Logo

ԱԱ-2022. Նիդերլանդները հաղթեց ԱՄՆ-ին՝ նվաճելով քառորդ եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)

20:53 / 03.12.2022ՍՊՈՐՏ
null

Նիդերլանդների հավաքականը դարձավ Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցը:

1/8 եզրափակիչում Լուի վան Գալի գլխավորած թիմը մրցեց ԱՄՆ-ի հավաքականի հետ ու վստահ հաղթանակ տարավ 3-1 հաշվով:

Նիդերլանդների հավաքականի կազմում հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում եվրոպական թիմի առավելությունը կրկնապատկեց Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Դեյլի Բլինդը: Երկու դեպքում էլ գոլային փոխանցում կատարեց Միլանի «Ինտերի» պաշտպան Դենզել Դումֆրիսը՝ դառնալով առաջին նիդերլանդցի ֆուտբոլիստը, որը երկու ասիստ է գրանցում աշխարհի առաջնության հանդիպման առաջին խաղակեսում:

Խաղի 76-րդ րոպեին թուրքական «Անթալյասպորի» հարձակվող Հաջի Ռայթի գոլի շնորհիվ ամերիկացիները կրճատեցին հաշվի տարբերությունը, սակայն հանդիպման վերջնամասում ևս մեկ գոլ բաց թողեցին: Աչքի ընկավ Դենզել Դումֆրիսը:

28-ամյա Դեպայը Նիդերլանդների հավաքականի կազմում անցկացրած 85 խաղերում խփեց 43-րդ գոլը՝ դառնալով ազգային թիմի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն: Առաջին տեղում Ռոբին վան Պերսին է՝ 102 խաղում խփած 50 գոլով:

Հիշեցնենք, որ Նիդերլանդների հավաքականը առաջին տեղով դուրս էր եկել A խմբից՝ շրջանցելով Սենեգալի, Էկվադորի ու Կատարի թիմերին: ԱՄՆ-ի հավաքականը B խմբում զբաղեցրել էր երկրորդ տեղը՝ զիջելով Անգլիային և շրջանցելով Իրանին և Ուելսին:

Նիդերլանդների հավաքականը քառորդ եզրափակիչում կմրցի Արգենտինա - Ավստրալիա զույգի հաղթողի հետ: Այդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 3-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

ԱԱ-2022, 1/8 եզրափակիչ

Նիդերլանդներ - ԱՄՆ՝ 3-1 (տեսանյութ)

Մեմֆիս Դեպայ, 10, Դեյլի Բլինդ, 45+1, Դենզել Դումֆրիս, 81 - Հաջի Ռայթ, 76

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա