Logo

Ամռան գլխավոր անակնկալի հետքերով. ինչ եղավ «Բարսելոնայի» պարտքը, ու ինչպես թիմը գրանցեց թոփ տրանսֆերներ

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
18:26 / 08.09.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Կատալոնական «Բարսելոնան» նախորդ մրցաշրջանում ռեկորդային կորուստ ու պարտք ուներ, իսկ արդեն ընթացիկ մրցաշրջանից առաջ ռեկորդային տրանսֆերներ իրականացրեց և ֆուտբոլային շուկայի առք ու վաճառքի գլխավոր թելադրողն էր:

Ինչպե՞ս նրանք կարողացան ի վերջո ձեռք բերել ու գրանցել Ռաֆինյային, Ժյուլ Կունդեին, Ռոբերտ Լևանդովսկիին, Ֆրանկ Կեսիեին, Անդրեաս Քրիստեսենին, Մարկոս Ալոնսոյին ու Հեկտոր Բելյերինին, ի հավելումն՝ թարմացրին թիմի մի շարք խաղացողների հետ պայմանագրերը: Չէ՞ որ նրանք 1 միլիարդից ավելի պարտք ունեին այն բանից հետո, երբ 2021-ի մարտին տխրահռչակ նախագահ Խոսեպ Բարտոմեուն հեռացավ պաշտոնից: Այդ պարտքի հետևանքով թիմից հեռացան առաջատար ֆուտբոլիստներ, այդ թվում` «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր ու ակումբի լեգենդար խաղացող Լիոնել Մեսին: 2021/22 մրցաշրջանը վայրիվերումներով լի ստացվեց «Կապտանռնագույնների» համար, սակայն հիմա նոր ու թիրախային համալրումների շնորհիվ նրանք նորից բռնել են վերելքի ուղին: 

Այնուամենայնիվ, վերոնշյալ հարցերի պատասխանները շատերի համար դեռևս մնում են օդում կախված: Լիարժեք պատասխանի ու ամբողջական պատկեր կազմելու համար նախ և առաջ VNews-ն առաջարկում է հասկանալ, թե ինչպես իսպանացիները հայտնվեցին նման անդունդում, ինչպես են աշխատում Լա լիգայի ֆինանսական ֆեյր-փլեյի (ՖՖՓ) կանոնները ու հետո միայն ստանալ գլխավոր հարցի պատասխանը:

Թուլակամ, անհեռատես Բարտոմեուն ու կործանարար հետևանքները

2015-ի հունիսի 5-ը պատմական էր «Բարսելոնայի» համար: Օր, երբ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաղթեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչում` ձևակերպելով թրեբլ: Այդ ակնառու իրադարձությունից մի քանի օր անց ակումբի նախագահի պաշտոնն ստանձնեց Խոսեպ Մարիա Բարտոմեուն, ու այդ ժամանակներից ի վեր՝ կատալոնացիներին չհաջողվեց անգամ մոտ գալ նման բարձունքներին:

Ակումբի փառքով արբեցած նորընտիր նախագահը խզեց պայմանագիրը Qatar Airways-ի հետ` հույս ունենալով ձեռք գցել ավելի շահավետ հովանավորի, սակայն դա այդպես էլ մնաց անկատար: 

Սպորտային տեսանկյունից ևս իսպանացի գործարարը մի քանի ճակատագրական սխալ թույլ տվեց` ձեռք բերելով Արդա Տուրանին, Ալեյշ Վիդալին, Լուկա Դինին, Անդրե Գոմեշին ու Սամուել Ումտիտիին, որոնք բոլորն էլ «Բարսայում» դատապարտված էին անհաջողությունների:

Միաժամանակ Բարտոմեուն նոր, երկարաժամկետ ու շքեղ պայմանագրեր առաջարկեց Ժորդի Ալբային, Սերխիո Բուսկետսին, Ժերար Պիկեին ու Լուիս Սուարեսին: 

Արդյունքում, իսպանական հսկան դարձավ եվրոպական ակումբների շրջանում ամենախոշոր աշխատավարձերի բյուջե ունեցողն ու հետևաբար ամենից շատ կորուստները կրեց, երբ աշխարհի դուռը թակեց կորոնավիրուսի համավարակը:

Սակայն «մահացու» հարվածը Բարտոմեուի ղեկավարած թիմն ակումբին հասցրեց Նեյմարի` 2017-ի ՊՍԺ տեղափոխությունից հետո: Բրազիլացու տրանսֆերից ստացած կլորիկ գումարը անհեռատեսորեն ուղղվեց Նեյմարի փոխարինողների ձեռքբերմանը` Ուսման Դեմբելե, Ֆիլիպե Կոուտինյո ու Անտուան Գրիզման, որոնք ոչ միայն խաղադաշտում «որոտ» չառաջացրին, այլև հարմար տեղավորվեցին «Հուսեփ աղայի պայուսակում»՝ իրենց աստղաբաշխական աշխատավարձերով: Ի դեպ, Լեո Մեսիի հեռանալուց հետո հենց Կոուտինյոն ու Գրիզմանն էին թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողները:

Բարտոմեուի անվանն առնչվող ամենավերջին սկանդալը դարձավ այն, որ նրան մեղադրեցին PR ընկերություն վարձելու մեջ, որը սոցիալական ցանցերում արշավ էր սկսել սեփական ֆուտբոլիստների դեմ:

Բարտոմեուի թողած քաոսը, պարտքերը, թիմին օգուտ չբերող բարձր աշխատավարձերով խաղացողներին «ժառանգեց» Ժոան Լապորտան, որը երկրորդ անգամ ձեռնամուխ եղավ «Բարսելոնային» փրկել անկումից ու սնանկացումից:

«Դու չգիտես իրական թվերը, քանի դեռ չես անցնում ակումբի ղեկին: Ես գիտեի, որ ամեն ինչ վատ է, բայց ոչ այս աստիճան: Աշխատավարձերի վճարումն այդ ժամանակ հետաձգել էին: Եվ խոսքը նորմալների մասին չէ, խոսքը չափազանց բարձր աշխատավարձերի մասին է, որոնք մենք չենք կարող մեզ թույլ տալ: Երբ ես եկա ակումբ, հասկացա, որ չենք կարող վճարել մայիս ամսվա աշխատավարձերը»,- Ժոան Լապորտա:

Լապորտայի թիմը կարողացավ վաճառել Ֆիլիպե Կոուտինյոյին 20 մլն եվրոյով, իսկ Գրիզմանին վարձավճարով ուղարկեց «Աթլետիկո»` նրա պայմանագրում պարտադիր ձեռքբերման կետ ներառելով: Իսկ մյուս ֆուտբոլիստներից ազատվելն այնքան էլ հեշտ առաջադրանք չէր, քանի որ նրանց ծառայությունները չէին հետաքրքրում ակումբներին: Նույնիսկ մի շարք խաղացողների ճանապարհելուց հետո «Բարսայի» աշխատավարձի թույլատրելի սահմանաչափը, «Ռեալի» 739 մլն եվրոյի համեմատ, 98 մլն եվրո էր: Հենց այդ ժամանակ էլ նրանք դարձան միակ իսպանական թիմն աշխատավարձի բացասական սահմանաչափով: 

2019/20 մրցաշրջանում` կովիդյան ժամանակներում, «Բարսելոնան» հայտարարեց 98 մլն եվրոյի կորուստի մասին, հաջորդ մրցաշրջանում` Լապորտայի գալուստից հետո, այդ թիվը հասավ 481 մլն եվրոյի: Այնուհետև հայտնի դարձավ, որ կատալոնացիների ընդհանուր պարտքը գերազանցում է 1 միլիարդ եվրոն:

Նախքան պարզելը, թե ինչպես Լապորտան, ինչպես ինքն է ասում, գործի դրեց «տնտեսական լծակները» ու դուրս բերեց ակումբին անելանելի թվացող իրավիճակից, հասկանանք, թե ինչպես են աշխատում Լա լիգայի օրենքները, որոնք գլխացավանք են «Կապտանռնագույնների» համար:

Ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնը Լա լիգայում

Լա լիգայի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները (ՖՖՓ) բացառիկ են Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնի համար և զգալիորեն տարբերվում են ՈւԵՖԱ-ի կամ այլ կազմակերպությունների որդեգրած սկզբունքներից:

Համաճարակից հետո եվրոպական լիգաների մեծ մասը ժամանակավոր կասեցրին բոլոր կանոնակարգերի կիրառումը` գիտակցելով, որ առանց դրա էլ ամեն ինչ բարդ է ճգնաժամում հայտնված թիմերի համար: Սակայն Լա լիգայի դեպքում ամեն ինչ այլ էր. նրանք էլ ավելի բարդացրին նոր խաղացողներ ձեռքբերումը ու նրանց գրանցումը:

«Իսպանիայում գործող ՖՖՓ կանոնները լուրջ խոչընդոտ են մեր ճանապարհին: Մենք պետք է հաղթահարենք սա: Մենք աջակցություն չունենք Լա լիգայից: Այստեղ օրենքները շատ ավելի խիստ են` համեմատած մյուս երկրների»:

ՖՖՓ-ն Լա լիգայում կարելի է նկարագրել որպես աշխատավարձերի վիրտուալ տիրույթ, որը պարտավորեցնում է ակումբներին գրանցել խաղացողների ու մարզիչների աշխատավարձերը: 

Պայմանավորված ակումբի բյուջեով՝ Լա լիգան նշանակում է որոշակի սահմանաչափ՝ գրանցելու համախառն աշխատավարձերը և ամբողջ թիմի հնարավոր ամորտիզացիոն քվոտան մեկ մրցաշրջանի ընթացքում: Այդ թվերը որոշվում են՝ ակումբի եկամուտից հանելով պարտքերն ու ծախսերը: Եթե ակումբը գերազանցում է սահմանաչափը, ապա կազմակերպությունն իրավունք ունի գանձելու տույժեր կամ վատագույն դեպքում թիմին իջեցնել մեկ դիվիզիոնով:

Առկա սահմանափակումների պարագայում էլ ավելի է բարդանում նոր խաղացողներ գրանցելը: Բանն այն է, որ ֆուտբոլիստի համար վճարվելիք տրանսֆերային արժեքը պետք է ամորտիզացվի՝ խաղացողի պայմանագրի ժամկետին համապատասխան: 

Օրինակ` եթե ակումբը նոր խաղացող է գնում 20 մլն եվրոյով, նրա հետ կնքում է 4 տարվա պայմանագիր, ապա 5 միլիոնը գումարվում է խաղացողի տարեկան աշխատավարձին ու ամորտիզացվում 4 տարվա մեջ: 

Ենթադրենք՝ խաղացողը վաստակում է 8 մլն եվրո աշխատավարձ մեկ մրցաշրջանում, ապա ակումբը ՖՖՓ-ի կանոններին համապատասխանելու համար թույլատրված բյուջեում պետք է ունենա մոտ 13 մլն եվրո:

Ինչպես Լապորտան հնար գտավ անհնար իրավիճակում

Ժոան Լապորտան «Բարսելոնայի» նախագահի ընտրություններում հաղթելուց որոշ ժամանակ անց անկեղծացավ ակումբին նվիրված մարդկանց ու երկրպագուների հետ, որ ղեկն ստանձնելուց ու ֆինանսական իրավիճակին ամբողջությամբ ծանոթանալուց հետո մտածում էր, որ երկու ելք կա. առաջինի դեպքում «Բարսելոնան» հայտարարվում էր սնանկ, երկրորդի դեպքում ներգրավվում էին ներդրողներ:

«Բայց համոզված եղեք` այս ակումբը երբեք չի պատկանի 3-րդ կողմի: Այս ակումբը հավերժ լինելու է սոսիոներինը»,- Լապորտա:

Այսպես, Լապորտան իր թիմի հետ գտավ 3-րդ տարբերակը, որի իրականացնելն ամենևին դյուրին չեղավ, բայց թույլ տվեց ակումբին պահպանել իր արժեքները, հեղինակությունն ու, որն առավել կարևոր է, դառնալ նորից մրցունակ Իսպանիայում ու Եվրոպայում: 

Հունիսին Լապորտան կանաչ լույս ստացավ ակումբի ասամբլեայից՝ վաճառելու ֆինանսական բաժնեմասերի առաջին փաթեթը ներդրումային Sixth Street ընկերությանը: Այս գործարքից ակումբը ստացավ 207.5 մլն եվրոյի եկամուտ:

Նույն նիստի ընթացքում նախագահը հայտարարեց, որ իրենք հաջողությամբ մոտ 700 մլն եվրոյի կարճաժամկետ վճարվելիք պարտքը վերածել են երկարաժամկետի: Ըստ Reuters-ի` ակումբը կարողացել է լուծել այս խնդիրը՝ Goldman Sachs-ից վերցնելով 600 մլն եվրոյի վարկ: Պայմանագրով այս գործարքը ներառում է 5 տարվա արտոնյալ ժամկետ, որպեսզի ներգրավված անձինք վնասներ չկրեն: Goldman Sachs-ը նաև ֆինանսավորելու է ակումբի ստադիոնի վերանորոգումը 35 տարվա ծրագրի շրջանակում:

Ինչպես արդեն նշել էինք, Լապորտան իր խոսքում հաճախ օգտագործում էր «տնտեսական լծակներ» եզրույթը՝ որպես ճգնաժամի հաղթահարման լավագույն տարբերակ: Եվ ահա առաջին այդպիսի լծակը նրանց պատկանող լիցենզավորման ու առևտրի ֆիրմայի 49.9% բաժնեմասի վաճառքն էր: Ակումբն այս գործարքից ստացել է 300 մլն եվրո` պահպանելով հսկիչ փաթեթն ու հետգնման իրավունքը:

Երկրորդ լծակը վերաբերում է «Բարսելոնայի»՝ Լա լիգայի խաղերի հեռուստատեսային եկամուտների 25%-ի վաճառքին՝ ոչ ավելի, քան 25 տարի ժամկետով: 10%-ի դիմաց ԱՄՆ ներդրումային Sixth Street ընկերությունը վճարել է 207,5 մլն եվրո, իսկ 15%-ի համար տարբեր ընկերություններից ակումբի քսակում ավելացվել էր մոտ 400 մլն եվրո:

Չմոռանանք նաև, որ «Բարսան» պայմանագիր կնքեց Spotify-ի հետ, որով տնային մարզադաշտը վերանվանվել է «Սփոթիֆայ Կամպ Նոու»: Ըստ կատալոնական RAC1 հեռուստաալիքի՝ գործարքն արժեցել է մոտ 280 միլիոն եվրո, նախատեսված են նաև տարեցտարի աճող հավելավճարներ:

«Այս պայմանագրերը կնքվելու են՝ պարզապես դրանք կնքելու համար: Կետեր կլինեն, որոնք թույլ կտան մեր իրավունքները հետ գնել: Մենք համագործակցելու ենք միմիայն այն ընկերությունների հետ, որոնց քաջածանոթ ենք»,- Լապորտա:

Հենց այս գործարքների միջոցով «Բարսելոնան» կարողացավ ձեռք բերել 7 ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունք` նրանց համար վճարելով ընդհանուր 153 մլն եվրո: Իհարկե, մեծ դեր խաղացին ակումբի անունն ու կշիռը եվրոպական թիմերի շրջանում: Շատերը չեն, որ կմերժեն «Բարսելոնային»:

Ակումբի համար էական էին նաև հանդերձարանում այդ խաղացողների համար տեղ ազատելն ու ֆինանսական բեռը թեթևացնելը: Այդպես կատալոնացիները վաճառեցին կամ վարձավճարով այլ ակումբներ ուղարկեցին 17 ֆուտբոլիստի: Տրանսֆերներ, որոնք շատ դժվար տրվեցին տնօրեն Մատեու Ալեմանիին ու թույլ տվեցին ակումբին նաև ԱՐՏաշնչել: Ներկայիս կազմից էլ մի շարք խաղացողներ գնացին աշխատավարձի կրճատման, այդ թվում` Ուսման Դեմբելեն, որը ազատ գործակալ էր արդեն ու շահավետ առաջարկներ ուներ անգլիական թիմերից:

Հիմա թվում է, թե «Բարսելոնայի» ամենամութ օրերն անցյալում են, տպավորություն է նաև, թե թիմն արդեն հաղթահարել է ակումբի պատմության բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստի` Լիոնել Մեսիի կորուստը ու նորից հավակնում է բոլոր տիտղոսներին, սակայն ֆուտբոլում ոչինչ երաշխավորված չէ, և եթե «Բարսելոնան» չկարողանա առաջիկա տարիներին իր գերակայությունը ցույց տալ նաև խաղադաշտի սահմաններում ու նյութականացնել դա, ապա նորից կարող է կանգնել նույն կոտրված տաշտակի առջև...

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա