեմպիոնը կվաճառի 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը. կողմերի պայմանագրի ժամկետի ավարտին մնացել է ընդամենը 1 տարի: 

Ստեռլինգի հիմնական գնորդը Պրեմիեր լիգայից է՝ «Չելսին»: Անգլիացի վինգերը շատ է դուր գալիս Թոմաս Տուխելին, բայց ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, լոնդոնցիների առաջին առաջարկը (25 մլն եվրո) մերժվել է: «Սիթին» հայտնել է, որ պատրաստ կլինի վաճառել ֆուտբոլիստին 55 մլն եվրոյի դիմաց:

Real Madrid offered Manchester City star Raheem Sterling - Football España

Ալվարո Մորատա

Իսպանացի հարձակվողն անհարմար իրավիճակում է. նա ցանկանում է մնալ «Յուվենտուսում», բայց թուրինյան ակումբը չի ակտիվացնում նրան 35 մլն եվրոյով գնելու հնարավորությունը: «Ծեր սինյորան» դեմ չէ պահել Մորատային, Ալեգրին բարձր է գնահատում հարձակվողի որակները: Ակումբը ցանկանում է նվազեցնել գործարքի գինը, բայց «Ատլետիկոյի» հետ համաձայնության հասնել չի կարողանում: 

Մորատան «Ատլետիկոյում» էլ տեղ չունի: Նրա հարաբերությունները Սիմեոնեի հետ իդեալական համարել չի կարելի: «Ատլետիկո» վերադառնալուց հետո Մորատան հեռանալու է, բայց դեռ չգիտի՝ որ ակումբ: 

Կա տեղեկություն, թե «Արսենալը» դեմ չէր լինի գնել Մորատային, հատկապես եթե չկարողանա ձեռք բերել Գաբրիել Ժեզուշին: Օբամեյանգը հեռացավ հունվարին, հեռանում է նաև Լակազետը: 

Analyzing Alvaro Morata: Strengths and Weaknesses | by Pramit Bardhan |  Medium

Տրանսֆերային շուկայում դեռ շատ ինտրիգներ են լինելու, լինելու են նաև անկանխատեսելի գործարքներ: Մինչև 2022/23 մրցաշրջանի մեկնարկը, թիմերի կազմերը դեռ շատ են փոխվելու, ինչից հետո արդեն կհասկանանք կազմերի առումով ուժերի դասավորությունը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա