Logo

Էդգար Թորոսյան. «Մրցաշրջանի երկրորդ կեսում «Արարատը» ձգտելու է զարգացնել հաջողությունը»

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:15 / 26.01.2022ՍՊՈՐՏ
Edgar Torosyan-Ararat

Մրցաշրջանի որոշիչ հատվածում Երևանի «Արարատը» ձգտելու է զարգացնել հաջողությունը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում և գավաթի խաղարկությունում՝ ակումբի մամուլի ծառայության հետ հարցազրույցում նշել է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը։

Նա հայտնել է, որ շատ մեծ սիրով և պատասխանատվությամբ է ընդունել տարիների աշխատանքի արդյունքում իր համար հարազատ դարձած ակումբը գլխավորելու առաջարկը։

«Կփորձեմ ամենօրյա աշխատանքով հնարավորինս օգտակար լինել թիմին: Վարդան Բիչախչյանը շատ բարձր նշաձող է սահմանել. պետք է փորձենք պահպանել այն և նոր հաղթանակներով ուրախացնել ակումբի երկրպագուներին»,- ընդգծել է Է. Թորոսյանը։

36-ամյա մարզիչն առանձնացրել է այն հանգամանքը, որ թիմի կազմը մոտ 90 տոկոսով պահպանվել է։ Նա հավաստիացրել է, որ մարզումները վերսկսվել են լավ տրամադրությամբ։

Խոսելով մրցաշրջանի երկրորդ հատվածում «Արարատի» նպատակների մասին՝ Էդգար Թորոսյանը նկատել է. «Առաջնությունում երրորդ տեղում ենք, իսկ գավաթի խաղարկությունում հասել ենք կիսաեզրափակիչ: Կփորձենք երկու ճակատում էլ հաջողությունների հասնել: Թիմը մոտիվացված և տրամադրված է պատրաստվում երկու մրցաշարերին»։

Գլխավոր մարզիչը հայտնել է նաև, որ շուտով կունենա ևս մեկ օգնական, որի անունը, սակայն, չի նշել։ Նա ասել է, որ մարզչական շտաբում արդեն իսկ ընդգրկված Ալեքսանդր Պետրոսյանն ու Ռաֆայել Սաֆարյանը նախկինում խաղացել են «Արարատում» և մարզչական գործունեություն ծավալել ակումբի համակարգում: Նման փորձ ունի նաև դարպասապահների մարզիչ Էդիկ Երիցյանը։

Էդգար Թորոսյանն ակումբի երկրպագուներին խնդրել է զինվել համբերությամբ ու հավատով աջակցել թիմին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա