Logo

Արա Պողոսյան. «Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հաղթելու մեծ հույսեր ունենք»

Հեղինակ
Հրայր Նազարյան
07:45 / 11.06.2022Հարցազրույցներ
Բացառիկ
null

Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը պատրաստվող բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը հունիսի 14-ից արդեն ամբողջական կազմով կշարունակի մարզումները Երևանում։ Նախապատրաստության ընթացքի մասին VNews-ի հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել ու տարիքային տարբեր խմբերի մեր հավաքականների առաջիկա միջազգային մեկնարկներին է անդրադարձել VBET Ա-Լիգայի նախագահ, մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը։

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանի ազգային ընտրանու մի խումբ խաղացողներ այս օրերին մարզվում են Երևանում։ Մարզումները համակարգում է գլխավոր մարզչի օգնական Միքայել Պողոսյանը։ Մյուս խումբն արդեն գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանի ղեկավարությամբ պատրաստվում է Լոս Անջելեսում։ Երկու օրից նրանք կժամանեն Երևան, և հունիսի 14-ից հավաքականը մարզումները կշարունակի արդեն ամբողջական կազմով։

Նախապատրաստության շրջանակում հունիսի 23-26-ը մարզահամերգային համալիրում կազմակերպվելու է Հայաստանի, Սիրիայի, Իրանի ընտրանիների, ինչպես նաև ԱՄՆ պրոֆեսիոնալ լիգաների հավաքականի մասնակցությամբ միջազգային մրցաշար։ Ուզում եմ նշել, որ խոսքը, բնականաբար, ԱՄՆ գլխավոր հավաքականի մասին չէ։ Այնտեղ կան տարբեր հավաքականներ, որոնք տարբեր երկրներում բասկետբոլի զարգացումը խթանելու նպատակով ամռանը մասնակցում են արտագնա միջազգային մրցաշարերի։ Մեզ մոտ չեն խաղալու NBA-ի աստղեր, բայց, միևնույն է, ժամանելու է շատ ուժեղ թիմ։ Իսկ Հայաստանի հավաքականը քառամյա ընդմիջումից հետո վերջապես կներկայանա հարազատ երկրպագուներին։ Ի դեպ, խաղալու ենք նոր՝ ժամանակակից մարզահատակի վրա, որը ձեռք է բերվել կառավարության աջակցությամբ»,- նշեց մեր զրուցակիցը։

Հունիսի 28-ից հուլիսի 4-ը Հայաստանի ընտրանին Մալթայում մասնակցելու է Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը։ «Նորմալ կազմ ունենք, բայց առավել ուրախացնում է այն հանգամանքը, որ հավաքականում շատ են Հայաստանի ակումբներում ելույթ ունեցող տեղացի բասկետբոլիստները։ Գիտեք, որ մեր լիգաներում քիչ չեն այլ երկրներից ժամանած հայ մարզիկները, բայց հիմա ասպարեզ են դուրս գալիս այստեղ մարզական վարպետություն ձեռք բերած մեր սաները, որոնք հետզհետե կազմելու են հավաքականի կորիզը։

Ունենք նաև նորեկ՝ Քրիս Ջոնսը, որը դեռ 2018 թվականին էր հրավիրվել Հայաստանի հավաքական, սակայն միայն հիմա է միանալու թիմին, քանի որ մինչև այդ մրցումներ չենք ունեցել։ Կրկին հավաքականում է Անդրե Սպայթ-Մկրտչյանը, որը 6 տարի առաջ Մոլդովայում տեղի ունեցած Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում մեր հաջողության հիմնական կերտողներից էր։ Մեծ հույսեր ունենք, որ այս անգամ էլ կհաղթենք։ Գիտենք նաև, որ հեշտ չի լինելու, որովհետև մրցակիցներն ամենևին էլ թույլ չեն։ Ի դեպ, մեր մրցակիցներից է Ադրբեջանի հավաքականը, որը համալրված է բավական բարձրակարգ բասկետբոլիստներով և ունի փորձառու գլխավոր մարզիչ՝ սերբ Ալեքսանդր Տրիֆունովիչը։ Այնպես որ, անչափ հետաքրքիր պայքար է սպասվում»,- ընդգծեց ՀԲՖ փոխնախագահը։

ՊԱՏԱՆԵԿԱՆ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«16 տարեկան պատանիների հավաքականը մարզում է իրանահայ Զորիկ Իսաջանին։ Թիմում ընդգրկված են տեղացի և ամերիկահայ բասկետբոլիստներ։ Հավաքականը պատրաստվում է հուլիսի 12-17-ը Ջիբրալթարում կայանալիք Եվրոպացի C խմբի առաջնությանը։

Արեգ Վաթյանի գլխավորած 16 տարեկան աղջիկների հավաքականը պատրաստվում է նույն ժամկետում Ալբանիայում կայանալիք C դիվիզիոնի առաջնությանը։

Վատ տեսք չունի նաև մինչև 18 տարեկանների հավաքականը, որի մարզիչն է Հարություն Եսայանը։ Թիմը համալրված է բացառապես տեղացի բասկետբոլիստներով։ Այդ թիմի համար առաջնությունը լինելու է ուժերի ինքնատիպ ստուգատես. պետք է գնահատենք մեր ներուժը, հասկանանք, թե ինչպիսի հերթափոխ է աճում, և ինչպես ենք շարունակելու աշխատանքները։

20 տարեկան աղջիկների հավաքականը խաղալու է B դիվիզիոնում, որի մրցաշարն անցյալ տարի անցկացվել էր Երևանում։ Թեպետ մեր թիմը հիմնականում պարտվեց, բայց մարզուհիները կարևոր փորձ ձեռք բերեցին։ Մրցակիցներն էլ շատ ուժեղ էին. նրանց թվում էին Հունաստանը և Ուկրաինան։ Որոշ խաղերում նույնիսկ մոտ էինք հաղթանակին։ Հասկացանք, որ ճիշտ ուղու վրա ենք։ Հիմա հավաքականը մարզում է Սուրեն Արզումանյանը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա