Logo

«Վերադարձ իրականություն»․ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Շոտլանդիայի դեմ խաղում՝ ըստ VNews-ի

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
17:04 / 09.06.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ

Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի B դիվիզիոնի հերթական տուրում 0։2 հաշվով պարտվեց Շոտլանդիային։ Մեկնարկային 15 րոպեներին «Հեմփդեն Պարկում» շատ թեժ էր, որին մենք դիմացանք, սակայն հաջորդիվ բաց թողած բազմաթիվ կոմբինացիաներից 2-ում մեր մրցակիցը հասավ հաջողության։ Առաջին 45 րոպեների ընթացքում մենք ընդամենը մեկ գրոհ անցկացրինք և հասանք մրցակցի տուգանային հրապարակ։ Երկրորդ խաղակեսում շոտլանդացիները չթուլացրին տեմպը, բայց Հայաստանի հավաքականն էլ մի քանի լավ հակագրոհ անցկացրեց։ Ցավոք, դրանցից ոչ մեկը գոլով կամ նույնիսկ վտանգավոր հարվածով չավարտվեց։ Պարտվեցինք 0։2 հաշվով, չնայած նույնիսկ այսպիսի մրցակցի դեմ խաղում կարող էինք ավելի ռացիոնալ գործել բոլոր դիրքերում։ 

Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Շոտլանդիայի հետ խաղում՝ ըստ VNews-ի։ 

Դավիդ Յուրչենկո - 6․5

Հայաստանի հավաքականի կազմից երևի թե միակն էր, որը կոպիտ սխալներ թույլ չտվեց։ Յուրչենկոն երկու գոլում էլ, ըստ երևույթին, մեղք չուներ։ Մնացած դրվագներում հաշվի առնելով եղանակային պայմանները՝ հուսալի գործեց։ 

Վարազդատ Հարոյան - 6

Մեր բոլոր պաշտպանների ֆոնին ամենալավը գործեց թիմի ավագը, չնայած դրվագներից մեկում կոպիտ սխալ թույլ տվեց, բայց ինքն էլ կարողացավ ուղղել սխալը։ Եվ դա այն դեպքում, որ Հարոյանը վնասվածքից հետո առաջին երկու ամբողջական խաղերն է անցկացնում։ Ենթադրելի է, որ Ուկրաինայի հավաքականի հետ խաղում Հարոյանը կունենա հանգստի կարիք, սակայն Կապառոսը չի կարող իրեն թույլ տալ նման շռայլություն ու Հարոյանին թողնել պահեստայինների նստարանին։ 

Հրայր Մկոյան - 5․5

Մկոյանը, Իռլանդիայի դեմ հանդիպման համեմատ, թույլ խաղ անցկացրեց։ Գուցե դա տրամաբանական է՝ հաշվի առնելով նրա տարիքն ու մրցակցիների խաղամակարդակների տարբերությունը։ «Արարատի» փորձառու կենտրոնականն այս անգամ հիմնականում սխալվում էր գրոհներն սկսելիս։ Մկոյանը որոշ դրվագներում թույլ կամ սխալ փոխանցումներ էր կատարում թիմակիցներին։ Երկրորդ կեսում համեմատաբար ավելի հավաքված գործեց, բայց հանուն արդարության պետք է նշել, որ մրցակիցն էլ խաղում էր մի փոքր ավելի պակաս ագրեսիվությամբ։ 

Արման Հովհաննիսյան - 5

Երկրորդ գոլի դրվագում անհասկանալի էր, թե ինչու Արման Հովհաննիսյանը չկարողացավ հասնել գնդակին։ Անկյունային հարվածի ժամանակ հենց Հովհաննիսյանն էր հսկում Մակենային, բայց գրեթե ոչինչ չարեց մրցակցին խանգարելու համար։ Շոտլանդացին առանց դժվարության ցատկեց և գլխի հարվածով գրավեց Հայաստանի հավաքականի դարպասը։ Մնացած դրվագներում կոպիտ սխալներ թույլ չտվեց, իսկ ամբողջ երկրորդ կեսում փակեց ձախ լատերալի դիրքը։ 

Հովհաննես Համբարձումյան - 6

Հովհաննես Համբարձումյանը պայքարում էր Եվրոպայի և աառհասարակ աշխարհի երևի թե լավագույն ձախ պաշտպանի՝ Էնդրյու Ռոբերտսոնի դեմ։ Այնուամենայնիվ, կոպիտ սխալներ թույլ չտվեց, չնայած որ մրցակիցն իր գրոհների ճնշող մեծամասնությունն առաջին կեսում կազմակերպում էին հենց Հովհաննեսի եզրով։ Այստեղ նրան մեղադրելու լիարժեք պատճառ չկա, որովհետև մրցակիցը քանակապես գրեթե միշտ գերակշռում էր։ 

Կամո Հովհաննիսյան - 4

Կամոն այս խաղում բոլորովին իրեն նման չէր. գրեթե բոլոր մենապայքարներում պարտվեց։ Իր եզրում Էնթոնի Ռելսթոնը պարզապես ճախրում էր։ Ի վերջո հենց շոտլանդացիների լատերալը 28-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը։ Կամոն աչքաթող արեց մրցակցին, որն էլ հայ պաշտպանի թիկունքից գլխի հարվածով գնդակն ուղարկեց Յուրչենկոյի դարպասը։ 

Արտակ Գրիգորյան - 5

Արտակ Գրիգորյանը խաղաց այնքան, որքան մրցակիցը թույլ տվեց։ Իռլանդիայի դեմ 90 րոպե դաշտում անցկացնելուց հետո մեր հենակետայինն այս խաղի միայն առաջին կեսում էր դաշտում և փոխարինվեց ընդմիջմանը։ Գրոհ սկսելու ժամանակ կային սխալներ գնդակ խլելուց հետո։ Ինչպես նշել ենք, նման սխալներ անում էր նաև Հրայր Մկոյանը։ 

Էդուարդ Սպերցյան - 6

Սպերցյանն իրեն բնորոշ ոճով ակտիվ էր։ Մի քանի անգամ լավ սահանկում կատարեց։ Ի տարբերություն Իռլանդիայի հետ հանդիպման՝ այս անգամ «Կրասնոդարի» կիսապաշտպանը չուներ ցանկալի ազատությունը։ Հանդիպման 20-25-րդ րոպեներից Կապառոսի հրահանգով Տիգրան Բարսեղյանը նահանջեց միջին գիծ, ինչով սահմանափակվեց Սպերցյանի ազատ տարածքը։ Նա կարող էր վտանգավոր պահի մասնակից լինել, սակայն ամենակարևոր պահին թիմակիցը փոխանցում չկատարեց։ 

Խորեն Բայրամյան - 6․5

Հայաստանի հավաքականի «գանգրահեր տղան» դաշտում լավագույններից էր։ Երկու խաղակեսերում էլ «Ռոստովի» կիսապաշտպանը թիմային գերազանց ֆուտբոլ ցուցադրեց, միշտ հասնում էր ընկերներին փոխօգնության։ Ցավոք, նրա գործողություններն այս անգամ հիմնականում պաշտպանողական էին։ Հարձակման գծում նրան գրեթե չէինք տեսնում։ 

Սարգիս Ադամյան - 4

Սարգիս Ադամյանը ոչնչով աչքի չընկավ։ 2 դեպքում փչացրեց հակագրոհելու շատ լավ հնարավորություն, երբ չփոխանցեց գնդակը ձախ եզրում արագություն հավաքած Կամո Հովհաննիսյանին։ Որպես հետևանք՝ արդարացիորեն փոխարինվեց առաջին կեսից հետո։ 

Տիգրան Բարսեղյան - 5․5

Հարձակման գծում ամենաակտիվը, թեկուզև առանց գնդակի, Բարսեղյանն էր, բայց նա նույնպես չկարողացավ արդյունավետ գործողությամբ աչքի ընկնել։ Հանդիպման վերջնամասում ընդամենը 1 հարված կատարեց մրցակցի դարպասին, բայց տանտերերի դարպասապահը որսաց գնդակը։ Գուցե զարմանալի էր, բայց այս խաղում Բարսեղյանը հիմնականում հարված չէր կատարում մրցակցի դարպասի ուղղությամբ։ 

Տարոն Ոսկանյան - 5

Փոխարինման մտավ առաջին կեսից հետո և կատարեց իր գործը։ Եղան դրվագներ, երբ բաց թողեց մրցակցին, բայց նմանատիպ իրավիճակներում այս խաղում մեր ֆուտբոլիստները շատ հայտնվեցին։ 

Վահան Բիչախչյան - 5

Բիչախչյանն աչքի ընկավ ընդամենը 3 դրվագում. երբ 2 անգամ գնդակը հասցրեց մրցակցի տուգանային հրապարակ ու ամենաանտրամաբանական ձևով չկարողացավ ճիշտ շարունակություն տալ, իսկ դրվագներից մեկում չփոխանցեց հարմար դիրքում գտնվող Սպերցյանին, իսկ մյուսում՝ խճճվեց և կորցրեց գնդակը։ Հանդիպման վերջին րոպեներին էլ նույնիսկ տարածություն ստացավ հարվածելու համար, սակայն մրցակցի դարպասապահը հանգիստ որսաց գնդակը։ 

Վբեյմար Անգուլո - 5

Անգուլոն նույնպես ընդմիջումից հետո մտավ փոխարինման՝ փակելու Արտակ Գրիգորյանի դիրքը։ «Արարատ-Արմենիայի» հենակետայինը հիմնականում ստվերում էր, թեպետ դրվագներից մեկում կատարեց սուր փոխանցում Վահան Բիչախչյանի ուղղությամբ։ 

Սոլոմոն Ուդո - առանց գնահատական

Արտակ Դաշյան - առանց գնահատական

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա