Logo

«Արարատ-Արմենիայի» պատմության ամենահաջող մեկնարկն ու լավագույն ռմբարկուները, առաջնության ամենահուսալի դարպասապահը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 03.01.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
Արարատ-Արմենիայի

Ավանդույթի համաձայն, VNews.am-ը սկսում է VBET ՀՊԼ-ի հոբելյանական՝ 30-րդ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք առաջատար «Արարատ-Արմենիային»:

1. VBET ՀՊԼ-ում 4-րդ մրցաշրջանն անցկացնող «Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ դարձավ 30-րդ առաջնության աշնանային հատվածի հաղթող՝ 15 հանդիպումներում վաստակելով 40 միավոր (+13=1-1, 35-11), ինչը հնարավոր միավորների 88,8 տոկոսն է: «Սևանի» հետ չեղարկված խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի:

Նախորդ առաջնության մեկնարկային 15 հանդիպումներում «Արարատ-Արմենիան»  14 միավոր պակաս էր վաստակել (+7=5-3, 22-9), ինչը հնարավոր միավորների 57,7 տոկոսն էր:

gunko2 960x645 - «Արարատ-Արմենիայի» պատմության ամենահաջող մեկնարկն ու լավագույն ռմբարկուները, առաջնության ամենահուսալի դարպասապահը

2. «Արարատ-Արմենիան» առաջնության մեկնարկից 7 անընդմեջ հաղթանակ տոնեց, 11 խաղ ընթացավ առանց պարտության: Այդ ցուցանիշները ռեկորդային են թիմի պատմության մեջ: Մինչ այդ թիմի լավագույն մեկնարկը գրանցվել էր 2019/20թթ. առաջնությունում, երբ «Արարատ-Արմենիան» տոնել էր 3 անընդմեջ հաղթանակ ու 5 խաղ շարունակ անպարտելի էր:

«Արարատ-Արմենիան»  առաջնության աշնանային հատվածի ամենաարդյունավետ թիմն է, որը 35 գոլի հեղինակ դարձավ: Թիմն աչքի ընկավ նաև հուսալի պաշտպանությամբ՝ բաց թողնելով ընդամենը 11 գոլ, ինչը ևս լավագույն արդյունքն է առաջնությունում: Առաջնության 15 հանդիպումներից միայն մեկում՝ «Ուրարտուի» հետ մրցավեճում «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներին չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը՝ խաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի: 8 հանդիպումներում «Արարատ-Արմենիայի» դարպասն անառիկ է մնացել:

Սեփական հարկի տակ անցկացրած 8 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» վաստակեց 21 միավոր (+7=0-1, 21-8), ինչը հնարավոր միավորների 87,5 տոկոսն է: Միակ պարտությունը սեփական դաշտում «Արարատ-Արմենիան»  կրել է «Փյունիկից» (1-2):

Հյուրընկալվելիս անցկացրած 7 հանդիպումներում«Արարատ-Արմենիան» իր օգտին գրանցեց 19 միավոր (+6=1-0, 14-3):  Դա հնարավոր միավորների 90,4 տոկոսն է:

«Արարատ-Արմենիան»  խոշոր հաշվով 5 հաղթանակ տոնեց՝  միևնույն 3-0 հաշվով պարտության մատնելով «Ալաշկերտին», «Փյունիկին», «Ուրարտուին» և «Արարատին», 5-2 հաշվով առավելության հասնելով «Նոայի» նկատմամբ:

gol1 960x757 - «Արարատ-Արմենիայի» պատմության ամենահաջող մեկնարկն ու լավագույն ռմբարկուները, առաջնության ամենահուսալի դարպասապահը

3. «Արարատ-Արմենիայի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 5 հարված, որոնցից իրացվել են 4-ը: Թիմի օգտին նշանակված բոլոր 4 հարվածներն էլ դիպուկ է իրացրել Մաիլսոն Լիման՝ երկու անգամ խոցելով ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսեսյանի պաշտպանած դարպասը, մեկական անգամ հաղթող դուրս գալով Գրիգորի Մաթևոսյանի («Նոա») և Անատոլի Այվազովի («Ուրարտու») հետ մենամարտերում:

«Արարատ-Արմենիայի»  դարպասին նշանակվել է ընդամենը մեկ 11մ հարված: Վալերիո Վիմերկատին հետ է մղել «Վանի» ֆուտբոլիստ Բրունո Միրանդայի հարվածը:

4. Առաջնության աշնանային հատվածում առավել արդյունավետ գործեց Մաիլսոն Լիման՝ խփելով 12 գոլ: Նա ընդամենը մեկ գնդակով է զիջում առաջնության լավագույն ռմբարկուների առաջատար Սերժ Դեբլեին: 27-ամյա Մաիլսոնն արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով նախկին արարատցի Ալեքսանդր Ռակիչի ցուցանիշը, որն այդ տարիքում ՀՀ առաջնություններում հանդես եկած լեգեոնականներից բոլորից շատ՝ 11 գոլ էր խփել: Իսկ «Արարատ-Արմենիայում» 27 տարեկանում բոլորից արդյունավետ էր գործել Սերգեյ Վակուլենկոն՝ խփելով 4 գոլ:

mailson1 - «Արարատ-Արմենիայի» պատմության ամենահաջող մեկնարկն ու լավագույն ռմբարկուները, առաջնության ամենահուսալի դարպասապահը

Մաիլսոն Լիման VBET ՀՊԼ-ում խփած 25 գնդակով հավասարվեց Յուսուֆ Օտուբանջոյին և նրա հետ դարձավ «Արարատ-Արմենիայի»  պատմության լավագույն ռմբարկուն: Այդ տիտղոսին մինչ այդ 19 գնդակով տիրում էր Անտոն Կոբյալկոն: Իսկ պաշտոնական մրցումներում խփած 33 գնդակով Մաիլսոնը դարձավ թիմի պատմության լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով 30 գոլի հեղինակ դարձած Անտոն Կոբյալկոյի ռեկորդային ցուցանիշը:

5. 29-ամյա Յուսուֆ Օտուբանջոն էլ գերազանցեց «Բանանցի» նախկին հարձակվող Դու Բալայի տարիքային ռեկորդը, որը 11 գոլի հեղինակ էր դարձել: Օտուբանջոն 2021թ. օրացուցային տարում առաջնության հանդիպումներում 15 գոլ է խփել: Այդ արդյունքը նաև գերազանցում է «Արարատ-Արմենիայի» նախկին հարձակվող Իվայլո Դիմիտրովի տարիքային ռեկորդը (10 գոլ):

otubanjo2 960x637 - «Արարատ-Արմենիայի» պատմության ամենահաջող մեկնարկն ու լավագույն ռմբարկուները, առաջնության ամենահուսալի դարպասապահը

Թիմի մի քանի ֆուտբոլիստներ ևս տարիքային ռեկորդներ սահմանեցին: 25-ամյա Ուիլֆրեդ Կուասի Էզան 7 գնդակով գերազանցեց Մաիլսոն Լիմայի տարիքային ռեկորդը, որը 2019թ. այդ տարիքում 6 գոլ էր խփել: Արտյոմ Ավանեսյանը 4 գնդակով դարձավ թիմի ռեկորդակիրը 22 տարեկան ֆուտբոլիստների մեջ, իսկ Ժիրայր Շաղոյանը 2 գոլով ամենաարդյունավետն է «Արարատ-Արմենիայում» 20 տարեկանում հանդես եկած ֆուտբոլիստներից:

6. Արմեն Համբարձումյանը VBET ՀՊԼ-ում «Արարատ-Արմենիայում» անցկացրած խաղերի քանակը հասցրեց 71-ի և շրջանցելով Դմիտրի Աբակումովին (65 խաղ), դարձավ թիմի ռեկորդակիրը: Յուսուֆ Օտուբանջոն (48 խաղ) և Յոհան Գուֆրանը (40) ընդգրկվեցին «Արարատ-Արմենիայում» հանդես եկած ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակում:

7. Ժիրայր Շաղոյանը դարձավ VBET ՀՊԼ-ում «Արարատ-Արմենիայում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ «Նոայի» դարպասը գրավելով 20 տարեկան 137 օրականում: Նա գերազանցեց Արթուր Դանիելյանի ցուցանիշը, որն աչքի էր ընկել 21 տարեկան 76 օրականում:

jiro 960x697 - «Արարատ-Արմենիայի» պատմության ամենահաջող մեկնարկն ու լավագույն ռմբարկուները, առաջնության ամենահուսալի դարպասապահը

Ալվին Թերան էլ (24 տարեկան 210 օրական) ընդգրկվեց VBET ՀՊԼ-ում «Արարատ-Արմենիայում»  գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում:

8. Առաջնության աշնանային հատվածում «Արարատ-Արմենիայում» ամենաերիտասարդը 20-ամյա Ժիրայր Շաղոյանն էր, ամենատարեցը՝ 35-ամյա Յոհան Գուֆրանը:

«Արարատ-Արմենիայի»  ֆուտբոլիստներից Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի քանակով (211) ամենափորձառուն 29-ամյա Կարեն Մուրադյանն էր:

9. Վալերիո Վիմերկատին առանց փոխարինման պաշտպանեց թիմի դարպասն առաջնության բոլոր 16 հանդիպումներում (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված խաղը), որոնցում 11 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 0,68 գոլ): Վիմերկատին 9 հանդիպումներում դարպասն անառիկ է պահել: Այդ ցուցանիշներով նա առաջնության աշնանային հատվածի ամենահուսալի դարպասապահն է:

vimercati 960x634 - «Արարատ-Արմենիայի» պատմության ամենահաջող մեկնարկն ու լավագույն ռմբարկուները, առաջնության ամենահուսալի դարպասապահը

2021թ. կայացած Հայաստանի առաջնության հանդիպումներում 26-ամյա Վիմերկատին 15 «չոր» խաղ է անցկացրել: Նա դարպասապահների տարիքային նոր ռեկորդի հեղինակ դարձավ՝ գերազանցելով Գարեգին Նաջարյանի («Բանանց», 1992թ.) և Արթուր Լեսկոյի («Փյունիկ», 2010թ.) տարիքային ռեկորդը: Նրանք 26 տարեկանում ՀՀ առաջնություններում հանդես եկած դարպասապահներից բոլորից հաճախ՝ 14-ական անգամ դարպասն անառիկ էին պահել:

10. Առաջնության աշնանային հատվածի 16 հանդիպումներում (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված խաղը) Դմիտրի Գունկոն խաղադաշտ դուրս բերեց 22 ֆուտբոլիստների, որոնցից 15-ը լեգեոնականներ էին: Բացի Վիմերկատիից, բոլոր խաղերին մասնակցել են նաև Մաիլսոն Լիման և Արտյոմ Ավանեսյանը:

Վալերիո Վիմերկատին, Ուիլֆրեդ Կուասի Էզան, Ալվին Թերան, Կարեն Մուրադյանը և Դիեգո Գոնսալեսը նորամուտը նշեցին թիմի կազմում:

eza2 960x630 - «Արարատ-Արմենիայի» պատմության ամենահաջող մեկնարկն ու լավագույն ռմբարկուները, առաջնության ամենահուսալի դարպասապահը

«Արարատ-Արմենիայի»  ֆուտբոլիստները  31 անգամ զգուշացվել են, Դավիթ Տերտերյանն ու Խոսե Բուենոն հեռացվել են խաղադաշտից: Առավել հաճախ՝ 4-ական անգամ դեղին քարտի են արժանացել Մաիլսոն Լիման ու Վբեյմար Անգուլոն: 

VNews.am-ը ներկայացնում է «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստների ցուցանիշներն ընթացիկ առաջնության աշնանային հատվածում (ներառյալ նաև «Սևանի»  հետ չեղարկված խաղը):

Ֆուտբոլիստներ Խաղ Գոլ Զ (Հ)
1. Մաիլսոն Լիմա 16 12 4
2. Վալերիո Վիմերկատի 16 -11
3. Արտյոմ Ավանեսյան 16 4
4. Ուիլֆրեդ Կուասի Էզա 15 7 1
5. Վբեյմար Անգուլո 15 4
6. Ֆուրջել Նարսինգ 15
7. Յուսուֆ Օտուբանջո 14 8 1
8. Ալվին Թերա 14 1 1
9. Ալեմաո 14 2
10. Դավիթ Տերտերյան 14 2 (1)
11. Սերգեյ Վակուլենկո 14 2
12. Ժիրայր Շաղոյան 13 2 2
13. Խոսե Բուենո 13 2 (1)
14. Կարեն Մուրադյան 13 2
15. Զաքարիա Սանոգո 12 2
16. Եգոր Կլիմենչուկ 11 1
17. Արմեն Համբարձումյան 10 1 2
18. Յոան Գուֆրան 4
19. Դանու Սպատառու 4 1
20. Դիեգո Գոնսալես 4
21. Ալբերտ Խաչումյան 3 2
22. Արմեն Հովհաննիսյան 2

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա