Logo

«Ալաշկերտը» հաղթանակած է լքում Բելառուսը, Տիգրան Բարսեղյանը՝ գոլ խփում, իսկ գերմանացին՝ հայտնվում Կապանում. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 21.06.2017Հայկական ֆուտբոլ
19402191 776816552497152 5938014274160672091 o - «Ալաշկերտը» հաղթանակած է լքում Բելառուսը, Տիգրան Բարսեղյանը՝ գոլ խփում, իսկ գերմանացին՝ հայտնվում Կապանում. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հունիսի 21-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Հայտնի է եվրագավաթներում հայկական ակումբների ելույթների ժամանակացույցը: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Ալաշկերտ»«Սանտա Կոլոմա» (Անդորրա) մրցավեճը կկայանա հունիսի 27-ին, Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին:

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում հայկական ակումբները պայքարը կսկսեն հունիսի 29-ին: Այդ օրը «Շիրակը» «Գորիցայի» հետ (Սլովենիա) կհանդիպի Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում, ժամը 16:00-ին, «Փյունիկը» «Սլովանին» (Սլովակիա) կհյուրընկալի «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 19:00-ին, իսկ «Գանձասար-Կապանը» Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում ժամը 22:30-ին կմրցի տեղի «Մլադոստի» հետ:

«Ալաշկերտն» իր 2-րդ ընկերական խաղն է անցկացրել Մինսկում: Թիմը 2-0 հաշվով հաղթանակ է տոնել Ռուսաստանի 1-ին դիվիզիոնը ներկայացնող Յարոսլավլի «Շիննիկի» նկատմամբ: Աչքի են ընկել Արտակ Եդիգարյանը և Միհրան Մանասյանը: Ակումբն ավարտում է ուսումնամարզական հավաքը Բելառուսում:

«Վարդարն» ընկերական խաղ է անցկացրել «Ադմիրայի» հետ և հաղթանակ տոնել 2-0 հաշվով: Տիգրան Բարսեղյանը կրկնապատկել է իր թիմի առավելությունը: Նա և Հովհաննես Համբարձումյանը մասնակցել են հանդիպման երկրորդ խաղակեսին:

«Գանձասար-Կապանը» երկու նորեկ ունի: Թիմի կազմը համալրել է 25-ամյա կիսապաշտպան Քրիստոֆեր Մասամբա Մանդիանգուն, ով ծագումով կոնգոցի է, բայց ունի Գերմանիայի քաղաքացիություն, երկրի պատանեկան հավաքականներում 22 խաղ է անցկացրել, Մյունխենգլադբախի «Բորուսիայի» սան է, խաղացել է ակումբի 2-րդ թիմում, Շոտլանդիայում, Սլովակիայում և Ավստրիայում:

Կապանյան ակումբի մյուս նորեկը 23-ամյա եզրային պաշտպան Ալեքս Քրիստիանն է: Նրա վերջին ակումբը եղել է Պորտուգալիայի 3-րդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Կամաչան», իսկ մինչ այդ հանդես է եկել «Բոավիշտայի» կազմում: Քրիստիանը Հայիթիի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է, նրա կազմում անցկացրել է 14 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ:

«Շիրակի» նախկին կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը փորձաշրջան է անցնում ուկրաինական «Զիրկայում»: Ակումբում այժմ գնահատում են ֆուտբոլիստի հնարավորությունները, ինչից հետո որոշում կկայացնեն: Հովսեփյանն Ուկրաինայում ավելի վաղ խաղացել է Դոնեցկի «Մետալուրգում» (2014/15թթ.) և «Ստալում» (2015թ. օգոստոսից մինչև 2016թ.-ի փետրվար): «Զիրկան» ՈՒՊԼ-ի նախորդ առաջնությունում 12 թիմերի պայքարում եղել է 9-րդը:

Եկատերինբուրգի «Ուրալի» պատվիրակությունը ժամանել է Սլովենիա, որտեղ թիմը կանցկացնի ուսումնամարզական հավաք:

sQ5qHyO0bI4 - «Ալաշկերտը» հաղթանակած է լքում Բելառուսը, Տիգրան Բարսեղյանը՝ գոլ խփում, իսկ գերմանացին՝ հայտնվում Կապանում. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Մոսկվայի «Արարատի» կիսապաշտպան Արտակ Ալեքսանյան. «Մեծ պատիվ է խաղալ «Արարատի» կազմում: Պետք է փորձեմ գոլեր խփել, գոլային փոխանցումներ կատարել, որպեսզի օգնեմ թիմին: Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքական վերադառնալուն, ապա դա, կարծում եմ, ժամանակի հարց է: Եթե «Արարատը» դուրս գա 1-ին դիվիզիոն, ապա, տա Աստված, Պրեմիեր լիգա, ապա կվերադառնամ ընտրանի»:

Մոսկվայի «Արարատի» փոխնախագահ Անդրանիկ Քերոբյան. «Ակումբի հիմնադիրը Վալերի Հովհաննիսյանն է, ով ծանոթ է Արկադի Անդրեասյանի հետ: Շատ հավանական է, որ մոտ ժամանակներս կհայտարարենք Երևանի «Արարատի» հետ համագործակցելու մասին: Առայժմ միայն բանավոր պայմանավորվածություն կա, բայց ոչ՝ պաշտոնական: Հայաստանի հավաքականի համար կադրեր պատրաստելը մեր նպատակներից մեկն է»:

«Ենիսեյն» ընկերական խաղ է անցկացրել Մոսկվայի «Սպարտակի» 2-րդ թիմի հետ և հաղթանակ տոնել 2-1 հաշվով: Արթուր Մալոյանը մասնակցել է առաջին, իսկ Արթուր Սարկիսովը՝ երկրորդ խաղակեսին:

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայի ներկայացուցիչ «Յան Ռեգենսբուրգեն», որի կազմն է համալրել հայ հարձակվող Սարգիս Ադամյանը, երկրի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում ուժերը չափելու է «Դարմշտադտի» հետ:

Ուկրաինական «Զարյան» նույնպես սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Գեղամ Կադիմյանը մարզվում է իր թիմի հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա