Logo

«Երբեք չեմ ցանկացել, որ ինձ երկրպագեն, միշտ երազել եմ, որ իմ կարիքը զգան»․ մեջբերումներ Անդրեյ Տարկովսկու օրագրից

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:00 / 15.03.2022Հեղինակներ
Անդրեյ Տարկովսկի

Արվեստ և աշխատանքի բացակայություն, համաշխարհային համբավ և մերժում ընտանիքում, հարաբերություններ ծնողների հետ և հիվանդություն…

Անդրեյ Տարկովսկին օրագրեր է պահել ավելի քան 15 տարի՝ 1970 թվականի ապրիլից մինչև 1986 թվական՝ իր մահը: Տարկովսկին օրագիրն անվանել է «մարտիրոսություն»՝ տառապանքների ցանկ։ Չնայած այն հանգամանքին, որ Տարկովսկին ռուս ամենահայտնի ռեժիսորներից է, նրա «մարտիրոսությունը» ռուսերենով թողարկվել է միայն 2008 թվականին, ոչ թե Ռուսաստանում, այլ Իտալիայում։ Օրագիրը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով և տպագրվել եվրոպական գրեթե բոլոր երկրներում։

Աշխատանքի բացակայության մասին

«Եթե ինձ թույլ չտան աշխատել, ես կնստեմ գյուղում, այգի կունենամ, խոզ կպահեմ ու թքած կունենամ նրանց վրա: Տունն ու հողամասն աստիճանաբար կարգի կբերենք, մի հրաշալի գյուղական տուն կլինի։ Քարե: Լավ մարդիկ կլինեն շրջապատում: Փեթակ կունենանք: Մեղր կլինի։ Մենք հիմա պետք է ավելի շատ գումար աշխատենք,  մինչև աշուն տունը ավարտելու համար, որպեսզի կարողանանք ձմռանն այնտեղ ապրել։ Մոսկվայից 300 կմ հեռավորության վրա»:

Երեխաների և պատվի մասին

Անդրեյ Տարկովսկի 1

«Ինչպիսի՞ն կլինեն մեր երեխաները. մեզնից շատ բան է կախված։ Բայց նաև իրենցից։ Անհրաժեշտ է, որ նրանք ունենան սեր դեպի ազատություն: Դա նույնպես կախված է մեզանից։ Ստրկության մեջ ծնված մարդկանց համար դժվար է կտրվել դրանից։ Մի կողմից ուզում եմ, որ հաջորդ սերունդը գոնե մի քիչ հանգստություն գտնի, իսկ մյուս կողմից՝ հանգստությունը վտանգավոր բան է... Կարևորը երեխաների մեջ արժանապատվություն և պատվի զգացում սերմանելն է»։

«Հայելի» ֆիլմում Տարկովսկին ներկայացրել է կյանքի 3 փուլ և սեփական ընտանիքի 3 սերունդ: Հետաքրքիր է, որ որոշ դրվագներում տարբեր սերունդների ներկայացուցիչների դերը միևնույն դերասանն է խաղացել. այս կերպ ռեժիսորը մի կողմից ակնարկել է տարբեր սերունդների ճակատագրերի նմանությունը, մյուս կողմից՝ մի սերնդի՝ մյուսի գաղափարների որդեգրումը: Իրական կյանքում ռեժիսորը 3 որդի ուներ՝ 2-ը տարբեր ամուսնություններից և ևս 1-ը, որը ծնվել է Շվեդիայում հոր մահից քիչ առաջ։

Ծնողների մասին

«Ես հայրիկիս վաղուց չէի տեսել։ Որքան երկար չեմ տեսնում նրան, այնքան ավելի տխուր ու սարսափելի է դառնում նրա մոտ գնալը: Ծնողներիս հետ կապված ակնհայտ բարդույթներ ունեմ. նրանց կողքին ես ինձ չափահաս չեմ զգում։ Իսկ նրանք, իմ կարծիքով, ինձ չափահաս չեն համարում։ Ցավոտ, բարդ, չասված-չխոսացված հարաբերություններ: Ամեն բան այդքան էլ հեշտ չէ: Ես նրանց շատ եմ սիրում, բայց երբեք իրենց հետ հանգիստ չեմ զգացել ինձ: Իմ կարծիքով՝ նրանք էլ են ինձնից ամաչում, չնայած սիրում են ինձ»։

Տարկովսկին դժվար ու բավականին սառը հարաբերություններ է ունեցել ծնողների հետ, և հենց այդ հարաբերություններին է նվիրված «Հայելի» ֆիլմը։ Նրա հայրը՝ բանաստեղծ Արսենի Տարկովսկին, լքել է ընտանիքը 1937 թվականին՝ թողնելով Անդրեյին և քրոջը՝ Մարինային, մոր՝ Մարիա Իվանովնա Վիշնյակովայի խնամքին, որն իրեն ամբողջությամբ նվիրել է երեխաներին։

Երազների մասին

Անդրեյ Տարկովսկի 2

«Անցած գիշեր երազ եմ տեսել՝ ասես մահացել եմ, բայց տեսնում եմ, ավելի ճիշտ՝ զգում եմ, թե ինչ է կատարվում շուրջս։ Ես զգում եմ, որ Լարան մոտ է (Լարա Կիզիլովա՝ Տարկովսկու 2-րդ կինը): Զգում եմ, որ անզոր եմ և միայն կարող եմ լինել իմ մահվան՝ իմ դիակի վկան։ Եվ ամենակարևորը, որ ես այս երազում զգում եմ վաղուց մոռացված, վաղուց չծագած մի զգացում, որ սա երազ չէ, այլ՝ իրականություն»:

Իր օրագրում Տարկովսկին հաճախ է նկարագրում իր երազանքները։ Նա դրանք համարում էր մարգարեական՝ պարբերաբար դրանք վերարտադրելով ֆիլմերում։ Այսպիսով, «Жертвоприношение»/ Զոհաբերություն/ ֆիլմում կա 6 տեսարան երազների մասին, ներառյալ՝ վերը նկարագրվածը: 

Հոգեպաշտության մասին 

«Երեկ ես Բարբարայի հետ էի։ Նա ավելի շատ հոգեբանական երևույթների կոլեկցիոներ է, քան պայծառատես կամ բուժող: Չնայած նրա էներգիան զգացվում է։ Հայտնի էլ չէ, թե ինչ ոգիներ է օգտագործում։ Նա ինքն էլ դա չգիտի»:

Տարկովսկին հաճախ էր գնում պայծառատեսների մոտ և հետաքրքրվում էր պարահոգեբանությամբ. Հիշենք «Сталкер»-ի եզրափակիչը, որտեղ գլխավոր հերոսի դուստրը մտքի ուժով շարժում է բաժակը։ Միևնույն ժամանակ, կյանքի վերջում ռեժիսորը կարդում էր հայր Պավել Ֆլորենսկի և պատրաստվում էր ֆիլմեր նկարել Սուրբ Անտոնիոսի և Գողգոթայի մասին։

Փառքի մասին

Անդրեյ Տարկովսկի 3

«Ես երբեք չեմ ցանկացել, որ ինձ երկրպագեն: Միշտ երազել եմ, որ իմ կարիքը զգան, որ պիտանի կլինեմ»: 

Ժամանակակիցների հուշերը վկայում են այն մասին, որ Տարկովսկին նարցիսիստ չէր։ Նա վիրավորված էր, որ իր աշխատանքը, ի տարբերություն իշխանություններին մոտ կանգնած պակաս տաղանդավոր ռեժիսորների աշխատանքի, չի ճանաչվել հայրենիքում, որ նրա ազատությունը ոտնահարված ու սահմանափակված է պաշտոնական գաղափարախոսության պահանջներով։

Ծխելու մասին 

«Արժե հիշել. 1970 թվականի նոյեմբերի 12-ին ես թողեցի ծխելը: Անկեղծ ասած, վաղուց էր պետք: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հոգումս դատարկություն է: Կամ հիվանդությունից, կամ էլ այն պատճառով, որ ես ինձ փակուղում եմ զգում: Այդպես էլ կմեռնես ու ոչինչ չես հասցնի անել, իսկ այնքան մեծ է ցանկությունը որևէ բան անելու»...

1985 թվականին Շվեդիայում տեղի ունեցած «Զոհաբերությունը» ֆիլմի նկարահանումների ժամանակ Տարկովսկու մոտ թոքերի քաղցկեղ են հայտնաբերել։ Թարգմանիչ Լեյլա Ալեքսանդեր-Գարեթը, որն ուղեկցում էր ռեժիսորին, բժշկի այցն այսպես է նկարագրում.

«Բոլոր թեստերն անցնելուց հետո մեզ հրավիրեցին բժշկի մոտ։ Արդյունքները սեղանին էին, նոր ռենտգենը կախված էր պատից։ Բժիշկը չափազանց զարմացած է, որ Տարկովսկին թողել է ծխելն ավելի քան 10 տարի առաջ։ Սովորաբար, նման ժամանակահատվածից հետո թոքերը մաքրվում են, բայց նրա բախտը չի բերել. սա վիճակախաղ է…»:

Աղբյուրը՝ 

 

  • Александер-Гарретт Л. Собиратель снов Андрей Тарковский
  • Тарковский А. А. Запечатленное время
  • arzamas.academy

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա