Logo

Ամերիկյան լավագույն վեպ. «Ժամերը» հայերեն թարգմանությամբ

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 24.03.2021Հեղինակներ
ժամերը - Ամերիկյան լավագույն վեպ. «Ժամերը» հայերեն թարգմանությամբ

Մայքլ Քանինգհեմ. ժամանակակից ամերիկյան և համաշխարհային գրականության ամենահայտնի և տաղանդավոր գրողներից մեկը:

Քանինգհեմի ամենահայտնի գործը «Ժամերը» (The Hours) վերնագրով վեպն է՝ տպագրված 1998 թ.: Այն 1999-ին ճանաչվել է ամերիկյան լավագույն վեպ և արժանացել Պուլիցերյան, PEN/Faulkner, GLBT Book մրցանակների նույն տարում:

Սյուժե

Վեպը պատմում է 3 կանանց կյանքի մասին. 3 կին իրարից տարբեր և իրար նման, տարբեր ժամանակներում ապրող, իրար հետ կապ չունեցող և կապված՝ երջանկության որոնումներում խճճված լինելու իրողությամբ և իրենք իրենցից փրկություն գտնելու անկարողությամբ: 3 կին. 20-րդ դարի անգլիական գրականության ամենահայտնի գրողներից մեկը՝ Վիրջինիա Վուլֆ, 50-ականների Լոս Անջելեսում ապրող տնային տնտեսուհի Լորա Բրաուն, և ժամանակակից Նյու Յորքում ապրող լեսբուհի Կլարիսսա Վոգան: Այս 3 կանանց միավորող ամենամեծ ուժը գրականությունն է. Վուլֆը գրում է, Լորան կարդում է Վուլֆի գրածը, իսկ Կլարիսսան գրականությամբ է զբաղվում:
Այս վեպին և Քանինգհեմի գրողական ոճին առհասարակ բնորոշ է նուրբ լեզվազգացողությունը, բանաստեղծականության հասնող նկարագրականության նրբությունը, մանրուքները տեսնելու ու նկարագրելու յուրահատուկ գեղեցկությունը: Քանինգհեմը գեղեցիկ արձակի գրող է, նա լեզվապաշտ է, գեղեցիկի, նրբագեղի գովերգու:

2002 թ. անգլիացի ռեժիսոր Սթիվեն Դորդլին «Ժամերը» ֆիլմը դարձրեց՝ հոլիվուդյան 3 տաղանդավոր դերասանուհիների մասնակցությամբ՝ Նիքոլ Քիդման (Վուլֆ), Ջուլիանա Մուր (Լորա), Մերիլ Սթիփ (Կլարիսսա):

«Ժամերը» վեպը 2020-ին թարգմանվել է հայերեն: Թարգմանիչ՝ Սևակ Ղազարյան:

118352594 1240275309657079 5603035724613665151 n - Ամերիկյան լավագույն վեպ. «Ժամերը» հայերեն թարգմանությամբ

Քանինգհեմի մասին

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 6-ին Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում: Տպագրվել սկսել է 1970-ականներից: The New Yorker, Atlantic Monthly, Paris Review գրական ամսագրերում տպագրվում էին նրա պատմվածքները: 1990 թ. Քանինգհեմը տպագրում է իր 1-ին վեպը՝ «Ոսկե Նահանգներ» վերնագրով (Golden States) և փոքրաթիվ տպաքանակով: (Այս վեպը հեղինակը չէր հավանում. նրա իսկ պնդմամբ այն էլ երբեք չի վերահրատարակվել): Գրողի 2-րդ վեպն է՝ «Տունը աշխարհի ծայրին» (A Home At the End of the World): 2004 թ. այս գրքի հիման վրա ֆիլմ նկարվեց:

2005 թ. Քանինգհեմը հրատարակում է իր 4-րդ վեպը՝ «Ընտրված օրերը» (Specimen Days): Դարձյալ սյուժետային 3 տարբեր գծեր, որոնք անպայմանորեն մի տեղ միանում են և անպայմանորեն կապվում են գրականությամբ՝ այս անգամ Ուոլթ Ուիթմենի պոեզիայով: 3 սյուժեներն ունեն նաև այլ ընդհանրություններ. կերպարների նույն կազմը՝ տղամարդ, կին, տղա, 3-ի գործողություններն էլ Նյու Յորքում են տեղի ունենում: Առաջին մասում դարասկզբի Նյու Յորքում բնակվող ընտանիքի դժբախտ պատմություն է, 2-րդը՝ սեպտեմբեր 11-յան ահաբեկչությունից հետոյի թրիլլերի ժանրով գրված պատմություն է,  3-րդի գործողությունները տեղի են ունենում պոստապոկալիպտիկ ապագայում:

Մայքլ Քանինգհեմը այժմ ապրում է Նյու Յորքում ևգրականություն է դասավանդում Յելի համալսարանում:

Գիրքը, որ հեղինակը երազում տեսնում է, միշտ ավելի լավն է նրանից, որն ինքն ի վիճակի է թղթին փոխանցել:

Կարդացեք լավ գրականություն: 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա