Logo

Արդարացում այլևս չկա. Սուլշերը պետք է փորձության միջով անցնի

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 30.09.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
methode sundaytimes prod web bin 32796b80 1e25 11ec b8f6 2f9fbbeddc5b scaled - Արդարացում այլևս չկա. Սուլշերը պետք է փորձության միջով անցնի

Տրանսֆերային պատուհանից հետո և մրցաշրջանի մեկնարկից առաջ կան թիմեր, որոնց ներուժը փոխվել է, հետևաբար՝ նաև նպատակները: Այդ թիմերից է «Մանչեսթեր Յունայթեդը», որն ամռանը թոփ տրանսֆերներ իրականացրեց՝ առանց այդ էլ ուժեղացող թիմում փակելով բոլոր թույլ օղակները. Վարան-Մագուայր զույգը, գոնե հնչեղությամբ, լավագույններից է Եվրոպայում, Սանչոն ամենահեռանկարայիններից է իր դիրքում, դե իսկ Կրիշտիանու Ռոնալդուն «Յունայթեդի» լեգենդն է և շարունակում է մնալ մոլորակի լավագույն գոլահարներից մեկը:

Մեկնարկային կազմը աստղային է, պահեստայինների նստարանը՝ բավական երկար: Ստացվում է, որ ղեկավարությունը լավ է արել իր գործը, իսկ հիմա լուսարձակի շողերն ընկնում են Ուլե Գունար Սուլշերի վրա: Նա հիմա իր տրամադրության տակ ունի ամեն ինչ. լավ կազմ, աջակցություն ղեկավարությունից, սեր և հարգանք՝ երկրպագուներից. «Մենք սիրում ենք Սուլշերին ու ցանկանում ենք, որ նա հաջողի», – նմանատիպ խոսքերը լսելի են «Օլդ Թրաֆորդի» մատույցներում: Բայց արդյո՞ք նորվեգացին է այն ճիշտ մարդը, որ կարող է այս կազմով վերադարձնել ակումբին երբեմնի փառքն ու առաջնորդել դեպի տիտղոսներ:

Սուլշերը եկավ 2018-ի դեկտեմբերին ու փոխարինեց Ժոզե Մոուրինյոյին: Այդ ժամանակ նա մեծ ֆուտբոլում, որպես մարզիչ, իր նորամուտը նշեց: Երկրպագուները սիրում էին նրան դեռ «Յունայթեդում» խաղալու տարիներից, նա անվանի մասնագետ չէր և չկար ճնշում, իսկ մրցաշրջանի կեսից թիմ մարզելն իրենից չի ենթադրում մեծ պատասխանատվություն, նույնիսկ՝ հիմնովին ձախողման դեպքում: Բայց Սուլշերը լավ սկսեց՝ հաղթանակների շարքով: «Յունայթեդը» նրա հաջորդ երկու ամբողջական մրցաշրջաններում տիտղոս չնվաճեց (վերջինը, որ նվաճել է ՄՅՈւ-ն, եղել է 2017-ի Եվրոպա լիգան), բայց հաշվի առնելով կազմը՝ Սուլշերի աշխատանքը բարձր գնահատեցին: Նրա օրոք թիմի խաղը բարելավվեց, ՄՅՈւ-ն վերադարձավ Չեմպիոնների լիգա և պոստ-Ֆերգյուսոն ժամանակաշրջանից հետո վերջապես հուսադրող պատկեր ստացավ:

Man Utd sources respond to recent calls to sack Ole Gunnar Solskjaer

Սակայն այս մրցաշրջանը բոլորովին այլ պատմություն է: Հիմա պետք է նոր պատմություն գրել. եղել են թոփ տրանսֆերներ՝ գումարվելով նախորդներին (պետք չէ մոռանալ Ֆերնանդեշի, Վան Բիսակայի և Մագուայրի ձեռքբերումները), պահանջներն էլ Սուլշերից մեծացել են: «Յունայթեդը» այս կազմով պարտավոր է ոչ միայն նվաճել տիտղոս, այլ նաև խաղալ լավ, հետաքրքիր ու գունավոր ֆուտբոլ:

Մրցաշրջանի մեկնարկից անցել է մոտ 2 ամիս: Անգլիայի Պրեմիեր լիգայում կայացել է 7 տուր, Չեմպիոնների լիգայի խմբային փուլում էլ՝ 2: Այս ընթացքում, բացառությամբ լոկալ խաղերի, «Յունայթեդի» կատարմամբ չենք տեսել ո՛չ գունավոր ֆուտբոլ, ո՛չ էլ ստացել ենք տիտղոս նվաճող թիմի տպավորություն: Եթե Պրեմիեր լիգայում «Յունայթեդը» «Լիդսի» դեմ տպավորիչ հաղթանակ տարավ՝ շնորհիվ Պոգբայի ու Ֆերնանդեշի անհատական վարպետության (առաջինը ասիստների պոկեր գրանցեց, երկրորդը՝ 3 գոլ խփեց), ապա հետո Սուլշերի թիմը հաղթում էր դժգույն խաղով («Վուլվերհեմփթոնին», «Նյուքասլին, «Վեսթ Հեմին»):

«Սաութհեմփթոնի» հետ թիմը ոչ-ոքի խաղաց, իսկ վերջին 5 խաղերից 3-ում, առհասարակ, պարտվեց: Նախ՝ եղավ Չեմպիոնների լիգայում խմբի, ըստ էության, ամենաթույլ թիմից՝ «Յանգ Բոյսից» կրած շոկային պարտությունը, որում, ի դեպ, երկրպագուները մեղադրեցին Սուլշերին: Նորվեգացին 1-1 հաշվի ժամանակ, այն էլ՝ 10 հոգով, ինքն իր ձեռքով կոտրեց իր հարձակման ողնաշարը՝ Կրիշտիանու Ռոնալդուի փոխարեն խաղադաշտ դուրս բերելով Ջեսի Լինգարդին, որի կոպիտ սխալի պատճառով «Յանգ Բոյսը» խփեց նաև հաղթական գոլը, իսկ Բրունու Ֆերնանդեշի փոխարեն՝ հենակետային Նեմանյա Մատիչին: Արդյունքում, պարտություն համեստ շվեյցարական ակումբից:

Young Boys 2-1 Manchester United: Wan-Bissaka and Lingard errors see Swiss claim shock win

Հետո եկավ «Վեսթ Հեմի» հետ ԱՊԼ-ի խաղը, որում «Յունայթեդը» հաղթեց միայն վերջին րոպեին դե Խեայի՝ 11-մետրանոցից կատարած հարվածի սեյվից, որին հետևեց նույն խաղի կրկնությունը Լիգայի գավաթում, որտեղ արդեն «Յունայթեդը» պարտվեց լոնդոնյան թիմին՝ զրկվելով այս մրցաշրջանում խաղարկվող 4 գավաթներից առաջինից: Եվ Պրեմիեր լիգայի նախորդ տուրում արդեն ՄՅՈւ-ն պարտություն կրեց «Ասթոն Վիլայից» սեփական հարկի տակ: ՄՅՈւ-ի իրավիճակը Պրեմիեր լիգայում կրիտիկական չէ (6 խաղ, 13 միավոր), մյուս գրանդները ևս միավորներ կորցնում են, բայց այս թիմով մանկունիանցիները նման ֆուտբոլ չպետք է ցույց տային:

Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում էլ, կրկին «Օլդ Թրաֆորդում», «Յունայթեդը» ամենևին էլ դոմինանտ տեսք չուներ «Վիլյառեալի» դեմ խաղում: Ունայ Էմերին ամեն ինչով հաղթեց Սուլշերին՝ 90 րոպե, ամբողջ խաղի ընթացքում գրեթե անթերի պաշտպանվելով (Ալեքս Տելեսի գոլը խաղային իրավիճակից չէր, ստանդարտ խաղարկման արդյունք էր), իսկ ինքը՝ «Վիլյառեալը» անդադար սպառնալիք էր առաջացնում ՄՅՈւ-ի դարպասին: Արնո Դանժուման ձախ եզրում Դալոտի հետ անում էր այն, ինչ ցանկանում էր, իրենց շանսն էին ստանում նաև Պակո Ալկասերը, Երեմի Պինոն ու նույնիսկ փոխարինման դուրս մտած Բուլաե Դիան: Եթե չլինեին նրանց շեղ հարվածներն ու դե Խեայի փայլուն սեյվերը, իսկ խաղավերջում՝ Ռոնալդուի գործոնը, ապա ՄՅՈւ-ն կհայտնվեր կոտրած տաշտակի առաջ ու լրջորեն կվտանգեր նույնիսկ տեղը 1/8 եզրափակիչում. «Ատալանտան» 4 միավոր արդեն վաստակել է, «Վիլյառեալը» նույնպես կվաստակեր այդքան միավոր: «Յունայթեդը» հաղթեց՝ չլինելով հաղթանակի արժանի:

Մեր ընտրանին.

Հիմա «Մանչեսթեր Յունայթեդի» և Ուլե Գունար Սուլշերի համար սկսում է իսկական փորձություն ու բարդ խաղերի անհավանական շարք, որը, ինչպես ասում են, «դևի աշխարհն է»: Մինչև միջազգային դադարը ՄՅՈւ-ն սեփական հարկի տակ ընդունելու է «Էվերթոնին», իսկ դադարից հետո արդեն սկսում է մարաթոնը՝ 3 օրը մեկ թոփ հանդիպում.

  • «Լեսթեր» – արտագնա
  • «Ատալանտա» – տնային
  • «Լիվերպուլ» – տնային
  • «Տոտենհեմ» – արտագնա
  • «Ատալանտա» – արտագնա
  • «Մանչեսթեր Սիթի» – տնային
  • «Ուոթֆորդ» – արտագնա
  • «Վիլյառեալ» – արտագնա
  • «Չելսի» – արտագնա
  • «Արսենալ» – տնային

Այս մրցակիցները և այս խաղերն անհամեմատ ավելի բարդ են, քան մինչև այս տեղի ունեցածներն՝ ընթացիկ մրցաշրջանում: Այն խաղը, որ ցույց է տալիս «Մանչեսթեր Յունայթեդը» հիմա, դժվար է լինելու հաջող դուրս գալ այս փորձությունից: Մրցակիցները տեսնում են «Յունայթեդի» թույլ կողմերը. առաջինը՝ ստանդարտ խաղարկումներն են, որտեղ ՄՅՈւ-ն լուրջ դժվարություններ է ունենում:

Երկրորդը հենակետայինի գոտին է. թե՛ Ֆրեդը, թե՛ Մատիչն ու Մաքթոմինեյը բարձր պրեսինգի ժամանակ հեշտությամբ կորցնում են գնդակը: «Վիլյառեալը»՝ վառ օրինակ. Էմերիի թիմը ոչ միայն հաջողությամբ չեզոքացնում էր «Յունայթեդի» հարձակումները, այլ նաև հաղթում էր մրցակցին դաշտի կենտրոնում: Հատկապես Ֆրեդը ՄՅՈւ-ի թույլ կողմն է. նա գցում է գրոհների տեմպը, դանդաղ է, երկրորդ հարկում լավը չէ, հեռահար հարվածներ չի կատարում ու հիմնականում փոխանցում է դեպի ետ:

Fred brings more than people realise' - Under-fire Manchester United midfielder backed by Silvestre | Goal.com

Սուլշերը լուրջ աշխատանք ունի անելու նաև հարձակման գծում: Այդ գոտում «Յունայթեդն» ունի հնչեղ անուններ, բայց շատ դեպքերում դժվարանում է գոլ խփել: ԵՎՐՈ 2020-ը հստակ ցույց տվեց, որ Պոգբան կարող է շատ ավելի լավ խաղալ, եթե նրան ճիշտ օգտագործեն: Սուլշերն ունի այդ խնդիրը: Սանչոյի ադապտացիան դանդաղ է ու անհաջող, նա ոչ մի կերպ դեռ չի հարմարվում թիմի խաղին ու Պրեմիեր լիգայի տեմպին: Մարկուս Ռեշֆորդն էլ դեռ չկա. նա երկար ժամանակ է բաց թողել ու նրանից նույնպես ժամանակ կպահանջվի մարզավիճակ հավաքելու համար: Անտոնի Մարսիալն էլ այնքան վատ է խաղում վերջին շրջանում, որ նույնիսկ փոխարինման դուրս չի գալիս:

Բայց ՄՅՈւ-ն անհատների առումով ունի լավ կողմեր: Դե Խեան իր լավագույն մարզավիճակում է, Կրիշտիանու Ռոնալդուն, անկախ իր և թիմի խաղից, միշտ կարողանում է գոլ խփել, Մեյսոն Գրինվուդն էլ իր կարիերայի լավագույն մեկնարկն է գրանցել:

Այդուհանդերձ, ամեն ինչ՝ թիմի խաղը, արդյունքները, տիտղոսը և նույնիսկ անհատների ելույթները հիմա Սուլշերի պատասխանատվության տակ են: Արդարացումներ ու պատճառաբանություններ չեն ընդունվելու. դու ամեն ինչ ունես հաջողելու համար, Սուլշեր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա