Logo

Անլուծելի խնդիրներ vs «նոր արյուն»՝ ու՞ր է գնում հայկական բասկետբոլը. Հարցազրույց Արա Պողոսյանի հետ

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 14.02.2020ՍՊՈՐՏ
Բացառիկ
armenian basket - Անլուծելի խնդիրներ vs «նոր արյուն»՝ ու՞ր է գնում հայկական բասկետբոլը. Հարցազրույց Արա Պողոսյանի հետ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:26

-

-

Հայաստանում արդեն 3-րդ տարին է, ինչ ընթանում է բասկետբոլի կանոնավոր առաջնություն՝ VBet Ա-լիգան: Նախորդ տարի մեկնարկեց նաև 2-րդ մակարդակի առաջնությունը՝ Բ-լիգան: Պրոֆեսիոնալ լիգաները մի կողմից մեծ աշխուժություն առաջացրել հայկական բասկետբոլում, մյուս կողմից էլ հաջորդ քայլը կատարելու համար կան անհաղթահարելի թվացող արգելքներ: Այս ամենի շուրջ VNews.am-ը զրուցել է Ա-լիգայի նախագահ Արա Պողոսյանի հետ:

Դահլիճ ընդհանրապես չկա

Հայկական բասկետբոլն՝ այսօր

Ներկայումս հայկական բասկետբոլը զարգանում է երկու ուղղությամբ, ինչը ես ճիշտ եմ համարում, այն է՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան աշխատում է մանկապատանեկան, իսկ VBet Ա-լիգան՝ պրոֆեսիոնալ բասկետբոլը զարգացնելու ուղղությամբ: Բաժանել ենք աշխատանքը և իրար օգնելով առաջ ենք գնում:

Գլխավոր խնդիրը

Անձամբ իմ կարծիքով այս պահին զարգացումը գրեթե անհնար է, քանի որ դահլիճներ չկան: Ոչ թե քիչ են դահլիճները, այլ, ընդհանրապես, չկան: 2 դահլիճ է օգտագործվում՝ նախկին Միկան և Օլիմպավանը: Օլիմպավանում էլ բացի խաղերից 7-8 խումբ երեխաներ են մարզվում: Հիմա էլ Միկայում երկարաժամկետ միջոցառում է պլանավորած, որը 20 օր է տևելու, ու չգիտեմ, թե ինչպես ենք կարողանալու միայն Օլիմպավանում տեղավորել VBet Ա-լիգան ու Բ լիգան: Չկա դահլիճ: ԵՊՀ դահլիճում չկան անհրաժեշտ որակի հատակ և լուսավորություն, ինչպես և համապատասխան լուսատախտակ, նույնը Ռուս-Հայկական Սլավոնական համալսարանում: Գազպրոմի համալիրում էլ հատակը ռետինե է ու պիտանի չէ բասկետբոլ խաղալու համար:

25.10.2019 Urartu Vbet vs Yerevan basketball 20 - Անլուծելի խնդիրներ vs «նոր արյուն»՝ ու՞ր է գնում հայկական բասկետբոլը. Հարցազրույց Արա Պողոսյանի հետ
Օլիմպավանում երկրպագուների համար նախատեսված շատ քիչ նստատեղեր կան, իսկ թիմերից մեկն էլ, սովորաբար, ստիպված է զգեստափոխվել հենց դահլիճի մեջ:

Պետական աջակցություն

Հիմա ունենք նաև այլ խնդիր հավաքականների մասով: Երբ ես աշխատում էի ֆեդերացիայում, փորձում էի այնպես անել, որ տարիքային հավաքականներում խաղային միայն այն պատանիները, որոնք գոնե շանս ունեն դառնալու պրոֆեսիոնալ բասկետբոլիստ:

Բայց հիմա, գուցե և ոչ ֆեդերացիայի մեղքով, ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, ֆեդերացիան խնդիրներ է ունենում հեռավոր երկրներից, մասնավորապես ԱՄՆ-ից խաղացողների հավաքական հրավիրելու հարցում, քանի որ նրանց՝ Հայաստան գալու ծախսերը ներկայիս բյուջեի պայմաններում դժվար է հոգալ:

basketball2 - Անլուծելի խնդիրներ vs «նոր արյուն»՝ ու՞ր է գնում հայկական բասկետբոլը. Հարցազրույց Արա Պողոսյանի հետ
Հայաստանի հավաքականը վերջին հանդիպումն անցկացրել է 2018թ. ամռանը

Տեղեկացա նաև, որ ֆեդերացիան օրեր առաջ նամակ է ստացել ԿԳՄՍ նախարարությունից, որում հաղորդվում է, որ նախարարությունը չի կարող ֆինանսավորել Հայաստանի ազգային հավաքականի ծախսերը, որը ամռանը հանդես է գալու Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում: Մինչդեռ մենք հիմա այդ առաջնության մակարդակից շատ բարձր թիմ ունենք ու այնտեղ ջարդուփշուր ենք անելու բոլորին: Եթե այն ժամանակ 2-3 պրոֆեսիոնալ ունեինք, հիմա 25 խաղացողից ենք ընտրություն կատարելու, եթե իհարկե գնանք Իռլանդիա:

Այս պահին մեր լիգաները ճգնաժամի մեջ են

Հիմա աշխատանքներ է տարվում, գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը խոսում է տարբեր կողմերի, այդ թվում՝ նախարարության հետ: Պետության կողմից հատկացվող գումարը 40 մլն դրամ է, որի շրջանակներում անհնար է ֆեդերացիա պահել, մրցումներ կազմակերպել և այդքան տարիքային հավաքականներ պահել: Կամ պետք է լուրջ հովանավոր լինի, կամ էլ պետությունը պետք է հոգ տանի: Գուցե և տարբեր հովանավորներից փոքր-փոքր գումար հավաքենք, բայց այդպես միշտ շարունակել չի լինի:

Urartu Vivaro final 45 - Անլուծելի խնդիրներ vs «նոր արյուն»՝ ու՞ր է գնում հայկական բասկետբոլը. Հարցազրույց Արա Պողոսյանի հետ
Վահագն Հարությունյանը և Արա Պողոսյանը

Ես ոչ մեկին չեմ մեղադրում: Մեզ թվում է, թե բոլորը պետք է մեզ գումար տրամադրեն: Իսկ պետությունը այլ առաջնահերթություններ ունի, գուցե և նրանք էլ ճիշտ են իրենց դիրքորոշման մեջ: Ես նախկինում պատկերացնում էի, թե մեր պրոֆեսիոնալ լիգաները այնքան կզարգանան, որ ոչ միայն կինքնաֆինանսավորվեն, այլև հավելյալ միջոցներ կգեներացնեն ֆեդերացիայի համար, որպեսզի բավարարի նաև հավաքականների ծախսերի համար, ավելին՝ կկարողանանք ենթակառուցվածքային հարցեր լուծել: Բայց այս պահին մեր լիգաները այդ մակարդակին չեն հասել ու կարելի է ասել՝ ճգնաժամի մեջ են:

Այո, մրցաշրջանը նորմալ գնալու և ավարտվելու է, բայց լիգան չի աճում, ու հաջորդ մրցաշրջանից առաջ պետք է նստենք և վերլուծենք ամեն ինչ, որպեսզի հասկանանք, թե ուր ենք գնում:

Թիմերը

Անցյալ տարի կային նաև «Արցախ», «Արթիկ» թիմերը, բայց ես համաձայն չեմ, որ նրանք լուրջ որակ էին հաղորդում լիգային: «Արցախը» խորամանկություն էր անում ու լուրջ էր վերաբերվում միայն փլեյ-օֆֆին: «Արթիկը», ընդհանրապես, կայունություն չուներ ու նրանց ֆինանսական խնդիրները բեռ դարձան ամբողջ լիգայի համար: Անընդհատ մեղադրանքներ էր հնչեցվում, բայց մենք չենք կարող նման պայմաններում առաջ գնալ:

Fima vs Artik 27 - Անլուծելի խնդիրներ vs «նոր արյուն»՝ ու՞ր է գնում հայկական բասկետբոլը. Հարցազրույց Արա Պողոսյանի հետ
«Արթիկը» բարդ մրցակից էր ոչ միայն Արթիկում

Հիմա ունենք երկու լուրջ ակումբ, որոնք նաև մասնակցում են ՎԲեթ Եվրասիական լիգային՝ «Արագածն» ու «Ուրարտու ՎԲեթը», «Երևանն» էլ է աշխատում լուրջ թիմ ստեղծելու ուղղությամբ, ու նույնը անելու է ՖԻՄԱ-ն: Բայց գիտեք, ամեն անգամ կանոնավոր առաջնությանը թիմերը միշտ խնդիրներ են ունենում, իսկ փլեյ-օֆֆին սկսում են այնպես ակտիվանալ, նոր խաղացողներ բերել, ռեսուրսներ ներդնել, որ ուղղակի ապշել կարելի է:

Ավստրալիայից կան հետաքրքրվողներ, գործարարներ են, ովքեր այսօր այստեղ արտադրություն են հիմնել ու ցանկանում են թիմ ունենալ: Բ լիգայում հանդես եկող «Կիլիկան» էլ ցանկություն ունի հաջորդ մրցաշրջանում ՎԲեթ Ա-լիգայում խաղալ: Շատ կան հետաքրքրվողներ, բայց ոչ բոլորն են լուրջ նպատակներ դնում իրենց առջև, ուստի այսօր ունենք այս վիճակը:

Մանկապատանեկան բասկետբոլը

Երեխաների թիմ պահելն էլ կապված է դահլիճների հետ, ինչի մասին ասեցի: Բայց ասեմ՝ ակումբները իրենք մեծ ցանկություն ունեն մանկապատանեկան թիմեր ունենալու, քանի որ բասկետբոլով զբաղվելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, այդ կերպ նրանք նույնիսկ վճարովի մարզումների միջոցով կարող են բավականին գումար աշխատել:

Urartu Vivaro final 4 - Անլուծելի խնդիրներ vs «նոր արյուն»՝ ու՞ր է գնում հայկական բասկետբոլը. Հարցազրույց Արա Պողոսյանի հետ
Պատանիների շրջանում բասկետբոլը տարածում է գտել

ՎԲեթ Ա-լիգան այդ առումով մեծ ազդեցություն է ունեցել, բասկետբոլի պահանջարկը մեծ է: Միակ խնդիրը դահլիճների սակավությունն է, առկա դահլիճներում բոլոր ժամերը զբաղված են: Հուսով ենք՝ առաջիկայում բացի պրոֆեսիոնալ դահլիճներից գոնե որոշակիորեն կլուծվի նաև մարզումային դահլիճների հարցը, 3 նոր դահլիճ է սպասվում Շենգավիթի մարզադպրոցում: Գյումրիում ևս սպասում ենք Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցմանը, որտեղ նույնպես կկարողանան բասկետբոլով զբաղվել:

Առաջիկայում կքննարկենք ակումբների առջև մանկապատանեկան թիմ ունենալու պահանջ դնելու տարբերակը, թեև կարծում եմ որ այդ հարցը այնքան սուր չէ և կլուծվի ինքնաբերաբար:

Ախտը՝ պայմանավորված խաղեր

Երբ այս ախտը մտնում է սպորտ, սկսում է ստվեր գցել ամբողջ լիգայի վրա

Այո, մենք ունեցել ենք խնդրահարույց խաղեր այս տարվա լիգայում, ինչը մեծ սպառնալիք է հայկական բասկետբոլի համար: Մենք աշխատում ենք թե՛ բուքմեյքերական ընկերությունների հետ, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում, և թե՛ իրավապահ մարմինների հետ, որոնք արդեն զբաղվում են այդ հարցերով:

Այո, գուցե և հատուկենտ խաղերում է լինում նման դեպք, բայց երբ այս ախտը մտնում է սպորտ, սկսում է ստվեր գցել ամբողջ լիգայի վրա: Արդեն բոլոր խաղերը դառնում են կասկածի առարկա, ու լարվածություն է մտնում, որը շատ է վնասում լիգային:

Կա որոշակի իրավական բազա, ՎԲեթ Ա-լիգան ներկայացնող բոլոր թիմերը ստորագրել են համաձայնագիր, որով մենք կարող ենք պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ, ինչպես նաև ցանկացած կասկածի դեպքում դիմել իրավապահ մարմիններին, ինչից արդեն օգտվել եմ:

Լավ եմ պատկերացնում իրականությունը, լիովին բացառել խաղադրույքները լիգայում ուղղակի անհնար է, բայց պետք է նվազագույնի հասցնել: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ:

12.10.2019 Aragats vs Urartu Vbet super cup final 13 - Անլուծելի խնդիրներ vs «նոր արյուն»՝ ու՞ր է գնում հայկական բասկետբոլը. Հարցազրույց Արա Պողոսյանի հետ
«Արագած» – «Ուրարտու Վբեթ»՝ լիգայի ամենաուժեղ դիմակայությունը

Անդունդ՝ թիմերի խաղամակարդակում

Այո, նման խնդիր որոշակիորեն կա, բայց մենք այս փորձի արդյունքում աստիճանաբար գտնում ենք այդ խնդրի լուծումը: Մասնավորապես, մենք կարող ենք հաջորդ մրցաշրջանից 2 հայ խաղացողի պահանջ դնել լիգայում, իսկ ՎԲեթ Եվրասիական լիգայում տեղական թիմերը կարող են համագործակցել ու վերցնել լավագույններին նաև մյուս թիմերից: Ավելին, առաջարկելու եմ թիմերին նախօրոք քննարկել այդ խաղացողներին, ու աշխատավարձի մի մասն էլ մյուս թիմը տա, որովհետև իմաստ չկա այդքան գումար վճարել մի խաղացողի համար, որը քեզ պետք է գալու 1-2 խաղում: Կարծում եմ, եթե 2 խաղացողի պարտադիր պայման դնենք, ապա որոշակի օգուտներ այն կտա:

Վբեթ Ա-լիգայի բերած «նոր արյունը»

Առաջին մրցաշրջանում մենք ընդհանրապես խաղացող չունեինք: Բայց կանոնավոր մրցաշարը ստիպեց բոլոր այն խաղացողներին, ովքեր արդեն մտածում էին՝ շարունակել զբաղվել բասկետբոլով, թե ոչ, կրկին ուշադրությունը թեքել բասկետբոլի կողմ: Հիմա մի շարք տղաներ խաղում և թեկուզ ոչ մեծ, բայց գումար են ստանում: Զբաղվել սիրած բանով ու վաստակել որոշակի գումար, դա շատ մեծ պլյուս է:

Մեր թիմերում առաջատարները հայերն են

allstar42. - Անլուծելի խնդիրներ vs «նոր արյուն»՝ ու՞ր է գնում հայկական բասկետբոլը. Հարցազրույց Արա Պողոսյանի հետ
Մեթյու Մադոյանը և Մխիթար Վարդանյանը

Բացի այդ մի շարք հայ խաղացողներ ենք բերում սփյուռքից, որոնք արդեն մտածում են այստեղ հիմնավորվելու ու մնալու մասին: Մայքլ Հակոբյանը ցանկություն ունի մնալու, Անդրեյ Կոնստանտինովը ուզում է դպրոց բացել ու իր սաներն ունենալ, Ալբերտ Թադևոսյանն արդեն իսկ աշխատանք է գտել որպես մարզիչ: Մենք նոր արյուն ենք բերում հայկական բասկետբոլ, որը 20 տարվա ընթացքում կորել էր: Այս ամենը ի վերջո կձևավորի մի միջավայր, էկոհամակարգ, որը ոտքի կկանգնեցնի հայկական բասկետբոլը:

Ուրախալի է, որ չնայած մեծ թվով լեգեոներների ներկայությանը, մեր թիմերում շարունակում են առաջատարներ մնալ հայ խաղացողները, կարծում եմ՝ այդպես է թե՛ «Ուրարտու Վբեթում», թե՛ «Երևանում», թե՛ ՖԻՄԱ-ում, թե՛ շատ այլ թիմերում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա