Logo

«Գլխելու նուրբ արվեստը». ամենակարևոր ու գեղեցիկ 6 գոլերը, որ խփվել են գլխով (տեսանյութ)

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
20:20 / 18.04.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, դե իսկ շաբաթվա լավագույն գոլը... նույնպես Բենզեմայինն էր: Ֆրանսիացին Վինիսիուսի հետ կոմբինացիայից հետո օդում ինչ-որ կերպ որսաց գնդակը և մոտ 10-12 մետրից այն ուղարկեց «Չելսիի» դարպասը: Չնայած հարվածն ընթացավ մոտակա անկյունը, բայց այն այնքան հուժկու էր, որ Էդուար Մենդին ոչինչ անել չկարողացավ, և այնքան կարևոր էր, որ հենց այդ դրվագով սկսեց «Ռեալի» հաղթանակը:

Ֆուտբոլի պատմությունը, Չեմպիոնների լիգան ու այլ խոշոր մրցաշարեր տեսել են այնպիսի գլխով գոլեր, որոնք ոտքով խփված գոլերից շատ ավելի գեղեցիկ են: VNews-ը ներկայացնում է գլխով խփված ամենագեղեցիկ, հիշարժան ու կարևոր գոլերից մի քանիսը:

Մեգառեմոնտադան սկսվեց Ջերարդի հարվածով


Սկսենք թերևս ֆուտբոլի պատմության ամենահիշարժան խաղերից մեկից: 

Այո՛, խոսում ենք 2004/05 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի՝ «Միլան» - «Լիվերպուլ» լեգենդար եզրափակիչից, որում մերսիսայդյան ակումբն առաջին կեսում 0-3 հաշվով պարտվելուց հետո կարողացավ գերմարդկային կամքի ու ջանքերի շնորհիվ հավասարեցնել խաղի հաշիվը: «Լիվերպուլն» առհասարակ անդրդոգի կարգավիճակով էր մոտենում խաղին, քանի որ Կառլո Անչելոտիի այդ «Միլանը» վախեցնում էր բոլորին: Այդ թիմը 2 տարի առաջ էր նվաճել Չեմպիոնների լիգան, շատ ավելի մեծ փորձ ուներ, ուներ անհամեմատ ավելի լավ կազմ (Մալդինի, Նեստա, Պիռլո, Զիդորֆ, Կակա, Շևչենկո...), ու առաջին կեսից հետո թվում էր, թե մնում է պարզապես համբերել ևս 45 րոպե ու «մեծականջ» գավաթը տալ «Միլանին»: Բայց «Լիվերպուլը» այդ խաղից հետո փոխեց մարդկանց պատկերացումները ֆուտբոլի կանխատեսելիության վերաբերյալ: Թեև պատմական քամբեքներ էլի էին եղել նախկինում (օրինակ՝ 1999-ի եզրափակիչը, որում հաղթեց ՄՅՈՒ-ն), բայց այս մեկն ուրիշ էր՝ հաշվի առնելով թիմերի կարգավիճակը և հաշվի շատ ավելի մեծ տարբերությունը:

Իսկ ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ՝ «Լիվերպուլի» խաղային ահռելի առավելությա՞մբ... Ո՛չ, ամենևին: Մերսիսայդցիները հերթական դիրքային գրոհն էին ձեռնարկում, ու ոչինչ չէր վկայում, որ շուտով գոլ է լինելու: Բայց 54-րդ րոպեին Յոն Առնե Ռիզեի՝ բարձրից կատարած փոխանցումից հետո Սթիվեն Ջերարդը, որը Նեստայի ու Ստամի պես հսկաների կողքին էր հայտնվել, բարձր ցատկեց ու գլխի անկասելի հարվածով գրավեց Դիդայի դարպասի հեռավոր անկյունը: Շքեղ գոլ, որն սկիզբ դրեց «Լիվերպուլի» քամբեքին. հենց այդ գոլից հետո Ռաֆա Բենիտեսի տղաները ոգևորության ալիքի տակ ոչ միայն հավասարեցրին խաղի հաշիվը, այլ նաև հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով հաղթեցին «Միլանին» ու իրենց պատմության մեջ 5-րդ ՉԼ գավաթը:

Ռոբին վան Պերսին դարձավ 21-րդ դարի «թռչող հոլանդացին»


20-րդ դարում նիդեռլանդական ֆուտբոլի լեգենդ Յոհան Կրույֆն ստացել էր «թռչող հոլանդացի» մականունը: 21-րդ դարի «թռչող հոլանդացին» արդեն Ռոբին վան Պերսին էր իր կարիերայի լավագույն գոլերից մեկի շնորհիվ:

Մունդիալ 2014-ի խմբային փուլի ամենագրավիչ դիմակայություններից մեկն Իսպանիայի ու Նիդեռլանդների հավաքականների միջև էր: Աշխարհի գործող չեմպիոնները, որոնք 3 անգամ անընդմեջ հաղթել էին միջազգային մեծ մրցաշարերում, բացեցին խաղի հաշիվը խաղասկզբում: Վիսենտե դել Բոսկեի թիմը միանշանակ խաղի ֆավորիտն էր ու մրցաշարի ֆավորիտներից մեկը: Այդ տարիներին իսպանական ֆուտբոլն իր լավագույն ժամանակներից էր ապրում թե՛ ակումբային, թե՛ միջազգային մակարդակներում:

Բայց հայտնվեց Ռոբին վան Պերսին և զարմացրեց բոլորին: Դեյլի Բլինդը կախեց գնդակը տուգանային հրապարակ, որտեղ Սերխիո Ռամոսն ու Ժերար Պիկեն բաց էին թողել այդ ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողին: Վան Պերսին ձեռքերը բացեց ինքնաթիռի նման ու ճախրեց օդում՝ գնդակը գցելով Կասիլյասի վրայով:

Այս գոլից հետո էլ Իսպանիան կոտրվեց, իսկ Վան Գալի թիմը՝ ճիշտ հակառակը: Արդյունքում՝ «նարինջները» հաղթեցին 5-1 հաշվով ու տուն ճանապարհեցին իսպանացիներին:

Մեսիի բեմելը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում


«Բարսելոնայի» արդեն նախկին հարձակվող Լիոնել Մեսին 4 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող: Այդ 4 դեպքերից 2 եզրափակիչներում նա գոլ է խփել, 2-ն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդին», առաջինը՝ 2009-ին, երկրորդը՝ 2011-ին:

Բայց, իհարկե, արգենտինացու կարիերայի ամենահիշարժան դրվագներից մեկը Հռոմում կայացած եզրափակիչն էր: 2009-ի մայիսին Պեպ Գվարդիոլայի նորամուտի մրցաշրջանում «Բարսան» հասավ եզրափակիչ, որտեղ մրցակիցը ՉԼ գործող գավաթակիր, սըր Ալեքս Ֆերգյուսոնի «Մանչեսթեր Յունայթեդն» էր, որտեղ դեռ խաղում էր Կրիշտիանու Ռոնալդուն: Կարելի է ասել՝ հենց այդ խաղով սկսվեց Մեսի-Ռոնալդու լեգենդար դիմակայությունը, և այդ խաղը վերջինն էր Կրիշտիանուի համար «Յունայթեդի» մարզաշապիկով:

Քիչ թե շատ հավասար պայքարում անցած խաղի երկրորդ կեսում հաշիվը 1-0 էր՝ հօգուտ կատալոնացիների: Գնդակի վերահսկողությունը «Բարսելոնայի» ձեռքում էր, իսկ «Յունայթեդը» խաղում էր արագ հակագրոհների վրա: Դիրքայն գրոհներից մեկի ժամանակ Չավին բարձրից փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, ոչ բարձրահասակ Լիոնել Մեսին, որը երբեք չի փայլել երկրորդ հարկում, խփեց ֆուտբոլի պատմության ամենագեղեցիկ գլխով գոլերից մեկը՝ գնդակը տեղադրելով Էդվին վան դեր Սարի դարպասում: Նիդեռլանդցի դարպասապահը քարացած նայում էր, իսկ հետո արդեն «Բարսելոնան» բարձրացրեց իր պատմության 3-րդ ՉԼ գավաթը:

Դրոգբայի գլխի կրակոցը՝ ամենաանսպասելի պահին


Չեմպիոնների լիգայի 2011/12 մրցաշրջանի եզրափակիչ էին դուրս եկել «Բավարիան» ու «Չելսին»:

Առաջին հայացքից՝ ֆանտաստիկ խորագիր ունեցող եզրափակիչ՝ երկու գրանդ ակումբների միջև, բայց իրականում ուժերի շատ տարբեր հարաբերակցություն կար այդ խաղում: Յուպ Հայնկեսի «Բավարիան» խաղում էր վառ հարձակողական ֆուտբոլ, ուներ փայլուն անհատներ, մինչդեռ Ռոբերտո դի Մատեոյի «Չելսին» «Բարսելոնային» հաղթել էր գերպաշտպանողական ու նույնիսկ, կարելի է ասել, հակաֆուտբոլային մարտավարության շնորհիվ:

Մյունխենում կայացած եզրափակիչն էլ այդ տրամաբանությամբ անցավ: Գրոհում էր «Բավարիան», հարվածում էր «Բավարիան», գնդակին տիրում էր «Բավարիան»... Մյունխենցիներն ի վերջո բացեցին խաղի հաշիվը Տոմաս Մյուլերի գոլի շնորհիվ: Երբ թվում էր, թե ամեն ինչ, այդ թվում՝ նաև հաշիվը «Բավարիայի» օգտին է, անկյունայինի իրացումից հետո Դրոգբան բավական անհարմար անկյունից ուժեղ հարվածով գրավեց Մանուել Նոյերի դարպասի մոտակա անկյունը: Մյունխենն այնքան լուռ էր, որ նույնիսկ ճանճի տզզոցը լսելի էր:

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց «Չելսին» շնորհիվ Դրոգբայի վճռորոշ հարվածի և իհարկե գլխի այն հիասքանչ կրակոցի, որից էլ սկսվեց ամեն ինչ:

CR7 ինքնաթիռի վայրէջքը՝ Դե Խեայի դարպասում


2012/13 մրցաշրջանում «Ռեալի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» ճանապարհները խաչվեցին ՉԼ 1/8 եզրափակիչում: Խաղի գլխավոր ինտրիգը Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձն էր «Օլդ Թրաֆորդ» առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» լքելուց հետո: Ու հենց պորտուգալացին էլ դարձավ դիմակայության վճռորոշ ֆուտբոլիստը: 

Այո՛, դիմակայությունը վճռվեց Մանչեսթերում, բայց ամենագեղեցիկ գոլը (վիճելի պնդում է՝ չմոռանալով նաև Մոդրիչի կրակոցը) խփվեց Մադրիդում: Առաջին խաղը կայացավ «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում: Առաջին կեսում Անխել դի Մարիան կախեց գնդակը տուգանային հրապարակ: Թվում էր՝ փոխանցմանը ոչ ոք չէր հասնի, բայց բոլորը մոռացել էին CR7 ավիաուղու մասին: Ռոնալդուն բոլորից բարձր ցատկեց, օդում ժամադրեց գնդակին և ուղարկեց այն Դավիդ դե Խեայի դարպասը: Պատրիս Էվրան ցանկանում էր նայել երկնքին, բայց տեսավ Ռոնալդուի ոտքերը: 

92:48... Ռամոսի գլխով հարվածը՝ «Ատլետիկոյի» երազանքներին


Բնականաբար, այս ցանկում չէր կարող չլինել ՉԼ 2014-ի եզրափակիչը՝ մադրիդյան դերբին: Սիմեոնեի «Ատլետիկոն» սենսացիոն կերպով Իսպանիայի չեմպիոն դառնալուց հետո մտադիր էր գրավել նաև ամբողջ Եվրոպան: Մյուս կողմում «Ռեալն» էր, որը 12 տարվա դադարից հետո այս մրցաշարի եզրափակիչ էր հասել, իսկ նպատակը 10-րդ բաղձալի ու խորհրդանշական գավաթն էր:

Հանդիպումն այնքան էլ հաջող չէին սկսել «Ռեալի» ֆուտբոլիստները: BBC եռյակը՝ Ռոնալդուն, Բեյլն ու Բենզեման, ֆիզիկապես պատրաստ չէին 100 տոկոսով, Սիմեոնեն էլ գտել էր Անչելոտիի թիմի հակախաղը: «Չոլոյի» խաղային պլանն աշխատեց, աշխատեց 90 րոպե, նույնիսկ՝ ավելին, մինչև 92-րդ րոպեի 48-րդ վայրկյանը: Իսկ այդ պահին՝ «Удар и Сееееерхио Рамоооооооооооос !!! прости, мама, я вижу это...»,- լսվեց ռուս հայտնի մեկնաբան Կոնստանտին Գենիչի բղավոցը: Այո՛, Ռամոսը Մոդրիչի իրացրած անկյունայինից գլխով կատարեց անկասելի հարված, իսկ այդ գոլը, բացի գեղեցկությունից, պատմական նշանակություն ունեցավ «Ռեալի» համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա