Logo

Ամենախենթ շուկան. 6 մեգատրանսֆերներ, որ դեռ կարող են լինել

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 20.08.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
3202546 65606188 2560 1440 - Ամենախենթ շուկան. 6 մեգատրանսֆերներ, որ դեռ կարող են լինել

2021 թվականի ամառային տրանսֆերային շուկան դեռ երկար կհիշվի: 2020-ին կորոնավիրուսի պանդեմիայի արդյունքում աշխարհի բոլոր ակումբները ֆինանսական մեծ կորուստներ կրեցին, ինչի հետևանքով էլ տեսանք բավական պասիվ տրանսֆերային շուկա, բայց 1 տարի անց արդեն գրանդները բազմապատկեցին իրենց մեջ կուտակած տրանսֆերային քաղցն ու մեկը մյուսի հետևից սկսեցին բոմբել: Լիոնել Մեսին իր պրոֆեսիոնալ կարիերայում առաջին անգամ փոխեց ակումբը, Սերխիո Ռամոսը հեռացավ «Ռեալից», ՊՍԺ-ն ձեռք բերեց ամենահեռնկարային դարպասապահին ու աջ պաշտպանին, Լուկակուն 115 մլն եվրոյի դիմաց վերադարձավ «Չելսի», «Մանչեսթեր Սիթին» սահմանեց անգլիական ֆուտբոլի տրանսֆերային ռեկորդը՝ 117 մլն վճարելով Գրիլիշի համար, ՄՅՈւ-ն էլ իրականացրեց իր վաղեմի ցանկությունները՝ գնելով Սանչոյին ու Վարանին:

Բայց այս ամենով կինոն չի ավարտվում: Ամառային այս տրանսֆերային շուկայի ավարտին դեռ ավելի քան 10 օր է մնացել, և դեռ կարող են կայանալ մեգատրանսֆերներ, որոնք ավելի անմոռանալի կդարձնեն ամառային այս պատուհանը:

Կիլիան Մբապե – «Ռեալ»

Կիլիան Մբապեն ավելի քան մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն: Վերջին ամիսներին թե՛ ֆրանսիացի ֆուտբոլիստը, թե «Արքայական ակումբի» ղեկավարությունը գնացել են ծրագրված ճանապարհով ու արել են հնարավոր ամեն բան՝ գործարքն իրականացնելու համար: Մբապեն մերժեց ՊՍԺ-ի՝ նոր պայմանագիր կնքելու բոլոր 5 առաջարկները, որոնցից ամեն հաջորդը նախորդից ավելի շահավետ պայմաններով էր: Միակ հարցը, որ մնացել է՝ Մբապե – «Ռեալ» համագործակցության ժամկետն է. այս տարի 150 մլն-ի դիմա՞ց, թե՞ հաջորդ տարի՝ անվճար:

Mbappe tells PSG teammates he will stay this season, would join Real Madrid in 2022 -report - Managing Madrid

Marca-ն գրում է, որ Մբապեն պաշտոնապես հայտնել է իր դիրքորոշումը ՊՍԺ-ի ղեկավարությանը. թույլ տվեք ինձ հեռանալ ակումբից ու բանակցեք «Ռեալի» հետ: Հաղորդվում է, որ հավանական գործարքի ամենաառանցքային կերպարը ՊՍԺ-ի սեփականատեր, Քաթարի էմիր Թամիմ Բին Համադ Ալ Թանին է: Ֆլորենտինո Պերեսին վերջին ամիսներին շատ գործակալներ են մոտեցել՝ առաջարկելու իրենց միջնորդական ծառայությունները Մբապեի տրանսֆերի հարցով, բայց բոլորը մերժում են ստացել: Պերեսը գիտի, որ ոչ մի միջնորդ չի կարող որևէ կերպ նպաստել տրանսֆերին: Ամեն ինչ կախված է էմիրի զանգից, որը լինելու դեպքում կլինի ուղիղ բանակցություն էմիրի և Պերեսի միջև: Առաջիկա օրերին պարզ կդառնա՝ ՊՍԺ-ն վաճառում է Մբապեին՝ ընդառաջելով ֆուտբոլիստի ցանկությանն ու չխախտելով ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները, թե գոնե մեկ մրցաշրջան ըմբոշխնում Մբապե-Մեսի-Նեյմար հարձակողական եռյակ ունենալու բացառիկ վայելքը:

Հարի Քեյն – «Տոտենհեմ»

Պեպ Գվարդիոլան հասկանում է, որ «Մանչեսթեր Սիթին» հասցրել է ֆանտաստիկ խաղամակարդակի, լուծել է խաղային գրեթե բոլոր խնդիրները՝ նույնիսկ ամենախնդրահարույց գոտին՝ պաշտպանությունը, «քաղաքաբնակներին» դարձրել ՉԼ գլխավոր ֆավորիտներից մեկը: Բայց մի բան պակասում է՝ բազմազան ու բազմաթիվ գրոհների արդյունավետ եզրափակումը: Գոլի խնդիրը «Սիթիում» չի կարող լուծել նույնիսկ Ջեք Գրիլիշը, որի համար վճարվեց 117 մլն եվրո: Այդ խնդրի լուծումը Պեպը գտել է Հարի Քեյնի մեջ:

I will be returning to the club tomorrow' - Manchester City target Harry Kane denies refusing to train at Tottenham - Eurosport

Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ վերջին շաբաթներին փոխանցած տեղեկությունների, «Սիթին» պատրաստում է երկրորդ առաջարկը Քեյնի համար: Առաջին առաջարկը մանչեսթերյան ակումբն արել էր դեռ հունիսին՝ սեղանին դնելով 120 մլն եվրո, բայց այն շատ արագ մերժել էր «Տոտենհեմը»: «Սիթիի» երկրորդ առաջարկը լինելու է զգալիորեն ավելի շահավետ՝ 150 մլն եվրոյի տեսքով, բայց «քաղաքաբնակները» չեն շտապում այն ներկայացնել, քանի որ գիտակցում են՝ գործ ունեն աշխարհի ամենաբարդ բանակցող նախագահներից մեկի հետ: Դանիել Լևիի ծնկները երբեք էլ չեն դողացել 100 մլն եվրո տեսնելիս: Նա սառնասիրտ է, անզիջում ու պահանջկոտ:

Քեյնը ցանկանում է տեղափոխվել «Սիթի», «Սիթին» էլ ամեն ինչ անելու է մինչև շուկայի փակման վերջին օրը՝ Լևիին համոզելու համար: Չի բացառվում, որ գործարքում ներառվեն նաև «Սիթիի» ֆուտբոլիստներից ոմանք:

Մեր ընտրանին

Լաուտարո Մարտինես – «Տոտենհեմ»

Շատ չհեռանալով ու չշեղվելով «Տոտենհեմից»՝ հասկանանք, թե ով կարող է լինել Քեյնի փոխարինողը լոնդոնյան ակումբում: Բնական է՝ Քեյնի հավանական վաճառքից «Տոտենհեմն» ահռելի գումար է ստանալու ու միանգամից մտնելու է շուկա՝ թոփ հարձակվողի փնտրտուքով:

Վերջին շաբաթներին շրջանառվում է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի անունը: Միլանյան ակումբը նման է «ձևեր թափող» վաճառականի. թվում է՝ նրանք չեն ցանկանում հրաժարվել իրենց առաջատարներից, բայց հետո պարզ է դառնում, որ «փողին մուննաթ»: «Ներաձուրիների» համար, կարծես, առաջիկա մրցաշրջանում մարզական հավակնություններն ամբողջովին զիջում են ֆինանսական կայունություն ձեռք բերելուն: Եթե չլիներ այդպես, Անտոնիո Կոնտեն չէր հեռանա ակումբից: Նրանից հետո հեռացավ նաև Աշրաֆ Հաքիմին՝ 60 մլն-ի դիմաց, հետո արդեն Ռոմելու Լուկակուն՝ 115 մլն-ի դիմաց:

«Տոտենհեմը» մեծ գումար առաջարկելով Լաուտարոյի համար՝ կարող է ունենալ թոփ հարձակվող, որի խաղաոճը տարբերվում է Քեյնի ոճից, բայց նա պակաս արդյունավետ ու հեռանկարային չէ: Լաուտարոն Լուկակուի հետ նախորդ մրցաշրջանում կազմում էր Իտալիայի ամենավախեցնող հարձակման տանդեմը: Այդ տանդեմը վերջ դրեց «Յուվեի» գահակալմանը և նվաճեց Սկուդետոն:

Barça awaits attentive! Lautaro Martínez stops his renewal with Inter

Ժյուլ Կունդե – «Չելսի»

Ժյուլ Կունդեն նախորդ մրցաշրջանում «հաստատեց» իր՝ ամենացանկալի կենտրոնական պաշտպաններից մեկը լինելու թեկնածությունը: 22-ամյա ֆուտբոլիստը արագ է, թիկունքում՝ հուսալի, կարող է խաղալ թե՛ կենտրոնում, թե՛ աջ եզրում, հաջողությամբ միանում է հարձակմանն ու երբեմն խփում գոլեր: Եվրոպական մի շարք ակումբներ ցանկանում էին գնել Կունդեին, բայց այս կամ այն պատճառով տրանսֆերը չէր ստացվում: Պրեմիեր լիգայի ակումբներից ՄՅՈւ-ն գնեց Վարանին, իսկ «Տոտենհեմի» առաջարկը Կունդեն մերժեց, քանի որ ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում:

Ֆրանսիացուն գնելու ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկեց «Չելսին», որը լավ տարբերակ է թե՛ Կունդեի համար, թե՛ «Սևիլիայի»՝ հաշվի առնելով, որ ունի հնարավորություններ ֆինանսական պահանջները բավարարելու համար: Լոնդոնցիների համար էլ Կունդեն է գտածո. Տուխելը խաղում է 3 կենտրոնական պաշտպանով ու լատերալներով: Կունդեից ավելի հարմար ֆուտբոլիստ գերմանացի մասնագետը չի կարող գտնել:

Profiling reported Spurs and Chelsea transfer target Jules Koundé

«Չելսին» մոտ 35 մլն առաջարկել էր շաբաթներ առաջ: «Սևիլիան» մերժեց, բանակցություններն էլ ընդհատվեց, քանի որ «Չելսին» կենտրոնացավ Լուկակուի գործարքի վրա: Լուկակուի տրանսֆերը ձևակերպելուց հետո «կապույտների» ու «Սևիլիայի» միջև բանակցությունները վերսկսել են: Սպասվում է, որ «Չելսին» բարելավված առաջարկ կանի, «Սևիլիան» էլ կանի հերթական շահավետ գործարքը՝ գնելով էժան, վաճառելով թանկ: Հերթական անգամ բրավո Մոնչիին:

Դուշան Վլահովիչ – «Ատլետիկո»

Ա սերիայի նախորդ խաղարկության գլխավոր հայտնությունը կարող է փոխել ակումբը: 21-ամյա Դուշան Վլահովիչը դեռ իր հայրենիքում էր խփել բոլոր հնարավոր ռեկորդները՝ մինչև «Ֆիորենտինա» տեղափոխվելը: Նա դարձել էր «Պարտիզանի» հետ պրոֆեսիոնալ պայմանագիր կնքող ամենաերիտասարդ ֆուտբոլիստը երբևէ, դարձել էր ակումբի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որ անցկացրել է պաշտոնական խաղ, և դարձել ամենաերիտասարդը, որ մասնակցել է «Ցրվենա Զվեզդայի» հետ սկզբունքային դերբիին:

Ընդամենը 1 մլն եվրոյի դիմաց «Ֆիորենտինա» տեղափոխվելուց հետո Դուշանն ապացուցեց, որ ոչինչ պատահականություն չէր: Ա սերիայում անցկացրած 37 խաղում Վլահովիչը դարձավ 21 գոլի հեղինակ: Նրա որակներն անտարբեր չեն թողել ոչ-ոքի. ո՞ր ակումբը չի ցանկանա ունենալ մարդասպանի հատկանիշներով, ձախ ոտքի փայլուն հարվածով, հարձակվողի համար շատ կարևոր «քթածակով» ֆուտբոլիստի:

Այդ պատճառով է, որ Դիեգո Սիմեոնեի ընտրությունը տարբեր ֆուտբոլիստների մասին մտածելուց հետո (Բելոտի, Իկարդի, Լակազետ, Լաուտարո) կանգ առավ հենց Վլահովիչի վրա, որի համար «Ֆիորենտինան» ամենևին էլ քիչ գումար չի պահանջում՝ 70 մլն եվրո: Եվ «Ատլետիկոն» միակ տարբերակը չէ սերբ հարձակվողի՝ կարիերան շարունակելու համար: Վլահովիչին ցանկանում է գնել նաև «Յուվենտուսը»: «Ինտերը» կարող է հենց նրա միջոցով փոխարինել Լուկակուին, իսկ «Տոտենհեմը»՝ Քեյնին, եթե Քեյնը հեռանա, Լաուտարոյի տրանսֆերն էլ չստացվի:

Հանելուկային իրավիճակներ

Այսքանից հետո դեռ հայտնի չէ՝ ինչ է լինելու որոշ աստղերի հետ: Դեռ անորոշ է Կրիշտիանու Ռոնալդուի ապագան. հրապարակվեց տեղեկություն, որ նա կարող է վերադառնալ «Ռեալ»: Ճիշտ է՝ հետո մերժվեց այդ տեղեկությունը, բայց միևնույն է՝ ոչինչ հստակ չէ նրա հարցում: Խոսվում է Ռոնալդուի՝ ՊՍԺ հավանական տեղափոխության մասին: Էրլինգ Հալանդի ապագան էլ վերջնականապես որոշված չէ: Սեպտեմբերի 1-ից ակտիվանում է նրա հրաժարագինը՝ 75 մլն եվրոն, մինչդեռ հիմա «Բորուսիան» կարող է նորվեգացու դիմաց ստանալ շատ ավելին՝ մոտ 150 մլն եվրո: Տեղեկություն տարածվեց նույնիսկ Ռոբերտ Լևանդովսկու՝ «Բավարիայից» հեռանալու ցանկության մասին: Մյունխենցիներն էլ ասում են՝ վճարեք 115 մլն եվրո, և ստացեք նրան:

Մի խոսքով՝ այս խենթ տրանսֆերային շուկայում ամեն ինչ կարող է պատահել մինչև փակման վերջին րոպեն՝ օգոստոսի 31-ի կեսգիշերին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա