Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երրորդ մրցումային օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ)։
2023թ. Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը մեկնարկեց 1/16 եզրափակիչից՝ 9-0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Բելառուսը ներկայացնող ռուսաստանցի Նյուրգուն Սկրյաբինի նկատմամբ։ 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը մրցեց Տաջիկստանի ներկայացուցիչ Աբդուլմաջիդ Կուդիևի հետ և հաղթեց 8-6 հաշվով։ Թևանյանը կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ադրբեջանցի Հաջի Ալիևի հետ գոտեմարտում։
Սերգեյ Սարգսյանը որակավորման փուլում 8-6 հաշվով հաղթեց շվեյցարացի Սամուել Շերերին, սակայն 1/16 եզրափակիչում 4-5 հաշվով պարտվեց հնդիկ Սահիլ Սահիլին։
Սեպտեմբերի 18-ին մրցագորգ էր դուրս եկել նաև Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (57 կգ), որը սփոփիչ գոտեմարտում ժամկետից շուտ հաղթել էր չինացի Վանհաո Զուին՝ 10-0։ Երեկոյան մրցահերթում հայ ըմբիշը բրոնզե մեդալը կվիճարկի Ղազախստանի ներկայացուցիչ Մեիրամբեկ Կարբաուի հետ և հաղթանակի դեպքում կնվաճի օլիմպիական ուղեգիր։ Այդ դիմակայության պարտվողը կանցկացնի ևս մեկ գոտեմարտ, որում կմրցի բրոնզե մեդալի համար մյուս գոտեմարտում պարտված ըմբիշի հետ։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվողները կվիճարկեն օլիմպիական ուղեգիրը։
Հիշեցնենք, որ Արսեն Հարությունյանին քառորդ եզրափակիչում հաղթած ճապոնացի Ռեյ Հիգուչին նվաճել էր եզրափակիչի ուղեգիր։ Սեպտեմբերի 17-ին Արսենը պայքարը սկսել էր որակավորման փուլից և, հաղթելով ուկրաինացի Կամիլ Կերիմովին (14-3), իտալացի Սիմոնե Պիրոդուին (14-2) ու մակեդոնացի Վլադիմիր Եգորովին (11-0), դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, որտեղ լարված պայքարում 14-16 հաշվով պարտվել էր աշխարհի գործող չեմպիոն, 2016թ․ օլիմպիական փոխչեմպիոն Ռեյ Հիգուչիին։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն առայժմ մեկ մեդալ է նվաճել ԱԱ-ում։ Սեպտեմբերի 17-ին բրոնզե մեդալակիր էր դարձել Արման Անդրեասյանը (70 կգ)։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նորիկ Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) պարտվել էին ու ավարտել ելույթները։
Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր: Ուղեգիր կնվաճեն 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:
Փարիզյան հեռանկարներ․ Ազատ ոճի ըմբշամարտ․ Առնվազն երկու ուղեգրի հույսով