Logo

Արարատի բարձունքում թաղված սիրտը․․․ Շիրազի ծննդյան օրն է

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:00 / 27.04.2022Հեղինակներ
Հովհաննես Շիրազ

«Որբանոցից շատերն էին փախչում․ մեծ մասը՝ դեպի շուկա, իսկ ես` դեպի Արփաչայի հովիտները` փնտրելու հայրիկիս բոստանը։ Եվ մի վայրկյան ծաղիկների ու կակաչների մեջ մոռանում էի, որ որբ եմ...»:
Հովհաննես Շիրազ․ «Ինքնակենսագրական»

Արփաչայի հովիտներ փախած որբը

Հովհաննես Շիրազը (Օնիկ Կարապետյան) ծնվել է 1914 թվականի ապրիլի 27-ին Գյումրի քաղաքում, հողագործի ընտանիքում: Հայրը` Թադևոսը, ինչպես Գյումրեցիներն էին կոչում «բոստանչի» էր, մայրը` Աստղիկը, ասեղնագործում էր: Փոքրիկ Հովհաննեսը ծնողների միակ արու զավակն էր քույրերից` Գոհարից և Մարիամից հետո: 5 տարեկան էր Հովհաննեսը, երբ զրկվեց հորից:Մանկության օրերն անցնում էին Ամերկոմի որբանոցում: Մանուկ Հովհաննեսը, սակայն, չդիմանալով որբանոցի դաժան պայմաններին, փախչում է, դառնում անապաստան և կուլայով ջուր է ծախում․․․

Նրա առաջին կինը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր։ Նրանց տղան՝ Արա Շիրազը, քանդակագործ է։ Շիրազն իր երկրորդ 
կնոջից՝ Շուշանից, յոթ երեխա ունեցավ։ Նրանց որդին` Սիփան Շիրազը, պոետ էր։

Հովհաննես Շիրազ 1

Մեծ բանաստեղծն իր կենդանության օրոք ենթարկվել է հալածանքների ու զրպարտանքների: Երկար տարիներ չէին տպագրում իր նոր գործերը՝ համարելով դրանք նացիոնալիստական գործեր, կամ էլ, եթե տպագրում էին՝ գրքերի կոպիտ խմբագրումներով, կրճատումներով: Մեծ մարդուն` համայն հայության միասնության որդին դարձած բանաստեղծին, այդպես էլ իր կենդանության օրոք երբեք թույլ չտվեցին այցելելու արտասահմանյան որևէ երկիր կամ սփյուռքահայ որևէ գաղթօջախ…

Հովհաննես Շիրազ 2

Մահացել է Երևանում` 1984 թ.-ի մարտին, թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։ Մահվանից 20 տարի անց, համաձայն Շիրազի կտակի (նշված Շիրազի բանաստեղծություններից մեկում), մի քանի հայրենասեր հայերի շնորհիվ նրա սիրտը թաղվել է Արարատ լեռան բարձունքներում՝ սառույցի մեջ:

Հովհաննես Շիրազը պաշտում էր հայրենիքը, մորը, երեխաներին։ Նա նրանց համար մինչև ափերը լցված բարության ծով էր:

Երբ գրկում եմ բալիկներիս,
Ձեզ եմ գրկում, հա՛յ բալիկներ,
Երբ գրկում եմ ձագուկներիս,
Ձեզ եմ գրկում, հա՛յ գալիքներ:
Կուզեմ դառնան տիեզերքիս
Աստղերը ձեզ խաղալիքներ:

Հովհաննես Շիրազ 3

Vnews-ը ներկայացնում է Շիրազին ժամանակակիցների պատմած դրվագներով։

* * *
Հայ բանաստեղծ, գրող Մետաքսե․ «Հովհաննես Շիրազն իմ հուշերում»  

«Արամ Խաչատրյանի հուղարկավորության ժամանակ
- Մեծերից ու՞մ հուղարկավորությունն ես տեսե...
- Ավետիք Իսահակյանի, Վահրամ Փափազյանի, Պարույր Սևակի, Մարտիրոս Սարյանի...
- Հա՜, իդոնց շատ մարդ կար, ճիշտ է...
Իդոնք մեծեր են...
Մեծերը մեռնելուց հետո հսկաներ կդառնան... Տեսնիս վո՞վ գուկա իմ ետևից ... Իմս իդոնցեն որի՞ հետ կհամեմատես...
-Ի՜նչ ես ասում, - տխրեցի:
-Չէ, չէ, ըսա...
- Քո ետևից ողջ ժողովուրդը կգա... Այո, այդ բոլորինն իրար գումարած...
- Էրնեկ էդ ժամանակ մե րոպեմ գլուխս բարձրացնեի նայեի...
- Մարդիկ լեղաճաք կլինեն Շիրազ...
Ծիծաղեց, մռայլվեց ու դարձավ ինձ երեխայի միամտությամբ.
- Էրնեկ քեզի, օր թաղումս կտեսնիս... Երբ ամեն բան կանցնի, հանդարտվի, երեք կակաչ կառնիս, կուգաս... շատ չեմ ուզե գիտես, երեք հատ... կակաչներ շատ կսիրեմ... Տո, ճի՞շտ կխոսիս, ողջ ժողովուրդը կուգա՞...»

Հովհաննես Շիրազ 4

* * *

Շիրազը հայտնի էր իր լավ հումորի զգացումով։ 1960-ականների սկզբներին Ջոն Ստեյնբեկը այցելում է Երևանում պոետի բնակարանը, ավելի ուշ Շիրազին ուղղված իր նամակում գրում է․

«... Մարդիկ հարազատ են զգում միասին, երբ նրանք միասին ծիծաղում են։ Եվ ես հիշում եմ, որ Երևանում մենք մի լավ ծիծաղեցինք»։ Եվգենի Եվտուշենկոն և Ալեքսանդր Գիտովիչը պոեմներ են նվիրել Շիրազին։

* * * 

«Երեք ընկերներ ծանոթանում են Շիրազի հետ՝ ասելով, որ երեքի անունն էլ Ռազմիկ է: Հատկապես շատ է հպարտանում գյումրեցի ճանաչված Ռազմիկ Դարբինյանը:
Շիրազը զարմանում է.
- Ինչըղ կեղնի, բոլորդ Ռազմիկներ եք, իսկ Մասիսը գերի է...»:

Հովհաննես Շիրազ 6

* * * 

«Մի անգամ Շիրազին հարցնում են.
- Վերջերս ինչո՞ւ չեք մասնակցում Գրողների միության ժողովներին:
- Եթե Նարեկացին չի մասնակցում, ե՞ս ընչի պիտի մասնակցեմ, - պատասխանում է Շիրազը։»

* * *

«Մի անգամ Շիրազը որդու՝ Սիփանի հետ գնում է հրատարակչություն: Երեխային նստեցնում է ծնկներին, գուրգուրում նրան՝ հոտ քաշելով գլխից: Շիրազին հարցնում են.
- Ինչո՞ւ ես երեխայի գլխից հոտ քաշում, Շիրա՛զ...
- Հանճարի հոտ կառնիմ, - պատասխանում է բանաստեղծը»:

* * *

«Մի անգամ Հովհաննես Շիրազը կանաչ փողկապով, զգուշորեն մտնում է խմբագրի սենյակ: Վերջինս փորձում է կատակել և ասում է.
- Կանաչ փողկապով ես շրջում, չե՞ս վախենում էշերից:
- Հենց դրա համար էլ վախվխելով ներս կուգամ, - պատասխանում է Շիրազը»:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա