Logo

Ամենախոշոր գործարքի հետքերով. ո՞վ է «Չելսիի» նոր սեփականատերը և ու՞ր է տանելու լոնդոնյան թիմը

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
19:44 / 01.07.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Անգլիական «Չելսին» վերակենդանացավ, իսկ թիմի պատմությունը փոխվեց 19 տարի առաջ, երբ ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը ձեռք բերեց լոնդոնյան ակումբը 140 մլն ֆունտով: Նրա մուտքն անգլիական ֆուտբոլ նշանավորվեց ահռելի ներդրումներով, աստղային, ռեկորդային տրանսֆերներով, արդյունքում՝ սահմանվեցին նոր՝ «չգրված» օրենքներ և չափորոշիչներ: Անգլիական Պրեմիեր լիգայում ֆինանսական հնարավորություններն ուղիղ համետական դարձան հաջողություններին ու տիտղոսներին: Հիմա արդեն Լոնդոնի կապույտ հատվածը ներկայացնող ակումբի համար սկսվում է նոր դարաշրջան: Այն բանից հետո, երբ ռուս միլիարդատերը ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Մեծ Բրիտանիայի կառավարության ճնշման պայմաններում վաճառքի հանեց եվրոպական ֆուտբոլի ամենահաջողակ նախագծերից մեկը, շուրջ 300 ստացված հայտերից դիտարկվեց 100-ը, եզրափակիչ դուրս եկան «Չելսիի» երկրպագու սըր Մարտին Բրոուտոնն ու ամերիկացի բիզնեսմեն Թոդ Բոելին: Հենց վերջինը սեղանին դրեց 5.4 մլրդ դոլարի առաջարկ` իր կոնսորցիումով դառնալով ակումբի նոր պարագլուխը:  Սա սպորտային ակումբի համար երբևէ վճարված ամենախոշոր գումարն է:

VNews-ն առաջարկում է ծանոթանալ անգլիական ակումբի նոր սեփականատերերին, նրանց ունեցածքին, հասկանալ, թե նրանք որքան մոտ են սպորտին ու ֆուտբոլին, ինչ փոփոխություններ են նախատեսում, ինչ հայացքներ ու հավակնություններ ունեն Անգլիայում և Եվրոպայում, և, իհարկե, թե դրանք ինչ անդրադարձ կարող են ունենալ «Չելսիի» հետագա պատմության վրա: 

Ո՞վ է Թոդ Բոելին և ովքե՞ր են նրա թիմում

46-ամյա Բոելին սերտ կապեր ունի սպորտի հետ. նրան է պատկանում ամերիկյան ֆուտբոլում մեծ դիրք ունեցող «Լոս Անջելես Դոդջերսը»: Ճիշտ է` այս թիմը երբեք չի հաղթել Սուպերբոուլում, բայց մշտապես առանձնացել է խոշոր ներդրումներով, աստղեր հրավիրելով և նրանց թիմում պահելով: Կարելի է հաջողությամբ զուգահեռներ անցկացնել «Մանչեսթեր Սիթիի» հետ, որի համար նույնպես անկատար է մնում Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու երազանքը: Բացի «Դոդջերսից», Բոելին նաև բաժնեմաս ունի NBA-ը ներկայացնող «Լոս Անջելես Լեյքերսում»:

Forbes-ը պնդում է, որ Բոելին Guggenheim Partners վարկային կազմակերպության հիմնադիրն է և նրա կարողությունը գնահատում է 4,5 մլրդ դոլար:

«Ֆուտբոլն ամենատարածված սպորտաձևն է աշխարհում: Այն սերը, որով երկրպագուներն աջակցում են իրենց սիրելի թիմերին, աննման է: Այսպես՝ երբ սկսում ես մտածել, թե ինչ ես ցանկանում կառուցել այս թիմերի հետ, հասկանում ես, որ պարտավոր ես հաղթել, որպեսզի լինես այդ աշխարհի մի մասը»,- ասել է Թոդ Բոելին:


2017թ.-ից նա մի քանի հարցազրույցում ակնարկներ է արել անգլիական Պրեմիեր լիգայից որևէ ակումբ ձեռք բերելու ցանկության մասին, 2019-ին նույնիսկ առաջարկով դիմել է Աբրամովիչին, սակայն մերժում ստացել: Այդպես ռուս բիզնեսմենն ակումբը վաճառքի հանելուց հետո կապ է հաստատել կոնսորցիումի անդամ Հանսյորգ Վիսի հետ, որն իր թիմի հետ անցել է կոնկրետ գործողությունների:

«Անգլիայի Պրեմիեր լիգան լավագույն առաջարկները, ամենաբարձրակարգ ու որակյալ ֆուտբոլիստներն ունեցող առաջնությունն է»,- ասել է Վիսը:

Վիսը շվեյցարացի բիզնեսմեն է, որի ունեցվածքը գնահատվում է 5 մլրդ դոլար: Շվեյցարական կայքերը նրան անվանում են աշխարհի ամենաառատաձեռն մարդկանցից մեկը: Չնայած 87-ամյա մեծահարուստը հետաքրքրված չէ սպորտով, այնուամենայնիվ «թոշակառուները» միանշանակ դեմ չեն իրենց թիմում ունենալ առողջապահական ու բնապահպանական ոլորտում լուրջ կապեր ունեցող ֆիգուր:

Բոելիից ու Վիսից հետո գերհզոր կոնսորցիումի երրորդը դեմքը, որքան էլ անընդունելի լինի «կապույտների» երկրպագուների համար, «Տոտենհեմի» նվիրված երկրպագու, իրավական, անշարժ գույքի ոլորտի, առքուվաճառքի լավագույն մասնագետներից Զոնատան Գոլդսթեյն է: Նա CAIN բազմազգ ընկերության հիմնադրիրն է ու գործադիր տնօրենը: Ընկերության ակտիվները գնահատվում են 8 մլրդ դոլար: Լոնդոնյան ակումբի նոր սեփականատերերն ամեն ինչ մշակել են, ու Գոլդսթեյնը հստակ առաքելություն ունի «Չելսիի» նոր նախագծում, որը կներկայացնենք ստորև:

Այնուամենայնիվ, Բոելիի առաջնորդած կոնսորցիումից ամենամեծ թվով բաժնեմասերը պատկանում են ներդրումային ClearClarke ընկերությանը, որի ընդհանուր կարողությունը հասնում է ոչ ավելի, ոչ պակաս 600 մլրդ դոլարի:

Նպատակներ, անելիքներ ու փոփոխություններ

Վերոնշյալ ընկերությունների ու բիզնեսմենների հայտարարությունները և հարցազրույցները ընթերցելով՝ վստահ կարելի է պնդել, որ նպատակներից մեկը «Չելսիի» հաջողությունները զարգացնելն է, ասել է թե՝ ավելի շատ տիտղոսները հաղթելը: Բոելիի համար որպես հիմք են ծառայելու նախկին սեփականատիրոջ կատարած աշխատանքն ու նվաճումները: 

  • «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտի վերակառուցում 

Ըստ անգլիական մամուլում շրջանառվող լուրերի` մարզադաշտի վերակառուցման նախագիծ ունենալը եղել է Աբրամովիչի նախապայմաններից մեկն ակումբը վաճառելիս: Ռուս բիզնեսմենը 2 մլրդ էր նախատեսել ստադիոնի ռենովացիայի համար, սակայն Բոելին նախատեսում է կատարել ժամանակակից թարմացումներ, ավելացնել տարողականությունը՝ ներդնելով 1,5 մլրդ դոլար: Վերակառուցման բոլոր աշխատանքները համակարգելու է Զոնատան Գոլդսթեյնը, որը, ինչպես նշեցինք, մեծ փորձ ունի այս ոլորտում: «Չելսիի» երկրպագուների համար ուրախալի է նաև այն, որ իրենց տնային մարզադաշտի հասցեն չի փոխվի:

  • Ներդրումներ կանանց թիմում ու ակադեմիայում

Պայմանագրով նոր սեփականատերերը պարտավորվել են նաև նվազագույնը 1 մլրդ դոլարի ներդրումներ կատարել ակադեմիայի ու նոր տաղանդների զարգացման, ինչպես նաև կանանց թիմի զարգացման համար:

«Բոլորս 100%-ով մասնակցում ենք ակումբի վերաբերյալ յուրաքանչյուր գործընթացի: Որպես սեփականատերեր՝ մեր տեսլականը հստակ է՝ ցանկանում ենք երջանկացնել երկրպագուներին: 

Մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու և լավագույն տաղանդներին աճեցնելու մեր հանձնառության հետ մեկտեղ՝ մեր ծրագիրն ակումբում երկարաժամկետ ներդրումներ կատարելն է` հիմնվելով «Չելսիի» հաջողության ուշագրավ պատմության վրա»:

  • Ֆուտբոլային ակումբ` նաև ոչ ֆուտբոլային նպատակների համար

Նույնիսկ աշխարհի ամենահարուստ բիզնեսմեններին բախտ չի վիճակվում դառնալ անգլիական ակումբի սեփականատեր. դա երկար ու ժամանակատար գործընթաց է, որն առավելապես պահանջում է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի «օրհնությունը»: «Չելսին» Բոելիի ու նրա թիմակիցների համար դուռ է, որտեղից բացվում են անսահման հնարավորություններ՝ իրականացնելու բազմաթիվ կոմերցիոն, սոցիալական բնույթի ծրագրեր ու արշավներ: Նրանք այն կարծիքին են, որ մինչև օրս այս ակումբի պոտենցիալն ամբողջությամբ գործի չի դրվել: Բայց այդ «սխալը» նրանք պատրաստվում են ուղղել կարճաժամկետ ծրագրով:

  • Քարտ-բլանշ Թոմաս Տուխելին

Թոդ Բոելին ակումբի ղեկն ստանձնելուց հետո հասկացրել է, որ ամբողջությամբ վստահում է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին ու նրան համարում եվրոպական ֆուտբոլի լավագույն մասնագետներից: Նա պատրաստ է կատարել Տուխելի բոլոր տրանսֆերային ցանկությունները, ու ըստ The Telegraph-ի՝ այս ամռանը 200 մլն ֆունտ բյուջե է առանձնացրել՝ նոր համալրումներ կատարելու համար: Ամերիկացին հավատացած է, որ եթե գերմանացի մարզչին ժամանակ տա, ապա նա կկարողանա Պեպ Գվարդիոլայի ու Յուրգեն Կլոպի նման կառուցել հզոր և բալանսավորված կոլեկտիվ:

«Մենք միասին ճաշել ենք: Ներկա էին բոլորը` խաղացողներից մինչև անձնակազմի անդամներ: Դա ընկերական, անկեղծ զրույց էր, ոչ պաշտոնական բնույթի հանդիպում` կես ժամով կամ 40 րոպեով: 

Ոչինչ մանրամասն չենք քննարկել. այդ պահը չէր: Պարզապես ծանոթանում էինք: Այդ օրն ավելի շատ խոսեցինք բեյսբոլից: Երբ պահը գա, մենք մտքեր կփոխանակենք»,- ասել է Թոմաս Տուխելը:

Գերմանացու նշած հանդիպումը, ըստ ամենայնի, արդեն կայացել է, ու դրանից ժպիտով հեռացել են բոլորը: Բոելին ցանկանում է որքան հնարավոր է թեթևացնել մարզչի պարտականությունների բեռը: Նա նույնիսկ մտադիր է հատուկ աշխատակից վարձել, որը մեդիայի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ կպատասխանի տեխնիկական ու քաղաքական բնույթի հարցադրումներին:

  • Աբրամովիչի վստահված անձինք հեռանում են

Թոդ Բոելին արդեն իսկ ոչ միայն ակումբի սեփականատերն է, այլև նախագահն ու սպորտային տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը: 

Հավանաբար ոչ մեկի համար էլ անակնկալ չեղավ, որ Աբրամովիչի հետ հեռացան նաև նրա կառուցած ամրոցի գլխավոր հենասյուները` սպորտային տնօրեն Մարինա Գրանովսկայան ու նախագահ Բրյուս Բակը:

Աբրամովիչի անձնական օգնականից մինչև սպորտային տնօրեն: Պատահական չէ, որ Գրանովսկայան 2021-ին նույնիսկ ճանաչվել է եվրոպական ֆուտբոլի լավագույն սպորտային տնօրենը: Երկրպագուների սիրուն նա արժանացել է մի քանի բարդ ու աղմկալի գործարքներ իրականացնելուց հետո: Ակումբի նոր ղեկավարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել նրա հետ, որ ռուսական արմատներով կանադուհին աջակցի ակումբին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, անհրաժեշտության դեպքում օգտագործի իր կապերն ու մասնակցի բանակցային գործընթացներին:

Եվ մեկ փաստ գալիս է ապացուցելու Բոելիի պրոֆեսիոնալ ու խորամիտ դատողությունն ակումբի ղեկավար կազմի ձևավորման հարցում. նախքան նշանակումներ կատարելը, նա ցանկանում է նստել այդ աթոռներին, անմիջական ծանոթանալ աշխատանքի բնույթին ու բոլոր նրբություններին, որպեսզի հետագայում կարողանա ճիշտ ընտրություն կատարել ու այնուհետև՝ համապատասխան խնդիրներ դնել նոր պաշտոնակատարների առջև:

Անհետաձգելի խնդիրներ

Բոելին շահեց երկրպագուների սերն ու հարգանքը, երբ որոշեց Ռոմելու Լուկակուին վարձավճարով ուղարկել Միլանի «Ինտեր»: Բանն այն է, որ Աբրամովիչն ու Գրանովսկայան ցանկանում էին ևս մեկ մրցաշրջան բելգիացուն պահել թիմում: Բայց մի բան ակնհայտ է` «Չելսին» այլևս չունի գոլահար:

Եվ, բնականաբար, երկրպագուներն արդեն սկսում են կորցնել իրենց համբերությունը. նոր տրանսֆերների մասին ակումբը չի հայտարարել, ու բոլոր բանակցությունները դեռևս անարդյունք են: Խնդիրներ կան, լուծումներ` դեռևս ոչ: Եթե կիսապաշտպանությունում ու դարպասապահի դիրքում «թոշակառուներն» առայժմ չունեն համալրման կարիք, ապա մյուս դիրքերում ամեն ինչ առավել անհանգստացնող է:

Թիմից արդեն հեռացել է Անտոնիո Ռյուդիգերը, նրա օրինակին, ամենայն հավանականությամբ, կհետևի նաև Անդրեա Քրիստենսենը, շրջանառվում են նաև Մարկոս Ալոնսոյի ու Սեզար Ասպիլիկուետայի անունները: 

Ըստ շշուկների` ակումբի նոր ղեկավարությունը դիտարկում է 8 պաշտպանի թեկնածություն, բայց առավել ինտենսիվ բանակցություններ են ընթանում «Սևիլիայի» հետ` Ժյուլ Կունդեի տրանսֆերային իրավունքի ձեռքբերման համար: Սակայն այստեղ էլ նրանց մրցակցություն է առաջարկում «Բարսելոնան»: Լոնդոնյան ակումբը կատալոնացիների ձեռքից էլ ցանկանում է փախցնել Ուսման Դեմբելեին, որն ազատ գործակալ է, սակայն դեռևս չի կողմնորոշվել ապագայի վերաբերյալ: Անգլիացիները նաև լուրջ քայլեր են ձեռնարկում՝ «Մանչեսթեր Սիթիի»  ֆուտբոլիստ Ռահիմ Ստեռլինգին թիմ բերելու համար:

«Չելսիի» նոր ղեկավարները, նոր տրանսֆերներից զատ, պետք է նաև սկսեն բանակցել Նգոլո Կանտեի, Ժորժինյոյի ու Մեյսոն Մաունթի պայմանագրերի թարմացման վերաբերյալ, քանի որ ժամկետները մոտենում են ավարտին:

Բոելին, որը նորեկ է ֆուտբոլային բիզնեսում ու հավանաբար նոր է սերտում հիմնական սկզբունքները, կարճ ժամանակում պետք է կարողանա գլուխը բարձր դուրս գալ տրանսֆերային շուկայից կամ էլ ապավինել մարդկանց, որոնք իսկապես փորձ ունեն այս հարցերում: Ճնշումն իսկապես մեծ է, քանի որ մոտավորապես մեկ ամիս անց շատերը կշտապեն ու կփորձեն տալ իրենց գնահատականներն ու եզրահանգումները: Այո՛, իսկապես հետաքրքիր է իմանալ` նրանք կգնա՞ն Աբրամովիչի ճանապարհով` ռեկորդային տրանսֆերների ու աստղաբաշխական աշխատավարձերի հետքերով, թե՞ կտեսնենք այլ ձեռագիր: Ցանկացած պարագայում մեկ-երկու տրանսֆերային պատուհանը կարճ ժամանակ է կերպարի վերջնական ձևավորման համար:

Ամեն դեպքում մի հետաքրքիր զուգադիպություն կա. երբ 19 տարի առաջ Ռոման Աբրամովիչը դարձավ «Չելսիի» սեփականատերը, Անգլիայում գերիշխում էին ու տոն էին տալիս «Արսենալն» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Հիմա նմանատիպ իրավիճակ է, պարզապես դերակատարներն են փոխվել. այս անգամ բոլորից մի քանի գլուխ բարձր են «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը», և միգուցե ապագայում լոնդոնյան թիմը նվազագույնը միանա այս խելահեղ մրցավազքին` դառնալով երրորդ ուժը...

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա