Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում լրացուցիչ ժամանակում 3-2 հաշվով հաղթելով «Կայրաթին», «Ալաշկերտն» իր պատմության մեջ առաջին անգամ եվրագավաթների փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց: Այդ փուլում Հայաստանի չեմպիոնը կմրցի շոտլանդական «Ռեյնջերսի» հետ: Անկախ այդ դիմակայության ելքից, «Ալաշկերտը» հայկական թիմերի մեջ աննախադեպ նվաճման հասավ՝ ապահովելով իր տեղը եվրագավաթների մրցաշարերից մեկի խմբային փուլում, ինչը մինչ օրս չէր հաջողվել մեր ակումբներից ոչ մեկին:
«Ռեյնջերսի» նկատմամբ հաղթանակի դեպքում «Ալաշկերտը» հանդես կգա Եվրոպա լիգայի խմբային մրցաշարում, իսկ անհաջողության դեպքում՝ կընդգրկվի Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում: Այնպես որ, «Կայրաթի» նկատմամբ հաղթանակն իրոք պատմական էր ոչ միայն «Ալաշկերտի», այլ ամբողջությամբ հայկական ֆուտբոլի համար:
Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:
1․ «Կայրաթի» հետ Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան հանդիպումը եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում 14-րդն էր հայկական թիմերի համար, որում մեր ֆուտբոլիստները 4-րդ հաղթանակը տոնեցին: Մնացած խաղերից 4-ում գրանցվել է ոչ-ոքի, 6-ում՝ հայկական թիմերը պարտվել են: Մեր ակումբները խփել են 16 գոլ, մրցակիցներին 23 անգամ է հաջողվել գրավել դարպասը:
Ընդհանուր առմամբ, եվրագավաթներում հայկական ակումբներն անցկացրած 273 հանդիպումներում 58-րդ հաղթանակը տոնեցին: 46 խաղ ավարտվել է ոչ-ոքի, 169-ում՝ մեր ֆուտբոլիստները պարտվել են, խփել են 213 գոլ, բաց են թողել 512 գնդակ:
2․ «Ալաշկերտին» 2-րդ փորձից հաջողվեց հաղթահարել Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի արգելքը: 2018/19թթ. խաղարկությունում «Ալաշկերտն» այդ փուլում 2 խաղերում էլ պարտվել էր ռումինական «Կլուժին» (0-2, 0-5): Այնպես որ, ալաշկերտցիներին միայն 4-րդ խաղում հաջողվեց Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում գրավել մրցակցի դարպասը:
«Ալաշկերտը» դարձավ Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի արգելքը հաղթահարած և փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած հայկական երկրորդ ակումբը: Մինչ այդ նման հաջողության էր հասել «Արարատ-Արմենիան», այն էլ՝ 2 անգամ (2019/20թթ. «Սաբուրթալո» Վրաստան՝ 1-2, 2-0, 2020/21թթ. «Ցելյե» Սլովենիա՝ 1-0): Փաստորեն, 3-րդ մրցաշրջանն անընդմեջ հայկական թիմերից մեկը եվրագավաթների փլեյ-օֆֆի ուղեգիր է նվաճում:
Մեր ընտրանին.
3․ «Ալաշկերտը» Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում առաջին հաղթանակը տոնեց: Ընդհանուր առմամբ հայկական 3 թիմերը Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում 11 խաղ են անցկացրել, որոնցում ընդամենը 3 հաղթանակ են տոնել, 2 անգամ գրանցվել է ոչ-ոքի, 6-ում պարտվել են, խփել են 8 գնդակ, սեփական դարպասը բաց են թողել 21 գոլ:
4․ Եվրոպա լիգայի մրցաշարում «Ալաշկերտը» 15-րդ խաղն անցկացրեց՝ տոնելով 7-րդ հաղթանակը: 2 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 6 խաղում ալաշկերտցիները պարտվել են, խփել են 17 գնդակ, սեփական դարպասը բաց են թողել 22 գոլ:
Եվրագավաթների մրցաշարերում «Ալաշկերտը» փոքրիկ հոբելյան նշեց՝ տոնելով 10-րդ հաղթանակը: 7 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 12-ում՝ ալաշկերտցիները պարտվել են: «Ալաշկերտը» խփել է 29 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 42 գնդակ:
Եվրագավաթներում «Ալաշկերտի» մասնակցությամբ հանդիպումներում 2-րդ անգամ լրացուցիչ ժամանակ նշանակվեց: Այս անգամ էլ ալաշկերտցիները լրացուցիչ ժամանակում խփելով հաղթական գոլը՝ վճռեցին մրցակցության ելքը: Առաջին նման դեպքը տեղի էր ունեցել Ուելսի «Կոնաս Կի Նոմադսի» հետ կայացած եվրագավաթների ընթացիկ խաղարկության Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում, որում մրցակցության ելքը վճռել էր Վենսան Բեզեկուրի խփած միակ գոլը:
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո