Logo

«Ամեն ինչ անելու եմ, որ կրկին հրավիրվեմ Հայաստանի հավաքական». Արտյոմ Միքայելյան

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 07.05.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Gandzasar vs Shirak 22 - «Ամեն ինչ անելու եմ, որ կրկին հրավիրվեմ Հայաստանի հավաքական». Արտյոմ Միքայելյան

Հայկական ֆուտբոլի սիրահարների համար անսովոր էր «Շիրակի» անունն անընդհատ տեսնելը VBET Պրեմիեր լիգայի հետնապահի դիրքում: Գյումրու ակումբը ֆուտբոլային մեծ ավանդույթներ ունի և գրեթե միշտ պայքարել է մրցանակային տեղերի համար: Այդուհանդերձ, մրցաշրջանի մեկնարկից առաջ «Շիրակի» մարզիչները և գրեթե ամբողջ հիմնական կազմը տեղափոխվեց «Արարատ», ինչից հետո սպասելի էր, որ գյումրեցիներին բարդ մրցաշրջան է սպասվում և նույնիսկ առաջնությունից դուրս մնալու վտանգ կլինի:

VNews.am-ը զրուցեց «Շիրակի» բազմափորձ պաշտպան Արտյոմ Միքայելյանի հետ, որը խոսեց նոր «Շիրակի» ու կրկին Հայաստանի հավաքական հրավիրվելու ակնկալիքների մասին և բացահայտեց տուգանային հարվածների վարպետ դառնալու գաղտնիքը:

Մրցաշրջանն ավարտին է մոտենում և արդեն կարող եք ամփոփել այն: Ի՞նչ գնահատկան կտաք Ձեր թիմի ելույթներին:

Անբավարար: Բոլորս էլ գիտենք, որ «Շիրակը» միշտ պայքարել է չեմպիոնության և գավաթներ նվաճելու համար: Ցավոք, այս անգամ այսպես ստացվեց, բայց դա իր պատճառներն ուներ: Միանգամից շատ ֆուտբոլիստներ հեռացան թիմից, նրանց փոխարինեցին երիտասարդներ, որոնց հետ խաղալու պրակտիկայի պակաս կար: Դժվար էր կարճ ժամանակում լավ համագործակցություն ձեռք բերել և լավ խաղալ:

Մրցաշրջանի երկրորդ հատվածում վատ տեսք չունենք, կողքից նայողն էլ կարող է դա փաստել, պարզապես թերանում ենք գոլային պահերն իրացնելու հարցում: Հիմա արդեն միմյանց ավելի լավ ենք հասկանում, ավելացրել ենք խաղային տարբեր գործոններում, ինչպես նաև նորեկներ ունենք, որոնք օգնեցին մեզ:

VBET Պրեմիեր լիգայի ընթացքում «Շիրակին» սպառնում էր վերջին տեղը գրավելու դեպքում նահանջել Առաջին խումբ կամ անցումային խաղերի մասնակցել: Հիմա 2 թիմ դուրս եկան մրցաշարից և կարելի է ասել «Շիրակը» այլևս առաջնությունից դուրս մնալու սպառնալիքի տակ չէ: Ի՞նչպե՞ս էր այդ ճնշումը ազդում թիմի վրա:

Առաջին հերթին՝ ցավալի է, որ երկու թիմեր դուրս մնացին առաջնությունից: Որքան շատ թիմեր լինեն, այնքան առաջնությունն ավելի հետաքրքրիր կլինի և հայ ֆուտբոլիստներն էլ այնքան շատ խաղաժամանակ կստանան, ինչը կօգնի նաև ազգային հավաքականին: Ինչ վերաբերում է Պրեմիեր լիգայից դուրս մնալու վտանգին, ապա այդ հանգամանքի մասին շատ չէինք մտածում: Մենք ավելի շատ անհանգտասնում էինք, որ «Շիրակի» պես ակումբը վերջին տեղերում է, դա անթույլատրելի է մեզ համար, դա նրա տեղը չէ: Մենք մտածում էինք քայլ առաջ կատարելու, հնարավորինս շատ միավորներ վաստակելու մասին:

21.09.2019 Shirak 1 0 Ararat Armenia 4 960x640 - «Ամեն ինչ անելու եմ, որ կրկին հրավիրվեմ Հայաստանի հավաքական». Արտյոմ Միքայելյան

Հաջորդ մրցաշրջանում «Շիրակից» ի՞նչ ակնկալիքներ ունեք:

Այսպես չի կարող շարունակվել, ակնկալում եմ, որ ակումբի ղեկավարները կմտածեն թիմում որոշակի փոփոխություններ կատարելու մասին: Հուսով եմ՝ լավ ֆուտբոլիստներ կհրավիրեն խնդրահարույց դիրքերն ամրապնդելու համար և մեր առջև լուրջ խնդիր կդնեն: Այդ ժամանակ կտեսնենք այն «Շիրակին», որին սովոր ենք միշտ տեսնել:

Մեր ընտրանին

Շատերի համար անսպասելիորեն սկսեցիք «Շիրակի» տուգանային հարվածներն իրացնել և արդեն մի քանի գոլ եք խփել: Ինչպե՞ս ստացվեց, որ Ձեզ վստահվեցին այդ հարվածները:

Մանկապատանեկան առաջնությունների ժամանակ շատ տուգանային հարվածներ եմ կատարել: Յուրաքանչյուր առաջնությունում 4-5 գոլ էի խփում, որովհետև այդ տարիքում ավելի հեշտ էր նման հարվածով գրավել դարպասը: Հետագայում շարունակեցի տուգանայիններ իրացնել «Շիրակ-2»-ում, բայց գլխավոր թիմում չունեի խփած գոլեր: Առաջին անգամ տուգանային հարվածով գոլ խփեցի 2018/19 մրցաշրջանում՝ «Գանձասար-Կապանին»: Գլխավոր թիմում տուգանայիններ նախկինում չէի իրացնում, որովհետև լավ կատարողներ կային: Հետո երբ նրանք հեռացան թիմից, Վարդան Բիչախչյանն ասաց, որ ես հարվածեմ: Մի քանի անգամ փորձեցի, հետո կարողացա գոլ խփել:

Մարզումների ժամանակ հատուկ աշխատո՞ւմ եք տուգանայինների իրացման վրա:

Միշտ՝ մարզումներից հետո: Մեր մարզիչ Հովհաննես Թահմազյանը շատ է սիրում մարզել տուգանայինները և մեզ հրահանգում է լրացուցիչ մնալ՝ հարվածներ կատարել: Երբ տուգանայինից առաջին գոլը խփեցի, վազեցի նրա մոտ՝ շնորհակալություն հայտնելու:

Gandzasar vs Shirak 20 960x640 - «Ամեն ինչ անելու եմ, որ կրկին հրավիրվեմ Հայաստանի հավաքական». Արտյոմ Միքայելյան

2017-ից չեք հրավիրվում Հայաստանի հավաքական: Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանում այդքան էլ շատ չեն տեղացի ֆուտբոլիստները:

Դժվար է ասել, չեմ ուզում իմ խաղին գնահատական տալ, դա ավելի լավ է մարզիչներն ասեն: Ինձնից ինչ հասանելի է անելու եմ, որ կրկին հրավեր ստանամ:

Հայաստանի հավաքականը հիանալի է մենկարկել ԱԱ-2022-ի ընտրական փուլում. 3 խաղ, 3 հաղթանակ: Եզրափակիչ փուլի ուղեգրի շանսերը ինչպե՞ս եք գնահատում:

Թիմի խաղից տպավորությունները շատ լավն են: Տեսանք, որ բոլոր տղաները խաղացին իրենց ուժերի առավելագույն չափով և կարողացան արդյունքի հասնել: Դեռ ընդամենը երեք խաղ ենք անցկացնել, ուստի պետք չէ հեռուն գնացող եզրակացություններ անել: Շատ եմ ուզում, որ մեր հավաքականն իր նպատակին հասնի և դուրս գա եզրափակիչ փուլ:

29 տարեկան եք և մոտ եք ֆուտբոլային վետերան դառնալուն: Նպատակ ունե՞ք ամբողջ կարիերան «Շիրակում» անցկացնել:

Կոնկրետ այդպիսի նպատակ իմ առջև չեմ դրել: Տարիքը կապ չունի, յուրաքանչյուրն էլ կատարելագործվելու տեղ ունի: Եթե հնարավորություն ընձեռնվի, կցանկանայի ավելի ուժեղ առաջնությունում խաղալ: Կյանքը ցույց կտա կստացվի՞, թե՞ ոչ:

Այս ընթացքում ավելի ուժեղ առաջնություններից առաջարկներ ունեցե՞լ եք:

Մի քանիսը եղել են, հատկապես երբ հրավիրվում էի Հայաստանի հավաքական: Տեղափոխությունը չստացվեց, որովհետև հարմար տարբերակներ չէին:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա