Logo

Արմեն Շահգելդյան. «ԵՎՐՈ-2020-ում թիմ կա, որին բոլորը կցանկանային նմանվել»

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 25.06.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
F2A9177 scaled - Արմեն Շահգելդյան. «ԵՎՐՈ-2020-ում թիմ կա, որին բոլորը կցանկանային նմանվել»

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող, «Սևանի» ներկայիս գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանը կարծում է, որ ԵՎՐՈ-2020-ն անցնում է մեկ թիմի գերիշխանությամբ, որին բոլորը փորձելու են նմանվել:

VNews.am-ի հետ զրույցում Շահգելդյանը հայտնեց, թե որ թիմին է համարում ԵՎՐՈ-2020-ի ֆավորիտը և ինչով է այն առանձնանում մյուսներից:

Ո՞ր թիմն է Ձեզ ամենաշատը տպավորել ԵՎՐՈ-2020-ում և ինչո՞վ:

Իտալիան: Առաջին հերթին այն պատճառով, որ մարզիչն իր առաջադրանքների կատարումը տեսնում է խաղադաշտում: Այն ամենը, ինչը նա ծրագրել է, ֆուտբոլիստները կարողանում են կատարել: Գումարած դրան, ֆուտբոլիստների իմպրովիզացիան, կարգապահությունն ու նվիրվածությունը…

Իտալիայի հավաքականը կարող է 4 պաշտպանից անցնել 3 պաշտպանի, բայց դրանից նրանց խաղի որակը չի փոխվում: Անփոխարինելի թվացող Ջորջիո Կիելինին վնասվածք է ստանում, նրա փոխարեն այլ ֆուտբոլիստ է ասպարեզ դուրս գալիս, բայց դրանից իտալացիների խաղը չի տուժում, որովհետև բոլորը պատրաստ են խաղալ, իրենց խելքը և ուժը ներդնել խաղադաշտում:

Ի՞նչն է «Սկուադրա աձուրային» տարբերում մյուս հավաքականներից:

Իտալիան ամբողջ թիմով հարձակվում և պաշտպանվում է: Դա թիմային խաղի կատարյալ օրինակ է: Աշխարհի բոլոր թիմերը կցանկանային այդպես խաղալ:

F2A9220 960x640 - Արմեն Շահգելդյան. «ԵՎՐՈ-2020-ում թիմ կա, որին բոլորը կցանկանային նմանվել»

Իտալիան երկար ժամանակ չէր մասնակցել խոշոր մրցաշարերի և հիմա նրանք մեծ ներուժ ունեն, բարձրակարգ ֆուտբոլիստներ ու մարզիչ, որը մեծ աշխատանք է կատարում: Համենայն դեպս, ես ցանկանում եմ, որ Ռոբերտո Մանչինին հասնի իր նպատակին և իտալացիներին դարձնի չեմպիոն:

Չնայած նրան, որ Իտալիան 1/8 եզրափակիչում մրցելու է Ավստրիայի հետ, միևնույն է նրանք փլեյ-օֆֆում հայտնվել են բարդ ցանցում: Նման պարագայում ո՞ր թիմին եք ԵՎՐՈ-2020-ի ֆավորիտ համարում:

Չեմպիոնությունը կանխագուշակելը երբեք ստույգ չէ, որովհետև նույնիսկ ակնհայտ ֆավորիտը հնարավոր է չհաղթի: Կարծում եմ՝ հենց Իտալիան ամենամեծ շանսերն ունի: Մյուս ֆավորիտներն են Ֆրանսիան և Անգլիան:

Իսկ ԵՎՐՈ-2020-ից առաջ դուք ո՞ր թիմին էիք չեմպիոն տեսնում:

Օրինակ, բերեմ Չեմպիոնների լիգայից: Դեռ եզրափակիչից շատ շուտ կանխագուշակել էի, որ գավաթը նվաճելու է «Չելսին»: Ես այդպես էի տեսնում: Միգուցե, սխալվեի, բայց ճիշտ դուրս եկա: Հատկապես, որ եզրափակիչում «Չելսիի» մրցակիցը «Մանչեսթեր Սիթին» էր, որը հզոր մարզիչ ունի:

ԵՎՐՈ-ից առաջ չեմպիոնության գլխավոր թեկնածու էի համարում հենց Իտալիային: Տեսնենք այս դեպքում ինչպես կստացվի:

Իտալիան նման է աշխարհի չեմպիոն դարձած թիմին. ԵՎՐՈ-2020-ի կերպարանափոխված ֆավորիտը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա