Logo

Ամառային մեծ սպասելիքներ

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 29.06.2017Կինո
csm kino1 03 00c9e6419d - Ամառային մեծ սպասելիքներ

2017թ. չի դադարում զարմացնել կինոսեր հասարակությանն իր անակնկալներով: Ամառային շոգ օրերին հատկապես հաճելի է կինոթատրոններում խորասուզվել կինոյի աշխարհ ու կտրվել ամառվա տապից:
VivaroNews Culture-ը ձեզ է ներկայացնում ամռանը սպասվող ֆիլմերից 5-ը:

Կապիկների մոլորակը. պատերազմ//War for the Planet of the Apes, 2017

«Կապիկների մոլորակը. պատերազմ» ֆիլմի ռեժիսորն է Մեթ Ռիվզը, իսկ դերերում են հայազգի Էնդի Սերկիսը, հոլիվուդյան դերասաններ Թոբի Կեբելը, Վուդի Հարելսոնը, Ջուդի Գրիրը և այլք:
Կապիկների բանակն այս անգամ պատերազմելու է դաժան ու ահարկու մարդկանց բանակի հետ: Կապիկների արքա Կեսարը պետք է վրեժ լուծի իր ցեղի համար: Նա ու մարդկանց բանակի առաջնորդը պետք է մարտ ունենան, ինչի արդյունքն էլ կվորոշի, թե ով է տիրելու աշխարհը:

Բոլորի աչքերն ինձ վրա են//All Eyez on Me

«Լեգենդները չեն մահանում» սլոգանով ֆիլմը պատմում է լեգենդար երաժիշտ Թուփակ Շաքուրի կյանքի ու անցած ուղու մասին: Նա անըդհատ խնդիրների առաջ էր կանգնում, պատժվում օրենքով, բայց մարդիկ շարունակում էին սիրել ու մեծարել նրան:  Համաշխարհային ռեփ մշակույթում նրա ներդրումն անգնահատելի էր, իսկ անունը՝ անմահ:

Կակաչային տենդ//Tulip Fever, 2017

Ջասթին Չադվիկի «Կակաչային տենդ» ֆիլմին սպասում են շատ-շատ կինոսերներ: Գուցե դրա ամենամեծ պատճառը այն է, որ ֆիլմում նկարահանվել են Քարա Դելեւինը, Ալիսիա Վիկանդերը, Զաք Գալիֆիանակիսը, Քրիսթոֆ Վալցը, Հոլիդեյ Գրենջերը,  Ջուդի Դենչը, Թոմ Հոլանդերը:
Այս ֆիլմը պատմում է 17-րդ դարի հոլանդացիների կյանքի ու առօրյայի մասին: Ծաղկի սերմերը երկրի հարստության ու միաժամանակ աղքատության գլխավոր պատճառն էին, դրա համար էլ մարդիկ պատրաստ են անել ամեն բան, որ սերմեր ունենան: Ի՞նչ կլինի աղքատ նկարչի ու ծեր հարուստ վաճառականի կնոջ սիրային կապի վերջն ու ի՞նչ հետևանքների այն կհանգեցնի:
 

Փախստականը//The Beguiled, 2017

Ռեժիսոր Սոֆիա Կոպոլան այս ֆիլմի համար արժանացավ «Ոսկե արմավենու»՝ որպես լավագույն ռեժիսոր՝ բարձր պահելով ազգանվան պատիվը: Գեղեցկագույն ֆիլմ՝ Նիքոլ Քիդմանի, Քոլին Ֆարելի, Քրիստեն Դանսթի, Էլ Ֆանինգի և այլոց մասնակցությամբ:
Աղջիկներ, որոնք մեկուսացված են արտաքին աշխարհից, հասունություն ու ցանկություններ, որոնք ճնշվում են բավարարված լինելու անհնարինության պատճառով, կանացիություն, որ գնալով ավելի արտահայտիչ է դառնում, հանդարտ ու միապաղաղ կյանք, որ կարող է փոխվել մեկ ակնթարթում:
Աշխարհ,  որտեղ երբեք ոչ մի տղամարդ ոտք չի դրել, հանկարծակակի տակնուվրա է լինում գրավիչ փախստականի «այցելությունից» հետո:

Մութ աշտարակը//The Dark Tower, 2017

Ֆանտաստիկ ժանրի այս տարվա ամենասպասված ֆիլմերից մեկը «Մութ աշտարակ» ֆիլմն է՝ Քեթրին Ուինիկի, Մեթյու Մակկոնահիի, Իդրիս Էլբայի, Էբի Լիի և այլքի մասնակցությամբ:
Պատկերացրեք, որ մեր աշխարհը միակը չէ: Կա Մութ աշտարակ, որը մարդկության ամենամեծ հույսն ու հավատն է. չէ՞ որ առանց դրա աշխարհը կվերածվի քաոսի: Գլխավոր հերոսներ Ռոլանդ Դիսքեյնն ու Ուոլթեր Օ՛Դիմը, որին նաև անվանում են «սևավորված մարդ» պետք է պայքարեն միմյանց դեմ: Ռոլանդը մարդկության միակ հույսն է: Ի՞նչպես կզարգանան իրադարձությունները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա