Logo

Ալեն Դելոն և Ռոմի Շնայդեր․ սեր՝ ընդդեմ բանականության, սայթաքում՝ դավաճանությամբ

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:31 / 27.05.2022Կինո
Ռոմի Շնայդեր-Ալեն Դելոն

Ռոմի Շնայդերի և Ալեն Դելոնի պատմությունը դասական սիրավեպ է հիշեցնում։ Լավ աղջիկը սիրահարվեց խուլիգանի ու խստապահանջ ծնողներից փախավ նրա մոտ։ Սակայն «նրանք երջանիկ ապրեցին» արտահայտությունը չէր տեղավորվում այս հայտնիների հարաբերությունների մեջ։ Նրանք միասին ապրեցին ընդամենը 5 տարի, բայց դա չխանգարեց նրանց դառնալ 20-րդ դարի ամենավառ զույգը։

VNews Culture-ի այսօրվա պատմությունը նվիրված է Ռոմի Շնայդեր-Ալեն Դելոն զույգին։

Ատելություն առաջին հայացքից

История Алена Делона и Роми Шнайдер, чья любовь оказалась сильнее предрассудков, но споткнулась о предательство

 

19-ամյա Ռոմի Շնայդերը և 23-ամյա Ալեն Դելոնն առաջին անգամ հանդիպել են 1958 թվականին։ Նրանք միասին պետք է նկարահանվեին «Քրիստինա» ֆիլմում։ Հանդիպման ժամանակ աղջիկն արդեն աստղ էր Ավստրիայում՝ շնորհիվ կայսրուհի Սիսիի մասին ֆիլմերի շարքի։ Իսկ երիտասարդ Դելոնը նոր էր անում իր առաջին քայլերը կինոյում։

Ալենը կոստյում հագած դիմավորեց իր նոր գործընկերոջը Փարիզի օդանավակայանում։ Նրա ձեռքին կարմիր վարդերի հսկայական փունջ կար։ Երբ Ռոմին տեսավ իր ապագա զուգընկերոջը, որոշեց, որ նա գռեհիկ է։ Դերասանուհին հիշում էր. «Այն ժամանակ ես մտածեցի՝ ինչ անճաշակություն: Դե, իսկ տղան պարզապես ձանձրալի է»։

Դելոնն, իր հերթին, շուտով Ռոմիին խոստովանեց, որ քիչ էր մնում փսխեր՝ նրան տեսնելով։ «Փքված հիմար աղջիկ՝ առանց մի կաթիլ հմայքի։ Պետք էր հաջողացնել նման զուգընկեր ձեռք բերել 6 շաբաթ նկարահանումների համար»,- այդպես է նա նկարագրել իր առաջին տպավորությունը Ռոմիից։

Նույն օրը երեկոյան ԶԼՄ-ների համար միջոցառման ժամանակ Դելոնը Շնայդերի հետ պարելիս անվերջ կրկնում էր գերմաներեն «ես սիրում եմ քեզ» արտահայտությունը, որը սովորել էր նախորդ օրը։ Սակայն այն ժամանակ նա ոչ մի իմաստ չէր դնում այդ խոսքերի մեջ։ Դելոնին ուղղակի զվարճալի էր թվում նման պահվածքը:

Ինչպես «Քրիստինան» փոխեց ամեն ինչ

Ռոմի Շնայդեր-Ալեն Դելոն 1

Սկզբում Ռոմին և Ալենը տանել չէին կարողանում միմյանց։ «Մենք անընդմեջ կռվում էինք»,- գրել է Ռոմին իր օրագրում: 

Որոշ գործընկերներ փորձում էին հաշտեցնել թշնամաբար տրամադրված դերասաններին, սակայն ապարդյուն։ Շնայդերն ու Դելոնը շարունակում էին վիճաբանել։ Բայց մի օր նրանք նույն կուպեով ճանապարհորդում էին դեպի Բրյուսել և ճանապարհին հանկարծակի հաշտվեցին: Դերասանները երկար ժամանակից ի վեր առաջին անգամ խոսում էին առանց բղավելու և նույնիսկ ֆլիրտ էին անում։ Դստերը դիմավորելով՝ Շնայդեր ավագն ասաց. «Ռոմի, դու, կարծես, սիրահարվել ես»։

Շուտով Ռոմիի մայրը նույնիսկ բռնեցրեց դստերը Դելոնի հետ համբուրվելիս։ Նա, ըստ ականատեսների, տիեզերական մասշտաբի սկանդալ սարքեց, բայց Ռոմիի վրա ինչ-որ կերպ ազդել այլևս չէր կարող:

Երբ ֆիլմի նկարահանումներն ավարտվեցին, Ռոմին Ալենին ուղեկցեց օդանավակայան։ Հենց երիտասարդը բարձրացավ ինքնաթիռ, աղջիկը սկսեց լաց լինել։ Վերադառնալով հյուրանոց՝ նա գտավ Դելոնի նամակը։ Պարզվեց, որ Դելոնն էլ անտարբեր չէ նրա նկատմամբ։ Հենց հաջորդ օրը Շնայդերը որոշեց գնալ ոչ թե տուն՝ Քյոլն, այլ Փարիզ՝ սիրելիի մոտ։

Սեր՝ ի հեճուկս բանականության

Ռոմի Շնայդեր-Ալեն Դելոն 2

Ռոմին և Ալենն իրենց օրինակով հաստատեցին հակադրությունների գրավչության մասին ժողովրդական իմաստնությունը. նա դաստիարակված աղջիկ էր՝ ընտանիքի մասին ավանդական ընկալումներով, իսկ բնույթով ապստամբ Դելոնը ոչ մի պայմանականություն չէր ընդունում։ Նա հիշում էր․ «Ես ատում էի այն սոցիալական շերտը, որին պատկանում էր Ռոմին։ Նա մեղավոր չէր իր նախապաշարմունքների համար, բայց, այդուամենայնիվ»։

Շնայդերի հարազատները հիացած չէին աղջկա ընտրությունից։ Դերասանուհու մայրը, խորթ հայրը և եղբայրն ամեն օր զանգում էին նրան Փարիզ և փորձում տրամադրել Դելոնի դեմ, սակայն ջանքերն ապարդյուն էին։ Արդյունքում Ռոմիի խորթ հայրը տեղի տվեց և առաջարկեց նշանադրություն կազմակերպել «այդ ֆրանսիացի սրիկայի» հետ։ Ռոմին մինչև վերջին րոպեն անհանգստանում էր, որ Ալենը չի հայտնվի իր հարազատների ընտրած վայրում։ Չէ՞ որ նա գիտեր, թե երիտասարդ տղամարդն ինչպես չի սիրում հանրությունում ընդունված կանոնները: Սակայն Դելոնը ժամանեց, և զույգը նշանվեց։

Դրանից անմիջապես հետո երիտասարդ դերասանները միասին էին ապրում, սակայն չէին շտապում հարսանիք անել։ Դելոնը Շնայդերի ազդեցության ներքո սկսեց ինքնակրթությամբ զբաղվել։ Ռոմին նրան խորհուրդ տվեց գրքեր կարդալ, իսկ հետո նախաձեռնեց դրանց քննարկումը։ Ծանոթները նկատեցին Ալենի առաջընթացը։ Եթե նախկինում նա փորձում էր լռել բարձրակարգ միջոցառումների ժամանակ, որպեսզի անկիրթ չհամարվեր, ապա այժմ կարող էր քննարկել թատրոնի փիլիսոփայությունն ու պատմությունը։

Ոչ անամպ, բայց, համենայնդեպս, երջանիկ հարաբերություններ

Ռոմի Շնայդեր-Ալեն Դելոն 3

Աստղերի համատեղ կյանքը դժվար էր անամպ անվանել։ Նրանք պարբերաբար կռվում էին։ Ալենը, որի համբավն անշեղորեն աճում էր, կարող էր երկար ժամանակ մենակ թողնել Ռոմիին, որն անհանգստանում էր գործազուրկ լինելու պատճառով։ Փարիզում նա, որպես դերասանուհի, ոչ ոքի չէր հետաքրքրում։

Շուտով Ալենը թռավ Իտալիա. նա պետք է նկարահանվեր իտալացի ռեժիսոր Լուկինո Վիսկոնտիի «Ռոկոն և նրա եղբայրները» ֆիլմում։ Դերասանն այնքան էր խորասուզվել աշխատանքում, որ հրաժարվեց գնալ Ռոմիի ծննդյան տոնակատարությանը, ինչի պատճառով նրանք կրկին վիճեցին։ Այդուամենայնիվ, Դելոնը 5 օր վատնեց նվեր փնտրելու համար՝ XIII դարի հնաոճ տարա, որն ինքնաթիռով ուղարկեց Ռոմիին։

Դելոնը պնդում էր, որ Շնայդերը գնա իր մոտ և հանդիպի Վիսկոնտիին, բայց Ռոմին երկար դիմադրում էր։ Ի վերջո, դերասանուհին ենթարկվեց և չսխալվեց։ Ռեժիսորը բառացիորեն «վերաթողարկեց» Ռոմիի կարիերան՝ հաստատելով իր պիեսում նրա դերակատարումը։

Շնայդերի ընտրությունը հավանության չարժանացավ հարազատների շրջանում. նրանց դուր չէր գալիս, որ աղջիկը պետք է խաղա թատրոնում։ Մայրը գոչում էր. «Դա խելագարություն է, դու կկործանվես»։ Ռոմին խոստովանել է, որ միայն Դելոնի ու Վիսկոնտիի աջակցության շնորհիվ չի կորցրել հավատն իր հանդեպ։ «Ինձ ոչ ոք չհավատաց, բացի նրանցից»,- ասել է դերասանուհին։

Ներկայացման հաղթական պրեմիերայից հետո Դելոնը շտապեց իր սիրելիի մոր մոտ և, չնայած բոլոր տարաձայնություններին, գրկեց նրան։ Դելոնը մատնացույց արեց Ռոմիին և ասաց. «Նա իմ թագուհին է»։ Դերասանուհին այդ պահը հիշում էր որպես իր կյանքի ամենաերջանիկ րոպեներից մեկը։ Թատերական դեբյուտից հետո տարբեր կինոստուդիաներից առաջարկներ տեղացին Շնայդերի վրա։

Ամենամոտ մարդու դավաճանությունը

Ռոմի Շնայդեր-Ալեն Դելոն 4

Նկարահանումների խիտ գրաֆիկի պատճառով զույգը հաճախ էր միմյանցից անջատ ժամանակ անցկացնում։ Օրինակ՝ 1963 թվականին Ռոմին աշխատում էր Ամերիկայում։ Մի անգամ նա տեսավ մի լուսանկար, որտեղ ինչ-որ աղջիկ նստած էր Դելոնի գրկին։ Թերթերը վերատպել էին այդ նկարը և գրել, որ դերասանը սիրավեպ է ունեցել։ Շնայդերը փորձեց հանգստացնել իրեն, որ այդ ամենը բամբասանք է։

Դելոնը Ռոմիի հետ հեռախոսով շփվում էր այնպես, կարծես ոչինչ չի եղել, իսկ տպագիր մամուլը տարածում էր նրա մասին վերջին լուրը։ Հոդվածների վերնագրերում գրված էր. «Ալեն Դելոնն ամուսնանում է Նատալի Բարթելեմիի հետ»: Շնայդերը շարունակում էր չհավատալ իր ընտրյալի դավաճանությանը։

Մի օր Ռոմին լսեց, թե ինչպես է իր ծանոթը հեռախոսով խոսում Ալենի հետ։ Տեսնելով աղջկան՝ նա չփոխանցեց հեռախոսը, այլ հանգիստ ավարտեց խոսքը։ Շնայդերը փորձեց պարզել, թե ինչն է խնդիրը։ Ի պատասխան լսեց. «Ձեզ դիմանալ է պետք, Ռոմի»։

Եվ մի օր, Ամերիկայից տուն վերադառնալով, Ռոմին Դելոնի հետ երբեմնի ընդհանուր բնակարանում գտավ վարդերի փունջ և գրություն. «Ես Նատալիի հետ մեկնում եմ Մեքսիկա: Հաջողություն»։

Երբ Ալենն ամուսնացավ, Շնայդերը նրանից մեկ այլ հաղորդագրություն ստացավ։ Դելոնը լրագրողի միջոցով փոխանցել էր մի հատված իր ապագա գրքի սևագրից: Նա գրել էր. «Մենք բաժանվեցինք ոչ այն պատճառով, որ չէինք սիրում միմյանց: Ընդհակառակը, չափից դուրս շատ էինք սիրում։ Ռոմին ինձ համար եղել և մնում է կատարյալ կին»:

Վերամիավորում էկրանին, բայց ոչ՝ իրական կյանքում

Ռոմի Շնայդեր-Ալեն Դելոն 5

Դելոնի հետ բաժանվելուց մի քանի տարի անց Ռոմին ամուսնացավ ռեժիսոր Հարի Մեյենի հետ և որդի ունեցավ։ Իսկ Դելոնը որոշեց բաժանվել Նատալիից և ամուսնալուծության հայց ներկայացրեց։

Ինչ-որ պահի Շնայդերն իմացավ, որ իր ընկերուհին որոշել է ցույց տալ Ռոմիի երեխայի լուսանկարն Ալենին։ Տեսնելով տղայի լուսանկարը՝ Ալենն ասել է. «Իմ երեխան ավելի գեղեցիկ է»։ Նա նկատի է ունեցել Էնթոնիին՝ Նատալիի հետ ընդհանուր որդուն։

Մի քանի տարի անց Ալենը պնդեց, որ «Լողավազան» ֆիլմի ստեղծողները հենց Ռոմիին հրավիրեն խաղալ իր էկրանային սիրեցյալի դերը։ Հեռուստադիտողները չէին կարող չնկատել դերասանների միջև քիմիան։ Թվում էր՝ անցյալում տեղի ունեցած դժվարին բաժանումն էլեկտրականացնում է նրանց շրջապատող օդը:

Զույգի վերամիավորումն էկրանին չէր կարող ենթադրությունների տեղիք չտալ, սակայն ֆիլմի նկարահանումների ժամանակ Ալենը սիրավեպ ուներ Միրեյ Դարքի հետ։ Իսկ Շնայդերն իր օրագրում գրել է. «Դելո՞ն։ Չկա ավելի սառը բան, քան կորցրած սերը»: Որոշ ժամանակ անց նա ամուսնալուծվեց Մայենի հետ։

Եվ վերջում կրկին՝ «Ես սիրում եմ քեզ»

Ռոմի Շնայդեր-Ալեն Դելոն 6

1975 թվականին Շնայդերը երկրորդ անգամ ամուսնացավ և դուստր ունեցավ։ Նրա նոր ընտրյալն իր քարտուղար Դանիել Բյազինին էր։ Այն, որ դերասանուհին դժբախտ է եղել ամուսնական կյանքում, վկայում են նրա հետևյալ տողերը. «Միակ տղամարդը, որի վրա կարող եմ հույս դնել, Ալենն է։ Նա միշտ ձեռք է մեկնում, երբ ես օգնության կարիք ունեմ»: Դա նաև հուշում է, որ նախկին սիրեցյալները սերտ կապի մեջ էին։

Շնայդերն ու Բյազինին ամուսնալուծվեցին 1981 թվականին։ Նույն թվականին ողբերգություն տեղի ունեցավ. դժբախտ պատահարի հետևանքով մահացավ Ռոմիի որդին։ Այդ դժվարին ժամանակահատվածում նա ոչ մեկի հետ չէր շփվում, բացի Ալենից, որն եկել էր իրեն աջակցելու։

Մեկ տարի անց ինքը՝ Ռոմի Շնայդերը, հեռացավ կյանքից։ Դելոնը, վերջին հրաժեշտը տալով սիրեցյալին, ասաց. «Հանուն քեզ, ես մի անգամ գերմաներեն սովորեցի մի արտահայտություն՝ «Ես քեզ սիրում եմ»»:

Ալեն Դելոնն ու Ռոմի Շնայդերն իրենց ժամանակի ամենագրավիչ զույգերից էին։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա