Logo

Անհույս նոստալգիայի տխուր հետևանքները. ինչու է Անչելոտին ձախողվելու «Ռեալում»

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 16.07.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
1622896136 065756 noticia normal - Անհույս նոստալգիայի տխուր հետևանքները. ինչու է Անչելոտին ձախողվելու «Ռեալում»

Ֆլորենտինո Պերեսը հին աշխարհամասի գլխավոր մենեջերն է. չկա մի թոփ իրադարձություն, լինի դա տրանսֆեր, թե նոր խելագար մրցաշարի ստեղծում, որը չկապեն նրա անվան կամ Մադրիդի «Ռեալի» հետ։

2015-ին, երբ նա թիմից հեռացրեց Կառլո Անչելոտիին, բոլորը զարմացան, հետո նրա փոխարեն նշանակեց Բենիտեսին, այնուհետև մարզչի ղեկը տվեց Զիդանին. «Պերեսը լրիվ ցնդել է», – պնդում էին ֆաները։

Նույն պատկերն է հիմա։ «Արքայական ակումբի» ամենաղեկավարը նորից մայրաքաղաք է բերել Կառլո Անչելոտիին։ Նոր մրցաշրջանը շուտով սկսվելու է, բայց արդեն հիմա կարելի է վստահ կանխատեսել. «Պապա Կառլոյին» բերելը ու մարզչի վերադառնալու որոշումը, մեղմ ասած, ողջամիտ չէ։ Եվ ահա՝ ինչու:

Այո, 2015 թվականին Անչելոտին դարձավ մադրիդյան սիստեմի հերթական զոհը։ «Հետդեսիմյան» հաջորդ մրցաշրջանի առաջին հատվածը Կառլոն լավ էր սկսել. թիմը առաջատարների մեջ էր, լավ պայքարում էր ՉԼ-ում, բայց հանկարծակի ամեն ինչ կորավ։ Նախ Անչելոտին տանուլ տվեց Իսպանիայի գավաթը, չեմպիոնական պայքարում զիջեց «Բարսային» ու «Ատլետիկոյին», Չեմպիոնների լիգայում էլ զիջեց «Յուվեի» հետ դիմակայությունում։ Մադրիդիստները պաշտում էին նրա թիմը. «Ռեալը» խաղում էր արդյունավետ ֆուտբոլ ու մինչև մրցաշրջանի վերջին հատվածը պայքարում էր մրցանակների համար, բայց Պերեսը պնդաճակատ է. «Գավաթ չե՞ս բերել։ Հաջողություն», – ասում է հին Ֆլորենտինոպերեսյան ասույթը։

carlos ancelotti 960x540 - Անհույս նոստալգիայի տխուր հետևանքները. ինչու է Անչելոտին ձախողվելու «Ռեալում»

Անչիին պաշտոնանկ անելուց հետո երկրպագուները Պերեսից սպասում էին մարզչական թոփ նշանակման, սակայն «Բերնաբեու» եկավ «Մոուրինյոյի հետևից հավաքող» Ռաֆա Բենիտեսը (իսպանացին 3 տարբեր ակումբներում աշխատել է Մոուրինյոյի նշանակումից գրեթե անմիջապես հետո)։ Պերեսի հնարքը չաշխատեց. Բենիստեսը ֆիասկո կրեց Կլասիկոյում, ինչպես նաև 0 էր հանդերձարանում։ Արագ լուծում էր պետք, և եկավ ամենափրկիչ Զիդանը։ Իսկ, թե ինչ եղավ հետո, բոլորդ լավ գիտեք։ Սակայն Անչելոտիի հեռանալու որոշումը առաջացրեց շատ հարցեր։ Բայց ամենազավեշտալին այն է, որ Պերեսը գործնականում արդարացում ունի, չնայած մարգարե չէ։ Դատեք ինքներդ։

«Ռեալից» հետո Անչելոտին սկսեց աշխատել «Բավարիայում»։ Սակայն Գերմանիայի ամենաֆուտբոլային քաղաքում «Պապա Կառլոն» այնքան թույլ աշխատեց, որ Պեպի տակտիկական նրբություններին սովորած ֆուտբոլիստները մարզչից առանձին հավաքվում էին մարզաբազայում ու որոշում էին՝ ինչ մարտավարությամբ ու դասավորությամբ խաղալ։ Հասկանալով, որ օտարության մեջ բախտ որոնելն այդ պահին ճիշտ չէ, Անչելոտին վերադարձավ հարազատ Ա սերիա. «Նապոլիում» նրանից ակնկալում էին պայքար Սկուդետոյի համար, սակայն «Յուվեի» հետ ոտք մեկնել բացարձակ չստացվեց։ Պատահական չէ, որ Անչելոտիի դեգրադացիան հասավ «Էվերտոնի» մակարդակի։ Փորձառու քոուչը հասավ մի թիմ, որտեղ ստաբիլ միլիոններ են քամուն տալիս, սակայն նույնիսկ Լիգայի գավաթ նվաճել չի հաջողվում։

carlo ancelotti everton 2019 20 1o002fayopwiw1xspdbdt97a22 960x540 - Անհույս նոստալգիայի տխուր հետևանքները. ինչու է Անչելոտին ձախողվելու «Ռեալում»

«Բիթլսների» հայրենիքում Կառլոն նորից վատ չսկսեց։ Սակայն թիմի վառոդն ավարտվեց մոտ 5-րդ տուրում։ Ամբողջ մրցաշրջանում «Էվերտոնը» թրև էր գալիս 5-8-րդ տեղերում, սակայն մրցաշրջանի վերջը դարձավ իսկական մղձավանջ։ Անչելոտիի թիմը հանգրվանեց 10-րդ տեղում՝ վերջին տուրում 0-5 հաշվով պարտվելով Պեպի «Սիթիին»։ Անչելոտիի անկման աստիճանը գիտակցելու համար բավական է միայն բարձրաձայն կարդալ հետևյալ տողերը. «Ընդամենը մի քանի տարի առաջ Անչելոտին ՉԼ-ում նույն Պեպին ջարդում էր, բայց հիմա լրիվ այլ պատկեր է։ Պեպն ինչպես կար թոփ մարզիչ, այնպես էլ մնացել է, իսկ Անչին իջել է «Էվերտոնի» մակարդակին»։

Ու այս ֆոնին Անչելոտիին «Ռեալի» մարզչի պաշտոնում նույնքան իռացիոնալ է, որքան 2015-ին նրան հեռացնելը։ Մի՞ թե պարզ չէ. «Պապա Կառլոն» հին սերնդի մարդ է, նրա փիլիսոփայությունն ու համակարգը վաղուց update-ի կարիք ունեն։ Այո, նա դեռ ունի այնքան փորձ, որ կարող է իր թիմի համար մշակել հստակ ծրագիր հստակ մրցակցի հետ խաղում, սակայն երկարատև ճանապարհի վրա նա չի դիմանում ու ձախողվում է։ Բացի դրանից կան հարցականներ նրա մարզչական շտաբի վերաբերյալ. նրա  գլխավոր օգնականը Դավիդե Անչելոտին է, որի ունակությունների մասին դեռ ոչ մի կարծիք հնարավոր չէ կազմել։

Մեր ընտրանին

Զիդանն ու Անչելոտին ունեն շատ ընդհանրություններ. Երկուսն էլ թագավոր են հանդերձարանում, հրաշալի դասավորում են խաղատախտակի մագնիտե ֆիգուրները ու տակտիկա բացատրում, սակայն նրանց բաժանում է տասնյակ տարիների անդունդ. Զիզուն ժամանակակից է մտածում, Անչելոտին՝ ռետրո։ Եթե Զիդանը հոգնած չլիներ Մադրիդից, նրան էլ կվստահվեր «Ռեալի» «պերեստրոյկան», սակայն ֆրանսիացին արդեն անվերադարձ գնացել է։ Անչելոտին «Ռեալի» թարմացման գործընթացն ի վիճակի չէ սկսել. Նոր մրցաշրջանում նորից խաղալու է «օլդսքուլը»՝ Բենզեման, Կրոսն ու Մոդրիչը, բայց արդեն առանց Ռամոսի։ Եթե «Ռեալը» վաճառի նաև Վարանին, Անչելոտին կարող է արդեն հոկտեմբերին հավաքել ճամպրուկները։

«Ռեալի» կազմում վարպետ ֆուտբոլիստները շատ են, նրանք ցանկացած պահի կարող են վճռել որևէ հանդիպման ելք, սակայն ժամանակի դեմ անզոր են նույնիսկ նրանք։ Այս ուժեղ, «ծեր» կազմին կօգնեն նոր, թարմ տրանսֆերը, սրանց դրանց սպասել էլ պետք չէ. Պերեսը նոր ստադիոն է սարքում ու տրանսֆեր անելու գումար հաստատ չունի։ Նման պարագայում «Ռեալը» կարող էր գլխավորել կամ էքստրիմի սիրահարը կամ էլ վստահության մեծ քվե ունեցող մասնագետը, որն անգամ ձախողվելու դեպքում, իսկ ֆեյլն անխուսափելի է, քլնգման չի ենթարկվի։ Ֆլորենոտինոյի միակ թեկնածուն Անչելոտին էր։

Այո՛, ճիշտ է՝ Մադրիդում սպասում էին, օրինակ, համարձակ Կոնտեին կամ Յոահիմ Լյովին, սակայն Պերեսը բերեց բարի պապիկի, որին մինչև այսօր պաշտում են Իսպանիայի մայրաքաղաքում։ Հեչ որ չէ՝ «Պապա Կառլոն» բերել է երկար սպասված «դեսիման»։ Անկախ ամեն ինչից նրան հարգելու են, սիրելու են, իսկ ձախողումը վերագրելու են բացառապես Պերեսին։

Եկեք նաև հասկանանք Անչելոտիին. «Ռեալը» նրա մարզչական կարիերայի, գուցե, վերջին մեծ ակումբն է, որտեղ կարելի է մեծ աղմուկ հանել ներքին առաջնությունում ու եվրոպական ասպարեզում։ Անկասկած, ավելի հաճելի կլինի պայքարել ՉԼ անհատական ու ռեկորդային 4-րդ գավաթի և ևս մեկ ներքին առաջնության ոսկու (Անչելոտին հաղթել է Գերմանիայում, Իտալիայում Անգլիայում ու Ֆրանսիայում) համար, քան աննպատակ պայքար մղել նույնքան աննպատակ «Բրայթոնների» հետ:

28098342 1280x640 1 960x480 - Անհույս նոստալգիայի տխուր հետևանքները. ինչու է Անչելոտին ձախողվելու «Ռեալում»

Լինենք անկեղծ ու, որքան էլ պարադոքսալ չհնչի՝ ռեալիստ. Անչելոտիի՝ ցանկացած տիտղոս նվաճելը կարելի է ընկալել որպես հրաշք։ Լա Լիգայում նրան աննկարագրելի բարդ է լինելու. Հաղթանակի համարը նորից զգացած Սիմեոնեն կփորձի պաշտպանել չեմպիոնական տիտղոսը, «Բարսան» էլ կաշխատի խելքի գալ ու գործի դնել նոր սերունդը։ Գուցե, նախորդ մրցաշրջանի պես, բայց մի փոքր ավելի հաջող կրակի «Սևիլիան»: Ոսկե մեդալներ նվաճելը ֆանտաստիկ անհնար կլինի։ ՉԼ-ում ամեն ինչ ավելի անհույս է։

Ցավալի է, բայց գալիս ենք հետևյալ եզրահանգման. Անչելոտիի նշանակումը ոչ այլ ինչ է, քան ժամանակ ձգելը։ Պերեսը ամեն կերպ ցանկանում է ապրեցնել իր այս Մադրիդը, սակայն «Ռեալի» նախագահը համառորեն չի հասկանում, որ ներկայիս խաղացողներին Զիդանը վաղուց քամել ու «մզել է» մինչև վերջին կաթիլը, և նրանց նոստալգիկ եղանակով 2014-ի «դեսիմյան» ժամանակներ ուղարկելը ոչ մի մոտիվացիա չի տա։ Ամեն ինչ ավելի կվատանա։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա