Logo

Արմեն Մելիքբեկյան. «Հայաստանի հավաքականի նոր մարզիչը պետք է գիտակցի պահի կարևորությունը» (տեսանյութ)

15:07 / 28.12.2022Հայկական ֆուտբոլ
null

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում դեկտեմբերի 28-ին անցկացվում ՀՖՖ-ի 23-րդ հերթական ժողովը։ Օրակարգային հարցերից է Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունը:

Ժողովի սկզբում ելույթ է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, որն անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի ընտրությանը։

«Հարգելի գործընկերներ, սովորաբար նախագահի ուղերձը մի փոքր կարճ է լինում, սակայն ես կփորձեմ աննշան ավելի շատ խոսել, քանի որ մինչև ուղերձի բուն հատվածին անցնելը, ես ցանկանում եմ կարճ տեղեկատվություն հայտնել այն հարցի մասին, որը բոլորին առաջին հերթին հետաքրքրում է՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ընտրությունը:

Շատերի կարծիքով այն մի փոքր ուշանում է, բայց դա կապված է բազմաթիվ գործոնների հետ: Բացի այն, որ մենք պետք է բարձր որակավորում ունեցող մարզիչ ունենանք, մեզ համար կարևոր է նաև թեկնածուների մոտիվացիան հասկանալը, որովհետև հարցազրույցների ժամանակ մենք փորձում ենք հասկանալ և պարզել՝ արդյո՞ք նրանք գիտակցում են գալիք ընտրական փուլի կարևորությունը Հայաստանի հավաքականի և մեր ֆուտբոլային հանրության համար:

Կան բազմաթիվ դետալներ, որոնք առավել շատ են կարևորվում այս պահին: Նախընտրում ենք ընտրությունը կատարել մի փոքր ավելի ուշ, բայց վստահ լինելով, որ դա ճիշտ ընտրություն է և Գործադիր կոմիտեին ներկայացնենք բոլոր այն թեկնածուներին, նրանց լավ և ոչ այդքան լավ կողմերը, որպեսզի ընտրությունն ավելի ճիշտ լինի:

Մենք ուզում ենք համոզված լինել, որ այն մարզիչը, որը գլխավորի Հայաստանի հավաքականը, գիտակցում է թե՛ այս պահի կարևորությունը, թե՛ ընդհանուր առմամբ պատկերացնում է հայկական ֆուտբոլի զարգացումը: Կարծում եմ, որ այսօր ընտրվելիք Գործկոմն արդեն առաջիկա նիստում կքննարկի այդ հարցը և հուսամ, որ որոշում կկայացնի, և մենք արդեն հունվարին կնշանակենք գլխավոր մարզչին: 

Իմ նախագահության երեք տարիների ընթացքում ես և այն թիմը, որը հավաքվել է ֆեդերացիայում, փորձում են ավելի շատ աշխատել, գործել ամենօրյա ռեժիմով, քան խոսել: Եվ երբ ես ասում եմ թիմ, նկատի չունեմ միայն այն մարդկանց, որոնք այս շենքում են աշխատում: Ես նկատի ունեմ նաև ՀՖՖ երկու տասնյակից ավելի անդամներին, որոնց աջակցությունը, շատ քիչ բացառությամբ, մենք զգում ենք ամեն օր:

Գրեթե բոլոր անդամների հետ մենք առարկայական քննարկումներ ենք ունենում, վիճաբանում ենք, համաձայնում ենք, չեն համաձայնում: Այդ ամենից նախագծեր են ծնվում և այդ նախագծերը փորձում ենք իրականացնել և ես կարծում եմ, որ մեր անդամներից շատերը նույնպես նախընտրում են գործել, ոչ թե խոսել և դրա վառ ապացույցն է անցած տարին, որի ընթացքում մենք և մեր գործընկեր ակումբները հսկայական աշխատանքներ ենք տարել` օրինակ մանկապատանեկան ֆուտբոլում երեխաների նեգրավվածության, ենթակառուցվածնքերի զարգացման առումով, և սա վերաբերում է ոչ միայն ֆուտբոլի ֆեդերացիայի կառուցած ենթակառուցվածքներին:

Որպեսզի սրանք չլինեն լոկ խոսքեր, ես կարծում եմ, որ այդ աշխատանքներն իրականում համադրելի ու հաշվելի են: Իսկ համադրելի են ՀՖՖ-ի այս ժողովի կողմից 2019 թվականին ընդունված ռազմավարության հետ: Օրինակ՝ նշեմ մի շարք կետեր, որովհետև հնարավոր չէ ամբողջ ռազմավարությանն անդրադառնալ, մենք կփորձենք գալիք տարվա ընթացքում առանձին անդրադառնալ ռազմավարության կետերին և դրանց կատարման ընթացքին, բայց այն, ինչ անում է ֆուտբոլի ֆեդերացիան, անում է ռազմավարության նպատակներին հասնելու համար:

Օրինակ, մինչև 2025 թվականը, մենք ունենք նպատակ մանկապատանեկան ֆուտբոլում ընդգրկված 5000 երեխաների թիվը հասցնել 10.000-ի: Այս պահին մենք ունենք 8000-ից ավելի գրանցված երեխա և այս թիվը աճելու է ենթակառուցվածքների աճին զուգահեռ և մինչև 2025 թվականը մենք հատելու ենք անգամ 10.000-ի շեմը:

Սա նշանակում է, որ մենք գործում ենք, ոչ թե խոսում: Ի դեպ, ենթակառուցվածքների մասին շատ ենք խոսում, բայց անդրադառնանք, թե ինչպես են համադրվում այդ ենթակառուցվածքները մեր ռազմավարության նպատակների հետ: Ըստ ռազմավարության, մենք մինչև 2025 թվականը պետք է ավելացնենք միջազգային հանդիպումների համար նախատեսված և ՈՒԵՖԱ-ի կողմից հավատարմագրված մարզադաշտերի քանակը՝ 4-ից դարձնելով 8:

Չորս մարզադաշտերին արդեն ավելացրել ենք Արմավիրը, Վանաձորը, Աբովյանը, արդիականացրել ենք Գյումրիի մարզադաշտի լուսավորությունը: Այս պահին, ավարտում ենք լուսավորության համակարգի տեղադրման աշխատանքը Շենգավիթի մարզադաշտում, որը նույնպես կարող է հավատարմագրվել ՈՒԵՖԱ-ի կողմից և այնտեղ էլ կարող են հանդիպումներ անցկացնել մեր տարբեր տարիքային հավաքականները:

Ի դեպ, ևս մեկ անգամ ընդգծեմ, որ Շենգավիթի մարզադաշտը մասնավոր ներդրման փայլուն օրինակ է, ինչը մեծապես նպաստում է ֆուտբոլի զարգացմանը: Այս ամենը նշանակում է, որ մենք և մեր գործընկերները, որոնք մասնավոր ներդրումներ են անում, ավելի շատ աշխատում են, քան՝ խոսում:

Ռազմավարության կետերից մեկն ասում էր, որ պետք է շարունակել մարզերում ֆուտբոլի մարզադպրոցների հիմնադրման և կառուցման ծրագրերը՝ դրանց թիվը հասցնելով նվազագույնը 10-ի: Ես պետք է ուրախությամբ նշեմ, որ գալիք տարվա ընթացքում նախատեսում ենք սկսել 4 նոր ֆուտբոլի դպրոցի կառուցում, որոնք ավարտին կհասցվեն 2024 թվականին: Ծրագիրը մի շարք առումներով աննախադեպ է, այդ մասին հետագայում շատ ավելի մանրամասն կխոսենք և կպատմեմ:

Ակադեմիաներից երեքը կառուցվելու են մարզերում և այդ ակադեմիաներն այն մարզերում են, որտեղ մենք այդ ենթակառուցվածքների կարիքն ունենք և ես կարծում եմ, որ սա ևս մեկ կարևոր օրինակ է, որ մենք գործում ենք, ոչ թե խոսում: Նաև ռազմավարությունում ամրագրել ենք, որ պետք է ավելանա մարզերում գործող ֆուտբոլային դպրոցների և մանկապատանեկան ակումբների մարզիչների քանակը: Վերջիններիս թիվը պետք է հասցվեր նվազագույնը 150-ի: Այսինքն՝ 150 արտոնագիր ունեցող մարզերում գործունեություն ծավալող մարզիչ պետք է ունենանք: Այդ թիվն արդեն մոտ է 120, 2025 թվականը դեռ մոտ չէ և ես վստահ եմ, որ մենք 150-ից ավելի որակավորված մարզիչ կունենանք:

Սա շատ կարևոր է մեր մարզերում կառուցվող ակադեմիաների պարագայում, և դա նշանակում է, որ մենք գործում ենք, ոչ թե խոսում: Այս օրինակները կարող ենք շարունակել, բայց նաև ևս մեկ օրինակ բերեմ, որովհետև ոչ բոլոր կետերին ենք մենք համընթաց գնում տարբեր պատճառներով:

Օրինակ՝ մինչև 2025 թվականը մենք պետք է ավելացնենք մասսայական և սիրողական ֆուտբոլում ներգրավված հանրության թվաքանակը՝ այն հասցնելով 80.000-ի: Այսինքն՝ Հայաստանում 80.000 մշտական ֆուտբոլ խաղացող մարդ պետք է ունենանք: Այժմ, մեր տվյալներով, այդ թիվը կազմում է 40.000 և այս առումով մենք կրկին կարևորում ենք ենթակառուցվածքների զարգացումը, մասնավորապես, փոքր դաշտերի կառուցումը, որպեսզի տարբեր առաջնություններ, այդ թվում՝ դպրոցական առաջնություններ կայանան:

Առաջիկա երկու տարում նպատակ ունենք կտրուկ ավելացնել աշխատանքները: Այս տարի նախաձեռնելու ենք ևս 30 փոքր դաշտի կառուցում՝ տարբեր մարզերում: Ներգրավված են լինելու երեք մարզեր՝ Կոտայք, Արմավիր և Սյունիք: 

Նաև ծրագրում ենք ավելացնել դպրոցական առաջնության մասնակից թիմերի քանակը: Դպրոցական առաջնությունը մեզ մոտ վերականգնվել է և լայն թափ է ստանում: Այս ամենը՝ և ենթակառուցվածքները, և առաջնություններն անցկացնելը մեզ կօգնի մոտենալ այն թվին, որը մենք նշել ենք ռազմավարության մեջ: Տարբեր այլ նախագծեր ենք արել՝ հավատարիմ մնալով ռազմավարությանը, օրինակ, պետք է սիրողական առաջնության երկու լիգա ունենայինք մինչև 2023 թվականի ամառ, և դա ունենալու ենք, որովհետև մեկն արդեն ունենք, իսկ երկրորդը կբացվի ամռանը: Սա նույնպես նշանակում է, որ մենք աշխատում ենք և ոչ թե խոսում:

Այն ամենը, ինչ անում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր անդամների հետ համատեղ, մեծ ջանք է պահանջում: Այս ամենն արվել է 2020 թվականից հետո և դուք հասկանում եք, որ դա եղել է կովիդի, պատերազմի, աշխարհում անկայունության, ծանր տնտեսական վիճակի պայմաններում, երբ, օրինակ, փող-արժեքի տատանման պատճառով մենք ահռելի կորուստներ ենք կրում, քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եկամուտները հիմնականում այլ արտարժույթով են:

Դա մեզ որոշակի չափով խանգարում է տարբեր ծրագրեր կյանքի կոչելիս, բայց մենք հաստատակամ ենք շարունակել աշխատել, փորձել շտկել մեր սխալները։ Երբ ասում եմ մենք, նկատի ունեմ գրեթե բոլոր անդամներին, որոնք ներդրում ունեն հայկական ֆուտբոլի զարգացման մեջ, որոնցից յուրաքանչյուրն իր կարողությունների չափով աջակցում է Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը և ՀՖՖ-ի ռազմավարական նպատակների իրագործմանը:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ավելի շատ գործում են, քան խոսում և ես կարծում եմ, որ այդ անդամները հայաստանյան ֆուտբոլային ընտանիքի մեծամասնություն են կազմում, այդ պատճառով էլ մեզ որոշ լավ բաներ հաջողվում է անել: 

Գալիք կարևոր տարում բոլորին ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք: Այդ աշխատանքի պտուղներն այնպայման քաղելու ենք, որովհետև մեր ընտրած համատեղ բանաձևը և ռազմավարությունում ամրագրված նպատակները շատ հստակ են, մենք պետք է ավելի շատ ենթակառուցվածքներ կառուցենք, որի արդյունքում ավելանալու են մասսայական ֆուտբոլով զբաղվողները: Նրանց քանակի ավելացումը հանգեցնելու է ֆուտբոլի դպրոցների ավելացմանը, իսկ այնտեղ էլ մարզիչների կրթությունը բերելու է որակի բարձրացմանը:

Այս բանաձևով էլ մենք շարժվելու ենք, բոլորին հաջողություն եմ մաղթում և շնորհակալություն ուշադրության համար»,- ասել է ՀՖՖ նախագահը:

ՀՖՖ-ի հերթական ժողովի ընթացքում հաստատվել է նաև ՀՖՖ 2023 թվականի ֆինանսական տարվա բյուջեն։

Քվեարկության արդյունքում ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներ ընտրվեցին՝ 

Անդրանիկ Ադամյանը

Վլադիկ Առաքելյանը

Քնարիկ Գրիգորյանը

Տիգրան Ղարաբաղցյանը

Հասմիկ Դանիելյանը

Գոհար Նավասարդյանը

Բագրատ Նավոյանը

Արմեն Նիկողոսյանը

Կարեն Շաբոյանը

Արթուր Սահակյանը

Դավիթ Սարգսյանը

Տիգրան Վիրաբյանը

Ժողովի վերջում ՀՖՖ Գործադիր կոմիտեի նորընտիր անդամների կազմից ՀՖՖ փոխնախագահ ընտրվեց Արմեն Նիկողոսյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա