Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մարտի 2-5-ը տեղի ունեցավ Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի ամենամյա միջազգային մրցաշարը, որին մասնակցեց նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը՝ ոչ ամբողջական կազմով: Թեև մրցաշարը վարկանիշային չէր, սակայն ավանդույթի համաձայն՝ բավականին ուժեղ կազմ էր հավաքել: Հայաստանը ներկայացուցիչ չուներ 60, 72, 97 և 130 կգ քաշային կարգերում, որտեղ հավաքականի առաջին համարներն են Գևորգ Ղարիբյանը, Շանթ Խաչատրյանը, Արթուր Ալեքսանյանն ու Դավիթ Օվասափյանը․ նրանք տարբեր պատճառներով չէին մեկնել մրցավայր։
Հայաստանի հավաքականը Սոֆիայում ելույթ ունեցավ 7 ըմբիշով, որոնցից յուրաքանչյուրն իր առաջադրանքներն ուներ լուծելու:
2021թ. աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը նախորդ տարի տեղափոխվեց 77 կգ և աստիճանաբար սկսեց հաստատվել օլիմպիական քաշային կարգի առաջատարների թվում՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Մ-23 աշխարհի չեմպիոն: Սոֆիա էր ժամանել նաև աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ղրղզ Ակժոլ Մախմուդովը, որը բոլոր գոտեմարտերը հաղթում է գեղեցիկ հնարքներով ու մրցակիցներին շանս չտալով: Ամոյանն ու Մախմուդովը հասակակիցներ են, սակայն հանդիպել էին միայն մեկ անգամ՝ 6,5 տարի առաջ Թբիլիսիում տեղի ունեցած պատանիների աշխարհի առաջնությունում, որտեղ Ամոյանը ֆավորիտներից էր, սակայն պարտվեց 1/8 եզրափակիչում տուշեով: Մախմուդովն արագորեն մուտք գործեց մեծահասակների ասպարեզ, հասցրեց մասնակցել նաև Օլիմպիական խաղերի, որտեղ երիտասարդ տարիքում արծաթե մեդալ նվաճեց, և այժմ մասնագետները միակարծիք են, որ այս քաշային կարգում նա անվիճելի առաջատար է, ինչն Ամոյանի համար լրացուցիչ մարտահրավեր է: Կասկած չկար, որ Սոֆիայում այս երկու ըմբիշների ճանապարհները խաչվելու են, և վիճակահանության կամքով դա կարող էր լինել միայն եզրափակիչում:
Սակայն եզրափակիչի ճանապարհը երկու ըմբիշների համար տարբեր ստացվեց: Եթե Մախմուդովը, մեկը մյուսի հետևից մրցակիցներին գետնելով ու ժամանակից շուտ հաղթելով էր շարժվում առաջ, ապա Ամոյանը խնդիրների բախվեց արդեն երկրորդ գոտեմարտում: 1/8 եզրափակիչում իրանցի Ալիռեզա Արղաշը գոտեմարտի ավարտից մեկ րոպե առաջ հաղթում էր 5-1 հաշվով, Մալխասի մոտ ոչինչ չէր ստացվում, բայց վերջին րոպեի ընթացքում նա կարողացավ հավաքվել, երկու փոխադրում անել ու հաղթանակ կորզել: Հեշտ չստացվեց նաև թուրք Ահմետ Յիլմազի հետ քառորդ եզրափակիչի գոտեմարտը, որտեղ Մալխասը նախ պարտվում էր 0-3 հաշվով, բայց հետո կարողացավ 9 միավոր վաստակել ու հաղթել:
Ի վերջո, Ամոյանն ու Մախմուդովը հասան եզրափակիչ: Երկու ըմբիշներն էլ հայտնի են իրենց ամպլիտուդային գցումներով, վերևում լավ աշխատանքով, սակայն եզրափակիչ գոտեմարտում հնարքներ չեղան: Մրցավարը յուրաքանչյուր ըմբիշին մեկական անգամ զգուշացրեց՝ տալով մրցակցին մեկ միավոր, ի վերջո գոտեմարտն ավարտվեց 1-1 հաշվով, ու քանի որ վերջին միավորը վաստակել էր ղրղզ ըմբիշը, հաղթանակը բաժին հասավ նրան:
Ինչ վերաբերում է Ամոյանին, ապա նրա մասնակցությունը միանշանակ դրական կարելի է գնահատել: Եզրափակիչ գոտեմարտը ցույց տվեց, որ Ամոյանի ու Մախմուդովի սպորտային հակամարտությունը դեռ երկար կարող է ձգվել ու ըմբշամարտի սիրահարներին բազմաթիվ հետաքրքիր գոտեմարտեր պարգևել, եթե, իհարկե, Մախմուդովը ապագայում չորոշի տեղափոխվել ավելի բարձր քաշային կարգ:
67 կգ քաշային Սլավիկ Գալստյանի քաշային կարգում Հայաստանի հավաքականում կա ևս մեկ ուժեղ ըմբիշ՝ Կարեն Ասլանյանը: Գալստյանը յուրաքանչյուր մրցաշարում պետք է կարողանա ապացուցել իր բարձր կարգը, որպեսզի շարունակի մնալ հավաքականի առաջին համարը: Թե՛ Գալստյանի, թե՛ Ասլանյանի կարիերայում բազմաթիվ են եղել դեպքերը, երբ մրցավարական անհասկանալի որոշումների պատճառով նրանց ճանապարհը փակվել է: Սոֆիայում Գալստյանը կարողացավ ցուցադրել իր ամբողջ ներուժը: Նա 5 տպավորիչ հաղթանակ տարավ, դարձավ մրցաշարի հաղթող, մի շարք գեղեցիկ հնարքներ կատարեց, իսկ եզրափակիչում գեղեցիկ ոճով (9-6) հաղթեց Ճապոնիայի փոխչեմպիոն Սոգաբեին, ընդ որում, գոտեմարտի ընթացքում հայ ըմբիշը զիջում էր 0-6 հաշվով: Սլավիկի անտրոպոմետրիան այնպիսին է, որ նրա մրցակիցների համար չափազանց դժվար է լինում գոտեմարտել: Բարձր հասակն ու ձեռքերի մեծ բացվածքը թույլ են տալիս Գալստյանին նույնիսկ ամենավատ դիրքերում հայտնվելիս անհավանական կերպով միավորներ վաստակել: Նա իր ներուժով, անկասկած, կարող է մեծ բարձունքների հասնել, և Սոֆիայում տարած հաղթանակը դրա վառ ապացույցն է:
87 կգ քաշային Վիգեն Նազարյանի համար 2022 թվականը չափազանց հաջող ստացվեց. նա դարձավ երիտասարդների աշխարհի չեմպիոն, իսկ տարվա վերջում հաղթեց Հայաստանի առաջնությունում: Նազարյանը Բուլղարիայում նորամուտը նշեց մեծահասակների ասպարեզում, և նրա մասնակցությունը ևս կարելի է դրական գնահատել: Նա կարողացավ հաղթել Մ23 Եվրոպայի չեմպիոն Մարցել Ստերկեբուրգին (6-0), 2021թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, լեհ Կուլինիչին, իսկ կիսաեզրափակիչում պարտվեց Բուլղարիան ներկայացնող ուկրաինացի ըմբիշ Սերգեյ Նովիկովին, որը 2018 և 2019թթ․ Մ-23 աշխարհի չեմպիոնն է: Նովիկովը վերջերս է հեռացել Ուկրաինայի հավաքականից, քանի որ այնտեղ այդ քաշային կարգում ելույթ է ունենում օլիմպիական չեմպիոն Ժան Բելենյուկը: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում էլ Նազարյանը հաղթեց շվեյցարացի Բետսխարտին:
82 կգ քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ Կարապետ Չալյան ու Սամվել Գրիգորյան: Բազմափորձ Չալյանը բաց էր թողել Հայաստանի առաջնությունը վնասվածքի պատճառով, իսկ Գրիգորյանն արծաթե մեդալակիր էր դարձել՝ եզրափակիչում պարտվելով Կարեն Խաչատրյանին: Վերջինս, հավանաբար, կմեկնի Մ23 Եվրոպայի առաջնություն, և մարզիչները ցանկանում էին տեսնել, թե մյուս երկու ըմբիշներից ով իրեն ավելի լավ կդրսևորի: Վիճակահանության քմահաճույքով, Չալյանն ու Գրիգորյանը հանդիպեցին հենց առաջին գոտեմարտում, և ավելի երիտասարդ Սամվելը կարողացավ հաղթանակ տանել 2-1 հաշվով: Սակայն քառորդ եզրափակիչում Գրիգորյանն էլ զիջեց բուլղարացի Նիկոլովին և մնաց առանց մեդալի: Կարելի է նշել, որ երկու ըմբիշների համար էլ մրցաշարը ձախողված էր, իսկ Չալյանի պարտությունն ընդհանրապես հարցականի տակ է դնում նրա հավանական մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը:
Հաջող երկույթներ ունեցան 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանն ու 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը: Երկուսն էլ հասան եզրափակիչ, որտեղ պարտություններ կրեցին ու բավարարվեցին արծաթե մեդալով, թեև Մկրտչյանը բոլոր շանսերն ուներ հաղթելու. մրցավարները չհաշվեցին գոտեմարտի վերջին վայրկյաններին կատարած նրա հնարքը կրկնապատկերը դիտելուց հետո: Մկրտչյանն ու Պողոսյանն իրենց քաշային կարգերում հավաքականի անվիճելի առաջին համարն են, ու այժմ կարող են հանգիստ պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: