Logo

ԱԱ-2022-ի մասնակիցները. Նոր սերնդի ու լեգենդների Ուրուգվայը Մունդիալի թաքնված ֆավորիտն է

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
18:01 / 17.11.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Ուրուգվայի հավաքականն աշխարհի առաջնությունների պատմության անբաժան մաս է: Չնայած 3.5 միլիոն բնակչություն ունենալու հանգամանքին (այնքան, որքան ունի, օրինակ, Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդը), հարավամերիկյան այս երկիրն այն 8-ից մեկն է, որին հաջողվել է դառնալ աշխարհի չեմպիոն, ու այն 6-ից մեկը, որ հասել է այդ նվաճմանը մեկ անգամից ավելի (1930-ին ու 1950-ին):

Այժմ «Լա Սելեստեն» պատրաստվում է իր 4-րդ անընդմեջ աշխարհի առաջնությանը՝ մոտենալով մրցաշարին նոր մարզչով, լեգենդար ֆուտբոլիստներով ու տաղանդավոր երիտասարդներով: Շատերի կարծիքով այս Ուրուգվայը թոփ հավաքականների համար ամենավտանգավոր անդրդոգերից է, ու դժվար է հասկանալ՝ որն է լինելու այս թիմի վերջնական հանգրվանը Կատարում:

VNews-ը շարունակում է ներկայացնել աշխարհի առաջնության մասնակիցներին: Ծանոթանում ենք H խմբում ընդգրկված Ուրուգվայի հավաքականին:

Անցած ճանապարհ

Ուրուգվայի հավաքականի անցած ճանապարհը մինչև Կատար ամենևին էլ հեշտ չստացվեց: 

Որակավորման փուլի սկզբում թիմի ցուցադրած խաղն ու ելույթները տպավորիչ չէին, արդյունքներն էլ անկայուն էին, ու թիմն առաջ էր շարժվում հիմնականում անհատների բարձր կարգի շնորհիվ:

Օսկար Տաբարեսի գլխավորած թիմը նույնիսկ ունեցավ շատ դժվար հատված CONMEBOL-ում. 11-ից 15-րդ տուրերի ընթացքում նրանք չկարողացան հաղթանակ տանել, կրեցին 4 պարտություն, դրանցից 3-ը՝ խոշոր հաշիվներով: Դրա հետևանքով ուրուգվայցիները նույնիսկ դուրս մնացին անցումային գոտուց՝ հայտնվելով մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում: 

Բայց 2022-ը բեկումնային ստացվեց, և Ուրուգվային հաջողվեց նվաճել Կատարի ուղեգիրը՝ մարզչական փոփոխության և ավելի հարմար խաղացանկի շնորհիվ: Թիմը վերջին 4 խաղում 4 հաղթանակ տարավ ու 28 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը:

Ուրուգվայի թիմ

Խաղաոճ-տակտիկա

Օսկար Տաբարեսի գլխավորությամբ Ուրուգվայն ունեցել է տարբեր սերունդներ, տարբեր խաղաոճեր, թիմը հասել է նշանակալի արդյունքների, սակայն վերջին շրջանում նրանց խաղաոճը, ավելի ճիշտ՝ հստակ խաղաոճի բացակայությունը վնասեց «Լա Սելեստեին»: Տաբարեսի կրկնվող մարտավարություններն արդեն կանխատեսելի դարձան մրցակիցների համար, ինչն էլ ստիպեց Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության գնալ բարդ, բայց կարևոր որոշման, ու հրավիրել նոր մարզիչ հավաքականի խաղին թարմություն հաղորդելու նպատակով:

Հավաքականը գլխավորեց Դիեգո Ալոնսոն, և այս փոփոխությունն անմիջապես ազդեց թիմի խաղի վրա. «Տաբարեսի պաշտոնավարման վերջին տարիների ընթացքում Ուրուգվայը ցույց էր տալիս ավելի պրագմատիկ ֆուտբոլ ու խաղում էր 2-րդ համարով՝ սպասելով մրցակցի սխալներին, թիմը կորցրել էր նաև իր ԴՆԹ-ն, ու դա շատ էր հիասթափեցնում երկրպագուներին: Մինչդեռ Ալոնսոյի գլխավորությամբ թիմի խաղային դինամիկան փոխվեց դեպի դրականը»,- նշում է ուրուգվայցի ֆուտբոլային փորձագետ Դավիդ Կրակմանը:

Եվ իսկապես, Ուրուգվայն այժմ ավելի նախաձեռնող է թե՛ գնդակով, թե՛ առանց գնդակի: Թիմի պաշտպանությունը սկսում է հարձակման գծից՝ վառ ընդգծված ագրեսիվ պրեսինգով: Ուրուգվայը շատ ավելի հարմարավետ է զգում գնդակ վերահսկելու հարցում:

Uruguay vs Brazil

Ալոնսոն սխեմայի տեսանկյունից ճկուն է, և նրա գլխավորությամբ Ուրուգվայը հաջողությամբ խաղում է տարբեր սխեմաներով՝ 4-4-2-ից մինչև 3-5-2: Ու դժվար է հասկանալ՝ որն է լինելու այս թիմի հիմնական սխեման. այն կարող է փոխվել՝ ըստ մրցակցի: Իհարկե, այստեղ Ուրուգվային տակտիկական նման բազմազանություն թույլ է տալիս կիրառել նաև ունիվերսալ ու տեխնիկապես հրաշալի պատրաստված կազմը:

Ուշադրությունը սևեռված է լինելու հատկապես հարձակման գծի վրա: Բոլորը սպասում են Նունյես - Սուարես - Կավանի եռյակի խաղին:

Մարզիչը

Օսկար Տաբարեսը կմնա Ուրուգվայի հավաքականի և ուրուգվայական ֆուտբոլի պատմության մեջ: Այս մասնագետը 15 տարի մնաց հավաքականի ղեկին, և նրան փոխարինելը շատ պատասխանատու գործ է ու լուրջ մարտահրավեր: Այդ մարտահրավերն ընդունեց Դիեգո Ալոնսոն, ու կարծես՝ ամեն ինչ շատ լավ է սկսել:

Ալոնսոն՝ որպես ֆուտբոլիստ, ունեցել է բավականին հարուստ կարիերա. նա խաղացել է 11 ակումբներում, 7 երկրներում, իսկ ազգային հավաքականի կազմում մասնակցել է 7 հանդիպման:

47-ամյա մասնագետն մարզչական կարիերան 2011-ին սկսել է հարազատ ակումբում՝ Մոնտեվիդեոն ներկայացնող «Բելա Վիստայում»: Հետագայում Ալոնսոն հասցրեց աշխատել նաև Մեքսիկայում, ԱՄՆ-ում ու Պարագվայում: Մարզիչի աշխատանքային այս փորձը ստիպեց ՈւՖՖ-ի ղեկավարներին դիտարկել իրեն հրավիրելու տարբերակը:

 Diego Alonso

Ուրուգվայցին հունվարին գլխավորեց իր երկրի ազգային հավաքականը ու 4 խաղ թիմի ղեկին անցկացնելուց հետո նվաճեց Կատարի ուղեգիրը. «Ալոնսոյի ժամանումից հետո թիմի հանդերձարանի մթնոլորտը նույնպես փոխվել է: Դա շատ կարևոր հանգամանք է Մունդիալին ընդառաջ: Ալոնսոն այնպես է արել, որ բոլորը հավատան թիմի հաջողությանն առաջիկա մրցաշարում», - ընդգծել է Կրակմանը:

Գլխավոր աստղը

Դժվար է գլխավոր աստղ փնտրել մի թիմում, որում միախառնված են տարբեր սերունդների ներկայացուցիչներ: Նրանց մի մասն արդեն հրաշալի կարիերա է անցկացրել ակումբային ֆուտբոլում ու պատմություն կերտել հավաքականում, մյուս մասն էլ ունի փայլուն ապագա և շատ մեծ հեռանկարներ: Մի կողմում Լուիս Սուարես - Էդինսոն Կավանի լեգենդար տանդեմն է, որոնք միասին անցկացրած 266 խաղում խփել են 166 գոլ: Այս շարքում են նաև Մադրիդի «Աթլետիկոյի» նախկին պաշտպան Դիեգո Գոդինը՝ վերջին 8 տարիներին թիմի ավագն ու առաջնորդը, որը հավաքականի կազմում անցկացրել է 159 հանդիպում: Մուսլերայի, Կասերեսի, Գոդինի, Սուարեսի ու Կավանիի համար սա լինելու է 4-րդ Մունդիալը:

Մյուս կողմում երիտասարդներն են, որոնք պայծառ ապագա են խոստանում հավաքականի համար. Ռոնալդ Արաուխոն, Ֆեդերիկո Վալվերդեն, Դարվին Նունյեսը... բայց մրցաշրջանի այս հատվածում թիմից պետք է առանձնացնել Ֆեդե Վալվերդեին: 24-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայի գագաթնակետում է ու անհավանական ֆուտբոլ է ցուցադրում: Վալվերդեն Մադրիդի «Ռեալի» 3-րդ հարձակվողն է, 4-րդ կիսապաշտպանը ու 5-րդ հարձակվողը: Տակտիկական առումով նա խաղացող է, որին իր տրամադրության տակ ունենալու մասին կերազեր ցանկացած մարզիչ: Ֆիզիկապես ուժեղ Վալվերդեն չգիտի՝ ինչ է նշանակում հոգնել ու խաղի ընթացքում կատարում է շատ մեծ ծավալի աշխատանք:

Federico Valverde

Վալվերդեի ներգրավվածությունը հարձակման գծում էապես մեծացել է այս մրցաշրջանում. այս պահին նա «Ռեալի» ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից է՝ 8 գոլով ու 4 գոլային փոխանցումով: 

Ուրուգվայի հավաքականի կազմում էլ Ֆեդեն կարող է վճռորոշ նշանակություն ունենալ Կատարում:

Սպասելիքները 

Ուրուգվայի հավաքականն աշխարհի առաջնությունում հեռուն գնալու մեծ փորձ ունի: Բացի 2 չեմպիոնություններից, «Լոս Չառուասը» 3 անգամ հասել է կիսաեզրափակիչ, որոնցից վերջինը տեղի է ունեցել 12 տարի առաջ, երբ թիմը եզրափակիչի ուղեգիրը զիջեց Նիդերլանդների հավաքականին (0-1): Նախորդ Մունդիալին էլ Ուրուգվայի ելույթը գոհացուցիչ էր. թիմը հասավ քառորդ եզրափակիչ ու պարտվեց մրցաշարի ապագա հաղթող Ֆրանսիային 0-2 հաշվով:

Այս անգամ Ուրուգվայն ընդգրկվել է H խմբում՝ Պորտուգալիայի, Հարավային Կորեայի ու Գանայի հետ: Մրցակիցները ծանոթ են. Գանայի հավաքականին Ուրուգվայը հանդիպեց Մունդիալ-2010-ում, երբ տեղի ունեցավ այն հանրահայտ դրվագը, որում Լուիս Սուարեսը «դարպասապահի» դերում էր հայտնվել. Ասամոա Գյանը 11-մետրանոցից վրիպեց, իսկ Տաբարեսի թիմը հետխաղյա հարվածաշարում հաղթեց:

Luis Suarez

Պորտուգալիայի հավաքականին էլ Ուրուգվայը հանդիպեց 4 տարի առաջ Ռուսաստանում՝ 1/8 եզրափակիչում: Դա էլ արդեն Կավանիի երեկոն էր, որում «Վալենսիայի» հարձակվողը դարձավ դուբլի հեղինակ ու իր թիմին դուրս բերեց հաջորդ փուլ:

Cavani

Այժմ էլ Ուրուգվայի համար հեշտ չի լինելու. խմբի մնացած 3 թիմերն էլ մրցունակ են, բայց Ուրուգվայն ու Պորտուգալիան են փլեյ-օֆֆ դուրս գալու հավակնորդները: Երկրորդ տեղով դուրս գալու դեպքում Ուրուգվայի հավանական մրցակիցը Բրազիլիան է՝ մրցաշարի ֆավորիտներից մեկը:

Ուրուգվայի հավաքականից սպասելիքները հստակ են. նվազագույնը՝ խմբային փուլի հաղթահարում: Բայց այս թիմին շատ քչերն են դասում մրցաշարի գլխավոր ֆավորիտների շարքում: Իսկ գուցե հենց Ուրուգվա՞յը դառնա թոփ հավաքականների համար տհաճ, հանդիսատեսի համար՝ հաճելի անակնկալը: Այս թիմից ամեն ինչ էլ կարելի է սպասել:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա