Logo

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմն Ուկրաինայի դեմ խաղում՝ ըստ Vnews-ի

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
08:00 / 11.06.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Ազգերի լիգայի B դիվիզիոնի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Ուկրաինայի հետ։ Հաշվի առնելով Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ հանդիպումը կկայանա Լեհաստանի Լոձ քաղաքում։ Շատ դժվար է ասել, թե ինչ կազմ կընտրի Խոակին Կապառոսն այս հանդիպմանը։ Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն Իռլանդիայի դեմ կայացած խաղում գրեթե երկրորդ կազմն էր դուրս բերել դաշտ։ Նույնիսկ այդպիսի կազմով ուկրաինացիները հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեցին Իռլանդիային։ Շոտլանդիայի դեմ խաղում Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմում ընդամենը 1 փոփոխություն կար. Վահան Բիչախչյանի փոխարեն խաղադաշտում էր Սարգիս Ադամյանը։

Պետք է հաշվի առնել, որ հունիսի 14-ին շատ բարդ տնային խաղ ունենք Շոտլանդիայի դեմ, իսկ մեր հավաքականում կան ֆուտբոլիստներ, որոնք ուկրաինացիների դեմ խաղում դեղին քարտ ստանալու դեպքում բաց կթողնեն Շոտլանդիայի դեմ հանդիպումը (Վարազդատ Հարոյան, Էդուարդ Սպերցյան, Վբեյմար Անգուլո և Ստյոպա Մկրտչյան)։ Իսկ սա լուրջ խնդիր է։

Դարպասապահի դիրքում փոփոխության կարիք չկա։ Յուրչենկոն նորից կլինի մեկնարկային կազմում։ Սխեմայի առումով ևս փոփոխություն չի լինի և նորից կգործենք 3-5-2 դասավորությամբ։

Պաշտպանության կենտրոնում Տարոն Ոսկանյանը կլինի մեկնարկային կազմում։ Մյուս 2 ֆուտբոլիստների ընտրությունը պայմանավորված է մի քանի հանգամանքներից՝ ֆիզիկական վիճակ, վնասվածքներ, որակազրկման վտանգ։ Վարազդատ Հարոյանը վերջին 2 խաղն անցկացրել է վնասվածքով։ Դրանից բացի, կուտակվել է հոգնածություն։ Չնայած այս ամենին՝ դժվար թե Կապառոսը ռիսկի գնդա ու ավագին թողնի պահեստայինների նստարանին։ Հայկ Իշխանյանի վնասվածքի և Հրայր Մկոյանի հոգնածության ֆոնին երիտասարդ ու բարձրահասակ Ստյոպա Մկրտչյանի՝ խաղադաշտ դուրս գալու շանսերը բարձր են։ Եզրերում, անկասկած, փոփոխություններ են անհրաժեշտ. Հովհաննես Համբարձումյանին ու Կամո Հովհաննիսյանին կարող են փոխարինել Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատն ու Ժիրայր Մարգարյանը։ Ըստ ամենայնի՝ Մարգարյանը կգործի ձախից, իսկ աջ եզրում կխաղա Կամո Հովհաննիսյանը։

Կիսապաշտպանության եռյակը կարող են կազմել Հովհաննես Հարությունյանը, Խորեն Բայրամյանը և Սոլոմոն Ուդոն։ Էդուարդ Սպերցյանը վնասվածք չունի, սակայն ստացել է դեղին քարտ, 2 ծանր հանդիպում է անցկացրել և նրան հանգիստ է հարկավոր։ 

Հարձակման գծում խաղը մեկնարկային րոպեներից կարող են սկսել Էդգար Բաբայանն ու Վահան Բիչախչյանը։ Տիգրան Բարսեղյանը հանգիստ կստանա։ Սարգիս Ադամյանին էլ Կապառոսը կպահի երկրորդ կեսի համար։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԸ՝ ԸՍՏ VNEWS-Ի

Դարպասապահ՝ Դավիթ Յուրչենկո:

Պաշտպաններ՝ Ժիրայր Մարգարյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Ստյոպա Մկրտչյան, Կամո Հովհաննիսյան:

Կիսապաշտպաններ՝ Սոլոմոն Ուդո, Հովհաննես Հարությունյան, Խորեն Բայրամյան:

Հարձակվողներ՝ Էդգար Բաբայան, Վահան Բիչախչյան:


Ուկրաինա - Հայաստան հանդիպումը կայանալու է հունիսի 11-ին՝ ժամը 17:00-ին: Խաղը կարող եք դիտել  «Վիվառո Սպորտ»-ի  ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա