Logo

Անցանկալի հավաքականը․ Թուրքիան՝ ԵՎՐՈ-2020-ին ընդառաջ

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 11.06.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
eurocombat2020 1 - Անցանկալի հավաքականը․ Թուրքիան՝ ԵՎՐՈ-2020-ին ընդառաջ

ԵՎՐՈ-2020-ը սկսվում է այսօր։ Բացման խաղում Հռոմում Իտալիայի հավաքականը մրցելու է Թուրքիայի ընտրանու հետ։ Նրանք միակ հավաքականն են, որի մասին մենք դեռ չենք խոսել։

VNews-ը շարունակում է ԵՎՐՈ 2020-ի հավաքականների հետ ծանոթանալու շարքը։ Այս անգամ ներկայացնում ենք Թուրքիայի հավաքականի անցած ճանապարհը, հայտացուցակը, գլխավոր աստղին, մարզչական գործոնը և, իհարկե, առաջիկա մրցաշարում շանսերն ու հավանական մեկնարկային կազմի մեր տարբերակը։

Անցած ճանապարհը

Թուրքիան ԵՎՐՈ-ի ուղեգիր նվաճեց ընտրական փուլի խմբում երկրորդ տեղը զբաղեցնելուց հետո։ Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հետ լինելով նույն խմբում՝ Թուրքիան կարող էր անակնկալ գործել ու դուրս գալ խմբից առաջին տեղով։ Դիդիե Դեշամի թիմի հետ Թուրքիան գերազանց ֆուտբոլ խաղաց՝ մեկ հաղթանակ, մեկ ոչ-ոքի։ Սակայն մյուս մրցակիցների՝ Իսլանդիայի, Ալբանիայի, Անդորրայի ու Մոլդովայի հավաքականների հետ խաղերում Թուրքիան միավորներ կորցրեց ու խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը։ Ընտրական փուլը նրանց համար անցավ առանց խնդիրների։

Football: Turkey upset world champs France with a 2-0 home win

ԵՎՐՈ-ի ուղեգիր նվաճելուց հետո Թուրքիան առանց մոտիվացիայի էր խաղում Ազգերի լիգայում։ Պատահական չէ, որ Ռուսաստանի, Հունգարիայի ու Սերբիայի հետ խմբում զբաղեցրեց վերջին տեղը։ Մունդիալ-2022-ի ընտրական փուլի մեկնարկում Թուրքիան երկու հաղթանակ է տարել ու մեկ անգամ ոչ-ոքի խաղացել։

Հայտացուցակը ԵՎՐՈ-2020-ի համար

Դարպասապահներ – Ալթայ Բայընդիր («Ֆեներբահչե»), Մերտ Ֆեհմի Գյունոկ («Իստանբուլ Բաշաքշեհիր»), Ուգուրջան Չակիր («Տրաբզոնսպոր»)

Պաշտպաններ – Զեկի Մեհմեդ Չելիկ («Լիլ»), Չալգար Սյոյունջյու («Լեսթեր»), Կան Այհան («Սասուոլո»), Մերտ Մյուլդյուր («Սասուոլո»), Մերիհ Դեմիրալ («Յուվենտուս»), Օզան Կաբակ («Լիվերպուլ»), Ռիդվան Յիլմազ («Բեշիքթաշ»), Ումուտ Ջենգիզ Մերաշ («Հավր»)

Կիսապաշտպաններ – Յուսուֆ Յազիդջի («Լիլ»), Դորուկհան Տոկյեզ («Բեշիքթաշ»), Իրֆան Ջան Կախվեչի («Ֆեներբահչե»), Օզան Տուֆան («Ֆեներբահչե»), Օկայ Յոկուշլու («Սելտա»), Օրկուն Կյոկչյու («Ֆեյենորդ»), Տայլան Անտալյալի («Գալաթասարայ»), Հական Չալհանօղլու («Միլան»)

Հարձակվողներ – Բուրակ Յիլմազ («Լիլ»), Ջենգիզ Ունդեր («Լեսթեր»), Էնես Ունալ («Խետաֆե»), Աբդյուլկադիր Օմյուր («Տրաբզոնսպոր»), Մուհամեդ Կերեմ Ակտյուրկոգլու («Գալաթասարայ»), Հալիլ Դերվիշօղլու («Բրենտֆորդ»), Կենան Կարաման («Ֆորտունա»)։

Turkey slams Iceland over treatment of national football team | News | DW | 10.06.2019

Թուրքիայի հավաքականում կան ինչպես հնաբնակ ֆուտբոլիստներ, այնպես էլ աստղային նորեկներ։ Այստեղ, իհարկե, պետք է առանձնացնել պաշտպանության կենտրոնում խաղացող Կաբակին ու Դեմիրալին։ Նրանք թուրքական ֆուտբոլի ամենահեռանկարային խաղացողներից են։ Այս տարիքում «Լիվերպուլում» ու «Յուվենտուսում» խաղալն արդեն խոսում է ինչ-որ բանի մասին։ Թուրքիայի հավաքականը միշտ հայտնի է եղել ներքին առաջնությունից ներկայացուցիչների մեծ թվով։ Սակայն ԵՎՐՈ-ի հայտացուցակում Թուրքիայի առաջնությունից 10 ֆուտբոլիստ կա։ Մնացած ֆուտբոլիստները խաղում են եվրոպական առաջնություններում։

Մեր ընտրանին

Մարզչական գործոնը

Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչը Շենոլ Գյունեշն է։ 68-ամյա մասնագետը ճանաչված մարդ է թուրքական ֆուտբոլում։ Խաղային կարիերան անցկացրել է 60-ական, 70-ական թվականներին։ Ավելի քան 400 հանդիպում է անցկացրել «Տրաբզոնսպորի» կազմում ու նրանց հետ 12 տիտղոս նվաճել։ Ակումբի ստադիոնը կրում է հենց նրա անունը։ Թուրքիայի հավաքականի կազմում Գյունեշը 31 հանդիպման է մասնակցել։ Սակայն այդ տարիներին Թուրքիան միջազգային ասպարեզում ամենևին չէր տպավորում իր խաղով։

Թուրքիայի հավաքականում մարզչական կարիերան Գյունեշի մոտ անհամեմատ ավելի լավ է ստացվում։ 2000 թվականին նա առաջին անգամ գլխավորեց Թուրքիայի հավաքականը ու կարճ ժամանակահատվածում կարողացավ 1954 թվականից հետո առաջին անգամ թիմին դուրս բերել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Սակայն հրաշքներն այդքանով չավարտվեցին։ Թուրքիան Մունդիալ-2002-ում հասավ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Բրազիլիային։ Երրորդ տեղի համար պայքարում նրանք հաղթեցին Հարավային Կորեային ու դարձան աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Գյունեշի գլխավորությամբ Թուրքիան ԵՎՐՈ-2004-ի ուղեգիր չնվաճեց, նա հեռացվեց։ Գյունեշը մարզչական գործունեությունը շարունակեց ակումբներում։

Şenol Güneş, EURO 2020'deki rakipleriyle WhatsApp'ta buluştu

2019 թվականին Գյունեշը նորից գլխավորեց Թուրքիայի հավաքականը։ Նա կարողացավ վստահ խաղով թիմին դուրս բերել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ 13 տարվա մեջ Թուրքիան միայն մեկ խոշոր մրցաշարի էր մասնակցել։ Դա 2016 թվականի ԵՎՐՈ-ն էր։ Ակնհայտ է, որ հավաքականում Գյունեշի գործերն ավելի լավ են գնում։

Գլխավոր աստղը

UEFA EURO 2020 on Twitter: "🇹🇷 Consecutive club games Burak Yılmaz has scored in = 4⃣❗️ #EURO2020… "

Թուրքիայի հավաքականում կան աստղային խաղացողներ։ Այստեղ է «Յուվենտուսի» Դեմիրալը, «Լիվերպուլի» Կաբակը, «Լեսթերի» Ունդերը, «Միլանի» Չալհանօղլուն ու «Լիլի» Բուրակ Յիլմազը։ Առաջին հայացքից գլխավոր աստղը, որից սպասելիքները պետք է շատ լինեն, Չալհանօղլուն է, բայց մենք ընտրել ենք Բուրակ Յիլմազին։ 35-ամյա «ծերուկը» հիանալի մրցաշրջան անցկացրեց «Լիլի» կազմում՝ դառնալով Ֆրանսիայի չեմպիոն։ Գրեթե ամբողջ կարիերայի ընթացքում Թուրքիայում խաղացած Յիլմազն անցած տարի տեղափոխվեց Եվրոպա՝ գնալով նոր մարտահրավերների հետևից։ Նա միանգամից ֆանտաստիկ արդյունք գրանցեց։ Հաշվի առնելով Յիլմազի տարիքը՝ բացառված չէ, որ սա նրա վերջին ԵՎՐՈ-ն է խաղացողի կարգավիճակով։ Այնպես որ նա փորձելու է Թուրքիայի հավաքականին առաջ տանել Եվրոպայի առաջնությանը։ Բացի դրանից Յիլմազը թիմի ավագն է։

Մրցակիցներ/շանսեր

Թուրքիայի հավաքականն ընդգրկված է A խմբում։ Նրանց մրցակիցներն են Իտալիայի, Շվեյցարիայի ու Ուելսի հավաքականները։ Սա բավականին բարդ խումբ է։ Ընդգծված ֆավորիտը Իտալիան է, սակայն սա չի նշանակում, որ «սկուադրա աձուրային» հեշտ է լինելու մյուս թիմերի դեմ խաղերում։ Շվեյցարիան կարգապահ ֆուտբոլ է խաղում, ունի թոփ հավաքականի հոգեբանություն։ Ուելսը անցած ԵՎՐՈ-ի ամենամեծ անակնկալներից մեկի հեղինակն է, ու գուցե փորձի կրկնել դա նաև այս տարի։ Թուրքիան ֆիզիկապես ամուր թիմ է, որի դեմ ոչ մի հավաքականի էլ հաճելի չէ խաղալը։ Հիշենք Ֆրանսիայի հավաքականի ձախողումը նրանց դեմ խաղերում ընտրական փուլում։ Այնպես որ, A խմբում կատաղի պայքար է լինելու փլեյ-օֆֆ փուլի ուղեգրի համար, ու այդ պայքարին մասնակցելու են բոլորը։

Şenol Güneş, EURO 2020'deki rakipleriyle WhatsApp'ta buluştu | NTVSpor.net

Թուրքիան մրցաշարի բացման խաղում Հռոմում կհանդիպի Իտալիային, ու խաղից հետո երկար ուղևորության կգնա դեպի Բաքու։ Այնտեղ նրանք կանցկացնեն խմբի մյուս հանդիպումները Ուելսի ու Շվեյցարիայի հետ։ Թուրքիան խմբից դուրս գալու իրատեսական շանսեր ունի։

Հավանական մեկնարկային կազմը՝ ըստ VNews-ի

4-1-4-1։ Չակիր, Մերաշ, Կաբակ, Դեմիրալ, Չելիկ, Յոկուշլու, Չալհանօղլու, Յազիջի, Տուֆան, Կարաման, Յիլմազ։

Թուրքիայի հավաքականը խաղում է 4-1-4-1 մարտավարությամբ։ Պաշտպանության ձախ եզրում օպտիմալ ընտրությունը Մերաշն է։ Պաշտպանության կենտրոնում բավականին ուժեղ զույգեր կարող են ձևավորվել։ Այստեղ կարող են խաղալ Կաբակն ու Դեմիրալը։ Պահեստային նստարանին կա նաև Սյոյունջուն, որը նույն հաջողությամբ կարող է խաղալ մեկնարկային կազմում։ Սա արդեն մարզչի որոշումն է։ Պաշտպանության աջ եզրից Չելիկն է։ Հենակետային կիսապաշտպանի գոտում Գյունեշը մտածելու շատ բան չունի։ Այստեղ կխաղա Օկայ Յոկուշլուն։ «Սելտայի» կազմում նա հիանալի ֆուտբոլ է ցուցադրում ու տպավորում է իսպանական ֆուտբոլի սիրահարներին։ Նրանից առաջ կխաղան Յազիջին ու Տուֆանը։ Բացի հարձակվողական գործողություններ կազմակերպելուց նրանք պետք է օգնեն Յոկուշլուին։ Հարձակման եզրերում՝ ձախից կգործի Չալհանօղլուն, աջ եզրից կխաղա Կարամանը։ Բուրակ Յիլմազը կխաղա կենտրոնական հարձակվողի դիրքում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա