Logo

Առանց Ռամոսի, բայց հեղափոխված թիմով. Ինչ անակնկալ է պատրաստել Իսպանիան ԵՎՐՈ 2020-ին

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 24.05.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
eurocombat2020 - Առանց Ռամոսի, բայց հեղափոխված թիմով. Ինչ անակնկալ է պատրաստել Իսպանիան ԵՎՐՈ 2020-ին

Իսպանիայի հավաքականը, որը 2010-ականների ֆանտաստիկ տրիումֆներից հետո, մեծ հաշվով, ձախողել է խոշոր մրցաշարերը, իր առջև նպատակ է դրել հեռուն գնալ Եվրոպայի առաջիկա առաջնությունում, ինչո՞ւ ոչ, պայքարել նաև չեմպիոնության համար: Դժվար է ասել՝ կստացվի Էնրիկեի թիմի մոտ հասնել եվրոպական փառքին, թե ոչ, բայց տեսնելու ենք նոր՝ ավելի երիտասարդ ու թարմ կադրերով Իսպանիա:

VNews-ը շարունակում է ԵՎՐՈ 2020-ի հավաքականներին ներկայացնելու շարքը։ Այս անգամ ներկայացնում ենք Իսպանիայի հավաքականի անցած ճանապարհը, հայտացուցակը, գլխավոր աստղին, մարզչական գործոնը և, իհարկե, առաջիկա մրցաշարում շանսերը ու հավանական մեկնարկային կազմը։

Անցած ճանապարհը

Իսպանիայի հավաքականը վերջին 2-3 տարիներին ունեցել է հաղթական ճանապարհ: Լուիս Էնրիկեի թիմը վստահորեն հաղթել է ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլում, որտեղ ընգրկված էր F խմբում՝ Շվեդիայի, Նորվեգիայի, Ռումինիայի, Ֆարերյան կղզիների և Մալթայի հավաքականների հետ միասին:

Իսպանիայի հավաքականն այդ խմբում անպարտելի մնաց՝ անցկացրած 10 խաղից հաղթելով 8-ում և գրանցելով 2 ոչ-ոքի: Իսպանիայի ընտրանին ընտրական այդ փուլի ամենաարդյունավետ թիմերից էր՝ խփած 31 գոլով ու բաց էր թողել ընդամենը 5 գնդակ:

Իսպանիայի հավաքականը բավական հաջող խաղաց նաև Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության առաջին փուլում: Էնրիկեի թիմն այնտեղ ընդգրկված էր A դիվիզիոնի 4-րդ խմբում՝ Գերմանիայի, Շվեյցարիայի և Ուկրաինայի հետ միասին: Սեփական հարկի տակ անցկացրած խաղերում Իսպանիան 3 չոր հաղթանակ տարավ՝ պարտության մատնելով Շվեյցարիային և Ուկրաինային, դե իսկ Գերմանիայի ընտրանուն պարզապես վրաերթի ենթարկեց 6-0 հաշվով: Մյուս 3 խաղերից 2-ում՝ իսպանացիները ոչ-ոքի անցկացրին ու հաղթեցին մեկում՝ գրավելով առաջին հորիզոնականն ու դուրս եկան կիսաեզրափակիչ: Հոկտեմբերի 6-ին «Ֆուրիա Ռոխան» խաղալու է Իտալիայի ընտրանու հետ, իսկ կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Ֆրանսիան ու Բելգիան:

Մեր ընտրանին

Հայտացուցակը ԵՎՐՈ 2020-ի համար

Դարպասապահներ. Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Ունաի Սիմոն («Ատլետիկ Բիլբաո»), Ռոբերտ Սանչես («Բրայթոն»)

Պաշտպաններ. Ժորդի Ալբա («Բարսելոնա»), Խոսե Գայա («Վալենսիա»), Էմերիկ Լապորտ, Էրիկ Գարսիա (երկուսն էլ «Մանչեսթեր Սիթի»), Պաու Տորես («Վիլյառեալ»), Դիեգո Լյորենտե («Լիդս»), Սեսար Ասպիլիկուետա («Չելսի»)

Կիսապաշտպաններ. Սերխիո Բուսկետս, Պեդրի (երկուսն էլ «Բարսելոնա»), Մարկոս Լյորենտե, Կոկե (երկուսն էլ «Ատլետիկո»), Տյագո Ալկանատա («Լիվերպուլ»), Ֆաբիան Ռուիս («Նապոլի»)

Հարձակվողներ. Դանի Օլմո («ՌԲ Լայպցիգ»), Ալվարո Մորատա («Յուվենտուս»), Ժերար Մորենո («Վիլյառեալ»), Ֆերան Տորես («Մանչեսթեր Սիթի»), Ադամա Տրաորե («Վուլվերհեմփթոն»), Պաբլո Սարաբիա (ՊՍԺ):

Լուիս Էնրիկեի հրապարակած հայտացուցակը բավական «սկանդալային» ստացվեց՝ հաշվի առնելով իսպանացու վիճելի որոշումները: Առաջին բանը, որ զարնում է բոլորի աչքը՝ դիտելով այս հայտացուցակը, միանշանակ Սերխիո Ռամոսի բացակայությունն է: Իհարկե՝ Էնրիկեն բացատրեց իր այդ որոշումը «Ռեալի» ավագի՝ խաղային պրակտիկայի բացակայությունն է. «Շատ ենք մտածել այդ որոշման մասին: Սերխիոյի հետ առանձնազրույց եմ ունեցել: Շատ դժվար որոշում էր, բայց այն լավագույնն էր հավաքականի համար: Ռամոսը վերջերս շատ խաղեր ու մարզումներ է բաց թողել: Նա մեծ պրոֆեսիոնալ է: Նրան խորհուրդ եմ տվել լավ վերականգնվել, որպեսզի հետագայում օգուտ տա հավաքականին ու իր ակումբին», – հայտացուցակը հրապարակելուց հետո նշել է Էնրիկեն:

Spain Leave Sergio Ramos Out of Euro 2020 Squad, Aymeric Laporte Included - Marketshockers

Բայց, երբ ավելի ուշադիր ենք նայում Էնրիկեի հայտացուցակին՝ տեսնում ենք, որ այստեղ «Ռեալից» ոչ մի ֆուտբոլիստ չկա, և դա առաջին դեպքն է Իսպանիայի հավաքականի պատմության մեջ: Ռամոսից բացի՝ Նաչո, Կարվախալ, Օդրիոսոլա, Իսկո, Վասկես, Ասենսիո… նրանցից ոչ ոք չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Եթե Օդրիոսոլայի, Իսկոյի ու Ասենսիոյի դեպքում կարող ենք հասկանալ Էնրիկեի որոշումը՝ հաշվի առնելով, որ այս ֆուտբոլիստները կամ չունեին խաղաժամանակ, կամ բավարար մարզավիճակ՝ ԵՎՐՈ-ին մասնակցելու համար, Կարվախալն ու Վասկեսն էլ վնասվածք ունեն, դա էլ հասկացանք. բայց ինչո՞ւ Էնրիկեն չի հրավիրել Նաչոյին, որը մրցաշրջանի վերջին հատվածում հրաշալի իրեն դրսևորեց, և դա այն դեպքում, երբ իր հայտացուցակում Էնրիկեն չունի 2 նոմինալ աջ պաշտպան. մեկը՝ Ասպիլիկետան է, մյուսը, ըստ երևույթին, Մարկոս Լյորենտեն:

Միջին գծում մեծ հարց է առաջացնում Սաուլ Նիգեսի բացակայությունը: Այո՛, Սաուլը չանցկացրեց իր լավագույն մրցաշրջանը, բայց մի՞թե նրա փորձը, որակներն ու տաղանդը բավական չէին, որ նա հայտնվեր առանց այն էլ այս անփորձ ֆուտբոլիստներով լի հայտացուցակում: Հարձակման գծում էլ կարող էր և պետք է հայտնվեր «Սելտայի» հարձակվող Յագո Ասպասը, որը Լա լիգայի 33 խաղում խփել է 14 գոլ ու կատարել 13 գոլային փոխանցում (լավագույն ասիստենտը Իսպանիայում), իսկ, օրինակ, Ադամա Տրաորեն Պրեմիեր լիգայում անցկացրած 37 խաղում խփել է 2 գոլ ու կատարել 3 ասիստ, բայց հայտնվել է հայտացուցակում:

Goal.com կայքը հավաքել է Էնրիկեի հայտացուցակում չընդգրկված ֆուտբոլիստներից կազմված խորհրդանշական թիմ: Ի՞նչ կասեք:

Image

Մարզչական գործոն

Իսպանիայի այս հավաքականի միակ հույսն ու հավատը, իրականում, հենց գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն է: «Բարսելոնայի» նախկին մարզիչը Իսպանիայի ընտրանին գլխավորեց 2018-ի հուլիսին՝ ԱԱ 2018-ի ֆիասկոյից անմիջապես հետո՝ փոխարինելով իր կամքից անկախ հավաքականը գլխավորած Ֆերնանդո Հիերոյին: Էնրիկեին հաջողվեց բուժել Իսպանիայի հավաքականն այդ խայտառակ մրցաշարից հետո, որում Իսպանիան պարտվել էր Ռուսաստանի հավաքականին:

Ամեն ինչ սկսեց հենց ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլից: Էնրիկեի Իսպանիան շատ արագ ցույց տվեց արդյունք ու լավ խաղ: 51-ամյա մասնագետին հաջողվեց փոխել թիմի հոգեբանությունը և շարունակել Խուլեն Լոպետեգիի սկսած ճանապարհը: Իսպանիայի հավաքականը սկսեց խաղալ արագ, հարձակվողական ու գրավիչ ֆուտբոլ և ցույց տվեց արդյունք՝ հաղթելով նախընտրական փուլում, իսկ հետո արդեն Ազգերի լիգայում, 2019-ի հունիսին, ինչպես հետագայում պարզվեց դստեր ծանր հիվանդության պատճառով Էնրիկեն հեռացավ Իսպանիայի հավաքականից, որտեղ վերադարձավ 5 ամիս անց՝ նոյեմբերին: Էնրիկեն արագ վերգտավ իրեն հավաքականի հանդերձարանում ու հաղթեց նաև Ազգերի լիգայի խաղարկությունում:

Luis Enrique defends rotation policy: If people don't agree, I don't care

Էնրիկեն բավական հետաքրքիր մոտեցում է ցույց տալիս Իսպանիայի հավաքականում: Ընդհանուր առմամբ՝ հավաքականի ղեկին լինելով 19 խաղում, նա օգտագործել է 57 տարբեր խաղացողների, իսկ նրա գլխավորությամբ 21 ֆուտբոլիստ իր նորամուտն է նշել «Ֆուրիա Ռոխայում»: Էնրիկեն իր յուրաքանչյուր հայտացուցակում նոր ֆուտբոլիստների է ընդգրկում ու շանս տալիս բոլորին՝ լայն ընտրություն ունենալու համար: Այս հայտացուցակում «Բարսելոնայի» երիտասարդ կիսապաշտպան Պեդրիի հայտնվելը դրա վառ օրինակն է: Էնրիկեի հայտացուցակը հարցեր կարող է առաջացնել շատերի համար, բայց իսպանացի երկրպագուները վստահում են իրենց մարզչին. եթե Էնրիկեն այդպես է որոշել, ուրեմն մի բան գիտի:

Գլխավոր աստղը

Շատ վաղուց չէր եղել դեպք, որ Իսպանիայի հավաքականում չլիներ համաշխարհային մեծության աստղ: Մի պահ հիշենք 2010 թվականը. Կասիլյաս, Ռամոս, Ալոնսո, Չավի, Ինիեստա, Ֆաբրեգաս, Սիլվա, Վիլյա, Տորես… չէինք կարող որոշել՝ ով է այդ թիմի գլխավոր աստղը:

Հիմա էլ չենք կարող, բայց ոչ թե աստղերն այնքան շատ են, որ չենք կարող առանձնացնել մեկին, այլ աստղ, անկեղծ լինենք, չկա այս թիմում: Պաշտպանությունում կան խոստումնալից պաշտպաններ՝ Պաու Տորես, Էրիկ Գարսիա, հավաքական է «տեղափոխվել» Էմերիկ Լապորտը, կան փորձառու ֆուտբոլիստներ՝ Բուսկետս, Ալբա, Տիագո, բայց չկան աստղեր, որոնք իրենց թիմերում առաջատար են, Իսպանիայի այս հավաքականում չկա ֆուտբոլիստ, որ, օրինակ, մտածի «Ոսկե գնդակի» մասին: Այդուհանդերձ՝ այս կազմից կարելի է առանձնացնել Կոկեին՝ հաշվի առնելով, որ նա ունի շատ մեծ փորձ՝ թիմին առաջնորդելու: Կոկեն արեց դա «Ատլետիկոյում» ու դարձավ Իսպանիայի չեմպիոն: Նա կարող է իր փորձն ու խաղային գիտելիքները փոխանցել երիտասարդ խաղընկերներին և դառնալ թիմի շարժիչ ուժը կենտրոնում:

Koke is not the new Xavi - but he's back to his best – The Athletic

Մրցակիցներ/շանսեր

Իսպանիայի հավաքականը չի ընդգրկվել մահվան խմբում, բայց նրա մրցակիցներն էլ նվերներ չեն: «Կարմիրներն» ընդգրկված են E խմբում, իսկ մրցակցիներն են Շվեդիայի, Լեհաստանի ու Սլովակիայի հավաքականները: Նրանք Եվրոպայի չեմպիոն դառնալու ֆավորիտներ չեն, բայց նրանցից յուրաքանչյուրը կարող է «ցավեցնել» իսպանացիներին: Շվեդիայի հավաքականը միշտ էլ մրցունակ թիմ է եղել՝ անկախ նրանից՝ կա Իբրահիմովիչը, թե՝ ոչ: Նույնը կարելի է ասել Լեհաստանի ընտրանու մասին, և այս դեպքում արդեն թիմի առաջատարը՝ Ռոբերտ Լևանդովսկին խաղալու է, որն իր կարիերայի լավագույն էտապներից մեկում է:

Իսպանիայի այս հավաքականը լավ արդյունքներ է ցույց տվել՝ մինչև այս մրցաշարին հասնելը, բայց նրանց համար հեշտ չի լինելու: Թիմը լի է երիտասարդներով, փորձի ու խաղակցվածության պակասը կարող է շատ բացասաբար անդրադառնալ, իսկ մրցակիցներն այս տարի չափազանց ուժեղ են: Էնրիկեն պետք է հույսը դնի տակտիկական հնարքների ու մրցակիցներին անակնկալ մատուցելու վրա:

Հավանական մեկնարկային կազմը

4-4-2. Դե Խեա, Ասպիլիկետա, Լապորտ, Պաու Տորես, Ալբա; Բուսկետս, Ռոդրի, Կոկե, Տիագո; Ֆերան Տորես, Մորենո

Հաշվի առնելով, որ Իսպանիայի այս հավաքականի ուժեղագույն կողմը միջին գիծն է, մեծ է հավանականությունը, որ Էնրիկեն շեշտը կդնի կենտրոնը հագեցնելու վրա ու կխաղա 4-4-2 սխեմայով: Չնայած՝ իսպանացին մինչ այս փուլը հիմնականում օգտագործել է 4-3-3 տակտիկան, իր տրամադրության տակ ունեցած ֆուտբոլիստներն ավելի հարմար են 4 կիսապաշտպանով խաղալուն: Բուսկետսը, Ռոդրին ու Տիագոն կարող են շատ լավ վերահսկել գնդակը, Ֆերան Տորեսը կարող է ապահովել թիմի արագությունն, իսկ Ժերար Մորենոն՝ կիրացնի պահերը: Ադամա Տրաորեն դժվար թե խաղա մեկնարկային կազմում, իսկ Դանի Օլմոն ու Պաբլո Սարաբիան այնքան էլ հաճախ չեն գործում եզրերում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա