Logo

Ալպերի լանջերից իջած ձիավորները. Ինչով կզարմացնի Ավստրիան ԵՎՐՈ 2020-ին

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 10.06.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
eurocombat2020 Austria - Ալպերի լանջերից իջած ձիավորները. Ինչով կզարմացնի Ավստրիան ԵՎՐՈ 2020-ին

ԵՎՐՈ 2016-ին մեկնող Ավստրիայի հավաքականը հույս ուներ զարմացնել բոլորին իր պրագմատիկ խաղով: Փոխարենը, թիմը հայրենիք վերադարձավ մի աշխարհ հիասթափություն ուսերին շալակած. 3 խաղում ընդամենը 1 միավոր, 0 խաղ ու ավստրիական «ոսկե սերնդի» ձախողում: Ասում են՝ «փորձը փորձանք չի բերում»: Հենց այս հույսով է Ավստրիայի հավաքականը մեկնում առաջիկա ԵՎՐՈ-ին: Շանսերը մեծ չեն, բայց հույների շանսերն էլ 2004-ին այն չէին:

VNews-ը շարունակում է ԵՎՐՈ 2020-ի հավաքականների հետ ծանոթանալու շարքը։ Այս անգամ ներկայացնում ենք Ավստրիայի հավաքականի անցած ճանապարհը, հայտացուցակը, գլխավոր աստղին, մարզչական գործոնը և, իհարկե, առաջիկա մրցաշարում շանսերն ու հավանական մեկնարկային կազմի մեր տարբերակը։

Անցած ճանապարհը

Austria Football ÖFB 960x555 - Ալպերի լանջերից իջած ձիավորները. Ինչով կզարմացնի Ավստրիան ԵՎՐՈ 2020-ին

ԵՎՐՈ-ի որակավորման փուլի սկիզբն ավստրիացիները ձախողեցին՝ առաջին երկու տուրում պարտվելով Լեհաստանի ու Իսրայելի հավաքականներին: Սակայն ամառային ու, հատկապես, աշնանային հատվածն Ավստրիան գերազանց խաղաց, 12 հնարավորից վաստակեց 10 միավոր: Վերջնական արդյունքում Ալաբան ու ընկերները վաստակեցին 19 միավոր: Նույնիսկ վերջին տուրում Լիտվայից կրած պարտությունը չխանգարեց նրանց վաստակել Եվրոպայի առաջնության ուղիղ ուղեգիր:

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլում Ավստրիան նույնպես հիանալի ֆուտբոլ ցուցադրեց՝ Ռումինիայի, Նորվեգիայի ու Հյուսիսային Իռլանդիայի հետ խմբում գրավելով առաջին տեղը: Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական մրցաշարի սկզբում ելույթները շատ հարթ չստացվեցին. 9 հնարավորից «սարեցիները» վաստակեցին 4 միավոր: ԵՎՐՈ-ին նախորդող ընկերական խաղերում ելույթները տպավորիչ չէին՝ պարտություն Անգլիայից ու գոլազուրկ ոչ-ոքի Սլովակիայի հավաքականի հետ խաղում: Մարզավիճակը լավագույնը չէ:

Հայտացուցակը ԵՎՐՈ-2020-ում

austria v slovenia uefa euro 2020 qualifier 5e62642d8278143344000018 960x504 - Ալպերի լանջերից իջած ձիավորները. Ինչով կզարմացնի Ավստրիան ԵՎՐՈ 2020-ին

Դարպասապահներ – Դանիել Բախման («Ուոթֆորդ»), Պավաո Պերվան («Վոլֆսբուրգ»), Ալեքսանդր Շլագեր (ԼԱՍԿ)

Պաշտպաններ – Դավիդ Ալաբա («Բավարիա»), Ալեքսանդր Դրագովիչ («Բայեր»), Մարկո Ֆրիդլ («Վերդեր»), Մարտին Հինտերեգեր («Այնթրախտ»), Շտեֆան Լայներ («Բորուսիա Մյոնխենգլադբախ»), Ֆիլիխ Լայնհարտ («Ֆրայբուրգ»), Շտեֆան Պոշ («Հոֆենհայմ»), Քրիստոֆեր Տրիմել («Ունիոն Բեռլին»), Անդրեաս Ուլմեր («Զալցբուրգ»)

Կիսապաշտպաններ – Յուլիան Բաումգարտլինգեր («Բայեր»), Քրիստոֆ Բաումգարտներ, Ֆլորիան Գրիլիչ (երկուսն էլ «Հոֆենհայմ»), Շտեֆան Իլզանկեր («Այնթրախտ»). Կոնրադ Լայմեր, Մարսել Զաբիտցեր (երկուսն էլ «ՌԲ Լայպցիգ»), Վալենտինո Լազարո («Ինտեր»), Լուիս Շաուբ («Լյուցերն»), Քսավյե Շլագեր («Վոլֆսբուրգ»), Ալեսանդրո Շոպֆ («Շալկե»)

Հարձակվողներ – Մարկո Արնաուտովիչ («Շանհայ Թելեյս»), Միխայել Գրեգորիչ («Աուգսբուրգ»), Սաշա Կալայջիչ («Շտուտգարտ»), Կարիմ Օնիսիվո («Մայնց»)

Գլխավոր մարզիչ Ֆոդան մրցաշարին մասնակցելու համար հրավիրել է բոլոր փորձառու ֆուտբոլիստներին: Գլխավոր հարցականը թերևս Յակոբ Յանտչերի բացակայությունն է: Ավստրիայի Բունդեսլիգայում Յանտչերը գրանցեց 9+9 ցուցանիշը և օգնեց Շտուրմին գերազանց ելույթ ունենալ: Սակայն Ֆոդային դա ոչ մի կերպ չհամոզեց: Ֆլորիան Կայցը նունպես համարվում էր ընտրանու թեկնածու, սակայն այս մրցաշրջանում ստացած վնասվածքները նրան դուրս թողեցին վերջնական հայտացուցակից:

Դեռևս ԵՎՐՈ-2008-ի մասնակից Սեբաստիան Պրյոդլը մինչև նախորդ մրցաշրջանը համարվում էր հավաքականի հիմնական կենտրոնական պաշտպան, սակայն վնասվածքները նրան զրկեցին պրակտիկայից, իսկ «Ուդինեզեում» հարմարվել չկարողացավ, նորից վնասվածք ստացավ ու դուրս մնաց ԵՎՐՈ-ի հայտացուցակից:

Մարզչական գործոնը

franco foda 2 1200 960x555 - Ալպերի լանջերից իջած ձիավորները. Ինչով կզարմացնի Ավստրիան ԵՎՐՈ 2020-ին

Արդեն տևական ժամանակ է՝ ավստրիացի մարզիչները ակտիվորեն ինտերգվում են գեմանական ֆուտբոլ: Բայց վերջին շրջանում ընթանում է նաև հակառակ պրոցեսը: Das Team-ը մարզիչը Ֆրանկո Ֆոդան է: Իտալական արմատներով 55-ամյա գերմանացի մարզիչը Ավստրիայի հավաքականի ղեկին է 2018-ից: Զարմանալի է, բայց փաստ. Ֆոդան առաջին գերմանացի մարզիչն է, որը երբևէ մարզել է Ավստրիայի հավաքականը:

Մեր ընտրանին

Ֆոդան իր ծանոթությունն ավստրիական ալպերին ու ֆուտբոլին սկսել է վաղուց: Ֆուտբոլիստի կարիերան Ֆոդան ավարտել է «Շտուրմում» ու անմիջապես անցել է մարզչական աշխատանքի: Հաղթահարելով պատանեկան ու երիտասարդական թիմերի մարզչական ճանապարհը՝ 2011-ին Ֆոդան Գրացի թիմին բերել է առաջին չեմպիոնությունը 12 տարվա դադարից հետո: «Կայզերսլաուտերնում» անհաջող գործուղումից հետո գերմանացի մասնագետը երկար ժամանակ առանց աշխատանքի չմնաց. նրան վստահեցին Ավստրիայի ազգային թիմը: Նրա հետ Das Team-ը նոր շունչ ստացավ ու առանց ավելորդ խնդիրների, դուրս եկավ ԵՎՐՈ-ի եզրափակիչ փուլ:

Գլխավոր աստղը

bb032210fba608a70fffab72a80958f3 18 scaled 1 960x692 - Ալպերի լանջերից իջած ձիավորները. Ինչով կզարմացնի Ավստրիան ԵՎՐՈ 2020-ին

Առանց վարանելու կարող ենք վստահ ասել, որ Ավստրիայի ընտրանու առաջատարը Դավիդ Ալաբան է: Մադրիդի «Ռեալի» նորեկի համար սա երկրորդ ԵՎՐՈ-ն է: Նախորդին Ալաբան դարձել է փորձարկումների իսկական աղբյուր. մասնակցելով 3 խաղի՝ Ալաբան գործել է 3 տարբեր դիրքում: Մրցաշարը նա սկսել է որպես հենակետային կիսապաշտպան, այնուհետև խաղացել է հարձակողական ոճի կիսապաշտպանի ու հարձակվողի դիրքում: Այս հավաքականում նույնպես Ալաբան «պիտուշի» դեր ունի. անհրաժեշտության դեպքում նա հաջողությամբ կարող է  շատ դիրքեր փակել ու օգնել մարզչին արագ փոխել սխեման:

Իհարկե, Մյունխենի «Բավարիայում» Ալաբայի խաղն ավելի վառ ու գեղեցիկ է: Սակայն այստեղ կա օբյեկտիվ պատճառ. եթե գերմանական գրանդում նրա կողքին խաղում են համաշխարհային մեծության դեմքեր, հավաքականում այդպիսի մակարդակի ֆուտբոլիստ չկա: Դա պարզ հասկանում են բոլորը, և Ալաբան պատրաստ է խաղալ այն դիրքում, որտեղ նրան կասի մարզիչը:

Մրցակիցներ/շանսեր

EhGgGZCXcAAU0Bk 960x640 - Ալպերի լանջերից իջած ձիավորները. Ինչով կզարմացնի Ավստրիան ԵՎՐՈ 2020-ին Խմբում Ալաբան ու ընկերները չունեն սուպերբարդ մրցակիցներ, օրացույցն էլ շատ հարմար է կազմված: Առաջին տուրում մրցակիցը լինելու է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը: Երկրորդ տուրում նրանց սպասելու է քառյակի պոտենցիալ հաղթող Նիդեռլանդների ընտրանին: Խմբում ամեն ինչ որոշվելու է վերջին տուրում, որտեղ Das Team-ը կմրցի ուղիղ մրցակից Ուկրաինայի թիմի հետ:

Ըստ մասնագետների՝ նույնիսկ եթե Ավստրիայի ընտրանուն հաջողվի դուրս գալ խմբից, 1/8 եզրափակիչը կլինի թիմի համար անհաղթահարելի, քանի որ այդ փուլում ավստրիացիների պոտենցիալ մրցակիցը կարող է լինել Իտալիայի հավաքականը: Մնում է հուսալ, որ Դավիդ Ալաբան կկրկնի 2016-ի ժամանակ Գարեթ Բեյլի ցուցադրած պերֆոմանսը: Սենսացիաներից ոչ ոք ապահովագրված չէ:

Հավանական մեկնարկային կազմը՝ ըստ VNews-ի

34E5C2B300000578 0 image a 46 1465050967969 960x577 - Ալպերի լանջերից իջած ձիավորները. Ինչով կզարմացնի Ավստրիան ԵՎՐՈ 2020-ին

4-4-1-1: Շլագեր, Ուլմեր, Հիտերեգեր, Դրագովիչ, Լայներ, Ալաբա, Գրիլիչ, Իլզանկեր, Բաումգարտներ, Զաբիտցեր, Կալայջիչ

Ի սկզբանե, Ավստրիացիները խաղում էին 4-2-3-1 սխեմայով, որը բավական հաջողակ էր. այս մարտավարությամբ «սարեցիները» ապահովեցին ԵՎՐՈ-ի ուղեգիր և հաղթեցին Ազգերի լիգայի իրենց դիվիզիոնում: Սակայն 2021-ին Ֆոդան անհասկանալի պատճառներով անցավ 4-4-2 դասավորությանը, ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարում հավաքեց 4 միավոր, իսկ հետ դասավորվելու առաջին փորձը վերածվեց ֆիասկոյի. թիմը պարտվեց Դանիային 0-4 հաշվով:

Ֆոդան մարտավարության փոփոխությունը բացատրում է մրցակիցների կատարած հետազոտություններով: Նրա խոսքով, ԵՎՐՈ-ի ընտրական փուլում ու Ազգերի լիգայում գրանցած արդյունքները լավն էին, սակայն այդ մարտավարությունն արդեն յուրացրել էին մրցակիցները: «Մենք շատ պրեսինգ ենք անում ու խլում ենք գնդակը, սակայն մեր մրցակիցները հասկացել են դա ու մեր դեմ խաղում են երկար փոխանցումներով», – փնթփնթացել է Ֆոդան:

Ըստ երևույթին՝ ընկերական խաղերում գրանցած բացասական արդյունքները դաս չեղան. նա շարունակում է 4-4-2 սխեմայի փորձարկումները: Մասնավորապես, Անգլիայի հետ ընկերական պարտված խաղում Ավստրիան խաղում էր 4-4-1-1 սխեմայով, որտեղ Ալաբան վազվզում էր կիսապաշտպանության ձախ թևում: Պարզ է նաև մի բան. Ֆոդան իր ընտրությունը կատարելու է երիտասարդ Կոլայջիչի օգտին: Կամակոր «բեյբի-Զլատանը», ամենայն հավանականությամբ, մրցաշարը կսկսի պահեստայինների նստարանից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա