Logo

358 օր անց առանց հաղթանակների 9 խաղերի տխուր շարքը վերջապես ընդհատվեց. Հայաստան - Չեռնոգորիա խաղը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
14:26 / 25.03.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Հայաստան - Չեռնոգորիա-2022

Հայաստանի հավաքականը Չեռնոգորիայի ընտրանու նկատմամբ նվազագույն հաշվով տոնած հաղթանակով սկսեց նոր մրցաշրջանը: 

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Հայաստանի և Չեռնոգորիայի հավաքականներն առաջին անգամ իրենց հարաբերությունները պարզեցին ընկերական մրցախաղում: Մինչ այդ մրցակիցները երկու անգամ հանդիպել էին 2018թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի E խմբում: 2016թ. նոյեմբերի 11-ին Երևանում կայացած խաղը, որում ՀՀ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր նորամուտն էր նշում Արթուր Պետրոսյանը, դրամատիկ ավարտ ունեցավ: 

Առաջին խաղակեսում մրցակցին զիջելով 0-2 հաշվով, մեր հավաքականն ընդմիջումից հետո քամբեք իրականացրեց՝ Արտակ Գրիգորյանի, Վարազդատ Հարոյանի և ավելացված ժամանակում Գևորգ Ղազարյանի խփած գոլերի շնորհիվ կամային հաղթանակ տոնելով:

2017թ. հունիսի 10-ին Պոդգորիցայում կայացած խաղում Չեռնոգորիայի հավաքականը 4-1 հաշվով ռևանշի հասավ: Մեր հավաքականից միակ գոլը խաղավերջում խփեց Ռուսլան Կորյանը:

2. Հայաստանի հավաքականը 2-րդ տարին անընդմեջ մրցաշրջանը սկսեց հաղթանակով: Նախորդ մրցաշրջանի մեկնարկային խաղում մեր ընտրանին Խոակին Կապառոսի գլխավորությամբ Վադուցում աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում նվազագույն հաշվով հաղթել էր Լիխտենշտեյնի հավաքականին:

Հայաստանի հավաքականը 7-րդ անգամ նոր մրցաշրջանը հաղթանակով սկսեց: Հետաքրքիր է, որ բոլոր հաղթանակներն էլ մեր ֆուտբոլիստները տարել են «չոր» հաշվով: 7 անգամ մրցաշրջանի մեկնարկային խաղն ավարտվել է ոչ-ոքի, 16 անգամ ՀՀ հավաքականը պարտությամբ է սկսել նոր մրցաշրջանը: Մեր ֆուտբոլիստները մրցաշրջանի մեկնարկային հանդիպումներում 19 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել 44 գնդակ:

3. ՀՀ հավաքականին վերջապես հաջողվեց ընդհատել առանց  հաղթանակների 9 խաղերի տխուր շարքը: Խոակին Կապառոսի գլխավորությամբ անցկացրած այդ հանդիպումներում ՀՀ հավաքականը կրել էր 5 պարտություն, 4 խաղ ավարտել էր ոչ-ոքի: Մեր ֆուտբոլիստները խփել էին ընդամենը 5 գոլ, բաց էին թողել 22 գնդակ: Մարզիչներից ավելի վատ արդյունք գրանցվել էր միայն Խորեն Հովհաննիսյանի օրոք՝ 11 խաղ առանց հաղթանակի (5 ոչ-ոքի, 6 պարտություն, խփած և բաց թողած գնդակները՝ 5-30):

Հաղթանակի համար ՀՀ հավաքականից 358 օր պահանջվեց: Նախորդ հաղթանակը մեր հավաքականը տոնել էր անցյալ տարվա մարտի 31-ին՝ Երևանում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում 3-2 հաշվով պարտության մատնելով ռումինացիներին:

4. Իսկ ընդհանրապես, ՀՀ հավաքականի առանց հաղթանակների ամենաերկարատև շարքը գրանցվել է 2014թ. մայիսի 31-ից մինչև 2016թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում անցկացրած 14 հանդիպումներից 3-ում գրանցվել է ոչ-ոքի, 11-ում մեր ֆուտբոլիստները պարտվել են: Այդ հանդիպումներից 8-ում ՀՀ հավաքականը գլխավորել է Բեռնար Շալանդը (1 ոչ-ոքի, 7 պարտություն), 5-ում՝ Սարգիս Հովսեփյանը (1 ոչ-ոքի, 4 պարտություն), մեկում՝ Վարուժան Սուքիասյանը (1 ոչ-ոքի):

5. Գրեթե 4 տարվա ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականը Երևանում կրկին ընկերական մրցախաղ անցկացրեց: Նախորդ հանդիպումը կայացել էր 2018թ. մարտի 27-ին Լիտվայի ընտրանու հետ, որում հյուրերը նվազագույն հաշվով հաղթել էին: Չեռնոգորիայի հավաքականի հետ մրցավեճը սեփական հարկի տակ անցկացրած ընկերական 20-րդ հանդիպումն էր: Մեր հավաքականը տոնել է 11 հաղթանակ, 4 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 5 պարտություն, խփել է 31 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 20 գնդակ:

Ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականն ընկերական 78 խաղ է անցկացրել, որից 25-ում հաղթել է, 16-ն ավարտել է ոչ-ոքի, կրել է 37 պարտություն, խփել է 86 գոլ, բաց է թողել 131 գնդակ: Ընկերական նախորդ հանդիպումը ՀՀ հավաքականն անցկացրել էր անցյալ տարվա հունիսի 5-ին շվեդական Սոլնա քաղաքում՝ 1-3 հաշվով զիջելով դաշտի տերերին:

6. Վահան Բիչախչյանը ՀՀ հավաքականի կազմում 2-րդ գոլը խփեց:  Նա իր գոլերի հաշիվը բացել էր անցյալ տարվա հունիսի 5-ին Շվեդիայի հավաքականի հետ կայացած արտագնա ընկերական մրցախաղում:

7. Գրեթե 1,5 տարվա ընդմիջումից հետո Գևորգ Ղազարյանը կրկին հանդես եկավ Հայաստանի հավաքականում: Ղազարյանը մեր ընտրանու մարզաշապիկը վերջին անգամ կրել էր 2020թ. նոյեմբերի 15-ին Թբիլիսիում Վրաստանի հավաքականի  հետ կայացած Ազգերի լիգայի մրցախաղում (2-1), որում 33-րդ րոպեին բացել էր հաշիվը: Ղազարյանն ազգային հավաքականում 74-րդ խաղն անցկացրեց և այդ ցուցանիշով հավասարվեց Ռոբերտ Արզումանյանին: Նրանցից ավելի շատ հանդիպումների մասնակցել են միայն Սարգիս Հովսեփյանը (132), Հենրիխ Մխիթարյանը (95) և Ռոման Բերեզովսկին (94):

8. Միանգամից 3 ֆուտբոլիստ՝ Ստյոպա Մկրտչյանը, Արթուր Սերոբյանը և Հովհաննես Հարությունյանը նորամուտը նշեցին ՀՀ հավաքականում: Նրանցից ամենաերիտասարդն Արթուր Սերոբյանն էր, որը խաղի օրը 18 տարեկան 265 օրական էր: Սերոբյանն ընդգրկվեց Հայաստանի հավաքականում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով  Սարգիս Կարապետյանին, որը նորամուտը նշել էր 18 տարեկան 293 օրականում: Այդ ցանկը գլխավորում է կամերունցի Նդումբուկ Բալեպ Բան, որը հավաքականում իր առաջին խաղն անցկացրել է 16 տարեկան 117 օրականում:

ՀՀ հավաքականի անցկացրած 230 հանդիպումներում ընդհանուր առմամբ հանդես են եկել 223 ֆուտբոլիստներ: Խոակին Կապառոսի օրոք անցկացրած 19 հանդիպումներում Հայաստանի հավաքականի կազմում իրենց նորամուտն են նշել 23 ֆուտբոլիստներ: Նրանցից ամենաշատ խաղերի է մասնակցել Դավիթ Յուրչենկոն՝ 18 անգամ պաշտպանելով հավաքականի դարպասը:

9. Վարազդատ Հարոյանը 7-րդ անգամ իր խաղընկերներին խաղադաշտ դուրս բերեց հավաքականի ավագի թևկապով: Առաջին անգամ նա ավագի թևկապը կրել էր 2020թ. սեպտեմբերի 5-ին Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ Սկոպյեում կայացած Ազգերի լիգայի մրցախաղում, որում մեր հավաքականը պարտվել էր 1-2 հաշվով:

ՀՀ հավաքականի անցկացրած 230 հանդիպումներում ընդամենը 19 ֆուտբոլիստ է կատարել ավագի պարտականությունները: Ռեկորդակիրը Սարգիս Հովսեփյանն է, որը 74 անգամ է իր խաղընկերներին խաղադաշտ ուղեկցել:

10. Դավիթ Յուրչենկոն հավաքականում անցկացրած 18 հանդիպումներում 6-րդ անգամ դարպասն անառիկ պահեց՝ այդ ցուցանիշով հավասարվելով Հարություն Աբրահամյանին: Վերջինս հավաքականում 26 խաղ է անցկացրել: «Չոր» խաղերի քանակով Յուրչենկոյին գերազանցում են միայն Ռոման Բերեզովսկին (21) և Գևորգ Կասպարովը (9):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա