Logo

«Գոլի ծարավ, միավորների սով». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականներն Ուկրաինայի հետ խաղում

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
17:34 / 12.06.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի B դիվիզիոնի երրորդ տուրում 0։3 հաշվով պարտվեց Ուկրաինային։ Լեհաստանի Լոձ քաղաքում կայացած խաղը հերթական անգամ ապացուցեց, որ մեր բաց թողած գոլերի մեծ մասն անհատական կոպիտ սխալների պատճառով է։ Այնուամենայնիվ, առաջին կեսում այդ սխալները գրեթե նվազագույնի էին հասցվել։ Հայաստանի հավաքականը կարողացավ դիմադրել ընդամենը 1 ժամ։ Ուկրաինացիները նախորդ մյուս մրցակիցներից տարբերվում էին. նրանք տեխնիկապես ավելի լավ էին պատրաստված, հիմնականում գրոհում էին կենտրոնով և միջին ու մանր փոխանցումներով քանդում էին մեր պաշտպանության շերտերը։ Արդյունքում խաղի վերջին 30 րոպեների ընթացքում նոմինալ դաշտի տերերը 3 գոլ խփեցին։

VNews-ը ներկայացնում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները: 

Դավիթ Յուրչենկո - 6

Յուրչենկոն հերթական լավ հանդիպումն անցկացրեց։ Սխալ կլինի նույնիսկ 3-րդ գոլի դրվագի համար մեղադրել մեր հավաքականի դարպասապահին, քանի որ Մոնրոյ Արարատն արդեն սխալ էր թույլ տվել և Յուրչենկոն փորձում էր շտկել իրավիճակը։ Ընդհանուր առմամբ՝ զգոն գործեց։ Պարադոքսալ է, բայց 0։3 հաշվով պարտված խաղում լավագույններից մեկը դարպասապահն էր։ Ամեն դեպքում պետք է նշել նաև այն, որ ուկրաինացիների հարվածների մեծ մասը հիմնականում շեղ էր ընթանում։ 

Տարոն Ոսկանյան - 5

Արման Հովհաննիսյանի վնասվածքի պատճառով Տարոն Ոսկանյանը, որը բաց էր թողել գրեթե ամբողջ մրցաշրջանը, այս անգամ խաղադաշտ դուրս եկավ թիմի մեկնարկային կազմում։ Գրեթե երբեք «Ալաշկերտի» կենտրոնական պաշտպանն իր դիրքում լուրջ սխալներ թույլ չի տալիս, սակայն չի կարող շատ բարձր գնահատական ստանալ, եթե իր թիմը 3 գնդակ է բաց թողել։ Առաջին գոլի դրվագում Ոսկանյանը կարող էր փակել գնդակի ճանապարհը, սակայն գերադասեց ոչ թե ցատկել մրցակցից «արձակված կրակոցի» ուղղությամբ, այլ կանգնած դիրքից օգնել դարպասապահին։ 

Հրայր Մկոյան - 5

Մեր փորձառու պաշտպանը Ոսկանյանի նման իր դիրքում վատ ելույթ չունեցավ, սակայն հնարավոր չէ ոչ մի կերպ լավ էլ գնահատել նրա խաղը։ Բազմաթիվ դրվագներում Մկոյանը չէր հասցնում օգնել թիմակիցներին, ինչի հետևանքով առաջանում էին բաց տարածություններ։ Դրանք փորձում էին փակել հենակետայինները, ինչն իր հերթին բերում էր նոր խնդիրներ։ 

Ստյոպա Մկրտչյան - 5

Ի տարբերություն նախորդ խաղերի՝ այս անգամ Ստյոպա Մկրտչյանը հիմնականում սխալվում էր դիրքային պայքարներում։ Ֆիզիկական լավ տվյալները նրան թույլ են տալիս հավասար պայքար մղել գրեթե յուրաքանչյուր մրցակցի դեմ, սակայն տեխնիկական բազան դեռևս թերի է։ Հոգեբանական տեսանկյունից էլ հեշտ չէր. Հարոյանի բացակայությունն զգացվեց հատկապես երբեմն խուճապի մատնվող Մկրտչյանի խաղում։

Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ - 5,5

Հովհաննես Համբարձումյանն այս խաղում հանգստանալու հնարավորություն ստացավ, նրա փոխարեն դաշտ դուրս եկած Ժոաո Արարատն իր ֆունկցիոնալ պարտականությունները կատարեց բավարար։ Գուցե Հայաստանի առաջնությունում Արարատն իր կարգը ցույց է տալիս, և դա արդյունք է բերում, սակայն միջազգային մակարդակի խաղերում երևում է՝ ինչպիսի առավելություններ ու թերություններ ունի «Նոայի» եզրայինը։ Նրա և Համբարձումյանի միջև ևս կան որակական տարբերություններ։

Կամո Հովհաննիսյան - 5,5

Ուկրաինայի հետ արտագնա խաղում Կամո Հովհաննիսյանը խաղում էր ավագի թևկապով։ Առաջին երկու խաղերում Կամոյի անցումները գրեթե չէինք տեսնում։ Եթե Իռլանդիայի հետ խաղում Կամոն հիմնականում փակում էր պաշտպանությունը, շոտլանդացիների հետ դիմակայությում էլ մրցակիցը թույլ չէր տալիս նրան ունենալ ազատ տարածություններ։ Ուկրաինայի հետ խաղում մեր ձախ պաշտպանն օգտվում էր Զինչենկոյի հաճախակի տեղափոխություններից ու երբեմն հաջողությամբ սլանում էր առաջ, սակայն այդքանով նրա արդյունավետությունը սահմանափակվում էր։ 2-րդ գոլի դրվագում Կամոն կորցրել էր դիրքը, ինչի հետևանքով էլ ուկրաինացիների աջ պաշտպան Կարավաևն ազատ տարածություն ստացավ և, ներխուժելով տուգանային հրապարակ, գրավեց Յուրչենկոյի դարպասը։ 

Սոլոմոն Ուդո - 4,5

Սոլոմոն Ուդոյի՝ հավաքականի կազմում անցկացրած երևի թե ամենաանհաջող հանդիպումն էր։ Ինչպես նշեցինք, ուկրաինացիներն իրենց գրոհների զգալի մասն սկսում և զարգացնում էին կենտրոնում։ Բացի դրանից, մրցակիցը բազմաթիվ հարվածներ է կատարել հենց հենակետայինների գոտուց, ինչը չի կարող վկայել, որ Ուդոն լավ խաղ է անցկացրել։ 

Արտակ Դաշյան - 6

Մեր հավաքականի կազմում լավագույններից էր։ Առաջին 2 խաղերում Դաշյանը մի քանի րոպե խաղաժամանակ էր ստացել, բայց այս անգամ մեկնարկային կազմում էր։ Փաստացի նա փոխարինել էր Էդուարդ Սպերցյանին և կատարում էր գրեթե նույն ֆունկցիաները՝ միաժամանակ օգնելով Ուդոյին, ինչպես նաև տեմպ էր հաղորդում հակագրոհներին։ Հայաստանի նորաթուխ չեմպիոնը հատկապես տպավորեց առաջին կեսի երկրորդ հատվածում։ Ափսոս, նրա գործողություններից ոչ մեկն սպառնալիքի չվերածվեցին։

Խորեն Բայրամյան - 6․5

Բայրամյանի համար սա 3-րդ անընդմեջ խաղն էր, որ նա սկսում էր մեկնարկային րոպեներից։ Սպասել, որ նա լավ հանդիպում կանցկացներ, միամտություն էր։ Այնուամենայնիվ, «Ռոստովի» կիսապաշտպանը մի քանի դրվագում կարողացավ ճիշտ կողմնորոշվել, գնդակ խլել և հակագրոհի դուրս բերել թիմակիցներին։ 

Էդգար Բաբայան - 5,5

Բաբայանն առաջին կեսում բավական ակտիվ էր, հնարավորության դեպքում պրեսինգի էր դիմում։ Մրցակցի գրոհների սկզբնական փուլում փորձում էր խափանել դրանք։ Մեր հավաքականի «9» համարը խաղում էր իր համար մի փոքր անսովոր դիրքում. նոմինալ եզրային կիսապաշտպանը կատարում էր երկրորդ, թիկունքից գործող հարձակվողի պարտականություն։ Օգտագործելով իր բարձր արագությունը՝ Բաբայանը որոշ դրվագներում լրջորեն ստիպում էր մրցակցին զգոն խաղալ։

Տիգրան Բարսեղյան - 5

Տիգրան Բարսեղյանը, ինչպես միշտ, շատ ակտիվ էր. դրիբլինգի էր դիմում, արագությամբ շրջանցում մրցակիցներին, բայց միշտ դրվագի վերջնական փուլում ինչ-որ բան չէր հերիքում։ Եթե հաշվի առնենք բոլոր 3 խաղերը, ապա Տիգրանի վատագույն խաղն էր ՕԳԳ-ի տեսանկյունից։ Նրա խաղի որակի իրական արտացոլանքն առաջին կեսում ավելի քան 30 մետրից իրացված աննպատակ տուգանային հարվածն էր։

Վահան Բիչախչյան - 4,5

Փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում՝ Բիչախչյանը պետք է սրեր մեր թիմի խաղն առջևի գծում։ Պրեսինգից համեմատաբար ավելի սահմանափակ Բաբայանի փոխարեն դաշտ դուրս եկած երիտասարդ ֆուտբոլիստը, սակայն, չկարողացավ օգտագործել իր զինանոցի նույնիսկ ⅓-ը, քանի որ մրցակիցը գերազանց էր պաշտպանվում։ 

Սարգիս Ադամյան - 4

Ադամյանը հերթական անփառունակ հանդիպումն անցկացրեց։ Լուրջ սպառնալիք չստեղծեց մրցակցի դարպասին, չնայած փոխարինման էր մտել 55-րդ րոպեին։ Քանիցս «Հոֆենհայմի» ֆուտբոլիստը հնարավորություն է ստացել կա՛մ սրելու խաղը դիպուկ փոխանցմամբ, կա՛մ ինքնուրույն վճռելու դրվագը, սակայն գրեթե ամեն անգամ անում էր ցանկալիի լրիվ հակառակը։

Հովհաննես Հարությունյան - 6

«Փյունիկի» կիսապաշտպանը փոխարինման մտավ 61-րդ րոպեին և մի քանի դրվագում փորձում էր հակագրոհներ զարգացնել։ Չունենալով բարձր արագություն՝ Հովհաննես Հարությունյանն իր հրաշալի տեխնիկայի շնորհիվ կարողանում էր մոլորության մեջ գցել մրցակիցներին, և դա, անշուշտ, աչք էր շոյում։ 

Էդգար Մալաքյան - Առանց գնահատական

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա