Logo

«Խաղը, փաստորեն, տևում է 43 րոպե»․ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները շոտլանդացիների դեմ հանդիպմանը՝ ըստ VNews-ի

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
15:46 / 15.06.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Հայաստանի հավաքականի գնահատական

Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի B դիվիզիոնի չորրորդ տուրում 1։4 հաշվով պարտվեց Շոտլանդիային։ Կապառոսն այս անգամ ընտրել էր 4-4-2 սխեման, որտեղ նոմինալ աջ կիսապաշտպան Արտակ Դաշյանը մրցակցի գրոհների ժամանակ մինչև վերջ նահանջում էր՝ օգնելով Համբարձումյանին։ Ի տարբերություն նախորդ 3 հանդիպումների՝ այս խաղի առաջին կեսն անցկացրել ենք 4 պաշտպանով սխեմայով։ 

Ակտիվ սկսեցինք հանդիպումը, ու արդեն 6-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի փայլուն անցումից հետո գոլ խփեց Վահան Բիչախչյանը։ Թվում էր, թե այս անգամ կարող ենք կազմակերպված գործել, նվազագույնի հասցնել սխալները, բայց․․․ Մինչև առաջին խաղակեսի ավարտը մի քանի լավ հնարավորություններ ունեցանք, սակայն գոլ խփել, ինչպես նաև սեփական դարպասն անառիկ պահել, չհաջողվեց։ 44-րդ րոպեին դաշտից հեռացվեց Հայաստանի հավաքականի պաշտպան Արման Հովհաննիսյանը։ Վերջինս 1 րոպեում 2 դեղին քարտ ստացավ։ Այդ դրվագից մեկ րոպե անց Ստյուարտ Արմսթրոնգը հաշվի մեջ արդեն առաջ մղեց հյուրերին։ Երկրորդ կեսում մեր մրցակիցը ևս 2 անգամ գրավեց մեր դապասը, իսկ մրցավարի ավելացված ժամանակի առաջին րոպեին կոպիտ խախտման համար խաղադաշտից հեռացվեց Կամո Հովհաննիսյանը։ 

VNews-ը ներկայացնում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները։ 

Դավիթ Յուրչենկո - 5

Դավիթ Յուրչենկո

Չնայած բաց թողած գոլերին՝ Յուրչենկոն վատ տպավորություն չթողեց. փրկեց բոլոր այն դրվագներում, որոնցում կարող էր։ Դժվար է դարպասապահին մեղադրել այնպիսի գոլերի համար, որոնք գրանցվել են սեփական տուգանային հրապարակում պաշտպանների անփույթ ու անհաշվենկատ գործողությունների հետևանքով։ 

Հովհաննես Համբարձումյան - 5

Հովհաննես Համբարձումյան

Ամբողջ առաջին կեսի ընթացքում շոտլանդացիները ծանրաբեռնում էին մեր աջ եզրը։ Համբարձումյանը մեծ ծավալի աշխատանք կատարեց։ Չնայած Ռոբերտսոնի բացակայությանը՝ շոտլանդացիները շատ էին գրոհում այդ եզրով։ Նույնիսկ Արտակ Դաշյանի նահանջելը չէր օգնում հետ մղել մրցակցի գրոհները։ Հնարավորության դեպքում Համբարձումյանը փորձում էր սրել խաղն ու իր եզրով միանում էր գրոհներին։ 

Վարազդատ Հարոյան - 5

Վարազդատ Հարոյան

Հարոյանի լավագույն հանդիպումը չէր։ Այո՛, մի շարք դրվագներում զգոն գործեց, բայց առաջին երկու գոլերի դրվագներում չփակեց իր մրցակիցներին։ Վիճելու համար էլ դեղին քարտ ստացավ, ինչի հետևանքով բաց կթողնի հաջորդ հանդիպումը։ 

Հրայր Մկոյան - 5,5

Հրայր Մկոյան

Մկոյանը 4-րդ խաղն անցկացրեց մեկնարկային կազմում։ Մրցակիցներին զիջում էր միայն արագությամբ։ Մնացած բոլոր դրվագներում սառնասիրտ էր գործում։ 4-րդ գոլի ժամանակ, երբ շոտլանդացիները հակագրոհի հնարավորություն ստացան, փորձեց կենտրոնում կանգնեցնել մրցակցին, բայց չստացվեց, ինչի հետևանքով էլ հյուրերը 2-ը 1-ի դեմ դուրս եկան ու գրոհն ավարտեցին գոլով։ Գուցե տարօրինակ է, բայց 35-ամյա փորձառու պաշտպանը երևի թե միակն էր, որ կայուն խաղ ցուցադրեց այս ցիկլի ընթացքում։ 

Արման Հովհաննիսյան - 3

Արման Հովհաննիսյան

Արման Հովհաննիսյանը մեծ ծավալի աշխատանք չունեցավ առաջին կեսում։ Շոտլանդացիները հիմնականում գրոհում էին աջ եզրով։ Մեկ-երկու դրվագում գնդակ խլեց, բայց առաջին կեսի վերջնամասում կոպիտ սահանկման ու վիճելու համար ստացած դեղին քարտերի պատճառով հեռացվեց խաղադաշտից։ Իհարկե, կարելի էր և պետք էր ավելի զգոն լինել։ Հովհաննիսյանը կոպիտ խախտման համար կարմիր քարտ էր ստացել նաև Նորվեգիայի դեմ ընկերական խաղում։ 

Էդուարդ Սպերցյան - 7

Էդուարդ Սպերցյան

Սպերցյանն առաջին կեսում շատ ակտիվ էր։ Նախ՝ խորքից սրող փոխանցումով սկսեց գոլային գրոհը, դրանից բացի, Խորեն Բայրամյանի խփած գոլը, որը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով, նույնպես Սպերցյանի սրող փոխանցման տրամաբանական ավարտն էր։ Փոփոխության դրվագում նրա դժգոհությունն ապացուցում է այն, թե նույնիսկ այդ դժվար իրավիճակում թիմին օգնելու որքան մեծ ցանկություն ուներ։ 

Խորեն Բայրամյան - 6

Այս խաղում Բայրամյանը ձախեզրային կիսապաշտպանի դիրքում էր գործում։ Արդեն նշեցինք, որ շոտլանդացիները հիմնականում գրոհում էին հակառակ եզրով, ուստի Բայրամյանը շատ աշխատանք չուներ։ Անկախ դրանից, Խորենը կարողանում էր ժամանակին նահանջել և հնարավորության դեպքում խորքից փորձում էր զարգացնել մեր հակագրոհները։ Նույնիսկ գոլ խփեց, բայց VAR համակարգը չեղարկեց այն խաղից դուրս վիճակի պատճառով։ 

Արտակ Դաշյան - 6

Արտակ Դաշյան

Դաշյանն այս խաղում հատուկ առաջադրանք ուներ, որը երևում էր նույնիսկ անզեն աչքով. նա գործում էր աջեզրային կիսապաշտպանի դիրքում և մրցակցի յուրաքանչյուր գրոհի ժամանակ ապահովագրում էր մեր աջ պաշտպան Հովհաննես Համբարձումյանին։ Հարձակման ժամանակ էլ բավական ակտիվ էր իր եզրում։ Նվիրվածությամբ Դաշյանը, ի դեպ, լավագույններից էր։ 

Վահան Բիչախչյան - 7

Վահան Բիչախչյան

Բիչախչյանն առաջին գոլը խփեց հավաքականի կազմում պաշտոնական խաղերում։ Առաջին կեսում բավական ակտիվ էր, մեկ-երկու դրվագ եղավ, երբ կարող էր նորից աչքի ընկնել։ Պրեսինգի ժամանակ նույնպես փորձում էր օգտակար լինել։ 

Տիգրան Բարսեղյան - 6,5

Տիգրան Բարսեղյան

Բարսեղյանի փայլուն անցումն ապահովեց մեր հավաքականի գոլը։ Հենց դա է պահանջվում նրանից։ Մի քանի լավ պահ ունեցավ, որոնցում կարող էր ավելի արդյունավետ լինել, բայց անընդհատ ինչ-որ բան պակասում էր։ 

Ստյոպա Մկրտչյան - 3

Ստյոպա Մկրտչյանը փոխարինման մտավ ընդմիջումից հետո։ 50-րդ րոպեին մեր տուգանային հրապարակում երիտասարդ պաշտպանը կորցրեց դիրքը և չկարողացավ փակել Մաքգինին, որն էլ շատ հանգիստ գրավեց Յուրչենկոյի դարպասը։ 4 րոպե անց շոտլանդացիները 2 հոգով մեն-մենակ մնացին Ստյոպայի դեմ։ Այստեղ ևս ԲԿՄԱ-ի պաշտպանն անզոր էր։ 

Վբեյմար Անգուլո - 4

Վբեյմար Անգուլո

Անգուլոն ինչպես արտագնա, այնպես էլ այս խաղում փոխարինման մտավ՝ հենակետային գոտին թարմացնելու համար։ Առանձնապես մեծ աշխատանք չուներ կատարելու, քանի որ շոտլանդացիներն արդեն թուլացրել էին տեմպը։ 

Սոլոմոն Ուդո - 4

Սոլոմոն Ուդո

Նույնը կարելի է ասել նաև Ուդոյի մասին։ Առհասարակ զարմանալի էր նրա ու Վբեյմարի մուտքը խաղադաշտ։ 1-4 հաշվի ժամանակ մարզիչը փոխարինում է հարձակման գծի ֆուտբոլիստներին ու դաշտ է դուրս բերում երկու հենակետայինի, որոնք մեծ հաշվով շատ բան չփոխեցին թիմում։ 

Կամո Հովհաննիսյան - 4

Կամո Հովհաննիսյան

Կամոն խաղադաշտ մտավ 59-րդ րոպեին և ակտիվացրեց մեր խաղը։ 10 հոգով մնացած թիմի համար բավական լավ հակագրոհներ անցկացրինք։ Նույն Կամոն հանդիպման վերջնամասում կարող էր գոլ խփել։ Այնուամենայնիվ, նրա կոպիտ խաղն ու կարմիր քարտը ջուրը գցեցին կատարված աշխատանքը։ 

Արթուր Սերոբյան - 4,5

ԲԿՄԱ-ի երիտասարդ ֆուտբոլիստը փոխարինման մտավ 84-րդ րոպեին և միանգամից մասնակցեց 2 վտանգավոր գրոհի։ Դրվագներից մեկում շատ լավ շրջանցեց մրցակցին շոտլանդացիների տուգանային հրապարակում։ Գուցե մի փոքր ավելի խաղաժամանակ ստանալու դեպքում Սերոբյանը կարողանար գոլ խփել կամ գոլային փոխանցում կատարել։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա