«Ալպին» թիմի մրցարշավորդ Ֆեռնանդո Ալոնսոն «Ֆորմուլա-1»-ի ռեկորդակիր է դարձել մրցակցային մրցատարածության հաղթահարման ցուցանիշով։
Իսպանացին իր մարզական կարիերայի ընթացքում հաղթահարել է 92 643 կիլոմետր և գերազանցել է նախորդ ռեկորդակիր Կիմի Ռայկոնենի արդյունքը։
Ընթացիկ մրցաշրջանում Ալոնսոն 28 միավոր է վաստակել Գրան պրիի 10 փուլերում և եզրափակում է ընդհանուր հաշվարկի լավագույն տասնյակը։ Մեծ Բրիտանիայում անցկացված վերջին փուլում աշխարհի կրկնակի չեմպիոնը վերջնագիծը հատել է 5-րդ արդյունքով։
Այս մրցաշրջանում Ալոնսոն արդեն գերազանցել է առաջին և վերջին մրցարշավների միջև ժամանակահատվածի՝ Միխայել Շումախերի ռեկորդը։ Շուտով նա կգերազանցի նաև անցկացրած Գրան պրիների քանակով Ռայկոնենի ռեկորդը։ Իսկ 2023 թվականին ելույթ ունենալու վերաբերյալ պայմանագիր կնքելու դեպքում Ֆեռնանդոն կդառնա «Ֆորմուլա-1»-ում անցկացրած մրցաշրջանների քանակով բացարձակ ռեկորդակիր։