Logo

Արի պաշտպան, դարձիր՝ հենակետային. Ում միջոցով Չավին կանգնեցրեց փոթորիկը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
18:36 / 07.03.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Ժամանակակից սպորտում դու հաջողակ չես լինի, եթե բազմակողմանի ոճով չես խաղում: NBA-ում 220 մետր հասակը բավական չէ նորմալ խաղաժամանակ ստանալու համար. մեր օրերում գիտեն ինչպես պաշտպանվել նման խաղացողների դեմ: Միակ ելքը բազմակողմանի դառնալն է: Բասկետբոլիստը պետք է կարողանա նաև միջին և հեռու տարածությունից նետումներ կատարի, ճիշտ պատնեշ դնի, լավ փոխանցումներ կատարի և այլ որակներ ունենա:

Թենիսում վաղուց անցել են ժամանակները, երբ լավ մատուցումը և ցանցի մոտ խաղալը բավարար էին թոփ մակարդակի թենիսիստ համարվելու համար: Ռոջեր Ֆեդերերի հրահրած խաղային հեղափոխությունից հետո թոփ մակարդակում են միայն բազմաֆունկցիոնալ թենիսիստները: Իսկ «էյսերի արքաները» ստիպված են այդ կոչումով բավարարվել:

Ֆուտբոլիստի բազմակողմանիությունը նորություն չէ: Այն տարբեր կերպ կիրառվել է 20-րդ դարի սկզբում և միջնամասում՝ իր գագաթնակետին հասնելով Ռինուս Միխելսի «տոտալ ֆուտբոլում»: Նիդերլանդներից դուրս Միխելսի և Յոհան Կրոյֆի միջոցով «տոտալ ֆուտբոլը» մշտական կայարան գտավ «Բարսելոնայում»:

2024 թվականի դրությամբ համաշխարհային ֆուտբոլը հասել է այն աստիճանի, որ ֆուտբոլիստը ոչ միայն կարող է երբեմն խաղալ տարբեր դիրքերում, այլ ցանկալի է, որ դա խաղի ընթացքում անի մի քանի անգամ:

Կատալոնական ակումբում նախորդ 40 տարում ֆուտբոլիստներին տարբեր դիրքերում փորձարկելը մշտական կիրառություն է ստացել: Լիոնել Մեսին՝ վինգեր, խաղարկող և «կեղծ» 9 համար, Կառլես Պույոլը՝ եզրային և կենտրոնական պաշտպան, Լուիս Էնրիկեն՝ 8 տարբեր դիրքերում...

Բայց Կատալոնիայում ամենահաճախակի փոփոխությունները լինում էին կենտրոնական պաշտպանից հենակետային դառնալը և հակառակը:

«Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Չավին տարիներ շարունակ այդ ամենը տեսել է որպես երկրպագու, ֆուտբոլիստ և մարզիչ: Երբ նա գլխավորեց թիմը, երբ «Բարսայում» էր ակումբի պատմության լավագույն հենակետային կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը: Անդրես Ինիեստայի և հատկապես Մեսիի հեռանալը ցույց էին տվել, որ նման ֆուտբոլիստներն անփոխարինելի էին: Ակնհայտ է, որ դա վերաբերում է նաև Բուսկետսին: Հենց Սերխիոյի հեռանալը «Բարսելոնայի» խաղում այնպիսի փոթորիկ առաջացրեց, որ մրցաշրջանը հասցրեց ձախողման եզրին:

Չավին՝ որպես ամբողջ կյանքը Միջերկրական ծովի ափին ապրած մարդ, շատ լավ գիտեր, թե եղանակին նման փոփոխություններն ինչ հետևանքներ են առաջացնելու: Նա ակումբին խնդրեց ձեռք բերել այլ հենակետային կիսապաշտպան, որպեսզի մեղմի մոտալուտ ցունամին: Սակայն «Բարսելոնայում» գանձապահները կարողացան ընդամենը 3,5 միլիոն եվրո հատկացնել: «Բարսան» երազում էր 60 միլիոն արժողությամբ Մարտին Սուբիմենդիի, անկոտրուն Յոզուա Կիմիխի և անգին Ռոդրիի մասին: Իսկ դրա փոխարեն ստիպված էր ձեռք բերել ակումբի ԴՆԹ-ն ամենաքիչը ժառանգած սանին՝ Օրիոլ Ռոմեուին: Անգլիայում երկար տարիների ընթացքում Ռոմեուն ավելի ուժային ֆուտբոլին է սովորել, բայց «Ժիրոնայում» անցկացրած նախորդ մրցաշրջանը հույս էր առաջացրել, որ այդ երկու տարբեր ոճերի խառնուրդն արդյունք կտա «Բարսային»:

Չտվեց...

Մինչև փետրվար Չավին փորձում էր Ֆրենկի Դե Յոնգ – Իլկայ Գյունդողան - Պեդրի եռյակից ստանալ մոտավորապես այնպիսի հիբրիդային աշխատանքով շարժիչ, ինչպիսին «Ինտերում» ստեղծել է Սիմոնե Ինձագին: Իտալացու կառուցած եռանկյունիում բոլորը կարող են փոխել միմյանց և դրանից խաղային կառուցվածքը չի տուժի: «Բարսելոնայում» հակառակ պատկերն էր, թիմը կորցրել էր հավասարակշռությունը:

Մեկ տարի առաջ Չավիին քննադատում էին ձանձրալի ֆուտբոլի համար, երբ թիմը հաճախ հաղթում էր 1-0 հաշվով: Այս մրցաշրջանում «Բլաուգրանան» երկար ժամանակ թոփ լիգաների ամենաշատ գոլային պահ ստեղծող թիմն է, բայց հենց կորցրեց պաշտպանության ամրությունը, ամեն ինչ փլուզվեց:

Միայն փետրվարի սկզբին մարզիչը որոշեց գնալ այն քայլին, որի մասին վաղուց էր մտածում՝ կենտրոնական պաշտպան Անդրեաս Կրիստենսենին բարձրացնել հենակետայինի դիրք: Դանիացին կարիերայի ընթացքում մի քանի անգամ խաղացել է այդ դիրքում.

«Երկար ժամանակ է անցել այն պահից, երբ վերջին անգամ խաղացել էի այդ դիրքում: Իհարկե, ինձ հարկավոր է շատ բան վերհիշել: Բայց հենակետայինի դիրքն ինձ շատ է դուր գալիս»,- օրերս հայտարարեց դանիացին:

«Մարզումների ժամանակ մենք մի քանի ամիս Անդրեասին փորձարկել ենք հենակետայինի դիրքում, տեխնիկապես նա համապատասխանում այդ դերին: «Բարսելոնայում» հենակետայինի դերը շատ բարդ է, Կրիստենսենը պետք է հարմարվի: Կարևորն այն է, որ նա պաշտպանության ժամանակ ճիշտ դիրք է զբաղեցնում, նրա գործոնը դրական է ազդել թիմի արդյունքների վրա»,- ասել է Չավին:

Փետրվարից հետո «Բարսան» չհավասարակշռված թիմի նման է եղել միայն «Գրանադայի» դեմ տնային խաղում: Մյուս հանդիպումներում հենակետային կիսապաշտպան Կրիստենսենի հետ կատալոնական թիմը 5 խաղում 3 գոլ է բաց թողել, ինչը ամիսներ առաջ նվաճում կհամարվեր:

Այս լուսանկարում ներկայացված է «Ալավես» - «Բարսելոնա» խաղում Կրիստենսենի հպումների քարտեզը: Սա դեռ առաջին խաղն էր նոր դիրքում, հետո ավելի լավ է դարձել.

«Չեմ կարծում, թե որևէ մեկը կարող է փոխարինել Բուսկետսին: Ես մեծացել եմ նրա խաղին հետևելով և չեմ էլ մտածում, թե կարող եմ նմանվել նրան: Թիմի խաղաոճը կատարյալ համապատասխանում է ինձ, հատկապես՝ ներկայիս կազմով»,- նշեց դանիացին:

Մեկ բան ակնհայտ է: Կրիստենսենի հետ «Բարսելոնան» մասամբ վերադարձրել է նախորդ մրցաշրջանի պաշտպանողական ամրությունը և բալանսի բերել խաղադաշտի այն դիրքը, որը կապում է բոլոր օղակները: Եթե մրցաշրջանի վերջնամասում նրա խաղը շարունակի բարձր մակարդակում մնալ, ակումբը կարող է լրջորեն մտածել այլ հենակետային չփնտրելու մասին:

Կրիստենսենյան նախադեպեր

«Բարսելոնան» իր պատմության ընթացքում շատ հաջող օրինակներ ունի, երբ նոմինալ կենտրոնական պաշտպանը վերածվել է հենակետայինի.

Ռաֆայել Մարկեսը «Բարսելոնա» է տեղափոխվել 2003 թվականին, երբ Ժոան Լապորտան, Ֆրանկ Ռայկարդը և Ռոնալդինյոն սկսում էին ակումբի ռենեսանսը: Հաջորդ տարի «Բարսան» հենակետայինի դիրքի համար ձեռք բերեց Էդմիլսոնին, բայց բրազիլացու ծանր վնասվածքը ստիպեց Մարկեսին հենակետային դառնալ: Մեքսիկացի կենտրոնական պաշտպանը կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկն անցկացրեց այդ դիրքում և նույնիսկ դարձավ չեմպիոնական գոլային փոխանցման հեղինակ: Հետագայում Մարկեսն ամեն տարի մի քանի խաղով նորից բարձրանում էր հենակետայինի դիրք և գրեթե միշտ անթերի էր խաղում:

Եթե Էդմիլսոնին հարցնեն, թե որն է եղել նրա հիմնական դերը, կդժվարանա պատասխանել: 2002թ․ աշխարհի չեմպիոնը մինչև այդ հայտնի էր որպես կենտրոնական պաշտպան, ով երբեմն կարող է հենակետայինի դիրքում խաղալ, բայց «Բարսելոնան» նրան հենց այդ դիրքում խաղալու համար ձեռք բերեց և չսխալվեց: Վերոնշյալ վնասվածքից բրազիլացին վերադարձավ և միանգամից դարձավ մեկնարկային կազմի անփոխարինելի խաղացող: Նրա բարձրից անկյունագծային փոխանցումները Ռոնալդինյոյի ուղղությամբ դարձել էին համաշխարհային ֆուտբոլի էտալոն:

Ուշագրավ է, որ «Բարսելոնայից» առաջ ու հետո Էդմիլսոնը քիչ է խաղացել հենակետայինի դիրքում: 109 խաղից 75-ը նա անցկացրել է կատալոնական ակումբում:

Հակառակ օրինակներ 

Ֆուտբոլի պատմության ամենաշատ գոլ խփած պաշտպանը Ռոնալդ Կումանն է: Նիդերլանդցին հայրենիքում կիսապաշտպան էր: «Գրոնինգենում», «Այաքսում» և ՊՍՎ-ում նրան օգտագործել են հենակետայինի, ինչպես նաև աջ և ձախ կիսապաշտպանի դիրքերում, բայց «Բարսելոնայում» Յոհան Կրոյֆը Ռոնալդի որակները կատարյալ էր համարում կենտրոնական պաշտպանի և նույնիսկ լիբերոյի դերում: Առանց այդ էլ «Բարսան» մշտապես գնդակով էր և Կումանը բարձրանում էր դաշտի կենտրոն: Արդյունքում, Կումանը «Բլաուգրանայում» 88 գոլ խփեց, բայց կիսապաշտպանությունում խաղաց 2 մրցավեճում:

«Կրուիֆիզմին» դեմ, բայց «տոտալ ֆուտբոլը» յուրահատուկ կերպով օգտագործող մարզիչ էր Լուի վան Գալը: Պատահական չէ, որ նրա օրոք ֆուտբոլիստները խաղում էին բազմաթիվ դիրքերում: Լուիս Էնրիկեի մասին արդեն հիշատակվեց: Նման ֆուտբոլիստ էր նաև Ֆիլիպ Կոկուն: Հոլանդացին կարիերայի մեծ մասն անցկացրել է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, բայց երբեմն խաղում էր պաշտպանությունում, այդ թվում՝ 30 հանդիպում կատալոնացիների կազմում: Նրա առաջին փոխանցումը և խաղը կազմակերպելու ունակությունը «Բլաուգրանային» շատ էր օգնում հարձակվելիս:

Ամենահայտնի օրինակը հենակետայինից կենտրոնական պաշտպանի անցման Խավյեր Մասկերանոն է: Արգենտինացին «Լիվերպուլից» ձեռք բերվեց հենակետայինի դիրքն ամրապնդելու համար, բայց ինչպես Յայա Տուրեն, այնպես էլ Մասկերանոն պարտվեցին մրցակցությունը Բուսկետսին: Խավյերը պատրաստ էր թիմում մնալու համար դառնալ կենտրոնական պաշտպան և հաջողեց հենց այդ դիրքում: 22 տիտղոս Կատալոնիայում և գրեթե բոլորը որպես կենտրոնական պաշտպան:

Մասկերանոն ակումբային կարիերայի ընթացքում 275 խաղ անցկացրել է հենակետայինի դիրքում, 268՝ կենտրոնական պաշտպանի, որոնցից 255-ը՝ «Բարսելոնայում»:

Ամենավերջին և թարմ օրինակներից է Ֆրենկի դե Յոնգը: Նիդերլանդցին «Այաքսում» արդեն հենակետայինից կենտրոնական պաշտպանի անցման մեծ փորձ ուներ: Կատալոնիայում նա նույնկերպ անհրաժեշտության դեպքում գնում էր նման քայլի: Երբ թիմի նախկին մարզիչ Ռոնալդ Կումանը երեք կենտրոնական պաշտպանի սխեմայի անցավ, հենց Դե Յոնգի ունակություններն էին վճռորոշ գործոն համարվում: Այդ փոփոխությունից հետո Կումանը քիչ էր մնում մեծ քամբեքով Լա լիգայի չեմպիոն դարձներ «Բարսելոնային»:

Չավին «Դե Յոնգ, պաշտպան» տարբերակին քիչ է դիմել, նա Ֆրենկիին համարում էր միջին գծի ֆուտբոլիստ: Այժմ կատալոնացու այս մրցաշրջանի գլխավոր նորարարությունը Կրիստենսենի շուրջ է կառուցված և այս պահի դրությամբ դրական քայլ է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա