Logo

ԱՆՏԱՐԵՍԸ կորոնավիրուսի օրերին [Զրույց Արքմենիկ Նիկողոսյանի հետ]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 10.04.2020Գրադարան
51019924 10213155387379600 7749025376067649536 o - ԱՆՏԱՐԵՍԸ կորոնավիրուսի օրերին [Զրույց Արքմենիկ Նիկողոսյանի հետ]

Զրուցել ենք ԱՆՏԱՐԵՍ հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ գրահրատարակչության, կարանտինի ընթացքում ծագած դժվարությունների և արված ու արվելիք գործերի մասին։

Բարև Ձեզ, Արքմենիկ ջան։ Ո՞նց եք այս ինքնամեկուսացման օրերին։

Ողջույն, Շուշան ջան: Մի քանի օր առաջ երաժիշտ Միքայել Ոսկանյանը ֆեյսբուքում գրել էր՝ «Մարդ էլ էս օրերին ժամանակ չունենա՞»: Այ, այդպիսի վիճակում էլ ես եմ՝ երկու օրը մեկ լայվեր՝ նվիրված տարբեր բանաստեղծների, տասնյակ հարցազրույցներ՝ օնլայն, օֆլայն, գրքերի խմբագրում, «Անտարեսում» աշխատանքներին հետևել և այլն, և այլն: Էլ չասած հազարավոր զանգերի, նամակների մասին, որ ստանում եմ այս օրերին:

Ինչո՞ւ որոշեցիք լայվեր անել և խոսել գրականության մասին։

Անկեղծ եթե ասեմ՝ դրդառիթը նախևառաջ այն էր, ստուգել, թե արտակարգ դրության պայմաններում փակված մարդիկ արդյո՞ք պահանջմունք ունեն գրականության, գրականության մասին զրույցների, խոսքի, արդյոք քանի՞ մարդ կդիտի այդ լայվերը:

Խորհրդակցեցի ընկերոջս՝ գրականագետ Հայկ Համբարձումյանի հետ, որոշակի ֆորմատ մշակեցինք, հեղինակներ ընտրեցինք ու սկսվեց: Զարմանալիորեն շատ դրական արձագանքներ եղան: Բայց ասեմ, որ հյուծիչ է շատ: Ուղղակի ուժասպառ եմ լինում ամեն եթերից հետո: Միևնույն ժամանակ՝ ներքին բավարարվածություն կա, որ ընթերցումներից զատ նաև օգտակար տեղեկություններ ենք փոխանցում, մարդկանց՝ գրականությանը կամ կոնկրետ հեղինակների ստեղծագործությանը այլ հայացքով նայելու առիթ ենք ստեղծում:

Ի՞նչ կարևոր ենթատեքստեր ունի այս համաճարակն ու կարանտինը։ Ի նկատի ունեմ, բոլորս արդեն որոշակի գծագրված աշխատանքային ռեժիմ, գրաֆիկ և համակարգ ունեինք, հիմա շատ կարճ ժամանակում կարիք եղավ վերանայել ամեն բան։

Ընդհանրապես՝ էկզիստեցիալ վիճակները կարևոր են մարդկանց համար: Երբեմն-երբեմն՝ պետք է լինեն նման վիճակներ շատ կարևոր արժևորումներ անելու համար: Մենք, փաստորեն, հանձնվել էինք որոշակի ռիթմի ու չէինք գիտակցում ու վերահսկում շատ-շատ բաներ: Ու շատ բաներ այդ ռիթմի մեջ թվում էին հնացած, անհնարին: Հիմա հասկանում ես, որ իրոք «այնտեղ է լոկ սխրանքն սկսվում, ուր վերջանում է ամեն մի հնար»:

Մարդը, առավել ևս խելացի, գիտակից մարդը այս պայմաններում հասկացավ իր անկրկնելի և ուժեղ լինելը: Հասկացավ, որ ամեն ինչից ելք կա: Մենք պարզապես հաճախ չենք ուզում տեսնել այդ ելքերը, չենք գնում սխրանքի: Մենք արդեն չէինք կարոտում, մենք արդեն չէինք սիրում, մենք արդեն չէինք գնահատում այդ ռիթմի մեջ: Հիմա մարդիկ կրկին կհասկանան ինչ է սերը, կարոտը, ընկերությունը, հուսամ՝ այսուհետ կարժևորեն միմյանց հետ լինելու յուրաքանչյուր րոպեն:

Ի՞նչպես է աշխատվում տնից։ Ինչպե՞ս են անտարեսցիները։ Հե՞շտ է աշխատել տնից, արդյունավետությանը չի՞ խանգարում իրարից հեռու լինելը։

Ամենասկզբում էր մի քիչ անսովոր: Հիմա շատ լավ է: Պարզվեց՝ որ մեզանից էլ անկախ կամ, չգիտեմ, գուցե նաև՝ հատուկ կառավարմամբ (մեր ղեկավարը կիմանա)՝ այս տարիների ընթացքում այնպես ենք կազմակերպել մեր աշխատանքները, որ հեռավար աշխատանքը լրացուցիչ բարդություններ չբերեց: Մեր սրբագրիչների ու խմբագիրների մեծ մասը տնից է աշխատել միշտ: Ծրագրերն ու համակարգիչները ամբողջովին պատրաստ էին տնից աշխատելուն: Նախկինում էլ պարբերաբար արել ենք հեռավար ժողովներ, քննարկումներ և այլն: Այնպես որ՝ կարոտել ենք իրար, բայց աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Ավելին՝ կոնկրետ հրատարակչական հատվածում՝ արդյունավետությունը այս շրջանում շատ է մեծացել: Ավելի քան 50 գիրք են պատրաստել հրատարակության, մոտ այդքանն էլ աշխատանքային փուլում են:

Ինչպե՞ս եք ադապտացվել աշխատանքայի նոր պայմաններին ու ձևաչափերին։

Մշտապես շփման մեջ ենք բոլոր աշխատողների հետ: Մեզնից մեկ-երկուսը պարբերաբար իջնում են գրասենյակ՝ տեխնիկական հարցեր կարգավորելու համար: Մնացյալը նորմալ է:

Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել աշխատանքային կյանքը, որ ոչ մի կարևոր գործ չտուժի: Արքմենիկ Նիկողոսյանի փորձն ու կարևոր սկզբունքները։

Նախ՝ խուճապի չմատնվել և խուճապ չտարածել: Երկրորդ՝ ենթարկվել օրենքներին ու կանոններին և ձեր հերթին սահմանել կանոններ և հետևել դրանց կատարմանը: Այդքան բան: Իսկ դրանից առաջ՝ ապահովված լինել տեխնոլոգիական բոլոր նորագույն գործիքներով, ունենալ տեսլական, առնվազն մի քանի տարվա հրատարակչական ծրագիր: Ունենալ ընթացիկ աշխատանքների մեծ չափաբաժին: Ահա «Անտարեսում» այս ամենի համադրմամբ ու իրավիճակին ճիշտ ու արագ արձագանքման շնորհիվ կարողացել ենք հասնել նրան, որ հրատարակչական մասով շարունակում ենք ծավալել բնականոն գործունեություն:

Ի՞նչ է անում այժմ «Անտարեսը»։ Գրքեր, ծրագրեր, որքանո՞վ է հնարավոր կարանտինային իրավիճակում սթափ ու ճիշտ աշխատելաձև գտնել ողջ անձնակազմի համար։

Բնական է, որ հիմա պատվերները քիչ են, թեպետ, այնուամենայնիվ, կան: Հիմնականում կենտրոնացած ենք մեր ներքին, ֆիրմային արտադրանքների վրա: Բազմիցս զրուցել ենք բոլոր աշխատակիցների հետ: Տարբեր տոներով, տարբեր թիրախներով, տարբեր մատնանշումներով: Կարևորը, կրկնեմ, այն է, որ սահմանվել են կանոններ, որոնք ստեղծված իրավիճակում լավագույն կամ հնարավորինս անկորուստ ելքեր են հուշում: Ու իսկապես շնորհակալ եմ «Անտարեսի» բոլոր աշխատակիցներին, որ այս ընթացքում արել են այն, ինչ հնարավոր է եղել անել: Իհարկե, որոշ թերացումների էլ ունենք, բայց առանց դրա չի լինի: Կյանքը բնականոն հունին վերադառնալուց հետո առավել հստակ կկարողանանք վերլուծել, թե որտեղ ենք վրիպել, որտեղ ենք ավելի ճիշտ կողմնորոշվել:

«Անտարեսի» այս տարվա ծրագրերից կխոսե՞ք, և արդյո՞ք փոխվել է որևէ բան։ Աշխատանքը շատացե՞լ, թե պակասել է։

Մեր ծրագրերը չեն փոխվել: Շարունակում ենք ռեբրենդինգը՝ որոշ մատենաշարերի հետ կապված: Արդեն «XXI. արդի հայ արձակ», «Բաբելոնյան գրադարան» մատենաշարերը նոր տեսքով ներկայացել են ընթերցողին: Նոր մատենաշար ենք հիմնել՝ մինչև 19-րդ դար ստեղծված համաշխարհային գրական կոթողների և տարբեր ստեղծագործությունների ընդգրկմամբ: Այս պահին մոտ 50 գիրք տպարանում է, և արտակարգ դրությունից հետո հուսով ենք արագ հասցնել մարդկանց: Թարգմանական աշխատանքները, ժամանակակից հայ գրողների գործերի հրատարակման աշխատանքներն էլ մեծ թափով շարունակվում են:

Խոսենք նաև գրքերը մարդանց այս օրերին հասցնելու մասին։

Արդեն զրուցել եմ տարբեր մարդկանց հետ, և տեղյակ եմ, որ օնլայն վաճառքները մեծացել են: Փառք ու պատիվ այն բոլոր ծառայություններին, որ այս օրերին կարողանում են մարդկանց գիրք հասցնել: Հրաշալի է: Տարբեր կայքեր հրամցնում են օնլայն գրքեր, դա նույնպես շատ լավ է, թեպետ երբեմն դա անում են հեղինակային իրավունքի կոպիտ խախտումներով:

Գրահրատարակչությամբ զբաղվողներին ի՞նչ խորհուրդ կարող եք տալ։

Նախ՝ ունենալ հստակ հրատարակչական  ծրագիր, հասկանալ՝ ինչ բաց եք լրացնելու: Շատ երկար աշխատել՝ մինչև առաջին գիրքը շուկա հանելը: Աշխատել ամեն տեսանկյունից, որովհետև մուտքը հետագայում շատ բան է կանխորոշում, իր հետևից տանում է շատ բան, ու հաճախ այնքան խանդոտ է, որ փոփոխություններ չի հանդուրժում:

Այս ոլորտում որքանո՞վ է կարևոր մարքեթինգի, գովազդի, փիարի դերը։

Շատ կարևոր է, շատ-շատ: Հիմա այդ առումով բավական տեղաշարժ կա, բայց անելիքներն էլ շատ են: Վերջին տարիների՝ գրահրատարակչական շուկայի ակտիվությունն ինքն էլ յուրօրինակ փիար էր, և ընթերցողների ավելացումն ու մակարդակի բարձրացում էլ՝ ըստ էության փիարի արդյունք է: Մնում է, որ գրքի կարևորության, գրքով ու գիտելիքով հասարակության մակարդակը փոխելու, ավելի լավը դարձնելու գիտակցությունը նաև մեր իշխանությունները գիտակցեն ու որդեգրեն, նորացնեն գրադարանները, համալրեն գրքերով: Թե չէ՝ կորոնավիրուսները կգան ու կգնան, կան մնայուն բաներ, որոնցից մեկն էլ գիրքն է:

Արդյո՞ք պա


հանջարկն է առաջարկ ձևավորում, թե՞ հակառակը։ Ինչո՞վ եք առաջնորդվում գիրք տպելիս:

Եվ, և: Կոնկրետ մեր հրատարակչության մարտավարությունը երկու սկզբունքների վրա էլ հենված է: Նախ՝ բավարարել պահանջարկը, բայց միևնույն ժամանակ՝ թիրախային առաջարկներով նոր պահանջարկներ ձևավորել:

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա