Logo

(ան)Սահմանափակ դիզայն. Արարատ Մկրտչյան

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 10.08.2017ՄՇԱԿՈՒՅԹ
Ararat - (ան)Սահմանափակ դիզայն. Արարատ Մկրտչյան

Մեզ շրջապատող գրեթե ամեն ինչ, ինչ պետք է հասցնել վերջնական սպառողին, ունի դիզայն: Առկա լինելով կյանքի բոլոր ոլորտներում՝ ժամանակակից դիզայնը լուծում է բազմաթիվ և կարևոր խնդիրներ՝ ինֆորմացիայի ճիշտ փոխանակման անհրաժեշտ պայմաններից մեկը լինելով:
Այսպես է կարծում BetConstruct ընկերության առաջատար դիզայներ, ԱՊՀ դելֆյան խաղերի ոսկե մեդալակիր, Երևան քաղաքի ոչ պաշտոնական լոգոյի հեղինակ, ինչպես նաև Վիվառո ընկերության հիմնական նախագծերի դիզայներներից մեկը՝ Արարատ Մկրտչյանը:

– Արարատ, կարելի է ասել, որ արդեն փորձառու դիզայներ եք: Ինչպե ՞ ս որոշեցիք ընտրել այս մասնագիտությունը:

– Անկեղծ ասած վաղ հասակում դիզայներ դառնալու միտք չեմ ունեցել: Թեև սիրել եմ նկարել: Դպրոցն ավարտելուց հետո ընտրել էի մարկետոլոգի մասնագիտությունը, իսկ դիզայնով սկսել եմ զբաղվել արդեն ուսանողական տարիներին: Ամեն ինչ սկսվեց մի կայքի փորձնական դիզայնից, որը ես ցույց տվեցի ստուդիաներից մեկին, և ինձ ընդունեցին աշխատանքի: Ու դա միայն սկիզբն էր: Միաժամանակ զբաղվում էի դիզայնով և սովորում տնտեսագիտություն ու մարքեթինգ: Հետագայում ինձ համար պարզ դարձավ, որ ավելի լավ համադրություն դժվար էր պատկերացնել:

– Գիտենք, որ հեղինակել եք մի շարք նախա-գծեր, որոնցից ամենանշանավորներից, թերևս, Երևան քաղաքի ոչ պաշտոնական լոգոտիպն էր:

– Թագի տեսքով տարբերանշանը ներկայացնում է Երևանը՝ որպես համայն հայության գլխավոր քաղաք, իսկ որպես պատմականորեն հին սիմվոլ թագը շեշտում է Երևանի տարիքը: Միաժամանակ յուրաքանչյուր երևանցի հոգու խորքում (ոմանք էլ, ոչ այդքան խորը) իրեն մի փոքր թագավոր կամ թագուհի է զգում՝ վերջին- ներիս բնորոշ շատ գծերով և հատկանիշներով: Գրաֆիկական տեսանկյունից տարբերանշանի հիմքը Երևանի զինանշանի տարրերից մեկն է՝ առյուծի գլխավերևի թագը: Հիմնական և կարևոր շեշտը դրված է նշանի մեջտեղում ձևավորված լատիներեն «Y» տառի վրա (ավելին՝ yerevanlogo.com):

18209222 1311533228932580 4295157913560479747 o - (ան)Սահմանափակ դիզայն. Արարատ Մկրտչյան

– Վերջերս Vivaro News կայքը ստացավ նոր դիզայն, որը էականորեն տարբերվում է հայկական շուկայի մյուս մարզական կայքերից: Ինչպե՞ս ծնվեց նման կայք նախագծելու գաղափարը, և որո՞նք են ամենակարևոր ու անհրաժեշտ դիզայներական լուծումները:

– Այսօր Vivaro News-ն ավելին է, քան միայն սպորտային լրատվական: Եվ երբ պարզ դարձավ, որ նախագիծը է՛լ ավելի է ընդլայնվում, անհրաժեշտություն առաջացավ վերանայելու կայքը դիզայնի և ֆունկցիոնալության տեսանկյուններից: Փորձեցինք ստեղծել մի ռեսուրս, որտեղ ընթերցողները կկարողանան նորությունների հսկայական հոսքի մեջ արագ ֆիլտրել իրենց հետաքրքիր նյութերը, իսկ ժամանակ չունենալու դեպքում՝ պահպանել դրանք հետագա ընթերցման համար: Ռեսուրս, որը կապահովի ընթերցողներին ոչ միայն որակյալ ինֆորմացիայով, այլ դա կանի նրանց համար ամենահարմար և արագ տարբերակով. մարդիկ կկարդան հաճույքով՝ անկախ կար-դալու սարքից, գտնվելու վայրից և օրվա ժամից: Ավելին, նոր Vivaro News-ում սոցցանցերի լավագույն թեմատիկ գրառումները կհայտնվեն կայքի գլխավոր էջում, իսկ թեգերի որոնման և պահպանման համակարգը Vivaro News-ը կդարձնի ավելի անհատական ցանկացած նախասիրության ընթերցողի համար: Այնպես որ, կարդացե՛ք հաճույքի համար:

 – Սպորտային աշխարհում դիզայնը սկսել է ստանալ մինիմալիստական ուղղվածություն: Դրա վառ ապացույցն էր «Յուվենտուսի» նոր լոգոն, որը ոչ միանշանակ ընդունվեց: Որպես «Յուվենտուսի» երկրպագու՝ ինչ կասեք այդ լոգոտիպի ու նման դիզայներական լուծումների մասին:

 – Կա մի կարևոր առանձնահատկություն, որն առաջին հայացքից հեշտ է չնկատել, սակայն այդ առանձնահատկությունից է բխում հիմնական ու սկզբունքային սխալը: Չկա նոր լոգո, որովհետև հինը, եթե փորձենք ավելի ճիշտ որակավորել, լոգո չէ. ֆուտբոլային ակումբների դեպքում՝ միանշանակ: «Յուվենտուսն» ուղղակի ներկայացրեց լոգո: Իսկ հինը էմբլեմ է, գերբ: Ֆուտբոլային գերբն իր մեջ սովորաբար շատ ավելի մեծ քանակությամբ խորհրդանշական ինֆորմացիա է կրում, քան լոգոն՝ իր ժամանակակից պատկերացմամբ: Գերբերը խորհրդանիշներ են, որոնք պատմության մասնիկ են, ավելին` իրենք են արդեն պատմություն՝ հաղթանակների, պարտությունների, ընդհանուր ապրած պահերի՝ ուրախ ու տխուր, սև ու սպիտակ: Ու այդ ամենը մեզ առաջարկում են ջնջել ու սկսել զրոյից: Այս լոգոն իրականում վատը չի, եթե չփորձի գրավել գերբի տեղը: Հակառակը, շատ սեգմենտներում, որոշ միջոցառումների ժամանակ կարող է օգտակար լինել, նաև այն դեպքերում, որտեղ տրենդն ավելի է պետք շեշտել, քան պատմությունը: Բայց միայն ու միայն այդ դեպքերում ու միայն այդ պահերին՝ որպես այլընտրանք, ոչ ավելի:

Emblem Juventus Logo - (ան)Սահմանափակ դիզայն. Արարատ Մկրտչյան

 

– Սպորտային կայք նախագծելիս կարևո՞ր է մարզասեր լինելը, ու եթե այո, ապա ինչպե՞ս է դա օգնում:

– Ցանկացած կայք նախագծելիս, միշտ կարևոր է բավականաչափ ուսումնասիրել ինչպես այն ոլորտը, որի համար նախատեսված է լինելու վերջնական արդյունքը, այնպես էլ տվյալ ոլորտի վերջնական սպառողին: Իսկ լինելով մարզասեր, ավելի շատ ինֆորմացիայի ես տիրապետում սպորտային ոլորտից, ինչն, իհարկե, որոշակի ուսումնասիրությունների ժամանակ է խնայում և ավելի է հեշտացնում աշխատանքը: Այնուամենայնիվ, անհնար է տեղյակ լինել բոլոր ոլորտներից հավասարաչափ, հետևաբար ցանկացած դիզայն ստեղծելիս՝ կարևոր փուլ է ուսումնասիրությունը, իսկ տվյալ ոլորտի սպառող լինելը հանդիսանում է հաճելի բոնուս:

– Ի՞նչ է, ի վերջո դիզայնը, արհե՞ստ, թե՞ արվեստ:

– Այսօր ամեն ինչ ունի դիզայն. կլինի դա հեռուս-տացույցի կառավարման վահանակ, տարատեսակ ապրանքներ ու ծառայություններ, հազարավոր կայքեր ու հավելվածներ, միջքաղաքային ուղեցույցներ և այլն: Մեզ շրջապատող գրեթե ամեն ինչ, ինչ պետք է հասցնել վերջնական սպառողին, ունի դիզայն: Առկա լինելով կյանքի բոլոր ոլորտներում, ժամանակակից դիզայնը լուծում է բազմաթիվ և կարևոր խնդիրներ՝ լինելով ինֆորմացիայի ճիշտ փոխանակման անհրաժեշտ պայման-ներից մեկը: Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է համարձակորեն ասել, որ դիզայնն ունի իր առանձին, ոչ պակաս կարևոր տեղն ու դերը, քան արվեստի, արհեստների ցանկացած ճյուղ՝ չդասվելով նրանց շարքին: Դիզայնը դիզայն է:

– Կոնկրետ բրենդի համար աշխատանք կատարելը ինչքանո՞վ է սահմանափակում դիզայներին՝ որպես ստեղծագործողի:

– Սահմանափակումները դիզայնում անխուսափելի են, ավելին՝ դրանք բնական են: Հստակ դրված խնդիրները դժվար է պատկերացնել առանց պայմանների կամ սահմանափակումների, իսկ քանի որ դիզայնը արվեստ չէ և լուծում է հստակ դրված խնդիրներ, ապա պայմաններն ու սահմանափակումները դիզայնի անբաժան մասն են կազմում: Բրենդն էլ իր հերթին ենթարկվում է ընդհանուր խաղի կանոններին: Ցանկացած բրենդ վիզուալ տարբերվում է մյուսից որոշակի հատկանիշներով: Այդ հատկանիշներն են, որ ի սկզբանե կանխորոշիչ են դառնում բրենդի ձևավորման մեջ և այդ հատկանիշներն են, որ ժամանակի ընթացքում դարձնում են բրենդը տարբերվող, ճանաչելի և հիշվող: Եվ վերադառնալով հարցին. չէ՞ որ ֆուտբոլային սահմանափակող կանոնները Դիբալային ավելի քիչ ստեղծագործող խաղացող չեն դարձնում:

MG 1812 - (ան)Սահմանափակ դիզայն. Արարատ Մկրտչյան

 

Հարցազրույցը՝ Գևորգ Լոռեցյանի


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա