Logo

«Արարատ-Արմենիայի» նոր ռեկորդակիրը․ Կոբյալկոն այլևս ակումբի պատմության լավագույն ռմբարկուն չէ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 16.08.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
01.08.2021 Alashkert 0 3 Ararat Armenia 25 scaled - «Արարատ-Արմենիայի» նոր ռեկորդակիրը․ Կոբյալկոն այլևս ակումբի պատմության լավագույն ռմբարկուն չէ

Առաջնության 3-րդ տուրում, «Փյունիկի» հետ խաղում դառնալով դուբլի հեղինակ, Յուսուֆ Օտուբանջոն VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում խփած գոլերի քանակը հասցրեց 20-ի՝ դառնալով «Արարատ-Արմենիայի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուն:

Նա գերազանցեց թիմի նախկին հարձակվող Անտոն Կոբյալկոյի ռեկորդային ցուցանիշը, որը թիմի կազմում աչքի էր ընկել 19 անգամ: Ընդ որում, Կոբյալկոյից այդ գոլերը խփելու համար 48 խաղ էր պահանջվել, մինչդեռ Օտուբանջոն արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց թիմի կազմում անցկացրած 37-րդ խաղում: Նշենք նաև, որ Օտուբանջոն ընդգրկվեց ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ 15 լեգեոնականների ցանկում:

Յուսուֆ Օտուբանջոն Հայաստանում ելույթները սկսել է 2019/20թթ. առաջնության գարնանային հատվածում: Նրա նորամուտն «Արարատ-Արմենիայի» կազմում շատ տպավորիչ ստացվեց: 2020թ. մարտի 2-ին «Արարատի» հետ կայացած խաղում նիգերիացի ֆուտբոլիստը դուբլի հեղինակ դարձավ:

02.03.2020 Ararat Ararat Armenia 4 960x640 - «Արարատ-Արմենիայի» նոր ռեկորդակիրը․ Կոբյալկոն այլևս ակումբի պատմության լավագույն ռմբարկուն չէ

Նորամուտի խաղից Օտուբանջոն իր հաստատուն տեղը զբաղեցրեց Վարդան Մինասյանի թիմի մեկնարկային կազմում և լիովին արդարացրեց մարզչի վստահությունը: Առաջնության 13 հանդիպումներում Օտուբանջոն 7 անգամ խոցեց մրցակիցների դարպասը՝ դառնալով գարնանային հատվածում թիմի լավագույն ռմբարկուն: Իսկ առաջնության արդյունքներով նրա ցուցանիշը զիջում էր միայն Մաիլսոն Լիմային, որը 26 հանդիպումներում 8 գոլի հեղինակ էր դարձել:

Անցյալ տարվա մարտի 7-ին «Շիրակի» հետ կայացած առաջնության խաղում դիպուկ իրացնելով 11մ հարվածը, Յուսուֆ Օտուբանջոն Բարձրագույն խմբում 11-րդ գոլն էր խփել և դարձել էր ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ նիգերիացի ֆուտբոլիստը: Նա մեկ գնդակով գերազանցել էր Սոլոմոն Իմե Ուդոյի ցուցանիշը:

Յուսուֆ Օտուբանջոն 10 գնդակով նախորդ առաջնության լավագույն ռմբարկուն էր: Նրա արդյունավետությունն ամենացածրն էր ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկուների ցանկում: Մինչ այդ ամենացածր ցուցանիշը գրանցվել էր 2016/17թթ. (Միհրան Մանասյան, Արտակ Եդիգարյան) և 2017/18թթ. (Արտակ Եդիգարյան) առաջնություններում՝ 13-ական գոլ:

08.04.2021 Ararat Armenia 2 3 Van 8 960x640 - «Արարատ-Արմենիայի» նոր ռեկորդակիրը․ Կոբյալկոն այլևս ակումբի պատմության լավագույն ռմբարկուն չէ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հոբելյանական առաջնության մեկնարկն առայժմ բավական հաջող է դասավորվել թե «Արարատ-Արմենիայի», թե թիմի ռմբարկու Յուսուֆ Օտուբանջոյի համար, որն անցկացրած 3 հանդիպումներում արդեն նույնքան գոլ է խփել: Նման տեմպով շարունակելու դեպքում, հաշվի առնելով նաև ընթացիկ առաջնությունում խաղերի մեծ քանակը, Օտուբանջոն ոչ միայն կարող է բարելավել նախորդ առաջնության իր անձնական ռեկորդը, այլև հատել 20 գոլի սահմանագիծը:

Մեր ընտրանին.

Թե որքանով կիրականանա մեր կանխատեսումը, ցույց կտա առաջնության հետագա ընթացքը: Իսկ մինչ այդ, VNews.am-ն առաջարկում է ծանոթանալ VBET ՀՊԼ-ում «Արարատ-Արմենիայի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուների ցուցանիշներին:

Ֆուտբոլիստներ Գոլ
1. Յուսուֆ Օտուբանջո 20
2. Անտոն Կոբյալկո 19
3. Մաիլսոն Լիմա 15
4. Իվայլո Դիմիտրով 10
5. Ուգոչուկվու Լուիս Օգանա 9
6. Պետրոս Ավետիսյան 9
7. Դմիտրի Գուզ 4
8. Ֆուրջել Նարսինգ 4
9. Սերգեյ Վակուլենկո 4
10. Ալեքսանդր Կարապետյան 4
11. Զաքարիա Սանոգո 4

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա