Logo

ԱԱ-2022-ի մասնակիցները. «Տերանգայի առյուծները» սպառնում են դառնալ մրցաշարի անակնկալը (ֆոտո)

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
13:20 / 04.11.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

VNews-ը սկսում է նոր շարք, որում կներկայացնենք Կատարում նոյեմբերի 20-ին մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության մասնակիցներին։ Առաջինն A խմբում ընգրկված Սենեգեալի հավաքականն է։

A խմբում թեժ պայքար է սպասվում: Այս խմբի ֆավորիտը Նիդեռլանդների հավաքականն է, բայց երկրորդ տեղին հավակնում է Սենեգալը՝ Աֆրիկա մայրցամաքը ներկայացնող ամենաուժեղ հավաքականներից մեկը: Սենեգալն Աֆրիկայի Ազգերի գավաթի նախորդ խաղարկության հաղթողն է, ունի թոփ ֆուտբոլիստներով համալրված կազմ և միջազգային մեծ մրցաշարում խաղալու փորձ: Ծանոթանանք Սենեգալի հավաքականին ավելի մանրամասն:

Անցած ճանապարհ

Սկսենք անցած ճանապարհից: Սենեգալը ԱԱ-2022-ի որակավորման փուլում ընդգրկված էր H խմբում՝ Տոգոյի, Նամիբիայի և Կոնգոյի հավաքականների հետ: Սենեգալցիներն առանց որևէ դժվարության կարողացան հաղթահարել խմբային փուլը՝ դառնալով մրցաշարի ամենաարդյունավետ թիմերից մեկը: 6 խաղում 5 հաղթանակ ու 1 ոչ-ոքի, խփած 15 գոլ:

Հաջորդ փուլում՝ անցումային խաղերում, Սենեգալի մրցակիցը Եգիպտոսի հավաքականն էր, այլ կերպ ասած՝ բախում այդ ժամանակ «Լիվերպուլի» առաջատարների՝ Սադիո Մանեի ու Մոհամեդ Սալահի միջև: Եգիպտոսում կայացած խաղում նվազագույն հաշվով հաղթեցին Սալահն ու ընկերները, պատասխան մրցավեճում գրանցվեց նույն հաշիվը՝ Սենեգալի օգտին: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին սենեգալցի ֆուտբոլիստները, իսկ վճռորոշ հարվածը կատարեց Մանեն, և Սենեգալը նվաճեց Կատարի ուղեգիրը: 

Senegal Defeats Egypt to Clinch AFCON 2021 Title | Al Bawaba

Ամիսներ անց այս թիմերի ճանապարհները կրկին խաչվեցին, այս անգամ՝ Աֆրիկայի Ազգերի գավաթի եզրափակիչում: Նույն սցենարն ու նույն արդյունքը. ոչ-ոքի, հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար և հաղթում է Սենեգալը:

Սենեգալը 3-րդ անգամ է մասնակցում աշխարհի առաջնության: Թիմը մասնակցել է Հարավային Կորեայում ու Ճապոնիայում կայացած ԱԱ-2002-ին, ինչպես նաև 2018-ին խաղացել է Ռուսաստանում:

Խաղաոճ-տակտիկա

Հայացք նետելով Սենեգալի հավանականի մեկնարկային կազմին՝ արդեն հասկանում ենք, թե որքան տհաճ մրցակից կարող է լինել այս թիմը ցանկացած հավաքականի համար: Մեկնարկային կազմում այս թիմն ունի ֆուտբոլիստներ, որոնք խաղում են եվրոպական թոփ առաջնությունների առաջատար ակումբներում: Դարպասապահը Էդուարդ Մենդին է, պաշտպանության առաջատարը՝ Կալիդու Կուլիբալին: Այս երկուսը խաղում են «Չելսիի» կազմում: Աջ պաշտպանը Յուսուֆ Սաբալին է՝ «Բետիսից», մյուս պաշտպանն Աբդու Դիալոն է՝ «Լայպցիգից»: Կենտրոնում թիմն ունի ՊՍԺ-ի նախկին հենակետային Իդրիսա Գանա Գեյեին, հարձակման գծում էլ Սադիո Մանեն է:

Հարձակվելիս «Տերանգայի առյուծները» հիմնականում օգտագործում են արագ եզրերը: Սենեգալի խաղային առանձնահատկությունը գրոհների ժամանակ խորքից երկար փոխանցումներն են, եզրերից կատարված բարձրից փոխանցումներն ու ստանդարտի խաղարկություններից գոլեր խփելը: Թիմի կազմը շատ հարմար է այդ տեսանկյունից, քանի որ կենտրոնական հարձակվողները՝ Բուլայե Դիան, Հաբիբ Դիալոն ու Բամբա Դինգը, բարձրահասակ են և շատ լավ են խաղում գլխով: Եզրերից Մանեն ու Սարը փորձում են արագության ու տեխնիկայի շնորհիվ մեկը մեկի դիմաց շրջանցել մրցակցին, իսկ եզրային պաշտպանները՝ Իսմաիլ Ջեկոբսն ու Յուսուֆ Սաբալին հարձակմանը միտված են, շատ հաճախ նրանք միանում են թիմի գրոհներին, ու չնայած՝ Սենեգալի հիմնական սխեման 4-3-3-ն է, գրոհների ժամանակ այն հաճախ վերածվում է 3-4-3-ի: 

FIFA World Cup 2022 Tactical Preview: Senegal

Պաշտպանության ժամանակ Սենեգալն ագրեսիվ ու բարձր պրեսինգ չի կիրառում: Սենեգալցիները նախընտրում են զիջել գնդակն ու տարածությունը մրցակցին, բայց ունենալ ավելի կոմպակտ կենտրոն և մրցակցին զրկել մտածելու և գործելու ժամանակից ամենավտանգավոր տարածություններում: Փակելով պաշտպանության գրեթե բոլոր գոտիները՝ Սենեգալը ստիպում է մրցակցին կատարել ռիսկային փոխանցումներ, որոնցից հետո նրանց՝ գնդակը կորցնելու հավանականությունը մեծ կլինի: Առանց գնդակի թիմը երբեմն խաղում է 4-4-2 սխեմայով: 

FIFA World Cup 2022 Tactical Preview: Senegal

Մարզիչը

Ալիու Սիսեին շատերդ կհիշեք 2002-ի աշխարհի առաջնությունից, երբ նա խաղում էր իր երկրի հավաքականի կազմում և թիմի ավագն էր։ 2009-ին նա ավարտեց ֆուտբոլիստի կարիերան ու սկսեց մարզչական աշխատանքը: 2013-ից 2015-ին մարզիչը գլխավորեց Սենեգալի Մ23 հավաքականը, իսկ 2015-ից արդեն աշխատանքի անցավ ազգային թիմում:

Սիսեին հաջողվեց նվաճել ԱԱ-2018-ի ուղեգիր, բայց խմբային փուլում Սենեգալը ձախողվեց՝ չանցնելով հաջորդ փուլ: Բայց նրան ժամանակ տվեցին և չսխալվեցին: Սիսեն դարձավ Սենեգալի հավաքականի հետ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած առաջին աֆրիկացի մարզիչը, ինչպես նաև առաջնորդեց թիմին դեպի հաղթանակ՝ Աֆրիկայի Ազգերի գավաթում: 

Egypt are the best Arab team, says Senegal coach Aliou Cisse

Գլխավոր աստղը

Սենեգալի հավաքականի գլխավոր աստղը, միանշանակ, Սադիո Մանեն է: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է, ու 2022-ին «Ոսկե գնդակի» ցանկում երկրորդն էր: Մանեն «Լիվերպուլի» կազմում նվաճեց բոլոր հնարավոր թիմային մրցանակները, թիմին օգնեց 30 տարվա դադարից հետո դառնալ Անգլիայի չեմպիոն, 2019-ին էլ նվաճեց Չեմպիոնների լիգայի տիտղոսը: Այս մրցաշրջանի մեկնարկից առաջ հարձակվողը տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա», ու «Լիվերպուլում» նրա բացակայությունը շատ է զգացվում. «Մերսիսայդցիները» Պրեմիեր լիգայում 9-րդն են: Մանեն նաև 2 անգամ ճանաչվել է Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Աստղային սենեգալցին աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստներից է և հրաշալի եզրային հարձակվող, բայց «Բավարիայում» երբեմն խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում՝ այդպիսով փոխարինելով Ռոբերտ Լևանդովսկիին: Այնպես որ, հավաքականում էլ Մանեն անհրաժեշտության դեպքում կարող է գործել հարձակման կենտրոնում:

Sadio Mane: Senegal star out to press Ballon d'Or case - Vanguard News

Իհարկե՝ պետք է նշել նաև Կալիդու Կուլիբալիին, որը պակաս կարևոր ֆուտբոլիստ չէ հավաքականի համար: Նա թիմի ավագն է, շատ լավ է ընտրում դիրքը, թիմային ու անհատական պաշտպանությունում երբեմն անգերազանցելի է, օգնում է թիմին նաև գրոհելիս՝ երկար փոխանցումներով:

Սպասելիքները

Սենեգալի՝ խմբային փուլը հաղթահարելու հավանականությունը շատ բարձր է: Նիդեռլանդների հավաքականը խմբի, ու առհասարակ՝ մրցաշարի ֆավորիտներից է, Կատարը՝ մրցաշարն ընդունող երկրի հավաքականը, համեմատաբար զիջում է մյուս մասնակիցներին ու մասնակցում է մրցաշարին՝ առանց որակավորման փուլի, քանի որ մրցաշարն ընդունող երկիրն է: Սենեգալի հիմնական մրցակիցը խմբից դուրս գալու հարցում Էկվադորի հավաքականն է, որը, չնայած թույլ չէ, բայց կազմով ու խաղով զիջում է աֆրիկյան հավաքականին:

Փլեյ-օֆֆ փուլում կանխատեսումներ անելը դժվար է: Եթե ամեն ինչ ընթանա կանխատեսելի սցենարով, ապա Սենեգալը՝ որպես A խմբում երկրորդ տեղը զբաղեցրած թիմ, կխաղա B խմբի հաղթողի դեմ, իսկ B խմբի ֆավորիտն Անգլիայի հավաքականն է:

Որպես եզրակացություն՝ կարող ենք փաստել, որ Սենեգալի հավաքականն այնպիսի թիմ է, որը կարող է անակնկալ մատուցել ցանկացած հավաքականի՝ լինելով կոմպակտ, յուրաքանչյուր դիրքում բարձրակարգ ֆուտբոլիստ ունեցող թիմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա