«Փյունիկից» հեռացել է պաշտպան Արման Հովհաննիսյանը՝ հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Լրացել է կողմերի պայմանագրի ժամկետը, նոր պայմանագիր չի կնքվել:
Արման Հովհաննիսյանը 2021թ․-ի հունվարին էր միացել «Փյունիկին»: 28-ամյա ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում երևանյան թիմի կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ կատարելով 1 գոլային փոխանցում:
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել Արման Հովհաննիսյանին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի ու «հատկապես ավարտված մրջաշրջանում թիմի չեմպիոնության հարցում լուրջ դերակատարում ունենալու» համար և մաղթել նրան հաջողություն հետագա կարիերայում։
Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է նաև ֆուտբոլիստի հրաժեշտի խոսքը.
«Սիրելի երկրպագունե՛ր, եկավ այն պահը, երբ ես պետք է հրաժեշտ տամ իմ կարիերայում մեծ ավանդ ունեցող, ինձ կրթող և ֆուտբոլային ուղի բացած ակումբին՝ «Փյունիկին»։
Հիանալի տարիներ եմ ապրել «Փյունիկում», թե՛ ակադեմիայում, թե՛ գլխավոր թիմում, բայց հիմա եկել է հրաժեշտի պահը և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր հավատացել են ինձ։
Միասին մենք այս մրցաշրջանում կարողացանք հասնել մեր նպատակին և դառնալ Հայաստանի չեմպիոն։
Վստահ եմ, որ առջևում նորանոր հաջողություններ են սպասվում։ Շնորհակալություն բոլորին և ամենայն բարիք»։