Logo

Ադամյանը «զարդարեց» հանրահայտ ֆուտբոլիստի հրաժեշտի խաղը, «կրակեց» հավաքականի ևս 3 խաղացող (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 24.05.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
gettyimages 1233043209 2048x2048 1 - Ադամյանը «զարդարեց» հանրահայտ ֆուտբոլիստի հրաժեշտի խաղը, «կրակեց» հավաքականի ևս 3 խաղացող (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող անդամների և թեկնածուների ակումբները վերջին օրերի ընթացքում պաշտոնական հանդիպումներ են անցկացրել: Արտասահմանում աշխատող հայազգի մարզիչների թիմերը նույնպես մրցավեճերի են մասնակցել: VNews.am-ն անդրադառնում է գրանցված արդյունքներին և մյուս մանրամասներին:

Իտալիայի Ա սերիա, 38-րդ տուր․ «Սպեցիա» 2-2 «Ռոմա»Հենրիխ Մխիթարյանն առաջնության 4-րդ անընդմեջ հանդիպմանը դարձել է գոլի հեղինակ՝ այս անգամ 85-րդ րոպեին հավասարեցնելով մրցավեճի հաշիվը: Նա ամբողջական խաղ է անցկացրել: 32-ամյա կիսապաշտպանն ավարտված առաջնությունում մասնակցել է 34 հանդիպման (30-ը՝ մեկնարկային կազմում), իր ակտիվում գրանցել 13 գոլ և 10 արդյունավետ փոխանցում: «Ռոման» 20 թիմի պայքարում 7-8-րդ տեղերն է բաժանել «Սասուոլոյի» հետ, լրացուցիչ ցուցանիշներով առավելություն ունենալու շնորհիվ զբաղեցրել 7-րդ հորիզոնականն ու կմասնակցի Կոնֆերենցիաների լիգայի գավաթի անդրանիկ խաղարկության խմբային փուլին:

Գերմանիայի Բունդեսլիգա, 34-րդ տուր․ «Հոֆենհայմ» 2-1 «Հերտա»․ Սարգիս Ադամյանը, որն «Արմինիայի» դեմ նախորդ տուրի մրցավեճում (1-1) դարձել էր գոլային փոխանցման հեղինակ, հաշվետու խաղի 49-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվն ու սկիզբ դնելով իր թիմի կամային հաղթանակին: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Սա «Հերտայի» ֆուտբոլիստ, Մադրիդի «Ռեալի», «Յուվենտուսի» ու Գերմանիայի հավաքականի նախկին խաղացող, 2014 թվականի աշխարհի չեմպիոն Սամի Խեդիրայի կարիերայի վերջին մրցավեճն էր: Հայ ֆուտբոլիստն ակումբային ֆուտբոլում վերջին անգամ գոլ էր խփել 2020 թվականի նոյեմբերի 8-ին՝ Բունդեսլիգայի շրջանակում խոցելով «Վոլֆսբուրգի» դարպասը: 28-ամյա հարձակվողն ավարտված առաջնությունում մասնակցել է 18 խաղի (3-ը՝ մեկնարկային կազմում)՝ խփելով 2 գոլ, կատարելով 3 արդյունավետ փոխանցում: «Հոֆենհայմը» 18 թիմի պայքարում գրավել է 11-րդ հորիզոնականը:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր․ «Աստանա» 1-1 «Կայրաթ»․ դաշտի տերերից 87-րդ րոպեին հաշիվը բացել է Տիգրան Բարսեղյանը: Նա եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել հիմնական ժամանակի վերջին րոպեին: Բարսեղյանի թիմակից Վարազդատ Հարոյանը մասնակցել է ամբողջ խաղին, 30-րդ րոպեին՝ զգուշացվել դեղին քարտով: «Կայրաթից» Կամո Հովհաննիսյանը ևս ամբողջական մրցավեճ է անցկացրել: 27-ամյա Բարսեղյանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 12 հանդիպման (բոլորն էլ՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 3 գոլի ու 4 արդյունավետ փոխանցման հեղինակ, իսկ 28-ամյա Հարոյանն ասպարեզ է դուրս եկել 10 անգամ (բոլոր դեպքերում՝ հիմնական կազմում), գրանցել 1-ական գոլ և արդյունավետ փոխանցում: 28-ամյա Հովհաննիսյանն անցկացրել է 12 խաղ (բոլորը՝ մեկնարկային կազմում)՝ խփելով 2 գոլ ու կատարելով 1 արդյունավետ փոխանցում: «Աստանան» 14 թիմի պայքարում միանձնյա գլխավորում է աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Տոբոլին», որի համեմատ 1 մրցավեճ ավելի է անցկացրել, առաջ անցնելով 8 միավորով: «Կայրաթը» 3-4-րդ տեղերն է կիսում իրենից 1 խաղ պակաս անցկացրած «Ակժայիկի» հետ:

Լատվիայի Բարձրագույն խումբ, 7-րդ տուրից հետաձգված հանդիպում․ «Նոա Յուրմալա» 0-7 «Ռիգա»Էդգար Բաբայանը 61-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 5-0: Նա առաջնությունում ապրիլի 10-ից ի վեր առաջին անգամ եղել է մեկնարկային կազմում, մասնակցել ամբողջ մրցավեճին: Հայ ֆուտբոլիստն առաջնությունում վերջին անգամ գոլ էր խփել մարտի 13-ին՝ արտագնա խաղում գրավելով «Վենտսպիլսի» դարպասը (3-0): 25-ամյա ֆուտբոլիստը, որը վարձավճարով է դանիական «Հոբրոյից» տեղափոխվել «Ռիգա», ընթացիկ առաջնությունում մասնակցել է 9 հանդիպման (2-ը՝ մեկնարկային կազմում), դարձել 2 գոլի հեղինակ: «Ռիգան» 8 թիմի պայքարում եզրափակում է լավագույն եռյակը՝ առաջատարներ ՌՖՇ-ից ու «Վալմիերայից» հետ մնալով 1-ական միավորով: «Վալմիերան» մյուս 2 թիմերի համեմատ 1 մրցավեճ ավելի է անցկացրել:

Հունաստանի Սուպերլիգա, հետնապահների խումբ (առաջնության 2-րդ փուլ), 6-րդ տուր․ «ՊԱՍ Ջիանինա» 0-2 «Ապոլոն»Անդրե Չալըշըրը, որն առաջնության 5 անընդմեջ մրցավեճում մնացել էր պահեստայինների նստարանին և ամբողջությամբ մասնակցել «Լամիայի» դեմ նախորդ տուրի խաղին (0-1), այս անգամ բացակայել է թիմի հայտացուցակից: 30-ամյա պաշտպանն ավարտված առաջնությունում անցկացրել է 8 խաղ (5-ը՝ հիմնական կազմում) և դարձել 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: «Ապոլոնը» 8 թիմի պայքարում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականն ու պահպանել տեղն ուժեղագույնների խմբում: «Լամիան», որտեղ վարձավճարով կես տարի է անցկացրել Գևորգ Ղազարյանը, 3-4-րդ հորիզոնականներն է բաժանել «ՊԱՍ Ջիանինայի» հետ, ի վերջո գրավել 4-րդ տեղը և նույնպես մնացել ուժեղագույնների մրցաշարում:

«Ժիլինան» շաբաթվա ընթացքում 2 խաղի է մասնակցել: Սլովակիայի գավաթ, եզրափակիչ․ «Ժիլինա» 1-2 «Սլովան Բրատիսլավա» (լր․ ժ․, հ․ ժ․՝ 1-1)․ Վահան Բիչախչյանը փոխարինման է մտել լրացուցիչ ժամանակում՝ 105-րդ րոպեին: «Սլովանը», որը Սլովակիայի նորընծա չեմպիոնն է, նվաճել է նաև երկրի գավաթը: Սլովակիայի Բարձրագույն խումբ, չեմպիոնական խումբ (առաջնության 2-րդ փուլ), 10-րդ տուր․ «Ժիլինա» 5-1 «Զլատե Մորավցե»․ Բիչախչյանը բացակայել է իր թիմի հայտացուցակից: 21-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում ասպարեզ է մտել 32 անգամ (27-ը՝ առաջնությունում, 5-ը՝ գավաթում), որից 18-ը՝ մեկնարկային կազմում (14-ը՝ առաջնությունում, 4-ը՝ գավաթում), խփել 10 գոլ (9-ը՝ առաջնությունում, 1-ը՝ գավաթում), կատարել 5 արդյունավետ փոխանցում (բոլորը՝ առաջնությունում): «Ժիլինան» 6 թիմի պայքարում հանգրվանել է 4-րդ հորիզոնականում՝ չնվաճելով եվրագավաթային ուղեգիր:

Tt69eRn4KAI 960x640 - Ադամյանը «զարդարեց» հանրահայտ ֆուտբոլիստի հրաժեշտի խաղը, «կրակեց» հավաքականի ևս 3 խաղացող (տեսանյութ)

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր․ «Կասպիյ» 3-0 «Շախտյոր Կարագանդա»Սոլոմոն Իմե Ուդոն մասնակցել է ամբողջ խաղին, 47-րդ րոպեին դեղին քարտ ստացել, իսկ նրա թիմակից Գևորգ Նաջարյանը՝ բացակայել է թիմի հայտացուցակից: 25-ամյա Ուդոն ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 12 անգամ (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում)՝ գրանցելով 1 գոլային փոխանցում, իսկ 23-ամյա Նաջարյանն անցկացրել է 10 մրցավեճ (5-ը՝ հիմնական կազմում): «Շախտյորը» (թիմից 3 միավոր է հանվել) 14 թիմի պայքարում գտնվում է 12-րդ հորիզոնականում:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր․ «Տարազ» 2-3 «Ժետիսու»․ դաշտի տերերի գլխավոր մարզիչը Վարդան Մինասյանն է: «Տարազը», որն անպարտելի էր առաջնության մեկնարկային 6 հանդիպումներում (4 հաղթանակ, 2 ոչ-ոքի), վերջին 6 մրցավեճում 1 հաղթանակ է տոնել, կրել 5 պարտություն, որից 4-ը գրանցվել է վերջին 4 տուրերում: «Տարազը» 14 թիմի պայքարում 5-6-րդ տեղերն է կիսում իրենից 1 խաղ պակաս անցկացրած «Կիզիլժարի» հետ:

2wMRETlGtNA 960x640 - Ադամյանը «զարդարեց» հանրահայտ ֆուտբոլիստի հրաժեշտի խաղը, «կրակեց» հավաքականի ևս 3 խաղացող (տեսանյութ)

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր․ «Ատիրաու» 0-0 «Օրդաբասի»․ Արամ Հայրապետյանը և Արտակ Դաշյանն ամբողջական հանդիպում են անցկացրել: «Ատիրաուի» գլխավոր մարզիչն Արամ Ոսկանյանն է: Այդ թիմն առաջնությունում վերջին 8 խաղերում ընդամենը 1 պարտություն է կրել՝ տոնելով 4 հաղթանակ, գրանցելով 3 ոչ-ոքի: «Ատիրաուն» 14 թիմի պայքարում 9-10-րդ հորիզոնականներն է բաժանում իրենից 1 մրցավեճ ավելի անցկացրած «Արիսի» հետ:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր․ «Ժետիսու» 2-0 «Կայսար»Գեղամ Ղադիմյանը, որը չէր մասնակցել թիմի՝ առաջնությունում վերջին 2 հանդիպումներին, այս անգամ փոխարինման է մտել 60-րդ րոպեին: 28-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում 10 մրցավեճ է անցկացրել (2-ը՝ հիմնական կազմում)՝ կատարելով 1 գոլային փոխանցում: «Կայսարը» 14 թիմի պայքարում 13-14-րդ տեղերն է կիսում «Ժետիսուի» հետ, որից նախապես 3 միավոր է հանվել:

2eLGIWP1T88 960x640 - Ադամյանը «զարդարեց» հանրահայտ ֆուտբոլիստի հրաժեշտի խաղը, «կրակեց» հավաքականի ևս 3 խաղացող (տեսանյութ)

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր․ «Ակտոբե» 0-2 «Արիս»․ Արմեն Մանուչարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 26-ամյա պաշտպանը խաղադաշտ է դուրս եկել ընթացիկ առաջնության 11 հանդիպումներում (բոլորում էլ՝ հիմնական կազմում): «Ակտոբեն» 14 թիմի պայքարում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:

Ռուսաստանի Պրոֆեսիոնալ լիգա (հեղինակությամբ 3-րդ առաջնություն), 26-րդ տուր․ «Օլիմպ-Դոլգոպրուդնի» 1-1 «Լուկի-Էներգիա»․ Արթուր Սարկիսովը, որն առաջնության նախորդ 2 հանդիպումներում դարձել էր գոլի հեղինակ, 76-րդ րոպեին իր ակտիվում գոլային փոխանցում է գրանցել՝ օգնելով թիմին հավասարեցնել հաշիվը: Նա եղել է հիմնական կազմում և փոխարինվել 86-րդ րոպեին: 34-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է մտել 11 անգամ (8-ում՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 4 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: «Օլիմպ-Դոլգոպրուդնին» 16 թիմի պայքարում միանձնյա գլխավորում է աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Դինամո Մոսկվա-2»-ին առաջնության ավարտից 4 տուր առաջ գերազանցելով 10 միավորով: 1-ին հորիզոնական գրաված թիմը կբարձրանա Ազգային լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն):

Գերմանիայի 4-րդ Բունդեսլիգա, Հարավարևմտյան գոտի, 38-րդ տուր․ «Կիկերս Օֆենբախ» 4-2 «Ռոտ-Վայս Կոբլենց»Գերման Կուրբաշյանը փոխարինման է մտել 83-րդ րոպեին: 20-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 7 հանդիպման (1-ը՝ մեկնարկային կազմում): «Ռոտ-Վայս Կոբլենցը» 22 թիմի պայքարում եզրափակում է լավագույն տասնյակը:

Հունգարիայի 3-րդ դիվիզիոն, Արևելյան գոտի, 37-րդ տուր․ «Տալյա» 1-1 «Կիշվարդա-2»Աբով Ավետիսյանը 40-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ բացելով հանդիպման հաշիվը: Նա եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 78-րդ րոպեին: 19-ամյա հենակետային կիսապաշտպանը, որը խաղում է նաև պաշտպանության կենտրոնում, ընթացիկ առաջնությունում մասնակցել է 24 մրցավեճի (22-ը՝ մեկնարկային կազմում), խփել 1 գոլ: «Կիշվարդա-2»-ը 20 թիմի պայքարում գտնվում է 5-րդ հորիզոնականում ու առաջնության ավարտից 1 տուր առաջ չունի ավելի բարձր դիվիզիոն դուրս գալու հնարավորություն:

Շվեյցարիայի «Չելենջ» լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 36-րդ տուր․ «Գրասհոպեր» 2-1 «Քրինս»Օհան Ջորկաեֆն առաջնության 4-րդ անընդմեջ մրցավեճում բացակայել է իր թիմի հայտացուցակից: 23-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում 21 խաղի է մասնակցել (8-ը՝ հիմնական կազմում): «Քրինսը» 10 թիմի պայքարում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականն ու հաջորդ մրցաշրջանում ևս կխաղա «Չելենջ» լիգայում:

Ուկրաինայի Առաջին խումբ (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 27-րդ տուր․ «Չեռնոմորեց» 4-0 «Քրիստալ»․ Արթուր Ավագիմյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 24-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 24 խաղ (22-ը՝ մեկնարկային կազմում)՝ իր անվան դիմաց գրանցելով 5 գոլ և 3 արդյունավետ փոխանցում: «Չեռնոմորեցը» 16 թիմի պայքարում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Վերեսից», որի համեմատ 1 հանդիպում ավելի է անցկացրել, հետ մնալով 4 միավորով: Պրեմիեր լիգա են դուրս գալու առաջին 3 տեղեր գրաված թիմերը:

Ad4 yHVy3VY 960x640 - Ադամյանը «զարդարեց» հանրահայտ ֆուտբոլիստի հրաժեշտի խաղը, «կրակեց» հավաքականի ևս 3 խաղացող (տեսանյութ)

Շվեյցարիայի Փրոմոուշեն Լիգա (հեղինակությամբ 3-րդ առաջնություն), հետնապահների խումբ (առաջնության 2-րդ փուլ), 4-րդ տուր․ «Ցյուրիխ-2» 2-2 «Յանգ Ֆելոուզ Յուվենտուս»․ Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը 8 թիմի պայքարում 4-5-րդ հորիզոնականներն է կիսում «Բելինցոնայի» հետ: Առաջնությունից դուրս են մնալու 7-8-րդ տեղեր գրաված թիմերը: Մրցաշարի ավարտին 3 տուր է մնացել: «Ցյուրիխ-2»-ը 7-րդ հորիզոնականը զբաղեցնող «Կենիցին» գերազանցում է 7 միավորով:

Ֆրանսիայի առաջնություն, 38-րդ տուր․ «Նանտ» 1-2 «Մոնպելյե»Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը 20 թիմի պայքարում հանգրվանել է 8-րդ տեղում: Հայազգի մասնագետը, որը որպես պաշտպան ժամանակին 233 խաղ է անցկացրել «Մոնպելյեում», դարձել 15 գոլի հեղինակ, 2017 թվականին է գլխավորել հարազատ թիմը: Նա ավելի վաղ հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա