Logo

ԱԱ-2022-ի մասնակիցները. Մունդիալի «ստվերային ֆավորիտը», որը հաղթում է աշխարհի չեմպիոնին

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
14:22 / 21.11.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
Դանիայի հավաքական-2022

Պատմությունը սիրում է կրկնվել և Դանիայի հավաքականի դեպքում այն կարող է յուրահատուկ դեժավյուի վերածվել: Ուղիղ 20 տարի առաջ՝ 2002 թվականի Մունդիալում, սկանդինավները նույնպես աշխարհի չեմպիոնի հետ ընդգրկված էին նույն խմբում և այդ չեմպիոնը նորից Ֆրանսիան էր: Այն ժամանակ «Դանիական դինամիտին» հաջողվեց պատմություն կերտել և չեմպիոնին թույլ չտալ անցնել փլեյ-օֆֆ: Այժմ դանիացիները ֆուտբոլային գլխավոր մրցաշարին մոտենում են նույնիսկ ավելի մեծ ակնկալիքներով, քան 1/8 եզրափակիչ դուրս գալն է:

VNews-ը շարունակում է ներկայացնել Կատարում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության մասնակիցներին: Հերթը հրաշալի մարզավիճակում գտնվող Դանիայի հավաքականինն է:

Անցած ճանապարհը

Եվրո-2020-ից հետո, որում Դանիայի հավաքականը հասավ կիսաեզրափակիչ, աշխարհի առաջնության ընտրական փուլում սկանդինավներն ընդգրկված էին F խմբում: Կասպեր Յուլմանի թիմը մի գլուխ բարձր էր բոլոր մրցակիցներից: Ընտրական փուլը սկսվել էր դեռ Եվրոպայի առաջնությունից առաջ: Դանիացիները 3 խաղերում էլ հաղթել էին` խփելով 14 գոլ: Հենց սկզբից պարզ էր, որ այդ թիմի դեմ հնարավոր չէ խաղալ:

Դանիայի հավաքական-1

Եվրոպայի առաջնությունից հետո նրանք վերադարձան բոլորին հաղթելու ռեժիմին: «Կարմրսպիտակների» համար տարբերություն չկար մրցակիցն Ավստրիան է, Շոտլանդիան, Իսրայելը, թե առավել ևս` Մոլդովան կամ Ֆարերյան կղզիները: Նախատեսված 10 խաղից մեկնարկային 9-ում Դանիան հաղթանակ տարավ` խփելով 30 գոլ: Միայն վերջին տուրում, երբ առաջին տեղը վաղուց ապահովել էր, Յուլմանի թիմը Գլազգոյում պարտվեց Շոտլանդիային:

Ընտրական փուլում չկար թիմ, որն ավելի շատ միավոր էր վաստակել: Նույնքան հավաքել էր միայն Գերմանիան:

Խաղաոճ-տակտիկա

Դանիայի հավաքականը մրցաշարի այն յուրահատուկ թիմերից է, որի խաղը հեշտ է նկարագրել, բայց դժվար է դիմակայել: Յուլմանի կոլեկտիվը Մունդիալում ամենաակտիվ եզրային ֆուտբոլիստներ ունեցող թիմերից է, որին ակտիվորեն օգնում է փորձառու ֆուտբոլիստներով հագեցած կենտրոնը:

Բոլոր մրցակիցների համար պաշտպանությունում իսկական փորձություն է լինելու դանիացիների ձախ եզրը, որտեղ փայլում են Յոակիմ Մելյեն և Միկել Դամսգորը: Իտալական «Ատալանտայում» Մելյեն խաղում է լատերալի դիրքում, սակայն ազգային թիմի 4 պաշտպանով սխեմայում նույն ակտիվությամբ է գրոհում: Պատահական չէ, որ ընտրական փուլում նա թիմի ռմբարկուն էր` 5 գոլով:

Դամսգորն էլ իր լավագույն խաղը ցուցադրում է Դանիայի հավաքականում, իսկ ակումբային կարիերան դեռ այնքան հաջող չի զարգանում անգլիական «Բրենթֆորդում»: Բայց Մունդիալում նրանից սպասելիքները մեծ են և արդեն ավանդական դարձող հեռահար շքեղ հարվածները:

Աջ եզրային պաշտպանի դիրքում գործում է «Լիդսի» ֆուտբոլիստ Ռասմուս Կրիստենսենը, որը Մելյեի պես գրոհներին ակտիվորեն չի միանում, որպեսզի պահպանի թիմային հավասարակշռությունը: Փոխարենը նա շատ է օգնում պաշտպանությանը՝ հաղթելով 80 տոկոս մենապայքարներում: Նրա առջևում գործող Անդրեաս Սկով Օլսենը հետզհետե դառնում է թիմի առաջատարներից մեկը: «Բրյուգեի» ֆուտբոլիստն աջ կիսաեզրից գնդակով այնպիսի ագրեսիվությամբ և վստահությամբ է շարժվում դեպի տուգանային հրապարակ, որ նրան հսկելու համար միշտ 2 խաղացող է հարկավոր: Գումարած դրան, Սկով Օլսենը հիանալի է պաշտպանների «կույր գոտի» ներխուժում` խորքից ստանալով գնդակը պաշտպանների թիկունքում:

Դանիայի հավաքական-2

Դարպասապահի դիրքում անփոփոխ է Կասպեր Շմեյխելը, իսկ պաշտպանության կենտրոնում Յուլմանը հաճախ սկսել է Սիմոն Կյաերից բացի վստահել Անդերաս Կրիստնսեն – Յոակիմ Անդերսեն զույգին:

Բնականաբար, այս ամենը կառավարող է հարկավոր և այն կիսապաշտպանության փայլուն եռյակն է` Հոյբերգ – Դելեյնի – Էրիկսեն: «Տոտենհեմի» ֆուտբոլիստը գործում է ամբողջ դաշտում և խաղարկելով գնդակը` կապում բոլոր թիմակիցներին: Դելեյնին ավելի շատ կարևոր դիրքերն է փակում և խաղի անցումային փուլում կարևոր դերակատարում ունենում, իսկ ահա Էրիկսենը պատասխանատու է ստեղծագործ խաղի համար:

Դանիան ունի նաև որոշ թերություններ: Դրանք ավելի շատ համարձակ խաղի հետևանքն են: Թիմը մեծ ուժերով գրոհում է, հատկապես՝ ձախ եզրից, և երբ գնդակը կորցնում է, մրցակիցները մեծ տարածություն են ստանում արագ գրոհների համար: Այդ պատճառով Յուլամնը հրահանգում է արագ հակապրեսինգի դիմել, բայց դա ոչ միշտ է աշխատում:

Բացի այդ, հարկ եղած դեպքում մարզիչը կարող է կիրառել ռոտացիա, որը թիմի խաղը գրեթե չի թուլացնի: Փախարինման կարող են մտել Մարտին Բրեյթուեյթը, Յեսպեր Լինդստրյոմը, Յուսուֆ Պոուլսենը, ինչպես նաև Կասպեր Դոլբվերգը, որի ներկայությունը, սակայն, ավելի շատ մեկնարկային կազմում է սպասվում:

Մարզիչը

Կասպեր Յուլմանը մարզչական յուրահատուկ կարիերա ունի: 26 տարկանում ավատելով ֆուտբոլիստի կարեիրան՝ նա սկսել է մարզիչ աշխատել մանկապատանեկան ֆուտբոլում: 8 տարի է անցել մինչև «Լոնգբյուի» ղեկավարները Կասպերին վստահել են գլխավոր մարզչի պաշտոնը: Եվս 2 տարի անց առաջարկ է հետևել «Նորշելանդից», բայց կրկին օգնականի պաշտոնի համար, որը դանիացին ընդունել է: 2011 թվականին Յուլամնը վերջապես շանս է ստացել աշխատել այդ ակումբի գլխավոր թիմում և անմիջապես սենսացիա կերտել: «Նորշելանը» պատմության մեջ առաջին անգամ դարձել է Դանիայի չեմպիոն և նվաճել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Գերմանիայում հարևան երկրի տաղանդներին ուշադիր են հետևում և միանգամից Յուլամին առաջարկել են գլխավորել «Մայնցը»: 2014-ին նա ընդունել է առաջարկը, սակայն մրցաշրջանի կեսից հետո պաշտոնանկ արվել վատ արդյունքների պատճառով: Մեկ տարի անց նա վերադարձել է «Նորշելան», իսկ 2020-ին` գլխավորել Դանիայի հավաքականը:

Դանիայի հավաքական-3

Սկանդինավները մինչև այդ երկար անցումային փուլ ունեին և նույնիսկ աստղային ֆուտբոլիստներով չէին կարողանում տպավորիչ խաղ ցուցադրել: Յուլամը հիմնովին փոխեց հավաքականի ֆուտբոլը: Այժմ Դանիան գերիշխող ֆուտբոլ է ցուցադրում: «Կարմրաստպիտակները» փորձում են շատ տիրել գնդակին, շատ ուղղահայաց գրոհել և բարձր տեմպով խաղալ: Հատկապես վերջին կետը շատ հաջող է ստացվում թոփ թիմերի դեմ: Ազգերի լիգայում Դանիան 2 անգամ հաղթեց աշխարհի չեմպիոն Ֆրանսիային՝ հատկապես Կոպենհագենում իսկական ներկայացում պարգևելով երկրպագուներին:

Յուլամնը յուրահատոկ բալանս է գտել անչափ խոստումնալից երիտասարդների և աստղային վետերանների միջև: Միգուցե այդ վետերանների համար սա վերջին աշխարհի առաջնությունն է, ուստի Յուլմանը կփորձի առավելագույնը քաղել այս շանսից:

Գլխավոր աստղը

Եթե վերցնենք ընթացիկ մրցաշրջանը, կամ նույնիսկ վերջին մի քանի տարիները, ապա լավագույն դանիացի ֆուտբոլիստը Պյեր-Էմիլ Հոյբերգն է: Կիսապաշտպանը դարձել է «Տոտենհեմի» դիսպետչերը և միջին գծի առաջատարը, իսկ ազգային թիմում՝ գլխավոր հենասյունը: Սակայն Դանիայի գլխավոր աստղը շարունակում է մնալ Կրիստիան Էրիկսենը:

2021 թվականի Եվրոպայի առաջնության ամենասարսափելի դրվագն Էրիկսենի սրտի կանգն էր խաղադաշտում, բայց նա կես տարի անց արդեն ֆուտբոլ էր խաղում, այն էլ՝ Անգլիայի Պրեմիեր լիգայում: «Բրենթֆորդի» կազմում հիանալի ելույթներից հետո ամռանը Կրիստիանը պայմանագիր կնքեց իր խաղամակարդակին ավելի համապատսխան ակումբի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Դանիայի հավաքական-4

30-ամյա ֆուտբոլիստը հետզհետե հարմավում է Էրիկ տեն Հագի ֆուտբոլին, սակայն Դանիայի հավաքականում Էրիկսենը լրիվ այլ ֆունկցիաներ ունի: «Դանիական դինամիտի» կազմում նա հենց այն կայծն է, որը պայթեցնում է խաղն ու մրցակցին: Հոյբերգի, Մելյեի կամ Սկով Օլսենի ինտենսիվ խաղը շատ մրցակիցների է դժվարության մեջ դնում, բայց իսկական կախարդանքը Էրիկսենն է ապահովում:

Սպասելիքները

Դեռ երբեք Մունդիալից առաջ Դանիայի հավաքականից սպասելիքներն այսքան մեծ չեն եղել: Բոլոր մասնագնետները սկանդինավներին համարում են «ստվերային ֆավորիտ», ինչպես նաև ընդգրկում տիտղոսը նվաճելու թոփ-8 թեկնածուների թվում:

Յուլամանի թիմի խաղը տեսնողն իսկապես չի կարող չհիանալ և սպասել հաղթանակներ: «Կարմրասպիտակները» նույնիսկ ակրող էին ավելի իրական հավակնորդ համարվել, եթե այդքան բարդ ցանցում չհայտնվեին: Խմբային փուլում հարկավոր է մրցել Ֆրանսիայի հետ, խմբում երկրորդ տեղ գրավելու դեպքում 1/8 եզրափակիչում ամենահավանական մրցակիցն Արգենտինան է, հետո գալիս է Բրազիլիան և այդպս շարունակ: Այս թիմերից յուրաքանչյուրին Դանիան ի զորու է հաղթել, բայց հարց է, արդյոք դա կարող է անել 3-4 օրը մեկ:

Կարդացեք նաև

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա